Jump to content

Տեսողական ագնոզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսողական ագնոզիա
Ենթակատեգորիաագնոզիա Խմբագրել Wikidata

Տեսողական ագնոզիա (անգլ.՝ Visual agnosia), առարկաների ճանաչման գործընթացի խանգարում: Այն պայմանավորված չէ տեսողական գործընթացի (սրության, տեսադաշտի կամ սկանավորման), խոսքի, հիշողության կամ ինտելեկտի խանգարումներով[1]։ Ի տարբերություն կեղևային կուրության, որն առաջանում է առաջնային տեսողական կեղևի վնասվածքների հետևանքով, տեսողական ագնոզիան սովորաբար պայմանավորված է կեղևի առավել առաջային հատվածների՝ հետին ծոծրակային և/կամ քունքային բլթերի վնասմամբ։ Տարբերակում են տեսողական ագնոզիայի երկու հիմնական տեսակ՝ ապերցեպտիվ (անընկալունակություն) և ասոցիատիվ։

Տեսողական առարկաների ճանաչումն ընթանում է երկու մակարդակով։ Ապերցեպտիվ մակարդակում ցանցաթաղանթից ստացված տեսողական տեղեկատվության առանձին հատկանիշները համադրվում են՝ ձևավորելով առարկայի ընկալողական (պերցեպտիվ) պատկերը։ Ասոցիատիվ մակարդակում տեսողական պատկերը զուգորդվում է առարկայի իմաստային բովանդակության հետ, ինչի արդյունքում տեղի է ունենում առարկայի ճանաչումը[2]։ Եթե առարկաների ճանաչման անհնարինությունը պայմանավորված է դրանց ձևի ընկալման (պերցեպցիայի) խաթարմամբ՝ չնայած առարկաների մասին գիտելիքի պահպանվածությանը (այսինքն՝ անոմիայի բացակայությանը), ապա ախտորոշվում է ապերցեպտիվ ագնոզիա: Իսկ այն դեպքում, երբ անձը ճիշտ է ընկալում ձևերը և տիրապետում է առարկաների մասին գիտելիքին, սակայն չի կարողանում ճանաչել դրանք տեսողական եղանակով, առկա է ասոցիատիվ ագնոզիա[3]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև տեսողական ագնոզիայի դեպքերի մեծ մասն արձանագրվում է տարեցների մոտ՝ ուղեղի տարածուն վնասվածքների հետևանքով, հանդիպում են նաև դեպքեր, երբ զարգացման տարիներին ուղեղի նվազ վնասում ստացած երեխաների մոտ նույնպես առաջանում են այս ախտանիշները[4]։ Սովորաբար տեսողական ագնոզիան դրսևորվում է որպես առարկաների ճանաչման անհնարինություն՝ այլ բացատրությունների բացակայության պայմաններում (ինչպիսիք են լրիվ կամ մասնակի կուրությունը, անոմիան, հիշողության կորուստը և այլն)։ Տեսողական ագնոզիայի այլ տարածված դրսևորումները, որոնք սովորաբար ստուգվում են հետազոտության ընթացքում, ներառում են՝ նմանատիպ ձև ունեցող առարկաների տարբերակման դժվարությունը, առարկաների ուրվագծային (գծային) պատկերների ճանաչման բարդությունը, ինչպես նաև անսովոր դիտանկյունից ներկայացված օբյեկտների ճանաչումը (օրինակ՝ ձիու պատկերը վերևից)[4]։

Յուրաքանչյուր հիվանդի մոտ կարող են դրսևորվել տարբեր ախտանիշներ, իսկ կարողությունների խաթարումը միշտ չէ, որ կրում է բացարձակ բնույթ, այն կարող է ունենալ արտահայտվածության տարբեր աստիճաններ։ Օրինակ՝ հիվանդը, ով քսան տարեկանում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով ստացել էր ձախ էքստրաստրիար (արտակողային) կեղևի միակողմանի վնասվածք, տառապում է պրոզոպագնոզիայով և դրսևորում է բնածին պրոզոպագնոզիային բնորոշ վարքագիծ[5]։ Չնայած նա ի վիճակի է ճանաչել դիմագծերն ու հույզերը (ընդ որում՝ երբեմն օգտագործում է որևէ առանձնահատուկ դիմագիծ դեմքը նույնականացնելու համար), դեմքերի ճանաչումը բացառապես տեսողական խթանների միջոցով գրեթե անհնար է նրա համար՝ նույնիսկ երբ խոսքը վերաբերում է ընկերներին, ընտանիքի անդամներին կամ սեփական դեմքին։ Այս խանգարումն ազդում է նաև դեմքերի հիշողության վրա՝ խաթարելով թե՛ նոր դեմքերի մտապահումը, թե՛ նախկինում կուտակված հիշողությունների վերարտադրումը[5]։

Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել ախտանիշների էքստենսիվ բնույթը և դրանց տարածումը ճանաչողական այլ տիրույթների վրա: Հիվանդի մոտ դիտվում է օբյեկտների ճանաչման (առարկայական ագնոզիայի) մասնակի խաթարում, ուրվագծային պատկերների ճանաչման թեստերում նա թեև դժվարանում է տալ ճշգրիտ պատասխանը, սակայն նշում է նմանատիպ կառուցվածքային հատկանիշներ ունեցող առարկաներ: Սա վկայում է տեսողական դետալների ընկալման (ֆրագմենտար տեսողության) պահպանվածության մասին: Տեսարանների արտանկարման փորձերում (օրինակ՝ լողափի պատկերը) հիվանդը վերարտադրում է սխեմատիկ և պարզեցված տարբերակներ, որտեղ հիմնական կոմպոզիցիոն տարրերը պահպանված են: Ինչ վերաբերում է տեղանքների ճանաչմանը, ապա առկա է տոպոգրաֆիկ կողմնորոշման խանգարում, թեև նախկինում ծանոթ վայրերի վերաբերյալ հիշողությունը և նոր տարածական ինֆորմացիայի մտապահման կարողությունը մնում են ինտակտ[5]։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական ագնոզիան առաջանում է տեսողական ասոցիատիվ կեղևի կամ տեսողության վենտրալ ուղու հատվածների վնասման հետևանքով։ Վերջինս հայտնի է որպես տեսողության «ի՞նչ» ուղի, քանի որ այն առանցքային դեր է խաղում առարկաների ճանաչման գործընթացում[6]։ Սա տեղի է ունենում նույնիսկ այն դեպքում, երբ աչքերը կամ տեսողական տեղեկատվությունը դեպի ուղեղ փոխանցող տեսողական ուղին վնասված չէ։ Իրականում, տեսողական ագնոզիան ախտորոշվում է հենց այն դեպքում, երբ ախտանիշները հնարավոր չէ բացատրել նմանատիպ վնասվածքներով։ Վենտրալ ուղու որոշակի հատվածների ախտահարումը խաթարում է տեսողական տեղեկատվության կոնկրետ կատեգորիաներ ճանաչելու ունակությունը, ինչպես, օրինակ, պրոզոպագնոզիայի դեպքում[6]։ Տեսողական ագնոզիայով հիվանդների մոտ, որպես կանոն, տեսողության դորսալ ուղու (մեջքային ուղի) վնասում չի դիտվում։ Վերջինս հայտնի է որպես տեսողության «որտե՞ղ» ուղի, քանի որ այն պատասխանատու է տարածության մեջ առարկայի դիրքի որոշման համար։ Սա թույլ է տալիս տեսողական ագնոզիա ունեցող անձանց դրսևորել հարաբերականորեն նորմալ տեսողականորեն ուղղորդված վարքագիծ[7][8]։

Օրինակ՝ հիվանդն ուներ ուղեղի վենտրալ մակերեսի ախտահարումներ, ինչը նրա մոտ հանգեցրել է ապերցեպտիվ ագնոզիայի[9]։ Հետազոտության առանցքային փուլերից մեկում հիվանդին առաջադրվել է քարտը տեղադրել տարբեր անկյուններով պտտվող նեղ բնիկի մեջ: Քանի որ ապերցեպտիվ ագնոզիայի դեպքում օբյեկտի տարածական կողմնորոշման ընկալումը խաթարված է, ենթադրվում էր, որ հիվանդը չի կարողանա ճիշտ կատարել առաջադրանքը: Եվ իրոք, բնիկի ուղղությունը նկարագրելու կամ տեսողականորեն համադրելու փորձերը ձախողվեցին: Սակայն ուշագրավ է, որ երբ հիվանդից պահանջվեց քարտը գործնականում տեղադրել բնիկի մեջ, նրա շարժումների ճշգրտությունը գրեթե հավասարվեց ստուգիչ խմբի ցուցանիշներին: Այս ֆենոմենը փաստում է, որ վենտրալ ուղու դեֆիցիտի պայմաններում դորսալ հոսքն ի վիճակի է ինքնուրույն մշակել տարածական տեղեկատվությունը՝ ապահովելով շարժողական ճշգրիտ կոորդինացիան՝ անկախ օբյեկտի գիտակցված ճանաչումից[9]։

