Տեր-Աբրահամյանի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Տեր-Աբրահամյանի եկամտաբեր տուն
Книжный магазин и издательствово Тер-Абрамяна 1886 г.JPG
Տեսակ եկամտաբեր տուն
Երկիր Flag of Russia.svg Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Տեր-Աբրահամյանի եկամտաբեր տունը գտնվում է Ռուսաստանում
Տեր-Աբրահամյանի եկամտաբեր տուն
Կոորդինատներ: 47°13′18.840000099993″ հս․ լ. 39°42′50.940000099987″ ավ. ե. / 47.22190000002777310° հս․. լ. 39.71415000002777163° ավ. ե. / 47.22190000002777310; 39.71415000002777163

Տեր-Աբրահամյանի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Тер-Абрамяна), հնագույն շենք Դոնի Ռոստովի Մեծ Սադովայա փողոցում։ Շենքը պատմության և մշակույթի հուշարձանների տարածաշրջանային նշանակության օբյեկտ է և 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է Ռոստովի մարզի վարչակազմի հաշվեկշռում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին քառորդում ռոստովցի ձեռնարկատեր Տեր-Աբրահամյանը քաղաքում ուներ մի քանի տներ, գրախանութ, զբաղվում էր հրատարակչական գործունեությամբ։ Մինչև 1880-ական թվականների կեսերը նրա տպարանը և խմբագրատունը տեղակայված էին վարձակալված տարածքներում։ Հրատարակչական գործունեությունն ընդլայնելու համար նրան անհրաժեշտ էր սեփական տուն` տպարանի և խմբագրության համար տարածքներով։

Այդ ժամանակ Դոնի Ռոստովի Բոլշայա Սադովայա փողոցը դարձել էր քաղաքի գլխավոր փողոցը։ 1886 թվականին այնտեղ, Սեմաշկոյի և Գազետնի անցուղիների արանքում, կառուցվեց նոր եռահարկ աղյուսե շենք, որը պատկանում էր գրահրատարակիչ Հովհաննես (Իվան) Աբրահամի Տեր-Աբրահամյանին։ Տեր-Աբրահամյանի տունը Բոլշայա Սադովայա փողոցի երկրորդ բազմահարկ շենքն էր։ Տունն ուներ երկու գմբեթ և գտնվում էր հինգհարկանի շենքի մոտ, որը կառուցվել էր մոսկվացի ճարտարապետ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ Ա. Ն. Պոմերանցևի նախագծով (այժմ շենքի առաջին հարկը զբաղեցնում է «Ռոստովէներգոն»)։

Տեր-Աբրահամյանի միջոցներով կառուցված տունն ունի շքեղազարդ ճակատ։ Նրա կենտրոնում շքամուտքն է, մուտքի վերևում` երկրորդ և երրորդ հարկերում, դեկորացված որմնասյունային պորտալներ։ Վերին հարկն ավարտվում է կորացված ճակտոնով։ Ճակտոնի վրա կառուցման տարեթիվն է` «1886»։ Շենքի ճակատը ձևավորված է աղյուսե դեկորի կիրառմամբ։

Եկամտաբեր տունը կառուցվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտի շրջանավարտ Նիկոլայ Սոկոլովի նախագծով, որը 1886 թվականին քաղաքային վարչությունում աշխատել է որպես տեխնիկ, իսկ 1887 թվականին եղել է քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Կառուցված տանը կյանքի է կոչվել ճարտարապետի ստեղծագործական ոճը` շքեղազարդ ճակատը համադրելով շենքի արտահայտիչ ուրվապատկերային ավարտի հետ։

Շինարարության ավարտից հետո տան տարածքները տրվել են վարձակալությամբ։ Առաջին հարկում խանութներ էին և Իսակովիչի լուսանկարչատունը։ 1910-ական թվականներին այստեղ գործում էր Գ. Շիֆրինի և լուսանկարիչ Բ. Միշչենկոյի լուսանկարչատունը։ Երկար տարիներ տանը գործել է Ի. Պանչենկոյի գրենական պիտույքների խանութը։ Շենքի երկրորդ և երրորդ հարկերում գործել են Ե. Ռեմիզովայի կարի ու ձևի դպրոցը և այլ գրասենյակներ։ 1918 թվականին շենքում գործել է «Вечернее время» («Երեկոյան ժամանակ») թերթի խմբագրությունը։

Շենքում աշխատել է նաև Տեր-Աբրահամյանի տպարանը։ Տպարանն ուներ տարածքներ շինության առաջին հարկում` առանձին մուտքով։ Տպարանը թողարկում էր գրքեր, օրացույցներ, թերթեր և այլն։ Շենքը կառուցելու պահից այնտեղ աշխատել է նաև «Донская пчела» («Դոնի մեղու») թերթի խմբագրությունը։

Տեր-Աբրահամյանի եկամտաբեր տունը նախահեղափոխական բացիկի վրա

Հովհաննես (Իվան) Աբրահամի Տեր-Աբրահամյանը մահացել է 1899 թվականին։ Շենքը և տպարանն անցել են նրա որդուն` Արամին, որը շարունակել և զարգացրել է հոր գործը։ 1910 թվականին տպարանում 6 տպագրական մեքենաների և 15 հաստոցների վրա աշխատել է մոտ 50 մարդ։ Տպագրական մեքենաները էլեկտրական էին։ Արամ Տեր-Աբրահամյանը մահացել է 1919 թվականին, նրա մահից հետո տպարանը փակվել է։

1920-ական թվականներին շենքն ազգայնացվել է։ Տարածքները դարձել են կոմունալ բնակարաններ։ Առաջին հարկում շարունակել են աշխատել խանութներ։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տուժել են շենքի գմբեթները, բայց շենքը կանգուն է մնացել։ Պատերազմից հետո տունը վերականգնվել է, սակայն արդեն առանց գմբեթների, իսկ ճակատը սպիտակեցրել են։ Ներկայումս շենքը բնակեցված է, առաջին հարկում գտնվում է «Էլ Մարշե» խանութը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Барановский Г. В. Юбилейный справочник института гражданский инженеров.— Спб., 1893.
  • Приазовский край. — 1900. — 1 июня.
  • Весь Ростов и Нахичевань н/Д. — Ростов-на-Дону, 1913.
  • Приазовский край. — 1899. — 11 июня. — С. 5
  • Вечернее время. — 1918. — Информация о размещении редакции по данному адресу публиковалась в каждом номере газеты.
  • Алтунджи П. Крупнейшие торгово—промышленные и технические фирмы г. Ростова—на—Дону. Вып. 1. — Ростов-на-Дону, 1910. — С. 106.
  • Вся область Войска донского на 1899 г. — Ростов н/Д, 1899. — С. 594.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]