Տեսողական կոնտակտ
Տեսողական կոնտակտ (անգլ.՝ Eye contact) տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկու մարդ կամ կենդանի նայում են մեկը մյուսի աչքերի մեջ միաժամանակ[1]։ Մարդկանց դեպքում տեսողական կոնտակտը ոչ վերբալ հաղորդակցության տեսակ է, որը մեծ ազդեցություն է ունենում սոցիալական վարքագծի վրա։ Տվյալ տերմինը, որն ի հայտ է եկել 1960-ականների կեսերին Արևմուտքում, խորհրդանշում է վստահություն և հարգանք[2]։ Տեսողական կոնտակտի սովորույթները, նշանակությունն ու կարևորությունը կարող են տարբերվել՝ կախված հասարակություններից, նեյրոտիպերից և կրոնից։
Տեսողական կոնտակտի ուսումնասիրությունը երբեմն անվանում են «օքյուլեսիքս» (անգլ.՝ oculesics)[3]։
Սոցիալական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսողական կոնտակտը և դիմախաղը տրամադրում են սոցիալական և հուզական կարևոր տեղեկություններ։ Մարդիկ անգիտակցաբար որսում են մեկը մյուսի աչքերն ու հայացքը տրամադրությունը ճիշտ հասկանալու համար։ Որոշ դեպքերում տեսողական կոնտակտն արթնացնում է հզոր հույզեր։ Զրույցների ժամանակ տեսողական կոնտակտն ապահովում է ամենաուժեղ հույզերը։ Սա հիմնականում պայմանավորված է նրանով, որ այն օգնում է հասկանալ հույզերն ու մտադրությունները։ Եթե խմբում անդամներից մեկը չի նկատում իրեն ուղղված տեսողական կոնտակտ, դա կարող է նրան ստիպել լքված զգալ, մինչդեռ երկարատև տեսողական կոնտակտը կարող է հուշել, թե անձը, որի հանդեպ կա առանձնակի հետաքրքրություն, ինչ է ուզում ասել[4]։
Տեսողական կոնտակտը կարևոր է նաև ֆլիրտի ժամանակ՝ որոշ իրավիճակներում զուգընկերոջ ուշադրությունը գրավելու և հետաքրքրվածությունը հասկանալու համար։ Փոխադարձ տեսողական կոնտակտը, որը խորհրդանշում է համակրանք, ծնվում է թռուցիկ հայացքից և վերածվում է շարունակական տեսողական կոնտակտի[5]։
Քաղաքացիական անուշադրության ժամանակ ամբոխի մեջ գտնվելիս՝ մարդիկ խուսափում են տեսողական կոնտակտից՝ իրենց անձնական սահմանները պաշտպանելու նպատակով։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնող-երեխա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թվականի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «երեք ամսական երեխաները համեմատաբար անտարբեր են այլ անձանց տեսողական սուբյեկտը լինելու նկատմամբ»[6]։ 1996 թվականին երեքից վեց ամսական երեխաների հետ Կանադայում անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մանուկները դադարում են ժպտալ, երբ դադարում է նրանց և մեծահասակների տեսողական կոնտակտը[7]։ Բրիտանական «Իմացական նեյրոգիտություն» (անգլ.՝ Cognitive Neuroscience) ամսագրի կատարած վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նորածինների՝ դեմքերի ճանաչմանը նպաստում է ուղիղ հայացքը[8]։ Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ մեծահասակների հայացքներն ազդում են մանուկների հայացքների վրա[9][10]։ Կյանքի առաջին տարվա ընթացքում նորածիններն արագորեն ընկալում են այն փաստը, որ այլ անձանց արտաքին տեսքը նշանակալի տեղեկատվություն է փոխանցում։ Մանուկները նախընտրում են նայել այն մարդկանց, որոնք փոխադարձ տեսողական կոնտակտ են պահպանում նրանց հետ, իսկ առողջ երեխաները վաղ տարիքից ցույց են տալիս ուղիղ հայացքի նյարդային զարգացում[11]։
Հաղորդակցության ուշադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որևէ անձի հայացքի ուղղությունը ցույց է տալիս, թե ինչի վրա է կենտրոնացած վերջինիս ուշադրությունը։
Արդյունավետ ուսուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեսողական կոնտակտը դրական ազդեցություն է թողնում տեղեկատվության ընկալման և պահպանման վրա, ինչպես նաև նպաստում է ավելի արդյունավետ ուսուցմանը[12][13][14]։
Մայրական զգայունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Գերմանիայում անցկացված հետազորությունների ժամանակ ուսումնասիրել են նորածինների կյանքի առաջին 12 ամիսները՝ փորձելով հետազոտել տեսողական կոնտակտի, մայրական զգայունության և նորածնի լացի միջև եղած կապը՝ հասկանալու համար՝ արդյոք տեսողական կոնտակտը և մայրական զգայունությունը կայուն են ամբողջ ժամանակի արդյունքում։ Այս ուսումնասիրությունների ընթացքում հետազոտողները դասակարգել են մայրական զգայունությունը՝ ըստ 4 վարքագծային կատեգորիաների․ զուսպ կամ եռանդուն վարքագիծ, նորածինների ազդանշանների աղավաղում, ավել և պակաս խթանող և ագրեսիվ վարքագիծ։ Այնուհետև, հետազոտողները 12 շաբաթ տեսանկարահանել են մոր և մանկան անցկացրած ազատ ժամանակը շաբաթական կտրվածքով։ Տեսանյութերը դիտելու ժամանակ նրանք փորձել են հասկանալ՝ արդյոք մոր և մանկան տեսողական կոնտակտը մասամբ համընկնում է ժամանակի տեսանկյունից։ Մայրիկներին խնդրել են նաև ձայնագրել իրենց մանուկների լացը։
Հետազոտությունները ցույց են տվել, որ 12 շաբաթվա ընթացքում գերմանացի մայրիկների և իրենց երեխաների տեսողական կոնտակտն աստիճանաբար շատացել է։ Այն մայրերը, որոնք դեռ վաղ շրջանից՝ 1-4 շաբաթների ընթացքում տեսողական կոնտակտ են պահպանել իրենց երեխաների հետ, նկարագրվել են որպես զգայուն, մինչդեռ հակառակ վարք դրսևորած մայրերը նկարագրվել են որպես անզգայուն՝ իրենց երեխաների նկատմամբ։ Հետազոտությունների արդյունքում նկատվել է նաև բացասական կապ տեսողական կոնտակտի և երեխաների լացի տևողության միջև․ տեսողական կոնտակտի աճի դեպքում լացի տևողությունը նվազում է։ Մայրական զգայունությունը եղել է կայուն ամբողջ ժամանակի ընթացքում։ Համաձայն ուսումնասիրությունների՝ այս եզրակացությունները հիմնված են այն ենթադրության վրա, որ ի տարբերություն անզգայուն մայրերի՝ զգայուն մայրերը ավելի հեշտորեն են նկատում իրենց երեխայի վարքագծային խնդիրները[15]։
Բարդություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ մարդիկ դժվարանում են տեսողական կոնտակտ պահպանել այլոց հետ։ Օրինակ՝ աուտիզմով և սոցիոֆոբիայով տառապողների համար տագնապալի է պահպանել տեսողական կոնտակտ[16]։
Շլությունը՝ մասնավորապես էկզոֆորիան, խանգարում է տեսողական կոնտակտի պահպանմանը․ ընդհանուր ֆիքսման կետից մեկ աչքի շեղում ունեցող մարդիկ, պայմանավորված մեկ աչքի չնչին շեղումով, տեսողական կոնտակտ պահպանում են միայն մեկ աչքով։
Տեսողական հակակրանք և մտավոր անալիզ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիրլինգի համալսարանի բրիտանացի հոգեբանները կատարել են ուսումնասիրություններ 5 տարեկան բրիտանացի 20 երեխաների մասնակցությամբ և եկել են այն համոզմունքին, որ այն երեխաները, որոնք, հարցերին պատասխանելիս խուսափում են տեսողական կոնտակտից, ի տարբերություն այն պահպանողներից՝ մեծ մասամբ ճիշտ են պատասխանում[17]։ Մինչդեռ մարդիկ ավելի շատ օգտակար տեղեկություն ստանում են դիմախաղին հետևելիս քան մարդուն լսելիս, դիմախաղին հետևելը մտավոր անալիզ է պահանջում։ Հետևաբար, մտավոր անալիզ պահանջող առարկայի շուրջ կենտրոնանալիս, անիմաստ է դիմախաղին հետևելը[18]։ Ըստ հոգեբանության դասախոս Դոհերթի-Սնեդդոնի՝ դատարկ հայացքը խոսում է ոչինչ չհասկանալու մասին[18]։
Մշակութային տարբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ մշակույթներում, օրինակ՝ Արևելյան Ասիայում և Նիգերիայում[19], գերիշխող դիրք ունեցող անձնավորության աչքերի մեջ նայելը հարգանքի նշան է, մինչդեռ Արևմտյան մշակույթում աչքերի մեջ չնայելը կարող է դիտվել որպես անհարգանք տվյալ մարդու հանդեպ, ինչպես նաև նմանատիպ վարքագիծը կարող է խոսել մարդու՝ կասկած հարուցող, անբացահայտ մտադրությունների և մտքերի մասին[20]։ Այնուամենայնիվ, Արևմտյան մշակույթում զրույցի մյուս մասնակցի կողմից շարունակական տեսողական կոնտակտը ենթագիտակցորեն կարող է թվալ ճնշող կամ շեղող։
Համաձայն իսլամական ավանդական աստվածաբանության՝ այլ մարդկանց նայելիս՝ խորհուրդ է տրվում իջեցնել հայացքը՝ մեղավոր ցանկություններից խուսափելու համար։ Չափից դուրս տևական տեսողական կոնտակտ պահպանելը կամ սևեռուն հայացքով նայելը ժամանակ առ ժամանակ դիտվում է որպես անքաղաքավարի, անհամապատասխան, նույնիսկ անհարգալից վարքագիծ՝ մասնավորապես երիտասարդների և մեծահասակների կամ երեխաների և իրենց ծնողների միջև, հետևաբար, տարիքով ավելի մեծերի հետ զրուցելիս, հայացքն իջեցնելը հարգանքի և մեծարանքի նշան է։ Այնուամենայնիվ, մշակութային և հասարակական տեսակետները շատ են տարբերվում իրական կյանքում։
Ճապոնացի երեխաներին դպրոցում սովորեցնում են ուսուցչին նայելիս սևեռել իրենց հայացքը ադամախնձորի կամ փողկապի հանգույցի վրա, իսկ չափահասներն իրենցից դիրքով բարձր մարդկանց հետ զրուցելիս՝ իջեցնում են իրենց հայացքը՝ որպես հարգանքի նշան[21]։
Խորհրդարանական ընթացակարգի որոշ ներկայացուցիչներ արգելել են զրուցելիս տեսողական կոնտակտ պահպանել[22]։
Կլինիկական նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգեբուժության և կլինիկական հոգեբանության շրջանակներում որպես հոգեկան կարգավիճակի ստուգման մաս՝ բժիշկը կարող է նկարագրել տեսողական կոնտակտի հաճախությունը և որակը՝ կլինիկական գնահատման նպատակով։ Օրինակ՝ բժիշկը կարող է նշումներ անել ուսումնասիրվող անձի՝ տեսողական կոնտակտ սկսելու, դրան արձագանքելու, այն պահպանելու կամ դրանից խուսափելու մասին։ Բժիշկը կարող է նաև նշել ՝ արդյոք տվյալ անձի տեսողական կոնտակտը շարունակական է թե դատարկ, և արդյոք ուսումնասիրվող անձը զայրացած է, ներքև է նայում թե հաճախակի նայում է այլ կողմ[23]։
Տեսողական կոնտակտը տարբեր տեսակների միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսողական կոնտակտ կարող է առաջանալ նաև կենդանիների կամ մարդկանց և կենդանիների միջև։
Շատ կենդանատեսակներ՝ ներառյալ շները, շատ հաճախ ընկալում են տեսողական կոնտակտը որպես սպառնալիք։ Շների կողմից հարձակումներից խուսափելու համար խորհուրդ են տալիս խուսափել անհայտ շների հետ տեսողական կոնտակտ պահպանելուց[24]։ Համաձայն «Նոր Զելանդիայի բժշկական ամսագրի»՝ հենց տեսողական կոնտակտի պատճառով են շատ երեխաներ դառնում շների հարձակման զոհ[25]։
Մյուս կողմից շան և իր տիրոջ տևական տեսողական կոնտակտը կարգավորում է օքսիտոցինի արտազատումը, ինչը կարևոր նեյրոմոդուլյատոր է մոր և մանկան միջև եղած կապի համար[26]։
Արշավականներին սովորաբար խորհուրդ է տրվում խուսափել տեսողական կոնտակտից՝ անսպասելիորեն արջի հանդիպելու դեպքում, քանի որ արջերը տեսողական կոնտակտն ընկալում են որպես սպառնալիք[27]։ Չնայած կան նաև հակառակը փաստող աղբյուրներ[28]։
Պրիմատների դեպքում տեսողական կոնտակտն ընկալվում է որպես ագրեսիվ վարքագիծ, և նույնիսկ կենդանաբանական այգում նրանց սևեռված հայացքով նայելը կարող է գրգռել նրանց։ Շիմպանզեներն օգտագործում են տեսողական կոնտակտը թշնամիների հետ առնչվելիս՝ ագրեսիվ վարքագիծ ցուցաբերելու նպատակով[24]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ շիմպանզեները մեծ մասամբ նայում են բերանին, մինչդեռ բոնոբոները նայում են աչքերի մեջ, ինչը քիչ տարածված երևույթ է պրիմատների շրջանում[29]։ 2007 թվականին Ռոտերդամի կենդանաբանական այգում տեղի ունեցածի պատճառ է համարվում տեսողական կոնտակտը։ Բոկիտո անունով գորիլան դուրս էր եկել իր տարածքից և վնասել էր մի կնոջ, որն այցելել էր նրան մի քանի անգամ և հավանաբար տևական տեսողական կոնտակտ էր պահպանել։ Ավելի ուշ, այցելուներին բաժանել էին հատուկ ակնոցներ, որը, Բոկիտոյին նայելիս, թաքցնում էր նրանց հայացքները[30]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Eye contact". Cambridge Advanced Learner's Dictionary & Thesaurus. Retrieved May 14, 2006.
- ↑ «the definition of eye contact». www.dictionary.com.
- ↑ Krueger (2008), p. 6
- ↑ «Scientific American Mind». Scientific American Mind. 27: 8 and 9. Jan–Feb 2016.
- ↑ Kearl, Mary (November 2008). «Psychology of Attraction». AOL Health. Արխիվացված է օրիգինալից 2009-06-06-ին.
- ↑ Samuels CA (August 1985). «Attention to eye contact opportunity and facial motion by three-month-old infants». J Exp Child Psychol. 40 (1): 105–14. doi:10.1016/0022-0965(85)90067-0. PMID 4031786.
- ↑ Hains SM, Muir DW (October 1996). «Infant sensitivity to adult eye direction». Child Dev. 67 (5): 1940–51. doi:10.2307/1131602. JSTOR 1131602. PMID 9022223.
- ↑ Farroni T, Johnson MH, Csibra G (October 2004). «Mechanisms of eye gaze perception during infancy». J Cogn Neurosci. 16 (8): 1320–6. CiteSeerX 10.1.1.463.7451. doi:10.1162/0898929042304787. PMID 15509381. S2CID 373155.
- ↑ Reid VM, Striano T (March 2005). «Adult gaze influences infant attention and object processing: implications for cognitive neuroscience». Eur. J. Neurosci. 21 (6): 1763–6. doi:10.1111/j.1460-9568.2005.03986.x. PMID 15845105. S2CID 20168537.
- ↑ Brooks R, Meltzoff AN (November 2002). «The importance of eyes: how infants interpret adult looking behavior». Dev Psychol. 38 (6): 958–66. doi:10.1037/0012-1649.38.6.958. PMC 1351351. PMID 12428707.
