Տեսակային բազմազանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենսաբազմազանության յուրաքանչյուր մակարդակում՝ տեսակային, գենետիկական և էկոհամակարգային կենսաբազմազանություն, մասնագետները ուսումնասիրում են այն մեխանիզմները, որոնք փոփոխում կամ էլ պահպանում են բազմազանությունը։ Տեսակային բազմազանությունը ընդգրկում է Երկրի վրա ապրող բոլոր տեսակներին։ Գոյություն ունեն տեսակի 2 հիմնական սահմանումներ՝

1) տեսակը իրենից ներկայացնում է առանձնյակների մի որոշակի խումբ, որը այս կամ այն մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական հատկանիշներով տարբերվում է այլ խմբերից։ Սա մորֆոլոգիական սահմանումն է։ Այժմ 2 մորֆոլոգիապես իրար նման օրգանիզմներին (օրինակ՝ բակտերիաներին) տարբերելու համար գնալով ավելի հաճախ են սկսել օգտագործել ԴՆԹ-ի հաջորդականությունների տարբերությունը և այլ մոլեկուլային մարկերներ։

2) առանձնյակների այն խումբն է, որտեղ առանձնյակները ազատ խաչասերվում են իրար հետ, սակայն չեն խաչասերվում այլ խմբերի առանձնյակների հետ։ Սա տեսակի կենսաբանական սահմանումն է։

Մորֆոլոգիական սահմանումը հիմնականում օգտագործվում է դասակարգման ժամանակ, իսկ կենսաբանական սահմանումը հիմնականում օգտագործվում է էվոլյուցիոն կենսաբանության մեջ, քանի որ հիմնված է գենետիկական ավելի ճշմարիտ չափումների վրա, քան թե ոչ հաստատուն մորֆոլոգիական չափանիշների վրա։ Սակայն միայն կենսաբանական սահմանումով տեսակներին տարբերելը և նկարագրելը շատ դժվար է, քանի որ ոչ միշտ է հայտնի նրանց խաչասերման տվյալները, ուստի երբեմն տեսակներին նկարագրում են ըստ մորֆոլոգիայի, որը երբեմն սխալ է լինում։ Այս պատճառով տեսակներին անհետացումից փրկելու մարդկանց ջանքերի էֆեկտիվությունը նվազում է, բացի դրանից սա է նաև պատճառը, որ գիտնականները նկարագրել են Երկրի վրա ապրող տեսակների միայն 10-30%-ը և շատերը կարող են անհետանալ, մինչև նրանց կհասցնեն նկարագրել։