Տիեզերական ձու
| Տիեզերական ձու | |
|---|---|
«Տյուրոսի բնակիչների օձը և տիեզերական ձուն», Ջեյքոբ Բրայանտի «Հին դիցաբանության նոր համակարգ կամ վերլուծություն» (1774) գրքից | |
| Տեսակ | կրոնական հասկացություն |
| Ենթատեսակ | առասպելական օբյեկտ |
Տիեզերական ձու, նաև՝ համաշխարհային կամ աշխարհիկ ձու, դիցաբանական և առասպելական հանրահայտ մոտիվ, որը հանդիպում է բազմաթիվ մշակույթների և քաղաքակրթությունների տիեզերածնության պատմություններում, այդ թվում՝ նախահնդեվրոպական առասպելաբանության մեջ[1]։ Սովորաբար, այս պատմություններում առկա է մի նախնադարյան ձու, որի ճեղքումից կամ ծնվում է տիեզերքը, կամ հայտնվում է մի նախաստեղծ էակ, որն էլ իր հերթին արարում է աշխարհը։ Որոշ ավանդույթներում ձուն սկզբնապես նախնադարյան ջրերի վրա է եղել[2]։ Ըստ տարածված պատկերացումների՝ ձվի վերին կեսը (կամ կճեպը) դառնում է երկինք, իսկ ստորին կեսը (կամ դեղնուցը)՝ Երկիր[3]։ Այս մոտիվի հիմքում ընկած է ձվի՝ նոր կյանք պարգևելու և սնուցելու բնական հատկությունը, ինչը դարեր անց իր ձևակերպումն է ստացել նաև կենսաբանության մեջ՝ կապվելով լատինական արտահայտության վրա հիմնված՝ «Omne vivum ex ovo» («Ամեն կենդանի բան ձվից է»)[Ն 1][4] գիտական սկզբունքի հետ[5]։
Տիեզերական ձվի գաղափարը հանդիպում է երկրագնդի գրեթե բոլոր հին մշակույթներում։ Տիեզերական ձվի գաղափարը դրսևորվում հին հնդկական (Վեդաներ), չինական (Պան Գու), հունական (Օրֆիզմ), եգիպտական (Օգդոադա, Բենու), ֆիննական (Կալեվալա), պարսկական (Զրադաշտական), կելտական և դրուիդական (Օձի ձու), պոլինեզյան (Տա'արոա) դիցաբանության մեջ։
«Տիեզերական ձու» տերմինը նաև օգտագործվում է տիեզերագիտության ժամանակակից ուսումնասիրության մեջ՝ ի հայտ եկող տիեզերքի սցենարների համատեքստում, որպես գիտական փոխաբերություն՝ նկարագրելու համար տիեզերքի սկզբնական՝ գերխիտ և գերտաք վիճակը Մեծ պայթյունից առաջ։
Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևմտյան Աֆրիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրկինա Ֆասոյի և Մալիի դոգոն ժողովրդի դիցաբանության մեջ Ամմա գերագույն արարիչ-աստվածը սկզբնապես ունի տիեզերական ձվի կերպարանք: Այս ձուն բաժանված է չորս մասի, որոնք խորհրդանշում են չորս հիմնական տարրերը՝ օդը, կրակը, ջուրը, երկիրը, և միաժամանակ մատնանշում են աշխարհի չորս կողմերը: Առաջին փորձից Երկիրը ստեղծել չհաջողելով՝ Ամմա աստվածը սերմ է ցանում իր մեջ, ինչի արդյունքում ձևավորվում են երկու ընկերքներ՝ երկվորյակների զույգերով: Երկվորյակներից մեկը՝ Օգոն, ժամանակից շուտ դուրս է գալիս պատյանից և անհաջող փորձում է ինքնուրույն ստեղծել սեփական տիեզերքը: Սակայն Ամմային հաջողվում է կանոնավոր Երկիրը ստեղծել հենց Օգոյի ընկերքի մի կտորից: Տիեզերական կարգուկանոն հաստատելու համար Ամման սպանում է Օգոյի երկվորյակին՝ Նոմմոյին, և նրա մարմնի մասերը ցրում աշխարհով մեկ։ Այնուհետև այդ մասերը նորից հավաքվում են՝ վերակենդանացնելով Նոմմոյին։ Վերածնված Նոմմոն ստեղծում է չորս էակների, որոնք դառնում են դոգոն ժողովրդի նախնիները։ Այս հոգիները Նոմմոյի ուղեկցությամբ հատուկ տապանով երկնքից իջնում են Երկիր՝ աշխարհը բնակեցնելու և կյանքը տարածելու համար[6][7]:
Սկզբնական շրջանում դոգոն ժողովրդի գերագույն աստված Ամման եղել է միայնակ և ունեցել է ձվի կերպարանք: Նրա չորս անրակները եղել են միաձուլված՝ ձուն բաժանելով չորս տարրերի՝ օդի, երկրի, կրակի ու ջրի, ինչպես նաև սահմանելով աշխարհի չորս հիմնական ուղղությունները: Այս տիեզերական ձվի մեջ ներփակված է եղել տիեզերքի ողջ նյութն ու կառուցվածքը, ինչպես նաև 266 սրբազան նշանները, որոնք բովանդակում են բոլոր արարածների էությունը: Աշխարհի առաջին ստեղծումը, սակայն, ձախողել է Ամման: Երկրորդ արարչագործությունն սկսվել է, երբ Ամման իր մեջ սերմ է տնկել, որը ստացել է մարդու կերպարանք: Սակայն հղիության ընթացքում մի թերություն է առաջացել, ինչը նշանակում էր, որ ապագա տիեզերքն արդեն իսկ իր մեջ կրելու էր անկատարության հնարավորությունը: Այդ փուլում ձվաբջիջը վերածվել է երկու ընկերքի, որոնցից յուրաքանչյուրը պարունակել է երկվորյակների (արու և էգ) մի զույգ:
Վաթսուն տարի անց արուներից մեկը՝ Օգոն, ժամանակից շուտ դուրս է եկել ընկերքից և փորձել է ստեղծել սեփական տիեզերքը՝ ի հակադրություն Ամմայի ծրագրածի: Սակայն նա չի կարողացել արտաբերել արարչագործության այն խոսքերը, որոնք կյանքի կկոչեին նման տիեզերքը: Նա ցած է իջել դատարկության մեջ, իսկ Ամման հողի է վերածել ընկերքի այն կտորը, որը գնացել էր Օգոյի հետ: Օգոն պղծել է երկրի ստեղծագործական ներուժը՝ մտնելով արյունապղծական հարաբերությունների մեջ (իր մայր-երկրի հետ): Նրա երկվորյակյին՝ Նոմմոյին, որը նույնպես մասնակից էր ապստամբությանը, Ամման սպանել է: Նրա մարմնի մասերը նետվել են բոլոր ուղղություններով՝ աշխարհին բերելով կանոնավորություն ու կարգուկանոն։ Հինգ օր անց Ամման նորից միացրել է Նոմմոյի մարմնի կտորները և վերակենդանացրել նրան, ինչից հետո Նոմմոն դարձել է տիեզերքի տիրակալը։ Նա ստեղծել է չորս հոգի, որոնք դարձել են դոգոն ժողովրդի նախնիները։ Ապա Ամման Նոմմոյին և այդ հոգիներին հատուկ տապանով ուղարկել է երկիր, և այդպիսով աշխարհը վերականգնվել է։ Ճանապարհին Նոմմոն արտաբերել է Ամմայի պատվիրանները, և արարչագործական սրբազան խոսքերը հասանելի են դարձել մարդկանց համար։ Այդ ընթացքում Ամման Օգոյին վերափոխել է Յուգուրուի՝ Գունատ աղվեսի: Նա դատապարտված է հավերժական մենակության, անկատարության ու հարատև ապստամբության. նա հավերժ թափառելու է երկրի վրա՝ փնտրելով իր կորուսյալ կանացի հոգին:
Ասիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական ձվի առասպելի ամենահայտնի տարբերակներից մեկը կապված է չինական արարիչ-աստված Պան Գուի հետ: Ըստ ավանդության՝ սկզբնական շրջանում երկինքն ու երկիրը գտնվել են քաոսային, անձև վիճակում՝ հավի ձվի նման: Այդ ձուն հասունացել է 18,000 տարի, ինչից հետո բացվել է. նրա մաքուր ու թեթև մասը (Յան) բարձրացել է՝ դառնալով երկինք, իսկ պղտոր ու ծանր մասը (Ին) նստել է․ նստվածք է տվել՝ ձևավորելով երկիրը: Ճեծյան նահանգից սերող այս առասպելի մեկ այլ տարբերակի համաձայն՝ ձվի ներսում գտնվող Պան Գուն, անհարմարություն զգալով մութ ու սեղմված միջավայրից, իր հսկայական կացնով կոտրել է կճեպը: Դրանից հետո եղել է երկնքի և երկրի նույնանման բաժանումը, իսկ ձվի կճեպի մնացած կտորները վերածվել են արեգակի, լուսնի և աստղերի[8]:
Հնդկաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջայմինիա Բրահմանայում» (Սամավեդա) արձանագրված վեդայական առասպելի համաձայն՝ տիեզերքի սկզբնական փուլը նախնադարյան մի օվկիանոս է եղել, որից առաջացել է տիեզերական ձուն։ Ձվի ճեղքումից հետո՝ հարյուր աստվածային տարիների ընթացքում, սկսվել է երկնքի (վերին մասից) և երկրի (ստորին մասից) ձևավորումը։ Մեկ այլ կարևոր տեքստ՝ «Շատապաթհա Բրահմանան» (Shatapatha Brahmana), նույնպես նկարագրում է նախնադարյան ջրերն ու ձվի ծնունդը, սակայն այս տարբերակում մեկ տարի անց ձվից դուրս է եկել Պրաջապատի արարիչ-աստվածը։ Նա իր խոսքի և շնչառության միջոցով արարել է տիեզերքը, իսկ այնուհետև՝ աստվածներին ու դևերին (ասուրաներին)։ «Ռիգվեդայում» այս գաղափարը դրսևորված է Հիրանյագարբհայի (Ոսկե ձու կամ Ոսկե արգանդ) տեսքով, որը լողում է նախնադարյան «բարձր ջրերի» վրա, և որից հետագայում զարգացել է ողջ գոյը։ Այս տիեզերածնական պատմության մեկ այլ ուշագրավ տարբերակ է նաև «Չանդոգյա Ուպանիշադում» (Chandogya Upanishad)[9]։


Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական ձվի մոտիվը կենտրոնական դեր ունի Ճապոնական դիցաբանության աշխարհի արարման պատմության մեջ: Այն նկարագրված է Ճապոնիայի հնագույն պաշտոնական տարեգրություններից մեկում՝ 720 թվականին գրված «Նիհոն Շոկիում» («Ճապոնիայի տարեգրություններ»)․ ամենասկզբում երկինքն ու երկիրը դեռևս անջատված չեն եղել, իսկ կանացի ու տղամարդկային սկզբունքները (ճապոնական տարբերակով՝ Ին և Յո, որոնք համապատասխանում են չինական Ին և Յանին) բաժանված չեն եղել։
Այդ ողջ տիեզերական նյութը եղել է անձև, հավի ձվի տեսք ունեցող քաոսային զանգված, առանց հստակ սահմանների, սակայն իր մեջ ապագա կյանքի բոլոր սերմերնով ու տարրերով։ Ժամանակի ընթացքում ձվի ներսում սկսվել է շարժում։ Դրա ամենամաքուր, թեթև ու պարզ մասերը բարձրացել են վերև և ձևավորել Երկինքը (Տակամագահարա՝ Բարձր Երկնային Հարթավայր)։ Իսկ ավելի ծանր, պղտոր ու խիտ տարրերը որպես նստվածք իջել են ներքև, միախմբվել և մեծ դժվարությամբ ձևավորել Երկիրը[10]։
