Տիկնիկների կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կղզու տիկնիկներից մեկը

Տիկնիկների կղզի (իսպ.՝ Isla de las Muñecas), կղզի, որը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի շրջան Սոչիմիլկոյի ջրանցքներից մեկում։ Կղզու ամբողջ տարածքում գտնվող ծառերի վրա կախված են հարյուրավոր կոտրված և այլանդակված տիկնիկներ, որոնք կոչված են հանգստացնել մի աղջկա ուրվականը, որն իբր թե խեղդվել է տեղական ջրերում։ Կղզին գտնվում է քաղաքի կենտրոնից 23 կմ հեռավորության վրա՝ արգելոցի կողմից հայտարարված ջրաճահճային հողերի տարածքում[1]։ Այն զբոսաշրջային հայտնի տեսարժան վայր է և ունի «սարսափելի» վայրի համբավ[2]։

Լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տիկնիկները

1950-ական թվականների սկզբին կղզու միակ բնակիչը Խուլիան Սանտանա Բարերոն էր, որը զբաղվում էր բանջարեղենի ու ծաղիկների աճեցմամբ և ձկնորսությամբ։ Կրոնական սնահավատություններ քարոզելու համար Բարիո դե լա Ասունսիոնից արտաքսվելուց հետո նա ստիպված բնակություն էր հաստատել կղզում[3]։

Ըստ լեգենդի՝ 1950 կամ 1951 թվականին լճի մոտ՝ ջրանցքի ջրերում, խեղդվել է մի աղջիկ. Սանտանան իբրև լսել է նրա բղավոցները և շտապել օգնելու, բայց չի հասցրել դա անել և ջրի մեջ գտել է միայն տիկնիկ, որը ենթադրաբար պատկանել է աղջկան։ Ի հիշատակ ջրահեղձված աղջկա՝ նա այդ տիկնիկը կախել է ծառի ճյուղերի վրա[4]։ Հետագայում նա, ըստ իր սեփական պատմությունների, գիշերներն սկսել է անընդհատ լսել աղաղակներ, հառաչանքներ և քայլեր[5]. կարծես խեղդված աղջկա ուրվականը լաց էր լինում և նրան խնդրում նոր տիկնիկներ տալ։ Հաջորդ 50 տարվա ընթացքում Սանտանան տարբեր ճանապարհներով (ըստ նրա՝ հիմնականում ջրանցքի ջրերից) տիկնիկներ է հավաքել[6] և կախել կղզու ծառերի վրա, որպեսզի ուրվականին «խաղաղեցնի»[7], բայց շուտով, քանի որ ոգին իբր չի անհետացել, Սանտանան դիտավորյալ սկսել է կոտրել և այլանդակել դրանք՝ կարծելով, թե այդ կերպ կարող է զսպել ուրվականին[8]։ Ընդհանուր առմամբ՝ նա հավաքել է գրեթե 1000 տիկնիկ։

Սանտանան մահացել է 2001 թվականին, ընդ որում, կրկին լեգենդի համաձայն, այն վայրի մոտակայքում, որտեղ ժամանակին չի կարողացել փրկել խեղդված աղջկան[9]։ Նրա մահվան պատճառները հստակ չեն որոշվել. ըստ մի վարկածի՝ նա խեղդվել է՝ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իսկ ըստ մյուս վարկածի՝ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը[5]։

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու տեսարանը լճից

Սանտանայի մահից հետո տիկնիկների կղզին լայն ուշադրության է արժանացել աշխարհի առաջատար ԶԼՄ-ների կողմից[10][11][12] և շուտով վերածվել է հայտնի զբոսաշրջային վայրի, թեև առաջին զբոսաշրջիկներն այնտեղ սկսել են այցելել դեռևս 1990-ական թվականների կեսերին՝ Սանտանայի կենդանության օրոք[13]։ Այնտեղ կարելի է հասնել միայն նավակով[14]։ Օրական միջին հաշվով մի քանի վճարովի չվերթ է տեղի ունենում[15], սակայն որոշ տեղական նավագնացներ, ըստ աղբյուրներից մեկի, սնահավատության պատճառով սկզբունքորեն հրաժարվում են զբոսաշրջիկներ տեղափոխել այնտեղ[5]։ Կղզում կա փոքր թանգարան, որտեղ կան թերթերի՝ այս վայրի և նրա նախկին բնակիչների մասին գրված հոդվածներից կտրածոներ։ Ներկայումս կղզու միակ բնակիչը Անաստասիո Սանտանան է՝ հանգուցյալ Խուլիան Սանտանայի զարմիկը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Die 10 gruseligsten Plätze der Welt: Eine Reise, die Ihnen das Fürchten lehren wird Արխիվացված 2019-12-14 Wayback Machine auf News.at
  2. «La "Isla de las Muñecas" causa terror en Xochimilco México». 2011 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. Los canales de Xochimilco
  4. La Isla de las Munecas auf atlasobscura.com
  5. 5,0 5,1 5,2 «Isla de las Muñecas (Island of the Dolls) in Mexico - Island of the Dolls». www.isladelasmunecas.com.
  6. Fünf Sehenswürdigkeiten auf planet-wissen.de
  7. «Island of the Dolls: Creepy shrine to girl now a grim tourist trap». 2014 թ․ հունիսի 28.
  8. Jay Akbar (2015 թ․ օգոստոսի 5). «Enter Mexico's haunted 'Island of the Dolls' if you dare: Thousands of creepy toys hang from the trees to quell the tormented screams of a ghost of a little girl who drowned there» (անգլերեն). dailymail.co.uk. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  9. Auf der Puppeninsel Արխիվացված 2019-12-14 Wayback Machine im Donaukurier
  10. Strutner, Suzy (2014 թ․ օգոստոսի 14). «Isla De Las Munecas Is The Island Of Decapitated Dolls From Your Nightmares» – via Huff Post.
  11. «Island of the Dolls». Travel Channel.
  12. News, ABC. «Doll Island Is Both Haunting and Charming». ABC News. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  13. Urlaub mit Gänsehautgarantie – Mystische Reiseziele auf artikelmagazin.de
  14. red. (2014 թ․ սեպտեմբերի 10). «Meksyk – przerażająca Wyspa Lalek (Isla de las Muñecas)» (լեհերեն). podroze.onet.pl. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.
  15. «Creepy Dolls». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. Sonja Peteranderl (2013 թ․ փետրվարի 12). «Insel der Zombie-Puppen» (գերմաներեն). spiegel.de. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին.