Jump to content

Տիգրան Երկաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Երկաթ
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Կարապետ Պիլեզիկճեան
Ծնվել է1870
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1899
Վախճանի վայրԵգիպտոսի խեդիվատ, Եգիպտոս
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն

Տիգրան Երկաթ (Կարապետ Պիլեզիկճյան) (1870, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1899, Եգիպտոսի խեդիվատ, Եգիպտոս), հայ գրող, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից, 1880 թվականին, մոր հետ մեկնել է Փարիզ, որտեղ ստացել է կրթությունը։ Եղել է Եվրոպայի և Ամերիկայի բազմաթիվ քաղաքներում։ Ֆրանսերենին զուգընթաց սովորել է նաև անգլերեն։ Ֆրանսիական պարբերականներում հրատարակել է բազմաթիվ հոդվածներ արևելքի ժողովուրդների, արևելյան կենցաղի ու սովորությունների, հայկական հարցի վերաբերյալ։ Հիմնական աշխատակիցն է եղել «Նուվել ռեվյու», «Ինտերնասիոնալ», «Ֆիգարո» և այլ պարբերականների։ Համարվել է ճանաչված ու հարգված դեմք Ֆրանսիայում։ Մտերմական կապեր է ունեցել Էմիլ Զոլայի, Ժան Ժորեսի և այլ ականավոր դեմքերի հետ։ 1893 թվականին վերադարձել է Պոլիս, զբաղվել ֆրանսերենի ուսուցչությամբ, միաժամանակ գաղտնի թղթակցել Փարիզում հրատարակվող «Ռևյու դե ռևյու» պարբերականին, որտեղ տպագրել է Գամառ Քաթիպայի հայրենասիրական ոտանավորներից մի քանիսի ֆրանսերեն թարգմանությունը։ Սիմոն Սիմոնովիչ, Կարապետ և Միր Կարո ծածկանուններով հոդվածներ է տպագրել նաև Կ. Պոլսի «Հայրենիք» թերթում։ 1895 թվականի կոտորածներից հետո նորից մեկնել է արտասահման։ Եղել է Աթենքում, կարդացել դասախոսություններ Հունական մամուլը մեծ հիացմունքով է խոսել նրա մասին։ Աթենքից մեկնել է Փարիզ, ապա՝ Բելգիա։ 1898 թվականին մեկնել է Եգիպտոս, որտեղ և մահացել է։ Պարբերական մամուլում տպագրած բանաստեղծությունները հետմահու լույս են տեսել «Մի քանի ժամ» վերնագրով։ Դեռևս 1900-ականների սկզբներից Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում հիմնադրվել է նրա անունով «Տիգրան Երկաթ» մշակութային միությունը, որը նկատելի դեր է կատարել այդ գաղութի կյանքում[1]։

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 314-315.