Երբ երկինքն ու երկիրը վերջնականապես անջատվել են, դրանց միջև ընկած տարածությունում ինքնաբերաբար հայտնվել են առաջին աստվածային էակները՝ կամիները (Kami)։ Ըստ ավանդության՝ առաջին հողը նման է եղել ջրի երեսին լողացող ձկան կամ ցեխից ծլող եղեգի: Այս առաջին աստվածների սերունդներից առաջացել են Իզանագին և Իզանամին՝ այն աստվածային զույգը, որոնք հետագայում օվկիանոսից կերտել են Ճապոնական կղզիները[11]:
Ճապոնիայի ամենահին՝ 712 թվականին գրված գիրքը՝ «Կոձիկին» (Kojiki), աշխարհի սկիզբը նկարագրելիս չի օգտագործում ձվի փոխաբերությունը։ Այնտեղ քաոսը նկարագրվում է պարզապես որպես անձև օվկիանոս։ Ձվի պատկերն ի հայտ է գալիս միայն «Նիհոն Շոկիում», քանի որ այդ գիրքը գրվելիս ճապոնացի հեղինակները մեծապես ազդվել են չինական փիլիսոփայությունից և Պան Գուի տիեզերական ձվի առասպելից[12][13]։
Տիբեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիբեթական դիցաբանության և հատկապես տեղական նախաբուդդայական Բոն (Bön) կրոնի ավանդույթներում Տիեզերական ձվի մոտիվը դրսևորված է երկակի (դուալիստական) կառուցվածքով: Ի տարբերություն մյուս մշակույթների, որտեղ հանդիպում է մեկ միասնական ձու, տիբեթական համակարգում առաջանում են լույսի և խավարի հակադիր ձվեր[14][15]:
Սկզբում գոյություն է ունեցել միայն դատարկություն, որից հաջորդաբար առաջացել են տարերքները (գոլորշի, քամի, կրակ և ջուր): Այս տարրերի փոխազդեցությունից ձևավորվել է երկու հսկայական ձու։
Լույսի ձուն ստեղծվել է հնգագույն տարրերի մաքուր էությունից։ Այն ունեցել է 4 դեմք, 8 անկյուն և փայլել է սպիտակ լույսով։ Լույսի սպիտակ ձուն ճեղքվել է սեփական ճառագայթների ուժգնությունից։ Դրանից տարածված մաքուր լույսից ծնվել են 360 բարերար աստվածությունները (Thorse - ցրված աստվածներ), որոնք պաշտպանում են մարդկանց բարի գործերը։ Ձվի ներքին ամենախորը էությունից ծնվել է Սիդպա Սանգպո Բումտրին (Sidpa Sangpo Bumtri)՝ մարդկային կերպարանքով, սպիտակ մաշկով և փիրուզագույն հյուսերով բարի արարիչ-աստվածը[14]։
Խավարի ձուն առաջացել է տարրերի պղտոր, անմաքուր մասից՝ բացասական էներգիայի ազդեցությամբ։ Այն եղել է եռանկյունաձև, սև և անթափանց։ Սև ձվի ճեղքումից ծնվել են խավարի աստվածները, դևերը, հիվանդություններ ու դժբախտություններ տարածող էակները, ինչպես նաև խավարի տիրակալը[15]։
Տիբեթական ավանդույթի մեկ այլ տարբերակում նշվում է, որ լույսի ձվից ծնված առաջին մարդկային նախահայրն ու նախամայրը տվել են 6 արու և էգ զավակներ։ Հենց նրանցից էլ առաջացել են Տիբեթի չորս կամ վեց հիմնական ցեղերը[16]։
Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆինլանդիայի ազգային էպոսում՝ «Կալևալայում», տիեզերքի արարումը նույնպես կապված է ձվի բեկորների հետ։ Ըստ ավանդության՝ օդի կույս աստվածուհի Իլմատարը (Ilmatar) երկար ժամանակ միայնակ թափառել է նախնադարյան օվկիանոսում, մինչև Արևելյան քամուց հղիացել է ապագա հերոս-իմաստուն Վայնյամոյնենով (Väinämöinen)։ Սակայն նա դարեր շարունակ չի կարողացել ծննդաբերել։ Այդ ընթացքում մի պոչարդ (սուզաբադ)՝ թռչելով ջրերի վրայով, բույն է դրել ծովի երեսին ցցված Իլմատարի ծնկին և այնտեղ յոթ ձու է ածել՝ վեց ոսկե և մեկ երկաթե։ Թռչունը նստել է ձվերի վրա, դրանք տաքացրել, ինչի հետևանքով Իլմատարի ծունկն այնքան է տաքացել, որ աստվածուհին ոտքը ցավից շարժել է։ Ձվերը գլորվել են ջրի մեջ և կոտրվել։ Դրանց բեկորներից ձևավորվել է ողջ աշխարհը. կճեպի ստորին մասից՝ մայր երկիրը, վերին մասից՝ երկնակամարը, դեղնուցից առաջացել է արեգակը, սպիտակուցից՝ լուսինը, կճեպի փոքրիկ կտորներից՝ աստղերը, իսկ երկաթե ձվի մութ բեկորներից ձևավորվում են ամպրոպային ամպերը[5][17]։
|
Չկորան նրանք տիղմի խորքում, - «Կալևալա» էպոսի 1-ին ռունայի տիեզերածնական հատվածի չափածո թարգմանություն |
Կելտական և դրուիդական
[խմբագրել | խմբագրել կոդը]Կելտերն ու դրուիդներն իրենց գիտելիքները չեն գրառել։ Նրանց բնիկ տիեզերածնության մասին ամբողջական տեքստեր չեն պահպանվել։ Այդուհանդերձ, հռոմեական աղբյուրների և ուշ շրջանի կելտական բանահյուսության շնորհիվ տիեզերական ձվի գաղափարը հայտնի է երկու հիմնական անվանմամբ ու հասկացությամբ՝ Դրուիդական ձու Կերիդվեն դիցուհու առասպել[18]։
Դրուիդյան ավանդույթի լատիներեն տեքստերում (հատկապես Պլինիոս Ավագի մոտ) տիեզերածնության հիմքերում հիշատակվում է Anguinum-ը (բառացի՝ «Օձի ձու» կամ «Դրուիդի ձու»)[18]։ Ըստ ավանդության՝ ամռանն օձերը հավաքվում են մի հսկայական գնդի մեջ և իրենց թքից ու հյութերից ստեղծում են այս սուրբ ձուն։ Այնուհետև նրանք ձուն նետում են օդ, և դրուիդը պետք է ձուն որսար թիկնոցով՝ թույլ չտալով, որ դիպչի գետնին[18]։ Կելտական աշխարհընկալման մեջ այս ձուն խորհրդանշում էր տիեզերական նախաստեղծ էներգիան, կյանքի հավերժական շրջապտույտն ու վերածնունդը։ Օձը (հաճախ խոյի եղջյուրներով adder-ը) համարվում էր պտղաբերության և տիեզերական կարգի պահապանը[19][20]։
Ուշ ուելսական (կելտական) առասպելներում տիեզերական ձվի գաղափարը սերտորեն կապված է Կերիդվեն դիցուհու կերպարի հետ։ Որոշ նեո-դրուիդական և կելտական հետազոտությունների համաձայն՝ Կերիդվենի անունը կամ նրա խորհրդանիշը մեկնաբանվում է որպես «Համաշխարհային ձվի պատյան/խորհրդանիշ»[20]։ Նրա կախարդական կաթսան, որտեղից ծնվում է տիեզերական իմաստնությունը (Awen), հաճախ նույնացվում է հենց այդ նախաստեղծ տիեզերական ձվի հետ, որը պատռվելով արձակում է կյանքի ջրերն ու տարրերը[20]։
Միջերկրածովյան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոս
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին եգիպտացիները միաժամանակ վավերական են համարել արարչագործության մի քանի տարբեր առասպելներ, այդ թվում՝ Հելիոպոլիսի, Մեմփիսի և Հերմոպոլիսի աստվածաբանական համակարգերը։ Տիեզերական ձվի մոտիվը կենտրոնական տեղ է զբաղեցնում հատկապես Հերմոպոլիսի ավանդույթում։ Չնայած Միջին Եգիպտոսում գտնվող այս քաղաքն այժմ հայտնի է հունական Հերմես աստծո անունից բխող անվանումով, հին եգիպտացիներն այն կոչում էին Խեմնու, ինչը թարգմանաբար նշանակում է «Ութի քաղաք»։ Այս թիվը մատնանշում է Օգդոադը՝ ութ նախնադարյան աստվածությունների խումբը, որոնք Հերմոպոլիսի արարչագործության հիմնական գործող անձինք են։
Այս խմբի չորս արու աստվածները գորտի գլխով են եղել, իսկ չորս էգ աստվածուհիները՝ օձի։ Նրանք մարմնավորել են նախնադարյան քաոսային ջրերի (Նուն) տարբեր հատկանիշները, որոնք գոյություն ունեին մինչ աշխարհի արարումը։ Ըստ առասպելի՝ ինչ-որ պահի այս ութ աստվածությունների փոխազդեցության արդյունքում ձևավորվել է տիեզերական ձուն, թեև տարբերակները տարբեր կերպ են նկարագրում դրա ծագումը (որոշ տեքստերում այն ջրերի վրա ածել է մեծ սագը՝ Կենկեն-վերը)։ Այնուհետև այս ձվից ծնվել է արարիչ-աստվածը, որն էլ ձևավորել է ողջ տիեզերքը, և նախնադարյան ջրերից վեր է խոյացել առաջին ցամաքը՝ նախնադարյան բլուրը (Բենբեն)։ Բլրի հայտնվելուն պես բացվել է լոտոսի սրբազան ծաղիկը, որից ծնվել է երիտասարդ Արևի աստվածը (Ռա կամ Թոթ)՝ սկիզբ դնելով աշխարհի վերջնական կառուցմանը[21]։
Հունաստան և Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիեզերական ձվի առասպելին հարող պատկերացումներ հանդիպում են նաև հունահռոմեական դիցաբանական ու փիլիսոփայական երկու տարբեր աղբյուրներում։ Առաջինը պատկանում է հռոմեացի հանրագիտակ հեղինակ Մարկոս Տերենտիոս Վարոյին (մ.թ.ա. 1-ին դար), ըստ որի՝ երկինքն ու երկիրը կարելի է համեմատել ձվի կճեպի և դեղնուցի հետ, իսկ օդը ներկայացված է որպես դրանց միջև եղած խոնավ շերտ[5]։
Երկրորդ հիշատակումն առկա է վաղ քրիստոնեական «Կեղծ-Կղեմեսյան ճանաչումներ» (Pseudo-Clementinae) երկի 10-րդ գրքում (10:17)[5]։ Այստեղ, թեև սկզբնապես հեթանոսական տիեզերաբանությունը ներկայացվում է քննադատական ու հեգնական երանգով, տրվում է ուշագրավ մի նկարագրություն. նախնադարյան քաոսը ժամանակի ընթացքում պնդացել է՝ վերածվելով հսկայական ձվի, որի ներսում աճել է մի արարած։ Ի վերջո, ձուն ճեղքվել է, և դրանից դուրս է եկել Փանեսը (կամ Փանետաս)՝ երկսեռ (անդրոգին) առաջնածին աստվածությունը։ Փանեսի հայտնվելուն պես ծագել է սրբազան լույսը՝ արթնացնելով «էությունը, խոհեմությունը, շարժումն ու սեռական զուգավորումը», ինչն էլ հանգեցրել է երկնքի և երկրի վերջնական ստեղծմանը։
Նույն երկի մեկ այլ հատվածում (10:30) այս գաղափարը ներկայացված է արդեն լիովին լուրջ համատեքստում․ Նիկետա անունով կերպարն այն վերագրում է Օրփեոսի գաղտնի տիեզերագիտությանը (Օրֆիզմ)[22]։ Այս ուրույն ավանդույթը շարունակական ազդեցություն է թողել հետագա դարերի վրա. դրա ձեռագրերը կապվում են 9-րդ դարում Սուրբ Գալի (St. Gallen) վանքի գրադարանում Բոեթիոսի աշխատությունների մեկնաբանություններում գաղափարի վերստին հայտնվելու հետ։ Այն հիշատակված է նաև տասներկուերորդ դարում ևս երեք տարբեր աղբյուրներում[22]։