- ↑ Eye Contact Detection in Humans From Birth, PNAS VOL 99 N.14 2002.
- ↑ Fullwood C, Doherty-Sneddon G (March 2006). «Effect of gazing at the camera during a video link on recall» (PDF). Appl Ergon. 37 (2): 167–75. doi:10.1016/j.apergo.2005.05.003. PMID 16081035.
- ↑ Mayer K (October 2005). «Fundamentals of surgical research course: research presentations». J. Surg. Res. 128 (2): 174–7. doi:10.1016/j.jss.2005.07.001. PMID 16243041.
- ↑ Estrada CA, Patel SR, Talente G, Kraemer S (June 2005). «The 10-minute oral presentation: what should I focus on?». Am. J. Med. Sci. 329 (6): 306–9. doi:10.1097/00000441-200506000-00010. PMID 15958872. S2CID 37546075.
- ↑ Lohaus, A.; Keller, H.; Voelker, S. (2001). «Relationships between eye contact, maternal sensitivity, and infant crying». International Journal of Behavioral Development. 25 (6): 542–548. doi:10.1080/01650250042000528. S2CID 145747884.
- ↑ «Should We Insist on Eye Contact with People who have Autism Spectrum Disorders». www.iidc.indiana.edu.
- ↑ Phelps, F. G.; Doherty-Sneddon, G.; Warnock, H. (2006). «Helping children think: Gaze aversion and teaching» (PDF). British Journal of Developmental Psychology. 24 (3): 577. doi:10.1348/026151005X49872. hdl:1893/378. S2CID 144205042.
- ↑ 18,0 18,1 «Pupils 'must look away to think'». BBC. 11 January 2006. Վերցված է 30 March 2007-ին.
- ↑ Galanti, Geri-Ann (2004). Caring for patients from different cultures. University of Pennsylvania Press. էջ 34. ISBN 978-0-8122-1857-2.
- ↑ Kathane, Raj (19 June 2004). «Adapting to British culture». BMJ. 328 (7454): 273. doi:10.1136/bmj.328.7454.s273. S2CID 80586759.
- ↑ Robert T. Moran; Philip R. Harris; Sarah Virgilia Moran (2007). Managing cultural differences: global leadership strategies for the 21st century. Butterworth-Heinemann. էջեր 64–. ISBN 978-0-7506-8247-3. Վերցված է 17 December 2010-ին.
- ↑ «What Eye Contact — And Dogs — Can Teach Us About Civility In Politics». npr.org.
- ↑ Sommers-Flanagaan & Sommers Flanagan. (2009). Clinical Interviewing. Wiley.
- ↑ 24,0 24,1 Michel Odent, M.D. «Primal Health». Արխիվացված է օրիգինալից 12 December 2010-ին.
- ↑ Booker, Jarrod (11 August 2007). «'Eye contact' likely cause for dog attacks». The New Zealand Herald. Վերցված է 30 September 2011-ին.
- ↑ Miho Nagasawa; Shouhei Mitsui; Shiori En; Nobuyo Ohtani; Mitsuaki Ohta; Yasuo Sakuma; Tatsushi Onaka; Kazutaka Mogi; Takefumi Kikusui (17 April 2015). «Oxytocin-gaze positive loop and the coevolution of human-dog bonds». Science. 348 (6232): 333–336. Bibcode:2015Sci...348..333N. doi:10.1126/science.1261022. PMID 25883356. S2CID 5399803.
- ↑ «Bears – Glacier National Park». National Park Service. Վերցված է 2015-01-15-ին.
- ↑ «Bear FAQs». New Hampshire Fish and Game Department. Արխիվացված է օրիգինալից 2018-04-23-ին. Վերցված է 2017-01-18-ին.
- ↑ Ro, Christine. «Here's Why Eye Contact Is So Awkward for Some People». The Cut (անգլերեն). Վերցված է 2018-08-14-ին.
- ↑ «Print Your Own Gaze-Averting Glasses: To Aid Sketch Artists, Prevent Gorilla Attacks». 30 April 2010.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջուլիան Կրյուգեր (2008). Ոչ վերբալ հաղորդակցություն. GRIN Verlag. ISBN 978-3-638-93015-4.