Ավելի հստակ՝ կողմնային ծոծրակային համալիրը ակտիվանում է ի պատասխան բազմազան օբյեկտների լայն շրջանակի, ինչն առանցքային դեր է խաղում դրանց տեսողական ճանաչման գործընթացում[6]։ Պրոզոպագնոզիան (դեմքերը ճանաչելու անկարողությունը) պայմանավորված է դեմքերի ֆուզիֆորմ (իլիկաձև) տիրույթի ախտահարմամբ։ Սա քունքային բլթի ֆուզիֆորմ գալարում գտնվող այն հատվածն է, որն անմիջականորեն կապված է դեմքերի նույնականացման գործընթացի հետ[6]։ Այնուամենայնիվ, հարկ է ընդգծել, որ նշված տիրույթը չի սահմանափակվում բացառապես դեմքերի ընկալմամբ, այն մասնակցում է նաև այնպիսի օբյեկտների նույնականացմանը, որոնց տարբերակման հարցում անհատն ունի փորձագիտական հմտություններ: Դրան զուգահեռ՝ փաստագրվել է էքստրաստրիար մարմնական կեղևի մասնագիտացված դերը՝ այս հատվածն ընտրողաբար ակտիվանում է մարդու մարմնի լուսանկարների, ուրվապատկերների կամ սխեմատիկ պատկերների դիտարկման ժամանակ[6]։ Պարզվել է, որ լիմբիական կեղևի պարահիպոկամպալ տեղանքի տիրույթը ակտիվանում է տեսարանների և շրջակա միջավայրի պատկերների դիտարկման ժամանակ[6] Ուղեղային աքրոմատոպսիան (տարբեր երանգները տարբերակելու անկարողությունը) առաջանում է տեսողական ասոցիատիվ կեղևի V8 հատվածի վնասվածքից[6]։ Ձախ կիսագունդը կարևոր դեր ունի առօրյա առարկաների իմաստային նշանակության ճանաչման գործընթացում[10]։

Ընդհանուր առմամբ, տեսողական ագնոզիան դասակարգվում է երկու հիմնական տեսակի՝ ապերցեպտիվ և ասոցիատիվ տեսողական ագնոզիա[11]

Ապերցեպտիվ ագնոզիան բնորոշվում է առարկաների ճանաչման անկարողությամբ՝ նույնիսկ այն դեպքում, երբ բազային տեսողական ֆունկցիաները (տեսողության սրություն, գունազգայություն, շարժման ընկալում) և կոգնիտիվ այլ գործընթացները (լեզվամտածողություն, ինտելեկտ) պահպանված են[9]։ Օբյեկտի ամբողջական պերցեպտի ձևավորման համար ուղեղը պետք է կարողանա սենսորային տեղեկատվությունից ճշգրիտ կերպով ինտեգրել այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են եզրագծերը, լույսի ինտենսիվությունն ու գույնը։ Եթե այս գործընթացում տեղի է ունենում խաթարում, առարկայի ամբողջական պատկերը չի ձևավորվում, ինչն էլ անհնար է դարձնում դրա ճանաչումը[12]։ Այնպիսի առաջադրանքները, որոնք պահանջում են պարզ պատկերների արտանկարում, համադրում կամ վերարտադրում, թույլ են տալիս հստակ տարբերակել ապերցեպտիվ ագնոզիայով անձանց, քանի որ նրանք ի վիճակի չեն կատարել նմանատիպ գործողություններ

Ասոցիատիվ ագնոզիան օբյեկտների նույնականացման անկարողությունն է՝ ընկալման (պերցեպցիայի) և դրանց վերաբերյալ գիտելիքի ակնհայտ պահպանվածության պայմաններում։ Այն ենթադրում է տեղեկատվության մշակման ավելի բարձր մակարդակ, քան ապերցեպտիվ ագնոզիան[9]։ Ասոցիատիվ ագնոզիայով անձինք կարողանում են արտանկարել կամ համադրել պարզ պատկերները, ինչը վկայում է առարկաների ճիշտ ընկալման մասին։ Նրանք նաև դրսևորում են առարկաների վերաբերյալ բավարար գիտելիքներ, երբ հետազոտվում են շոշափողական (տակտիլ) կամ վերբալ եղանակներով։ Սակայն, տեսողական հետազոտման ժամանակ նրանք չեն կարողանում անվանել կամ նկարագրել առօրյա առարկաները[12]։ Սա նշանակում է, որ առկա է խաթարում՝ օբյեկտի տեսողական պատկերը դրա վերաբերյալ կուտակված (հիշողության մեջ առկա) գիտելիքի հետ ասոցացնելու գործընթացում։

Թեև տեսողական ագնոզիան կարող է դրսևորվել որպես ընդհանուր ընկալողական խանգարում, գոյություն ունեն բազմաթիվ կլինիկական տարբերակներ, որոնք ընտրողաբար խաթարում են տեղեկատվության կոնկրետ տեսակների ճանաչումը։ Այս տեսակների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում պրոզոպագնոզիան, որը բնորոշվում է դեմքերը ճանաչելու անկարողությամբ, և մաքուր բառային կուրությունը՝ հայտնի նաև որպես «ագնոզիկ ալեքսիա», որի դեպքում հիվանդը կորցնում է գրավոր բառերը ճանաչելու ունակությունը։ Գունային ագնոզիաները ևս հանդիսանում են այս խանգարման յուրահատուկ դրսևորում՝ արտահայտվելով գույների տարբերակման անհնարինությամբ, մինչդեռ միջավայրի ագնոզիան կամ տոպոգրաֆագնոզիան հանգեցնում է տեղանքի կողմնորոշման ճանաչման ձախողմանը և շրջակա միջավայրի տարածական կառուցվածքի ընկալման բարդություններին։ Այս շարքն ամբողջացնում է սիմուլտանագնոզիան, որը խաթարում է տեսողական տեսարանում միաժամանակ մի քանի առարկաներ տարբերակելու կամ ամբողջական պատկերը սինթեզելու կարողությունը[13][14]։

Տեսողական ագնոզիայի կատեգորիաներ և ենթատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսողական ագնոզիան ընդհանուր առմամբ ստորաբաժանվում է երկու առանցքային խմբի՝

  • Ապերցեպտիվ տեսողական ագնոզիան բնորոշվում է օբյեկտների ճանաչման խաթարմամբ, որի հիմքում ընկալման բազային ձախողումն է։ Այս խանգարումն ունեցող անձինք ի վիճակի չեն ստացված տեսողական տեղեկատվությունից ձևավորել առարկայի ամբողջական պատկերը (պերցեպտը)։ Նրանց համար տեսողական աշխարհը մնում է հատվածային, ինչը թույլ չի տալիս առանձին գծերն ու ձևերը վերածել մեկ միասնական կառուցվածքի[15]։
  • Ասոցիատիվ տեսողական ագնոզիան բնորոշվում է օբյեկտների նույնականացման խաթարմամբ։ Այս դեպքում, ի տարբերություն ապերցեպտիվ ձևի, առարկայի ամբողջական պատկերը (պերցեպտը) ձևավորվում է ճշգրիտ, սակայն այն զուրկ է որևէ իմաստային նշանակությունից։ Ասոցիատիվ ագնոզիայով պացիենտների մոտ տեսողական կերպարը ստեղծվում է, բայց այն չի կապակցվում հիշողության մեջ առկա համապատասխան գիտելիքի հետ, ինչի հետևանքով առարկան մնում է անհասկանալի և անանուն[15]։
Ասոցիատիվ տեսողական ագնոզիայի հիմնական ենթատիպերը
[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ախրոմատոպսիան բնորոշվում է տարբեր գունային երանգները տարբերակելու անկարողությամբ: Այս վիճակում գունային ընկալումը բացակայում է ուղեղի կեղևի համապատասխան կենտրոնների վնասման պատճառով[9]
  • Պրոզոպագնոզիան արդկային դեմքերը ճանաչելու անկարողությունն է[16]։ Պրոզոպագնոզիայով անձինք գիտակցում են, որ տեսնում են դեմք, սակայն ի վիճակի չեն ճանաչել մարդկանց դեմքի միջոցով՝ նույնիսկ եթե դրանք իրենց ծանոթ անձինք կամ հարազատներն են[6]
  • Սիմուլտանագնոզիան տեսողական տեսարանում միաժամանակ մի քանի առարկաներ ճանաչելու անկարողությունն է: Սա ներառում է տարածական դասավորության մեջ գտնվող առանձին օբյեկտների ընկալման բարդությունը և տեղային ու ամբողջական պատկերների տարբերակման խնդիրը: Օրինակ՝ հիվանդը կարող է տեսնել առանձին ծառը, բայց չընկալել ամբողջական անտառը, կամ հակառակը[14]
  • Տոպոգրաֆագնոզիան շրջակա միջավայրի տարածական կառուցվածքը մշակելու անկարողությունն է: Այն ներառում է կողմնորոշիչների ագնոզիան (շենքերի և վայրերի ճանաչման դժվարություն), տվյալ վայրի կամ տեսարանի մտապատկերային քարտեզների ձևավորման խաթարումը և/կամ տարածության մեջ օբյեկտների փոխադարձ դիրքն ու կողմնորոշումն որոշելու անհնարինությունը[14]
  • Մաքուր ալեքսիան կարդալու ունակության կորուստն է, որի դեպքում տեսողականորեն ներկայացված բառերը մնում են անհասանելի՝ չնայած պահպանված խոսքին և գրելու հմտությանը[14]
  • Օրիենտացիոն ագնոզիան առարկաների տարածական կողմնորոշումը (դիրքը, թեքությունը) գնահատելու կամ որոշելու անկարողությունն է[17]
  • Պանտոմիմային ագնոզիան հասկանալու անկարողությունն է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեսողական կեղևի ստորին հատվածները վճռորոշ դեր ունեն ժեստերի և շարժումների իմաստային ճանաչման հարցում[18]։

C.K. հիվանդի կլինիկական պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

C.K.-ն ծնվել է 1961 թվականին Անգլիայում և 1980 թվականին տեղափոխվել Կանադա: 1988 թվականի հունվարին, վազքի ժամանակ տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով նա ստացել է գլխուղեղի ծանր վնասվածք: Վնասվածքից անմիջապես հետո նրա մոտ ի հայտ են եկել բազմաթիվ կոգնիտիվ խնդիրներ, տրամադրության տատանումներ, հիշողության վատթարացում և բարկության բռնկումներ:

Նյարդաբանական և կոգնիտիվ կարգավիճակը՝ ֆիզիկական մակարդակում C.K.-ն ուներ ձախակողմյան մոտորային թուլություն և ձախակողմյան հոմոնիմ հեմիանոպսիա (տեսադաշտի կեսի կորուստ): Այնուամենայնիվ, վերականգնողական գործընթացն անցել է բավականին հաջող, նա պահպանել է նորմալ ինտելեկտը և տեսողության սրությունը: C.K.-ն նույնիսկ կարողացել է ստանալ պատմության մագիստրոսի աստիճան և հետագայում աշխատել որպես մենեջեր խոշոր կորպորացիայում:

Տեսողական ագնոզիայի դրսևորումը Չնայած կոգնիտիվ այլ ոլորտներում գրանցված հաջողություններին, C.K.-ն ունեցել է մեկ առանցքային խնդիր՝ առարկաների տեսողական նույնականացման բարդություն: Նա տառապում էր ծանր տեսողական ագնոզիայով, սակայն այս դեպքը բացառիկ էր նրանով, որ նրա մոտ պահպանվել էր դեմքերը ճանաչելու ունակությունը[19]։

Ասոցիատիվ տեսողական ագնոզիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մագնիսառեզոնանսային շերտագրությունը (ՄՌՇ) ցույց է տվել բուժառուի ծոծրակային բլթի երկկողմանի բարակում, ինչը հանգեցրել է ասոցիատիվ տեսողական ագնոզիայի[19]։ Տեսողական ագնոզիա ունեցող պացիենտներն ի վիճակի չեն նույնականացնել տեսողականորեն ներկայացված առարկաները: Նրանք կարող են ճանաչել այդ առարկաները այլ զգայարանների միջոցով (օրինակ՝ շոշափելիքի), սակայն տեսողական զգայարանի դեպքում դա նրանց չի հաջողվում: Ասոցիատիվ ագնոզիայով հիվանդները չեն կարողանում իրենց ուղեղում ստեղծել տեսողական աշխարհի մանրամասն պատկերը. նրանք ընկալում են միայն ամբողջական առարկաների առանձին տարրերը[19]։ Նրանք նաև չեն կարողանում կապեր հաստատել առարկաների միջև կամ իմաստ վերագրել դրանց[20]։

Օբյեկտների ճանաչման սխալներ և պահպանված ունակություններ՝

Բուժառուն բազմաթիվ սխալներ է թույլ տալիս առարկաները նույնականացնելիս: Օրինակ՝ նա հաշվիչը անվանել է «խորովածի շամփուրներ», իսկ բադմինտոնի ռակետը՝ «սուսերամարտիկի դիմակ»: Նետասահքի նետը նա շփոթել է «փետուրե փոշեմաքրիչի», իսկ անկյունաչափը՝ «օդաչուի խցիկի» հետ: Չնայած տեսողական առարկաների ճանաչման այս խանգարմանը, բուժառուն պահպանել է բազմաթիվ ունակություններ, ինչպիսիք են նկարչությունը և ներքին պատկերացումը: Լինելով Անգլիայի բնակիչ՝ նրան հանձնարարվել է նկարել Անգլիայի քարտեզը՝ նշելով Լոնդոնը և իր ծննդավայրը: Անգլիայի քարտեզի նրա ճշգրիտ պատկերումը նրա գերազանց նկարչական ունակությունների օրինակներից միայն մեկն է[19]

Ինչպես նշվեց, բուժառուն կարողանում է նույնականացնել առարկաների մասերը, սակայն չի կարողանում ստեղծել ամբողջական պատկերը: Այնուամենայնիվ, առարկաների չափի, ձևի և գույնի վերաբերյալ նրա տեսողական պատկերացումները մնում են անփոփոխ: Օրինակ՝ երբ նրան ցույց են տալիս կենդանու նկար, նա կարող է ճիշտ պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «ականջները դեպի վե՞ր են, թե՞ վար» կամ «պոչը երկա՞ր է, թե՞ կարճ»: Նա կարող է ճիշտ նշել գույները, օրինակ՝ որ սեխի ներսի մասը նարնջագույն է[19]։ Ի վերջո, բուժառունն կարողանում է ստեղծել ներքին պատկերներ և ընկալել այդ մտապատկերները: Օրինակ՝ հետազոտողները հանձնարարել են նրան պատկերացնել մի սցենար, որտեղ «B» տառը պտտվում է 90 աստիճանով դեպի ձախ, դրանից ներքև տեղադրվում է եռանկյունի, իսկ մեջտեղի գիծը հեռացվում է: բուժառուն կարողանում է մտքում կատարել այս տրանսֆորմացիան և ճիշտ նույնականացնել ստացված պատկերը որպես սիրտ[21]։

Դեմքի և առարկաների ճանաչման կրկնակի դիսոցիացիայի ապացույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժառոներից մեկը կարևոր ապացույցներ է տրամադրել դեմքի և տեսողական առարկաների ճանաչման գործընթացների միջև առկա կրկնակի դիսոցիացիայի վերաբերյալ։

Սովորաբար, պրոզոպագնոզիայով կուրությամբ, տառապող բուժառուները ունենում են «իլիկաձև դեմքի» նման վնասվածք և ի վիճակի չեն լինում ճանաչել ուղիղ դիրքով դեմքերը։ Ի հակադրություն սրա, բուժառուն դեմքերի ճանաչման հարցում որևէ դժվարություն չի ունեցել և հայտնի մարդկանց ուղիղ դեմքերը նույնականացնելիս ցուցաբերել է նույնպիսի արդյունավետություն, ինչպես առողջ մարդիկ։

Սակայն, երբ բուժառուին ցույց են տալիս հայտնի մարդկանց շրջված դեմքերը, նրա արդյունքները զգալիորեն զիջել են վերահսկիչ խմբին։ Սա բացատրվում է նրանով, որ շրջված դեմքերի ընկալումը ներառում է առանձին մասնիկների վրա հիմնված ճանաչման ռազմավարությունը։ Բուժառուի ցուցաբերած արդյունքները համեմատվել են պրոզոպագնոզիայով պացիենտների հետ, ովքեր ունեցել են դեմքի ճանաչման խանգարում, սակայն լավ են նույնականացրել շրջված դեմքերը։

Սա առաջին ապացույցն է եղել դեմքերի և առարկաների ճանաչման միջև կրկնակի դիսոցիացիայի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մարդու ուղեղում գոյություն ունի դեմքերի մշակման համար նախատեսված հատուկ համակարգ[20]։

Հայտնի մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ագնոզիան, որպես յուրօրինակ նյարդաբանական վիճակ, բազմիցս անդրադարձ է գտել գրականության և կինոյի մեջ.
  • Օլիվեր Սաքսի «Մարդը, որը շփոթեց իր կնոջը գլխարկի հետ»  գրքի համանուն էսսեն այս վիճակի մասին ամենահայտնի զեկույցներից մեկն է:
  • «Պիկետային ցանկապատեր» սերիալի «Անծանոթները» դրվագում սպանության մեջ կասկածվողը, ըստ սյուժեի, տառապում էր ագնոզիայով:
  • «Հաուս»  հեռուստասերիալի «Անբարենպաստ իրադարձություններ» դրվագի բուժառուն նույնպես ուներ ագնոզիա:
  • «Քարոզիչ» գրաֆիկական վեպում Լորի անունով հերոսուհին ունի ագնոզիայի ծայրահեղ ձև, որը հետևանք էր մեկ աչքով ծնվելու: Օրինակ՝ դեմքի ծանր այլանդակություններ ունեցող Արսեֆեյսին նա ընկալում է որպես երիտասարդ Ջեյմս Դինի նմանակ:
  • «Առաջին հայացքից» ֆիլմում Վել Քիլմերի մարմնավորած կերպարն ունի տեսողական ագնոզիա:
  • «Գաղտնի նյութեր»  սերիալի հինգերորդ եթերաշրջանի «Folie à Deux» դրվագում Մոլդերը սկսում է հավատալ, որ իր պետը հրեշ է, որը թաքցնում է իր իրական կերպարը հիպնոսի միջոցով: Սկալին, թեև անհեթեթ է համարում այդ գաղափարը, նշում է, որ Մոլդերի նկարագրածը նման է արհեստականորեն առաջացված տեսողական ագնոզիայի:
  • Թեդ Չանի «Հավանել այն, ինչ տեսնում ես. Վավերագրական ֆիլմ» պատմվածքն ուսումնասիրում է այն մշակութային հետևանքները, որոնք կարող են առաջանալ մի բժշկական միջամտությունից, որը տեսողական ագնոզիա է առաջացնում ֆիզիկական գեղեցկության նկատմամբ:
  • «JoJolion» մանգայում Հոլլի Ջոսթար-Կիրայի ուղեղի առեղծվածային վնասվածքն արտահայտվում է տեսողական ագնոզիայի ծայրահեղ ձևով. նա բուժքրոջը շփոթում է կոշիկի հետ և փորձում հագնել, իսկ հետագայում ուտում է իր սեփական մատները՝ դրանք շփոթելով սննդի հետ:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Delvenne, Jean-François; Seron, Xavier; Coyette, Françoise; Rossion, Bruno (2004). «Evidence for perceptual deficits in associative visual (Prosop)agnosia: A single-case study». Neuropsychologia. 42 (5): 597–612. doi:10.1016/j.neuropsychologia.2003.10.008. PMID 14725798. S2CID 7681129.
  2. Riddoch, M. Jane; Humphreys, Glyn W. (1987). «A Case of Integrative Visual Agnosia». Brain. 110 (6): 1431–1462. doi:10.1093/brain/110.6.1431. PMID 3427396.
  3. Karnath, H.-O.; Ruter, J.; Mandler, A.; Himmelbach, M. (2009). «The anatomy of object recognition—Visual form agnosia caused by medial occipitotemporal stroke». The Journal of Neuroscience. 29 (18): 5854–5862. doi:10.1523/JNEUROSCI.5192-08.2009. PMC 6665227. PMID 19420252.
  4. 1 2 Funnell, Elaine; Wilding, John (2011). «Development of a vocabulary of object shapes in a child with a very-early-acquired visual agnosia: A unique case». Quarterly Journal of Experimental Psychology. 64 (2): 261–282. doi:10.1080/17470218.2010.498922. PMID 20680887.
  5. 1 2 3 Behrmann, Marlene; Kimchi, Ruth (2003). «What does visual agnosia tell us about perceptual organization and its relationship to object perception?». Journal of Experimental Psychology: Human Perception and Performance. 29 (1): 19–42. doi:10.1037/0096-1523.29.1.19. PMID 12669745. S2CID 6545400.