Մերձավոր Արևելք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրան
[խմբագրել | խմբագրել կոդը]Զրադաշտական տիեզերագիտության մեջ երկինքը պատկերված է որպես հստակ արտաքին սահման (պատյան) ունեցող մի գունդ, որը կոչվում է պարկան (parkan): Այս գաղափարը, ամենայն հավանականությամբ, սկիզբ է առել դեռևս շումերական պատկերացումներից։ Երկիրը նույնպես ընկալվել է գնդաձև և գտնվել է այդ երկնային գնդի հենց կենտրոնում։ Այս տիեզերաբանական մոդելն ավելի պատկերավոր բացատրելու համար մի շարք անտիկ հեղինակներ, այդ թվում՝ հույն փիլիսոփա Էմպեդոկլեսը, առաջ են քաշել ձվի փոխաբերությունը՝ արտաքին, գնդաձև ու սահմանափակ երկինքը նմանեցնելով ձվի կճեպին, իսկ Երկիրը ներկայացնելով դրա կենտրոնում գտնվող կլոր դեղնուցի տեսքով։ Այս նույն համեմատությունը հանդիպում է նաև ուշ շրջանի մի շարք զրադաշտական պահլավերեն տեքստերում, մասնավորապես՝ «Զադսպրամի ընտրանի» (Wizidagiha-i Zadspram, 9-րդ դար) աշխատության մեջ[23][24]։
Օվկիանիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընկերության կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օվկիանիայի (խաղաղօվկիանոսյան կղզիների) դիցաբանության մեջ Տիեզերական ձվի մոտիվը նույնպես առանցքային տեղ է զբաղեցնում և ստանում է յուրօրինակ կղզիական ու օվկիանոսային շեշտադրումներ: Այստեղ ձուն հաճախ փոխարինվում է դրան հոմանիշ խեցու (խխունջի պատյանի) կամ կոկոսի կճեպի պատկերով[25]։ Այս տարածաշրջանի ամենավառ և հայտնի արարչագործական առասպելները կապված են Պոլինեզիայի հետ։
Թաիթի և Սոսայեթի կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլինեզիական դիցաբանության պատկերացումներում Տիեզերական ձվի ամենադասական տարբերակը հանդիպում է Թաիթիում, որտեղ գերագույն արարիչ-աստվածը կոչվում է Տա՛արոա (Ta'aroa / հայտնի է նաև որպես Տանգարոա Մաորի մշակույթում)։ Դարեր շարունակ Տա՛արոան բացարձակ մթության և քաոսի մեջ փակված մնացել է Ռումիա (Rumia) կոչվող տիեզերական հսկայական պատյանի մեջ, որը կլոր էր, ինչպես ձուն, և չուներ ոչ մի անցք։ Ի վերջո, հոգնելով հավերժական մենությունից ու նեղվածությունից, Տա՛արոան սեփական կամքի ուժով ճեղքել է պատյանը և իր տիեզերական ձվի (խեցու) բեկորներից կերտել է աշխարհը. պատյանի վերին կեսը դարձել է Երկինքը, իսկ ստորին կեսը՝ Մայր Երկիրը։ Նա օգտագործել է իր սեփական մարմնի ոսկորները լեռներ ստեղծելու համար, իսկ արյունից առաջացել են օվկիանոսները[25]։
Կուկի կղզիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուկի կղզիների ավանդույթներում տիեզերական ձվի գաղափարը ստացել է կենցաղային, բայց խորը սիմվոլիկ պատկերավորում։ Այստեղ տիեզերքի սկզբնական վիճակը նկարագրվում է որպես հսկայական, դատարկ կոկոսի կճեպ։ Այս կեղևի ամենախորը խոռոչում՝ Ավաիկիում (անդրշիրիմյան աշխարհում), բնակվել է նախամայր աստվածուհի Վարիմա-տե-տակերեն։ Այս պատյանի ներսի առաջնային տիղմից նա ստեղծել է առաջին արու էակին՝ Ավատեային (Avatea կամ Vatea)՝ լույսի և պատերազմի աստծուն, որն աջ կեսով մարդ էր, ձախ կեսով՝ ձուկ։ Աստվածուհին նրան դուրս է ուղարկել կճեպից։ Ըստ ավանդույթի՝ նրա աչքերից մեկը դարձել է Արեգակը, մյուսը՝ Լուսինը՝ լուսավորելով մարդկանց աշխարհը և խորհրդանշելով քաոսից դեպի լույս և կազմավորված աշխարհ անցումը[26]։
Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական դիցաբանության և ժողովրդական հավատալիքների համակարգում «Տիեզերական ձվի» դասական, բացահայտ տիեզերածնական առասպել (ինչպիսին չինական Պան Գուի կամ ֆիննական Կալևալայի պատումներն են) մեզ չի հասել: Սակայն հայ մատենագրության, բանահյուսության և կենցաղային ծեսերի մեջ պահպանվել են դրա ուղղակի արձագանքները, որտեղ ձուն ընկալվում է որպես տիեզերքի փոքրակերտ մոդել (միկրոկոսմոս) կամ կյանքի սկզբնաղբյուր:
Ձուն որպես տիեզերքի մոդել հայ միջնադարյան մատենագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ ականավոր փիլիսոփա, տիեզերագետ Անանիա Շիրակացին (7-րդ դար) իր աշխատություններում աշխարհի կառուցվածքը բացատրելու համար օգտագործել է հենց ձվի փոխաբերությունը, ինչը ցույց է տալիս, որ այս անալոգիան խորապես ընդունված է եղել հայկական գիտական և մշակութային միջավայրում[27].
