Տիկնիկների տունը (պիես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիկնիկների տունը
բուկմոլ՝ Et dukkehjem
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ձևպիես
ՀեղինակՀենրիկ Իբսեն
Երկիր Նորվեգիա
Բնագիր լեզունորվեգերեն
Գրվել է1879
Առաջին
ներկայացման վայր
Դանիայի թագավորական բալետ
ԿերպարներNora?, Torvald Helmer?, Dr. Rank?, Kristine Linde?, Krogstad?, Anne-Marie?, Helene?, housemaid? և porter?
Հրատարակվել էդեկտեմբերի 21, 1879
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/ibsen/puppenh/puppenh.html
 A Doll's House

«Տիկնիկների տունը» (նորվ.՝ Et dukkehjem), Հենրիկ Իբսենի պիեսը, գրված 1879 թվականին։

Պիեսի հիմնական թեման հասարակության մեջ կնոջ դերն է։ Ժամանակակիցներն այն որպես ֆեմինիզմի մանիֆեստ էին ընկալում։ Իրականում, «Տիկնիկների տան» միակ հարցադրումը չի սահմանափակվում «կանացի հարցով»։ Խոսքն այստեղ առհասարակ մարդու անձնական ազատության մասին է։ Պիեսում քննադատվում է ոչ այնքան «տղամարդկային աշխարհը», որքան 1870-ականների հասարակությունը, դրա նորմերն ու դրվածքը, բուրժուական աշխարհի մեռած կանոնները։ ՅՈՒՆԵՍԿՈ-ն 2001 թվականին «Տիկնիկների տան» ձեռագիրն ընդգրկեց «Աշխարհի հիշողության» ցանկի մեջ[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի մտահղացումը եղել է 1878 թվականին։ Իբսենը ձգտում էր ողբերգության դասական ձևով արտահայտել ժամանակակից խնդիրները։ Ստեղծագործությունը գրվել է 1879 թվականին։ Դրամայի հիմքում Իբսենն իրական պատմություն է ներկայացրել։ Նորայի նախատիպը նորվեգացի-դանիացի գրող Լաուրա Քիլերն էր (1849-1932)։ «Բրանդ» պիեսի ազդեցությամբ 19-ամյա աղջիկը գրել է «Բրանդի դուստրերը» գիրքը, որը կեղծանվամբ հրատարակվել է 1869 թվականին։ Իբսենը ծանոթացել է նրա հետ ու խորհուրդ տվել զբաղվել գրականությամբ։ Նրանց միջև ընկերություն է ծագել։ Հոր մահից հետո Լաուրան տեղափոխվել է Դանիա, որտեղ էլ 1873 թվականին ամուսնացել է Վիկտոր Քիլերի հետ։ Նա բարի մարդ էր, սակայն երբեմն դաժանության նոպաներ էր ունենում, հատկապես ծանր էր տանում փողի պակասությունը։ 1876 թ. Վիկտորը հիվանդանում է տուբերկուլյոզով։ Նա պետք է բուժում ստանար հարավում։ Իր հարուստ հորը դիմելու՝ Լաուրայի խնդրանքները որևէ արդյունք չունեցան։ Այդ ժամանակ նա գաղտնի կերպով բանկից պարտք է վերցնում։ Նրա երաշխավորն իր հարուստ ու հեղինակավոր ընկերն է դառնում։ Հենց այդ տարի նրանք ամուսնու հետ մեկնում են Շվեյցարիա և Իտալիա։ Ամուսինն առողջանում է։ Հետդարձին Քիլերներն այցելում են իբսեններին Մյունխենում։ Լաուրան գաղտնի պատմում է այս ամենի մասին Իբսենի կնոջը՝ Սյուզանին։ Դանիա վերադառնալուց հետո կրկին գումար է անհրաժեշտ լինում՝ մեկ այլ քաղաք տեղափոխվելու համար։ Լաուրան կրկին պարտք է վերցնում։ Այս անգամ նրա համար երաշխավոր է դառնում մի հեռավոր ազգական։ Պարտքի մարման ժամկետին Լաուրան հիվանդ էր և առանց փողի։ Բարեկամը ևս ծանր ֆինանսական դրության մեջ էր և չի կարողանում մարել պարտքը։ Լաուրան հուսահատության պահին որոշում է կեղծ մուրհակ տալ, սակայն փոշմանում ու ոչնչացնում է այն։ Այս ամբողջ պատմությունը հայտնի է դառնում նրա ամուսնուն։ Վերջինս նախ վշտակցում է կնոջն ու նրա կողքին է լինում, սակայն շուտով ընտանիքի ու ընկերների ազդեցությամբ փոխում է իր վերաբերմունքն ու ապահարզան պահանջում։ Նրանք շուտով բաժանվում են։ Լաուրայի երեխաներին խլում են նրանից, նրան հայտարարում խաբեբա ու հոգեկան հիվանդ։ Սակայն որոշ ժամանակ անց ամուսինը խնդրում է նրան հետ վերադառնալ տուն։ Լաուրան համաձայնում է և 1879 թվականից սկսում է զբաղվել գրականությամբ ու աստիճանաբար վճարում է իր պարտքերը։ Դրանից հետո նա երկու անգամ հանդիպել է Իբսենին։ Հենց նրա կյանքն է հիմք դարձել «Տիկնիկների տունը» պիեսի սյուժեի ստեղծման համար։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորվալդ Հելմեր, փաստաբան, Նորա, նրա կինը Դոկտոր Ռանկ Ֆրու Լիննե Կրոսգստադ, մասնավոր հավատարմատար Հելմեր ընտանիքի երեք փոքրիկ երեխաները Աննա-Մարիա, նրանց դայակը Հելմերների տան սպասուհին Գործակատար

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Հելմերների տանը, Ծննդյան տոներից առաջ։ Նորան քաղաքից վերադառանում է՝ ծանրաբեռնված ընտանիքի անդամների նվերներով, ամուսինը նրան մեղադրում է վատնելու համար. ինքը դեռ նոր է նշանակվել որպես բանկի տնօրեն, իսկ աշխատավարձը կբարձրացնեն միայն երեք ամսից։ Պարտքով ապրելը նրա համար անընդունելի է։ Նորան, «վատնողը», «թռչնակը», «սկյուռիկը», ինչպես նրան Թորվալդն է անվանում, ի պատասխան միայն կատակում է, նա անհոգ ու թեթևամիտ է թվում։ Նրանց հյուր է գալիս Նորայի վաղեմի ընկերուհին՝ ֆրու Լիննեն։ Ամուսնու մահից հետո նա զուրկ է ֆինանսական միջոցներից և ստիպված է աշխատանք փնտրել։ Նորան պատմում է նրան, որ երբ Թորվալդը հիվանդ էր, ինքն ստիպված է եղել պարտքով փող վերցնել, որպեսզի բժիշկների խորհրդով նրան մեկ տարով Իտալիա տանի։ Հիմա նա ստիպված է վճարել պարտքը, սակայն այդ մասին ամուսնուն ասել չի կարող։ Նա կարծում է, թե անհրաժեշտ գումարն իրենց տրամադրել է Նորայի հայրիկը։ Հիմա նա ստիպված է խնայել, իր վրա ոչինչ չծախսել ու մանր առևտրով զբաղվել։ Այդ ընթացքում Հելմերին այցելում է Կրոգստադը. հենց նրանից է Նորան պարտքով փող վերցրել։ Հելմերը Կրոգստադին զրկել է աշխատանքից, և հիմա վերջինս խնդրում է Նորային համոզել ամուսնուն։ Հակառակ դեպքում, նա սպառնում է մատնել Նորային։ Նորան ազնվորեն փորձում է համոզել ամուսնուն՝ աշխատանքից չազատել Կրոգստադին, սակայն նա չի համաձայնում։ Ի դեպ, այդ նույն պաշտոնին նա արդեն վերցրել է ֆրու Լիննեին։ Հասկանալով, որ ոչինչ չի փոխվելու, Կրոգստադը փոստարկղում նամակ է թողնում Թորվալդի համար, որտեղ նա նկարագրում է Նորայի՝ պարտք վերցնելու պատմությունը։ Նորան հազար ու մի պատճառ է մտածում, որ ամուսնուն չթողնի մոտենալ փոստարկղին։ Ֆրու Լիննեն, ցանկանալով օգնել Նորային, գնում է Կրոգստադի մոտ. պարզվում է, մի ժամանակ նրանք սիրել են իրար, սակայն Լիննեն ամուսնացել է մեկ այլ, առավել ապահովված տղամարդու հետ։ Հիմա ֆրու Լիննեն առաջարկում է «միմյանց օգնության ձեռք մեկնել». նա ցանկանում է ապրել հանուն ինչ-որ մեկի։ Կրոգդստադը երջանիկ է և պատրաստ է անգամ հետ վերցնել իր նամակը, սակայն ֆրու Լիննեն համոզում է նրան չանել այդ. նա կարծում է, որ գաղտնիքը պետք է բացվի։ Թորվալդն ու Նորան վերադառնում են Ծննդյան տոնի երեկույթից, և չարաբաստիկ նամակը երևում է արկղից։ Թորվալդը կատաղած է, նա կնոջն անվանում է դերասան, ստախոս, հանցագործ, ասում է, որ նրան այլևս չի վստահի երեխաների դաստիարակությունը։ Հենց նույն պահին սպասուհին մեկ այլ նամակ է բերում. Կրոգստադը վերադարձնում է Նորայի մուրհակը։ Թորվալդը երջանիկ է, Նորան նրա համար նորից դառնում է «երգող թռչնակ», «աղավնյակ»։ Սակայն Նորան հայտարարում է, որ հեռանում է տնից։ «Այստեղ ես քեզ համար տիկնիկ-կին եմ եղել, ինչպես իմ հայրական տանը տիկնիկ-դստրիկ եմ եղել։ Իսկ ես կարծում եմ, որ ես նախ և առաջ մարդ եմ, ինչպես և դու, կամ գոնե, պիտի ձգտեմ մարդ դառնալ։ Ես այլևս չեմ կարող բավարարվել նրանով, ինչ ասում է մեծամասնությունը և ինչ գրված է գրքերում։ Ես ինքս պիտի մտածեմ այս ամենի մասին ու փորձեմ գլուխ հանել ինքնուրույն»։ Թորվալդի խնդրանքներն անօգուտ են. նրա վիրավորական վերաբերմունքից հետո Նորայի մեջ շատ բան է փոխվում. նա հասկանում է, որ պետք է գտնի ու պահի իր արժանապատվությունը։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

1973- «Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Ժոզեֆ Լոուզի, դերերում՝ Ջեյն Ֆոնդա, Էդվարդ Ֆոկսմ Տրեվր Հովարդ, Դեյվիդ Ուուրեն։ Ֆրանսիա/Մեծ Բրիտանիա 1973- «Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Պատրիկ Հարլանդ, դերերում՝ Էնտնի Հոփքինս, Քլեր Բլում, Ռալֆ Ռիչարդսոն, Դենհոլմ Էլլիոթ։ Մեծ Բրիտանիա 1973- «Նորա։ Տիկնիկների տունը», ռեժիսոր՝ Արիլդ Բրինկման, դերերում՝ Կնուտ Րիսան, Լիսե Ֆելստադ, Պեր-Թեոդոր Հաուգեն, Բենտե Բյորսյում։ Նորվեգիա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Henrik Ibsen: A Doll's House (англ.). UNESCO. Проверено 19 июля 2010. Архивировано из первоисточника 31 марта 2012