  6. 1 2 3 4 5 6 7 8 Carlson, Neil R. (2010). Physiology of behavior. Boston, Mass: Allyn & Bacon. ISBN 978-0-205-66627-0. OCLC 263605380.[Հղում աղբյուրներին]
  7. Goodale MA, Milner AD, Jakobson LS, Carey DP (1991). «A neurological dissociation between perceiving objects and grasping them». Nature. 349 (6305): 154–6. Bibcode:1991Natur.349..154G. doi:10.1038/349154a0. PMID 1986306. S2CID 4238254.
  8. Goodale MA, Milner AD (1992). «Separate visual pathways for perception and action». Trends Neurosci. 15 (1): 20–5. CiteSeerX 10.1.1.207.6873. doi:10.1016/0166-2236(92)90344-8. PMID 1374953. S2CID 793980.
  9. 1 2 3 4 5 Kolb, B. & Whishaw, I. Q. (2009). "Fundamentals of Human Neuropsychology 6th ed." New York, NY., Worth_Publishers. 978-0-7167-9586-5.[Հղում աղբյուրներին]
  10. McCarthy, R. A.; Warrington, E. K. (1986). «Visual associative agnosia: A clinico-anatomical study of a single case». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 49 (11): 1233–40. doi:10.1136/jnnp.49.11.1233. PMC 1029070. PMID 3794729.
  11. Behrmann, Marlene; Nishimura, Mayu (2010). «Agnosias». Wiley Interdisciplinary Reviews: Cognitive Science. 1 (2): 203–213. doi:10.1002/wcs.42. PMID 26271235.
  12. 1 2 Heilman, K. M. (2002). "Matter of Mind." New York, NY., Oxford University Press. 978-0-19-514490-1.[Հղում աղբյուրներին]
  13. Biran, I.; Coslett, H. B. (2003). «Visual agnosia». Current Neurology and Neuroscience Reports. 3 (6): 508–512. doi:10.1007/s11910-003-0055-4. PMID 14565906. S2CID 6005728.
  14. 1 2 3 4 Barton, Jason JS (2011). «Disorder of higher visual function». Current Opinion in Neurology. 24 (1): 1–5. doi:10.1097/wco.0b013e328341a5c2. PMID 21102334.
  15. 1 2 Ferreira, C. T.; Ceccaldi, M.; Giusiano, B.; Poncet, M. (1998). «Separate visual pathways for perception of actions and objects: Evidence from a case of apperceptive agnosia». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 65 (3): 382–385. doi:10.1136/jnnp.65.3.382. PMC 2170224. PMID 9728957.
  16. Wolfe, Jeremy (2012). "Sensation & Perception" 3rd ed. pp. 507 978-0-87893-876-6.[Հղում աղբյուրներին]
  17. Harris, Irina M.; Harris, Justin A.; Caine, Diana (2001). «Object Orientation Agnosia: A Failure to Find the Axis?». Journal of Cognitive Neuroscience. 13 (6): 800–812. doi:10.1162/08989290152541467. PMID 11564324. S2CID 13998306.
  18. Rothi, L. J.; Mack, L.; Heilman, K. M. (1986). «Pantomime agnosia». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 49 (4): 451–4. doi:10.1136/jnnp.49.4.451. PMC 1028777. PMID 3701356.
  19. 1 2 3 4 5 Behrmann, M.; Moscovitch, M.; Winocur, G. (1994). «Intact visual imagery and impaired visual perception in a patient with visual agnosia». Journal of Experimental Psychology. Human Perception and Performance. 20 (5): 1068–87. doi:10.1037/0096-1523.20.5.1068. PMID 7964528.
  20. 1 2 Moscovitch, M.; Winocur, G.; Behrmann, M. (1997). «What is Special about Face Recognition? Nineteen Experiments on a Person with Visual Object Agnosia and Dyslexia but Normal Face Recognition». Journal of Cognitive Neuroscience. 9 (5): 555–604. doi:10.1162/jocn.1997.9.5.555. PMID 23965118. S2CID 207550378.
  21. Finks, R. (1989). «Reinterpreting visual patterns in mental imagery». Cognitive Science. 13: 51–78. doi:10.1016/0364-0213(89)90011-6.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]