| Աշխարհը նման է ձվի. կճեպը երկինքն է, սպիտակուցը՝ օդը, դեղնուցը՝ երկիրը, իսկ մեջտեղի յուղը (խոնավությունը)՝ ջուրը: - Անանիա Շիրակացի |
Այս ձևակերպումը մեծապես համահունչ է անտիկ աշխարհում (օրինակ՝ Մարկոս Վարոյի մոտ) տարածված պատկերացումներին և դարձել էր հայ միջնադարյան բնագիտության հիմնաքարերից մեկը:
Զատկական ձվի ներկման տիեզերական խորհուրդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում քրիստոնեական Զատկի տոնին ձու ներկելու սովորույթը կրում է նախաքրիստոնեական, դիցաբանական խորը շերտեր: Եկեղեցու հայրերից Գրիգոր Տաթևացին (14-րդ դար) իր քարոզներում մանրամասնում է ձվի տիեզերական սիմվոլիզմը, որն ուղղակիորեն բխում է հեթանոսական հնագույն ընկալումներից.
| Եվ ձուն օրինակ է ամենայն աշխարհի... կեղևն երկինք է, մաշկն՝ օդ, սպիտակուցն՝ ջուր, դեղնուցն՝ երկիր։ - Գրիգոր Տաթևացի, «Հարցմանց գիրք» |
Իսկ ձուն կարմիր ներկելը խորհրդանշում է, որ տիեզերքը գնվել է Աստծո արյամբ[28]: Նախաքրիստոնեական շրջանում կարմիր ներկված ձուն խորհրդանշել է նաև մայր երկրի արգասավորումը արեգակի ջերմությամբ և գարնանային զարթոնքով:
«Ոսկե ձուն» հայկական հեքիաթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական ժողովրդական հեքիաթներում (օրինակ՝ Հաբրմանի[29], Մոզին հեքիաթներ) պահպանվել է «Ոսկե ձվի» կամ «Կախարդական ձվի» մոտիվը: Այս հեքիաթներում ձուն հաճախ հանդես է գալիս որպես մի հրաշագործ առարկա, որը կոտրելիս կամ բացելիս միջից դուրս են գալիս կենդանիներ, անհամար հարստություններ, հսկայական պալատներ, նախիրներ կամ ամբողջական թագավորություններ։ Սա դիցաբանական այն հին պատկերացման արձագանքն է, որ ձվի ներսում սեղմված է ողջ գոյը (աշխարհը), որը «ճեղքվելուց» հետո տարածվում և նյութականանում է[30]:
Ժամանակակից ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին Ռոբերտ Գրեյվսի հրատարակած «Հունական առասպելներ» երկհատորյակում վերակառուցված «Պելասգյան արարչագործության առասպելը» ներկայացնում է «Բոլոր բաների աստվածուհի» Եվրինոմեին[31], որը դուրս է գալիս Քաոսից՝ ծովը երնքից բաժանելու և ալիքների վրա պարելու համար։ Մեջքի հետևից Հյուսիսային քամին բռնելով և այն ձեռքերի մեջ շփելով՝ նա տաքացնում է պնևման և ինքնաբերաբար ծնում Օֆիոն օձին, որը զուգավորվում է նրա հետ: Եվրինոմեն աղավնու կերպարանք է ստանում և ձվադրում է տիեզերական ձուն։ Օֆիոնին հրամայում է թխսել այն՝ դրա շուրջը յոթ անգամ փաթաթվելով տաքացնել, մինչև այն բաժանվի երկու մասի, և ծնվի նյութական աշխարհը (Երկինքն ու Երկիրը)․ «բոլոր գոյություն ունեցող բաները... արևը, լուսինը, մոլորակները, աստղերը, երկիրն իր լեռներով ու գետերով, իր ծառերով, խոտաբույսերով և կենդանի արարածներով»[31][32]։
Այսպիսով, Գրեյվսի վերականգնած մոդելը ձվի, օձի և թռչնի միջոցով աշխարհի ու կյանքի արարումը բացատրելու մոտիվը հնագույն հնդեվրոպական և միջերկրածովյան մշակութային ընդհանուր ժառանգություն է։
Արթուր Ք. Քլարկի «Հանդիպում Ռամայի հետ» գիտաֆանտաստիկ գրքում համանուն գլանաձև տիեզերանավ Ռաման մարդկության կողմից անվանվում է հնարավոր «տիեզերական ձու»՝ հաշվի առնելով դրա ի հայտ գալը Արեգակնային համակարգում[33]։ Հսկայական օտարերկրյա տիեզերանավը մուտք է գործում Արեգակնային համակարգ և սկսում է արագորեն մոտենալ Արևին, գիտնականներն ու կերպարները քննարկում են դրա նպատակը: Առասպելաբանական զուգահեռներ տանելով՝ նրանք նշում են, որ Ռաման մի տիեզերական ձու է, որը տաքանում է Արևի կրակներից և կարող է ձագ հանել (արթնանալ) ցանկացած պահի[34]։ Երբ մարդիկ առաջին անգամ մտնում են Ռամա, ամեն ինչ սառած է, մութ ու մեռած, իսկ Գլանաձև ծովը՝ ամբողջությամբ սառցակալած։ Բայց երբ նավը մոտենում է Արևին, ջերմությունից սառույցները սկսում են հալվել, օդը տաքանում է, և ամբողջ տիեզերանավը «արթնանում է»՝ ինչպես կենդանության շունչ ստացող տիեզերական ձուն[35]։
Ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթենլի Կուբրիկի «2001 թվական. տիեզերական ոդիսական» ֆիլմի ավարտը պատկերում է մարդկության վերածնունդը որպես «Աստղային դարպասներով» ճանապարհորդություն անսահմանությունից դեպի Երկիր՝ տիեզերական մարդկային սաղմի (կամ «Աստղային երեխայի») տեսքով[36]։ Այս տեսարանը ուղղակիորեն կապվում է տիեզերական ձվի և արարման դիցաբանական գաղափարների հետ․ Տիեզերանավն իր երկարավուն կառուցվածքով և կլորավուն գլխամասով տեսողականորեն հիշեցնում է սպերմատոզոիդ։ Յուպիտեր մոլորակը և նրա տարածությունը հանդես են գալիս որպես հսկայական ձվաբջիջ (կամ տիեզերական ձու), որին ձգտում է հասնել նավը։ Մոնոլիտը, որը հայտնվում է Հուպիտերի ուղեծրում, գործում է որպես կատալիզատոր, որը «բեղմնավորում» է մարդկային գիտակցությունը՝ նախապատրաստելով նոր կյանքի սկիզբը[37][38]։
«2001 թվական. տիեզերական ոդիսական» ֆիլմում Աստղային երեխան պատկերված է լուսատու թաղանթի (պատյանի) մեջ, որը տեսողականորեն հիշեցնում է տիեզերական ձու կամ պտղապարկ։ Ինչպես հնագույն կոսմոգոնիաներում ձվի պատռվելով սկսվում է նոր աշխարհի արարումը, այնպես էլ այստեղ՝ մարդկության հին էվոլյուցիոն փուլը (նախամարդուց մինչև տեխնոլոգիական մարդ) ավարտվում է, և ծնվում է գիտակցության բոլորովին նոր, աստվածանման մակարդակ: Ֆիլմի վերջին կադրում Աստղային երեխան տիեզերքի անհունից նայում է Երկիր մոլորակին։ Նա ոչ թե պարզապես անհատ է ներկայացված, այլ մարդկային ողջ տեսակի նոր սկիզբը, որը պատրաստ է վերակառուցել կամ նոր շունչ տալ հին աշխարհին[37]:
Կոսմոլոգիական այլ հայեցակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ իրական եզակիության հայեցակարգը ենթարկվել է ավելի ու ավելի մեծ քննադատության, սկսել են մշակվել այլընտրանքային ոչ եզակի «տիեզերական ձվի» (ի հայտ եկող տիեզերքի) սցենարներ։
- 1913 թվականին Վեստո Սլիֆերը հրապարակել է իր դիտարկումները, որ հեռավոր գալակտիկաներից եկող լույսը կարմիր շեղում ունի[39][40], ինչը աստիճանաբար ընդունվել է որպես բոլոր գալակտիկաները (բացառությամբ Անդրոմեդայի ) հեռանում են Երկրից իմաստով։
- Ալեքսանդր Ֆրիդմանը նույն հետևանքն է կանխատեսել 1922 թվականին՝ հիմնվելով Այնշտայնի ընդհանուր հարաբերականության տեսության հավասարումների վրա, երբ դրանից հանվել է նախկին ad-hoc տիեզերական հաստատունը (որը ներմուծվել էր նախապես պատկերացված հավերժական, ստատիկ տիեզերքին համապատասխանելու համար):
- Ժորժ Լեմետրը 1927 թվականին առաջարկել է, որ տիեզերքը ծագել է այն բանից, ինչը նա անվանել է նախնադարյան ատոմ։
- Էդվին Հաբլը դիտարկումներով հաստատել է Լեմետրի եզրակացությունները երկու տարի անց՝ 1929 թվականին[41]։
- 1940-ականների վերջին Ջորջ Գամոուի օգնական տիեզերագիտական հետազոտող Ռալֆ Ալֆերը առաջարկեց իլեմ անվանումը՝ նախորդ տիեզերքի «Մեծ Ճռճռոցի» (Big Crunch) և մեր սեփական տիեզերքի Մեծ Պայթյունի միջև գոյություն ունեցող նախնադարյան նյութի համար[42]։ Իլեմը սերտորեն կապված է սուպերսիմետրիա հասկացության հետ[43]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Omne vivum ex ovo» («Ամեն կենդանի բան ձվից է») արտահայտությունը ոչ թե հին դիցաբանական ասացվածք է, այլ 17-րդ դարի անգլիացի բժիշկ և անատոմ Ուիլյամ Հարվիի ձևակերպումը (1651)։ Հարվին այն օգտագործել է կենսաբանական համատեքստում՝ ժխտելու համար կյանքի ինքնածնության տեսությունը։ Ըստ նրա՝ բոլոր կենդանի էակները սկիզբ են առնում ձվաբջջից/ձվից, ինչը գիտական հայտնագործություն է, ոչ թե տիեզերածնության առասպել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Leeming, David Adams (2010). Creation Myths of the World: An Encyclopedia, Book 1. ABC-CLIO. էջ 144. ISBN 9781598841749.
- ↑ Brewer, 1894
- ↑ Witzel, 2012
- ↑ Georgia Wallace. «William Harvey and John Hunter: Investigations in Generation». Royal College of Surgeons (անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- 1 2 3 4 Alcock, 2007
- ↑ Lynch, Roberts, էջ 37
- ↑ Griaule, Dieterlen
- ↑ Yang, An
- ↑ Witzel, 2012, էջ 121–122
- ↑ Toneri, Prince. Chronicle of Japan, Volumes 1 and 2. Վերցված է 2025-08-10-ին.
