Տիգրան Ջրբաշյան
Տիգրան Ջրբաշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 9 (21), 1889[1] Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | 1937[1] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1] |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց (1912)[1], Թբիլիսիի պետական համալսարան (1920)[1], Փարիզի համալսարան (1924)[1] և Փարիզի լեռնահանքային բարձրագույն դպրոց (1924) |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1935) |
Տիգրան Արշակի Ջրբաշյան (նոյեմբերի 9 (21), 1889[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - 1937[1][2]), հայ խորհրդային երկրաբան, ԵՊՀ երկրաբանության ամբիոնի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Ջրբաշյանը ծնվել է 1889 թվականի նոյեմբերի 9-ին Վան քաղաքում։
1896-1902 թվականներին սովորել է Էրզրումի Արծնյան վարժարանում, 1902-1906 թվականներին՝ Վանի Երեմյան վարժարանում, իսկ 1908-1912 թվականներին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1913 թվականին վերադառնալով Վան՝ աշխատել է Հայկազյան կոնտրոնական վարժարանում որպես ուսուցիչ։ Այս շրջանում իր աշակերտների թվում եղել է Հայաստանի ապագա ղեկավար Աղասի Խանջյանը։
Օսմանյան բանակի կողմից Վանի գրավման ժամանակ՝ 1915 թվականի հուլիսին Ջրբաշյանը իր եղբոր ու քրոջ հետ գաղթում է Արևելյան Հայաստան։ 1915-1918 թվականներին նա դասավանդել է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բնագիտություն Աշտարակի որբանոց-դպրոցում, իսկ հետո Թիֆլիս տեղափոխվելուց հետո Հայկազյան բարեգործական ընկերության և Ներսիսյան դպրոցին կից որբանոցներում։
1917-1920 թվականներին նա սովորել է Թիֆլիսի համալսարանի բնագիտական ֆակուլտետում։ Նույն ընթացքում աշխատել է Պոլիտեխնիկական ինստիտուտի հանքաբանության կաբինետում։
Ուսումն ու կյանքը Ֆրանսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերազանց առաջադիմության համար նրան շնորհվում է Նուբար Փաշայի կրթաթոշակ, որով 1920 թվականին նա մեկնում է Փարիզ ու ընդունվում Սորբոնի համալսարան։ 1924 թվականին ավարտելով համալսարանը՝ նա ընդունվում է Փարիզի հանքաբանական ինստիտուտ, որն ավարտում է 1925 թվականին՝ ստանալով լեռնային ինժեներ-հանքաբանի կոչում։
Ուսմանը զուգահեռ նա նաև աշխատում է Փարիզի բնապատմական թանգարանում, որտեղ մեծանուն երկրաբաններ Ա․ Լակրուայի, Է Օգիի ու Պ․ Բոննեի ղեկավարության ներքո ձեռք է բերում գերազանց փորձ ու բարձր մասնագիտացում։
Դիպլոմային աշխատանքի ներկայացումից հետո Ջրբաշյանին եթովպիացի մի դիվանագետ աշխատանքի գրավիչ առաջարկ է անում, որը նա մերժում է՝ պնդելով, որ իր հայրենիքին պետք է վերադարձնի այն ամենն ինչ ստացել է։
Կյանքը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականին նա վերադառնում է Հայաստան ու հաջորդ տարվանից սկսում աշխատել Երևանի համալսարանում որպես ընդհանուր երկրաբանություն, բյուրեղագիտություն ու հանքաբանություն առարկաների դասախոս։ Որոշ ժամանակ անց նա համալսարանում հիմնում է բյուրեղագիտական արհեստանոց, բյուրեղագիտական-հանքաբանական ու ընդհանուր երկրաբանության կաբինետներ։
1934 թվականին Տիգրան Ջրբաշյանը դառնում է իր ակտիվ մասնակցությամբ ստեղծած աշխարհագրական-երկրաբանական ֆակուլտետի առաջին դեկան, ինչպես նաև ընդհանուր երկրաբանության ամբիոնի վարիչ։ Հաջորդ՝ 1935 թվականին նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում։
Ջրբաշյանը եղել է նաև Հայաստանի ժողտնտխորհի խորհրդատու ինժեներ։ 1936 թվականի երկրաշարժից հետո Կառավարության հանձնարարությամբ նա օրական մի քանի դասախոսություն էր կարդում Կուլտուրայի տան դահլիճում՝ քաղաքացիներին ներկայացնելով երկրաշարժերի պատճառները, անհրաժեշտ քայլերը երկրաշարժերի ժամանակ ու հանգստացնում նրանց։
