Տեղեկատվական դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կիբեռտարածքը բաղկացած է փոխազդեցություններից և փոխհարաբերություններից, մտածում և կառուցվում է ինքն իրեն, ինչպես կանգնած ալիքը, մեր հաղորդակցությունների միահյուսման մեջ: Մեր աշխարհը միաժամանակ ամենուր է և ոչ մի տեղ, բայց ոչ այնտեղ, որտեղ ապրում են մեր մարմինները:»
(Ջոն Բարլոուի Կիբեռտարածության անկախության մասին հռչակագիրը. Նկարում ցույց է տրված ինտերնետային տեղեկատվության հոսքը կապի համակարգերում)

Տեղեկատվական դարաշրջան (անգլ.՝ Information Age, հայտնի է նաև որպես համակարգչային դարաշրջան կամ տեղեկատվության ժամանակաշրջան (էլեկտրոնային դարաշրջան)), մարդկության պատմության ընթացիկ շրջան է, որը բնութագրվում է գիտատեխնիկական հեղափոխությամբ, ավանդական Արդյունաբերությունից դեպի թվայնացվածի անցմամբ, համակարգչային արդյունաբերության վրա հիմնված գլոբալ առաջխաղացմամբ, որը հիմնված է տեղեկատվության փոխանցման վրա։ Բացի այդ, դարաշրջանը բնութագրվում է անհատների համար տեղեկատվության ազատ փոխանցման և ստացման լայն հնարավորություններով, ինչպես նաև ձեռք բերված Գիտելիքներով և մարդկության կողմից նախանշված ծրագրերի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության անմիջական հասանելիությունով։

Տեղեկատվական դարաշրջանի սկիզբը ասոցիացվում է թվային հեղափոխության հետ այնպես, ինչպես Արդյունաբերական դարաշրջանի սկիզբը նշանավորվում է Արդյունաբերական հեղափոխությամբ։

Թվային դարաշրջանի կամ թվային հեղափոխության գաղափարը իր մեջ ներառում է ավանդականից թվային արդյունաբերության անցումը։ Թվային հեղափոխությունը տեղի է ունեցել արդյունաբերության թվայնացման միջոցով՝ հիմնված տեղեկատվության մանիպուլյացիայի վրա։

Եզրույթի իմաստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական դարաշրջանը հնարավոր դարձավ արագ գլոբալ հաղորդակցության և տեղեկատվական ցանցերի առկայության շնորհիվ, ինչը էապես փոխեց ժամանակակից հասարակության ձևը[1]։

Սոցիոլոգ Մանուել Քաստելսը տերմինը բացատրում է այսպես.

Տեղեկատվական դարաշրջանը հանդիսանում է մարդկային հասարակության պատմական ժամանակաշրջան։ Այն հիմնված է միկրոէլեկտրոնային տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և գենային ինժեներիայի վրա՝ հիմք ունենալով տեխնոլոգիական պարադիգմաները, որոնք փոխարինում կամ դրվում են արդյունաբերական դարաշրջանի տեխնոլոգիական պարադիգմաների վրա, որը հիմնականում հիմնված էր էներգիայի արտադրության և բաշխման վրա։

Առնչություն այլ տեսությունների և հասկացությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական դարաշրջանի հայեցակարգը սերտ կապ ունի սոցիոլոգներ Դանիել Բելի, Ալվին Թոֆլերի, Փիթեր Դրաքերի, Մանուել Կաստելսի և Մարշալ Մաքլյուենի տեսական աշխատությունների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը նպաստել է հետինդուստրիալ (կամ տեղեկատվական) հասարակության հայեցակարգի զարգացմանը, որը հանդիսանում է մարդկային հասարակության զարգացման հաջորդ քայլը։

Ծագման նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական դարաշրջանում տեխնոլոգիաների ոլորտի հեղափոխության հետևանքները են հանդիսանում առաջին համակարգիչների ստեղծումը՝ Z3-ը, Աթանասովի համակարգիչը՝ Բերին, MESM-ը, ENIAC-ը, տրանզիստորների գյուտը, կոմպակտացումը, գլոբալ ցանցերը և այլն։ Այս ձեռքբերումները հնարավորություն տվեցին ստեղծել բարդ տեխնիկական համակարգեր, որոնք հնարավորություն տվեցին վերամշակել հսկայական քանակությամբ տեղեկատվություն նախորդ տարիների համեմատ։

Զուգահեռաբար մշակվել է այդ համակարգերի արդյունավետ գործունեության և կառավարման գիտական հիմքը։ Աշխարհում գործընթացների մեխանիստական բացատրության բացակայությունը հանգեցրեց հետազոտության նոր մեթոդաբանության` համակարգված մոտեցման ի հայտ գալուն։ ΧΧ դարի կեսերին Նորբերտ Վիները ստեղծեց համակարգերի փոխկապակցման և կառավարման նոր գիտություն՝ կիբերնետիկան, իսկ Կլոդ Շենոնի կողմից մշակված Ինֆորմացիայի տեսությունը հնարավորություն տվեց տեղեկատվությանը մոտենալ որպես որոշակի քանակի, որը կարելի է չափել և փոխանցել երկար հեռավորությունների վրա՝ առանց որակի կորստի։

Այս ամենը հիմք դրեց տեղեկատվական հեղափոխությանը, որի հիմնական հետևանքը բարձրորակ, անհրաժեշտ տեղեկատվության անընդհատ աճող կարևորությունն էր։

Հիմնական հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական հասարակության զարգացմանը զուգընթաց կանխատեսվում է անցում դեպի ծառայողական տնտեսություն, որը հիմնված է ոչ թե ապրանքների արտադրության, այլ ծառայությունների մատուցման վրա։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակույթում դիտվում է զանգվածայնացման բնույթի միտում՝ առաջանում և զարգանում է զանգվածային մշակույթը։ Մի շարք ենթամշակույթներ ի հայտ են գալիս իրենց ուրույն բնութագրերով`լեզու (արգո), նախասիրություններ, արժեքներ։ Զարգանում է կիբեռսպորտը, որում պարբերաբար անցկացվում են համաշխարհային մրցումներ։ Սոցիալական ցանցերի և առցանց լրատվամիջոցների ժողովրդականությունը մեծանում է. Հսկայական տարածությունները վերածվում են ոչնչի, աշխարհը դառնում է «գլոբալ քաղաք»։ Սեփական ինքնության որոնումը խնդիր է դառնում, իսկ բռնությունը՝ ինքնարտահայտման հիմնական միջոցներից մեկը (Մ. Մաքլյուեն, «Մաքլյուենի արթնացումը»)։

Իր ելույթներից մեկում Մարշալ Մաքլյուենը նշում է նոր, էլեկտրոնային (այսինքն՝ տեղեկատվական) մարդու ծննդյան մասին. «Մենք խոսում ենք գրագետ մարդու մասին. գրագետ մարդը սպունգի պես կլանում է ամեն ինչ, ինչը նոր էլեկտրոնային մարդը չի ցանկանում անել։ Այսպիսով, գրագիտությունը գլորվում է բլուրից»[2]։ Մարդկանց շրջանում խնդրահարույց է տեղեկատվական նոր մշակույթի ձևավորման հարցը։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվության մշակման նորագույն գործիքների լայնորեն օգտագործումը (անհատական համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն) հնարավորություն տվեց արագորեն մշակել մեծ քանակությամբ տեղեկատվություն, որն աղբյուրից անմիջապես հասնում է սպառողին։ Հասարակության կազմակերպման գործում զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացումը կառավարման նոր ձևերի հնարավորություն է ընձեռնում` նետոկրատիա և մեդիակրատիա։

Տեղեկատվության դերի աճը որպես ռեսուրս հանգեցրեց այն բանին, որ աշխարհի առաջատար պետությունները պաշտոնապես ճանաչեցին պատերազմի նոր տեսակ` տեղեկատվական պատերազմ, որի նպատակը ոչ թե թշնամուն ֆիզիկապես ոչնչացնելն է, այլ տեղեկատվության օգտագործումը (տեղեկատվական գործողություններ, հոգեբանական գործողություններ)` նրա նկատմամբ մրցակցային առավելություն ստանալու և ամրապնդելու համար. այսինքն թշնամուն կախվածության մեջ դնել սեփական տեղեկատվական ինքնաբավության տեսանկյունից, պարտադրել նրան այնպիսի տեղեկատվական ռեսուրսների օգտագործում, որոնք առաջին հերթին կծառայեն իրենց (պետության կամ կորպորացիայի) սեփական շահերին։

Մարտահրավերներ և միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտահրավերներից մեկը անհրաժեշտ տեղեկատվության ընտրությունն է։ Սպամի և ապատեղեկատվության հեղեղումները (և ոչ միայն համացանցում, այլ նաև լրատվամիջոցներում) երբեմն իսկապես անհնար են դարձնում անհրաժեշտ, օգտակար տեղեկատվության ստացումը։ Իսկ համակարգչային տեխնոլոգիաների լայն կիրառումը մի շարք նոր մարտահրավերներ են առաջացնում առանձին կազմակերպությունների, անհատների և ամբողջ պետությունների տեղեկատվական անվտանգության համար (տես մրցակցային հետախուզություն, արդյունաբերական լրտեսում, կիբեռպատերազմ)։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղեկատվական դարաշրջանը տարբեր ձևերով ազդել է աշխատուժի վրա։ Նա ստեղծել է մի իրավիճակ, երբ քիչ ավտոմատացված աշխատանքները ավելի են ավտոմատացվում և աշխատուժը պետք է հարմարեցվի դրան[3]։ Աշխատողները նույնպես ստիպված են մրցակցել աշխատանքի համաշխարհային շուկայում։ Վերջապես, աշխատողներին փոխարինում են համակարգիչները, որոնք կարող են ավելի արագ և արդյունավետ կատարել իրենց գործերը։ Սա խնդիրներ է ստեղծում այն աշխատողների համար, ովքեր ապրում են արդյունաբերական հասարակություններում։

Միջին խավի աշխատատեղերը (հավաքման գծերի աշխատողների, տվյալների մշակողների, վերակացուների և վերահսկողների աշխատատեղեր) սկսում են անհետանալ՝ կամ աութսորսինգի կամ ավտոմատացման շնորհիվ։ Գործը կորցրած մարդիկ կամ պետք է վերև շարժվեն՝ միանալով «խելացի բանվորների» խմբին (ինժեներներ, բժիշկներ, իրավաբաններ, ուսուցիչներ, գիտնականներ, պրոֆեսորներ, մենեջերներ, լրագրողներ, խորհրդատուներ), կամ համաձայնեն ցածր վարձատրվող աշխատանքի։ Խելացի աշխատողները կարող են հաջող մրցակցել համաշխարհային շուկայում և (համեմատաբար) բարձր աշխատավարձ ստանալ։ Ընդհակառակը, արդյունաբերական երկրներում արտադրական և սպասարկման ոլորտի աշխատողները չեն կարող մրցակցել զարգացող երկրներում աշխատող աշխատողների հետ, և հետևաբար կամ կորցնում են իրենց աշխատանքը աութսորսինգի պատճառով կամ ստիպված համաձայնվում են աշխատավարձի կրճատմանը[4]։ Բացի այդ, զարգացող երկրներում աշխատողներին համացանցը հնարավորություն է տալիս անձամբ ծառայություններ մատուցել և ուղղակիորեն մրցել այլ երկրների իրենց գործընկերների հետ։

Ավտոմատացումը և համակարգչայնացումը արտադրողականության բարձրացմանը զուգընթաց հանգեցրել են արտադրությունում աշխատատեղերի կրճատմանը։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում 1972 թվականի հունվարից մինչ 2010 թվականի օգոստոսը աշխատավայրում զբաղվածների թիվը 17,5 միլիոնից ընկավ 11,5 միլիոն, մինչդեռ աշխատանքի արտադրողականությունն աճեց 270 տոկոսով[4]։ Չնայած ի սկզբանե թվում էր, որ արդյունաբերության ոլորտում աշխատատեղերի կորուստը կարող է մասամբ փոխհատուցվել ՏՏ ոլորտում աշխատատեղերի արագ աճով, սակայն 2001 թվականի մարտին սկսվեց ՏՏ ոլորտում աշխատատեղերի թվի կտրուկ անկում։ Այս ոլորտում աշխատատեղերի կրճատումը շարունակվեց մինչև 2003 թվականը։

Արդյունաբերությունը ավելի հագեցած է դառնում տեղեկատվական տեխնոլոգիաներով, ավելի քիչ աշխատատար և կապիտալատարողունակ։ Այս միտումը կարևոր հետևանքներ է ունենում աշխատուժի համար. աշխատողներն ավելի արդյունավետ են դառնում, երբ նրանց աշխատանքի գինը նվազում է։ Այնուամենայնիվ, կան նաև կարևոր հետևանքներ կապիտալիզմի համար. ոչ միայն աշխատուժի ինքնարժեքն է նվազում, այլ նաև կապիտալի ինքնարժեքը։ Դասական մոդելում մարդկային և ֆինանսական կապիտալի ներդրումները նոր ձեռնարկության արդյունավետության կարևոր նախադրյալներն են[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kluver, Randy. «Globalization, Informatization, and Intercultural Communication». Oklahoma City University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 18-ին.
  2. «Пробуждение Маклуэна». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 14-ին.
  3. Porter, Michael How Information Gives You Competitive Advantage(անգլ.) // Harvard Business Review : magazine.
  4. 4,0 4,1 McGowan, Robert The work of nations: Preparing ourselves for the 21st century capitalism, by Robert Reich. New York: Knopf Publishing, 1991(անգլ.) // Human Resource Management : journal. — 1991. — Т. 30. — № 4. — С. 535—538. — ISSN 1099-050X. — doi:10.1002/hrm.3930300407
  5. Cooper, Arnold C.; Gimeno-Gascon, F. Javier; Woo, Carolyn Y. Initial human and financial capital as predictors of new venture performance(անգլ.) : journal. — 1994. — Т. 9. — № 5. — С. 371—395. — doi:10.1016/0883-9026(94)90013-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]