- ↑ «Nihon shoki | Mythology, Creation & History | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2026-07-11-ին.
- ↑ «Japanese Mythology: Cosmogony». canadianstudies.isp.msu.edu (անգլերեն). Վերցված է 2026-07-11-ին.
- ↑ Tu, Xiaofei; Xie, Wendy (2021-10-18). «The Kojiki/Nihon Shoki Mythology and Chinese Mythology: Theme, Structure, and Meaning». Religions (անգլերեն). 12 (10): 896. doi:10.3390/rel12100896. ISSN 2077-1444.
{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - 1 2 «The myth of the Cosmic Egg - Dharma Wheel». www.dharmawheel.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-07-11-ին.
- 1 2 «Bө and Bön». Bө and Bön (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-07-11-ին.
- ↑ Donatella Rossi․ An Overview of Tibet's Religions․ 2004, University of Rome
- ↑ «Kalevala, The Land of the Heroes, Volume One». Project Gutenberg (անգլերեն). Վերցված է 2024-04-18-ին.
- 1 2 3 Stanley, J. D. (2017-07-13). «Druid Egg - Exploring Traditional Druid Tools». JD Stanley (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ «What role did animals play in Celtic Mythology?». Roman Britain (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- 1 2 3 «The Role Call». The Druid Network (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ «Ancient Egyptian Creation Myths: From Watery Chaos to Cosmic Egg». Glencairn Museum (ամերիկյան անգլերեն). 2021-07-13. Վերցված է 2024-04-18-ին.
- 1 2 Dronke, 1974
- ↑ Bailey, 1943, էջ 135–136
- ↑ Panaino, 2019, էջ 39–41
- 1 2 Niina Niskanen. «Nighttime Story: Creation Myths And The Cosmic Egg». Insight Timer (անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ Buse, Jasper; Taringa, Raututi (1995). Cook Islands Maori Dictionary (անգլերեն). editorips@usp.ac.fj. ISBN 978-0-7286-0230-4.
- ↑ Անանիա Շիրակացի, Մատենագրություն․ Տիեզերագիտական աշխատությունները․ էջ 64-127
- ↑ Gasparyan, Hovhannes. «Զատկական ձուն` կյանքի և հարության խորհրդանիշ». Qahana.am (անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ «Հաբրմանի հեքիթը»
- ↑ Ա. Տ․ Ղանալյան, https://arar.sci.am/Content/170909/file_0.pdf, էջ 38
- 1 2 Graves, Robert (1990). The Greek Myths. Vol. 1. Penguin Books. ISBN 978-0-14-001026-8.
- ↑ «Books: The Goddess & the Poet». TIME. 1955 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Clarke, Arthur C. Rendezvous with Rama. էջ 103. ISBN 978-0-575-07733-1.
- ↑ Arthur C. Clarke. «Rendezvous with Rama». www.amazon.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ «Rendezvous with Rama». www.imdb.com. Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ «Նկարահանման հրապարակ. «2001 թվականի տիեզերական ոդիսականը»». KINOVERSUS (ռուսերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- 1 2 Sherlock, Ben (2020-07-23). «10 Interpretations Of 2001: A Space Odyssey». ScreenRant (անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ GradeSaver (2026-01-18). «2001: A Space Odyssey (Film) Symbols, Allegory and Motifs | GradeSaver». www.gradesaver.com (անգլերեն). Վերցված է 2026-07-12-ին.
- ↑ Slipher, V. M. (1913). «The radial velocity of the Andromeda Nebula». Lowell Observatory Bulletin. 1 (8): 56–57. Bibcode:1913LowOB...2...56S.
- ↑ «Vesto Slipher – American astronomer». Britannica.
- ↑ «Astronomer sleuth solves mystery of Big Cosmos discovery». Space.com. 2011 թ․ նոյեմբերի 14.
- ↑ The Cosmos. Voyage through the Universe. New York, NY: Time-Life Books. 1988. էջ 75. [full citation needed]
- ↑ Harrison, Edward (2003-05-08). Masks of the Universe: Changing ideas on the nature of the cosmos. Cambridge University Press. էջ 224. ISBN 9781139437424 – via Google Books, Germany.
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alcock, John P. (2007). «The Egg: its Symbolism and Mythology». In Hosking, Richard (ed.). Eggs in Cookery: Proceedings of the Oxford Symposium of Food and Cookery 2006. Prospect Books. էջեր 20–29.
- Bailey, Harold W. (1943). Zoroastrian Problems In The Ninth Century Books. Clarendon Press.
- Brewer, E. Cobham (1894). «Mundane Egg». Dictionary of Phrase and Fable.
- Dronke (1974). Fabula: Explorations into the Uses of Myth in Medieval Platonism. Brill.
- Griaule, Marcel; Dieterlen, Germaine (1965). Le renard pale. Continuum Foundation.
- Lynch, Patricia Ann; Roberts, Jeremy (2010). African Mythology, A to Z. Infobase Holdings.
- Panaino, Antonio C.D. (2019). A Walk through the Iranian Heavens: Spherical and Non-Spherical Cosmographic Models in the Imagination of Ancient Iran and Its Neighbors. Brill.
- Scheub, Harold (2000). A dictionary of African mythology: the mythmaker as storyteller. Oxford University Press. ISBN 978-0-19-512456-9.
- The Kalevala: Epic of the Finnish people. Translated by Friberg, Eino (4th ed.). Otava Publishing Company, Ltd. 1998. էջ 44. ISBN 951-1-10137-4.
- Witzel, E.J. Michael (2012). The Origin of the World's Mythologies. Oxford University Press.
- Yang, Lihui; An, Deming (2005). Handbook of Chinese Mythology. ABC-CLIO.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|