Ձերբակալությունն ու մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականի օգոստոսի 30-ին ավարտելով դաշտային աշխատանքները՝ Տիգրան Ջրբաշյանը վերադարձել է տուն՝ պատրաստվելով երկու օրից իր ավագ որդուն՝ Էդգարին առաջին անգամ ուղեկցել դպրոց սեպտեմբերի 1-ին։ Սակայն օգոստոսի 31-ին նրանց տուն ներխուժում են Ներքին գործերի կոմիսարիատի աշխատակիցները, ովքեր ձերբակալում են Ջրբաշյանին ու տակն ու վրա անում տունը՝ առգրավելով նրա աշխատանքներն ու նամակագրությունը արտասահմանյան մեծանուն գիտականների հետ։ Տիգրան Ջրբաշյանը մեղադրվում է լրտեսության մեջ ու գնդակահարվում նույն թվականին։
Գիտական ժառանգությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Ջրբաշյանը կազմել է երկրաբանական դասընթացի ծրագիր, երկրաբանական եզրույթների բառարան, թարգմանում է մի շարք մասնագիտական գրքեր, որոնք չի ավարտել ու որոնք ձերբակալության պատճառով առգրավվել են։
Հովհաննես Կարապետյանի հետ միասին Ջրբաշյանը եղել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի Աշխարհա-երկրաբանական նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտի ստեղծողներից մեկը։ Այստեղ 1935-1937 թվականներին նա եղել է գիտական աշխատող ու Կոտայքի երկրաբանական արշավախմբի պետ։
Նա մեծ ծավալի տվյալներ է թողել Հայաստանում աղի, պեմզայի, պեռլիտի, մարմարի, ծծմբի, այրվող թերթաքարերի, տրեպելների, բարիտի, օբսիդիանի, գունագեղ քարերի, ավազների և հրաբխային խարամների երևակումների և հանքավայրերի մասին՝ լինելով Հայաստանում ոչ-մետաղական հանքավայրերի առաջին ուսումնասիրողը։ Ուսումնասիրել է Հայաստանի երկրաբանական կառուցվածքը, շերտագրությունը, տեկտոնիկան, մագմատիզմը, հիդրոերկրաբանությունը։ Նա կանխատեսել է Երևանի մոտակայքում աղի հսկայական պաշարների առկայությունը, ինչը դարձել է Երևանում աղի արդյունաբերական շահագործման հիմք։
Ջրբաշյանը կատարել է նաև ինժեներաերկրաբանական հետազոտություններ՝ կապված հանրապետությունում ծավալված շինարարության և նոր առողջարանների ստեղծման հետ։ Նրա հայտնագործությունների օգնությամբ Հայաստանում շահագործվել են Արագած-պեռլիտ, «Հայբնագույնքարեր», «Դիատոմիտներ», գաջի և շինանյութերի մի շարք ձեռնարկություններ։
Զբաղվել է Հրազդանի ավազանի հանքային ջրերի, նորագույն հրաբխային լավաների, սողանքների, երկրաշարժերի, սելավների ուսումնասիրությամբ։
Անձնական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրբաշյանը ամուսնացել է 1927 թվականին Էլբիս Կարասեֆերյանի (1909-1986) հետ, ով նույնպես Վանից էր, վաղ հասակում կորցրել էր ծնողներին ու եղբոր հետ բնակվում էր Թիֆլիսում։ Նրանք ունենում են երկու որդի՝ ապագայում տեխնիկական գիտությունների թեկնածու է, ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գիտության գծով տեղակալ Էդգար Ջրբաշյանը ու ապագայում երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր է, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Ջրբաշյանը։ Ընտանիքը տուն է ստանում Աբովյան 29 հասցեում՝ Արմէներգո ինստիտուտի բակում, որտեղ ապրում էին նաև Դերենիկ Դեմիրճյանը, Վահան Միրաքյանը, Նաիրի Զարյանը, Ռուբեն Զարյանը, Միքայել Մանվելյանը ու այլ ականավոր գործիչներ։
Տիգրան Ջրբաշյանը ազատորեն տիրապետել է անգլերեն, ֆրանսերեն ու ռուսերեն լեզուներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Ջրբաշյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 542)։ ![]() |
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Վան քաղաքում ծնվածներ
- 1937 մահեր
- ԵՊՀ դասախոսներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ երկրաբաններ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Հայաստանում
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր