Տեխնիկական կիբեռնետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեխնիկական կիբեռնետիկա, կիբեռնետիկայի մեթոդ, որն ուսումնասիրում է տեխնիկական օբյեկտների օպտիմալ կառավարման ընդհանուր հարցերը։ Տեխնիկական կիբեռնետիկան չի զբաղվում կոնկրետ սարքերի նախագծման և ստեղծման հարցերով, այլ ընդհանրացնում, տեսականորեն հիմնավորում և ձևակերպում է տեխնիկական օբյեկտների կառավարման ընդհանուր խնդիրները։ Մինչև Տեխնիկական կիբեռնետիկայի հիմնական դրույթների մշակումը և Տեխնիկական կիբեռնետիկայի, որպես ինքնուրույն գիտության, ձևավորումը, կառավարման կոնկրետ համակարգերի ստեղծման և դրանց ապարատային իրագործման հարցերով զբաղվում էին ավտոմատ կառավարման և ավտոմատ կարգավորման դիսցիպլինները։ Տեխնիկական կիբեռնետիկայի տեսական հիմքը մաթեմատիկական կիբեռնետիկան է։ Կառավարվող օբյեկտը (ԿՕ) որևէ պրոցես կամ պրոցեսների խումբ է, որի օպտիմալ ընթացքի համար անհրաժեշտ է փոփոխել կամ պահպանել անհրաժեշտ պարամետրերը (ջերմաստիճան, ճնշում, նյութամատակարարում, արագություն և այլն), այսինքն՝ պետք է կառավարել այն։ Կառավարումն իրականացվում է կառավարման ալգորիթմով, այն իրականացնում է կառավարող սարքը (ԿՍ), որը կարող է լինել հաշվողական մեքենա, ինֆորմացիոն մեքենա կամ որևէ ավտոմատ հարմարանք։ Օբյեկտի հետ կապող սարքը (ՕԿՍ) բաղկացած է գործադիր սարքերից (ԳՍ) և փոխակերպման սարքերից (ՓՍ)։ Գործադիր սարքը կատարում է ուղիղ կապի դեր․ կառավարող սարքի տված հրահանգները դարձնում է ազդանշաններ և ըստ դրանց, համապատասխան օրգանների միջոցով, ազդում օբյեկտի վրա՝ փոփոխելով կամ անփոփոխ պահելով պարամետրերը։ Փոխակերպման սարքը կատարում է հետադարձ կապի դեր․ հետևում է այդ պարամետրերի փոփոխման ընթացքին, չափման արդյունքները փոխակերպում համապատասխան ինֆորմացիայի և փոխանցում կառավարող սարքին։ Վերջինը, կառավարվելով նախնական ծրագրով և հետադարձ կապով ստացված ինֆորմացիայով, շարունակում է օբյեկտի կառավարումը։ Մուտքը ծառայում է ծրագիրը ներմուծելու կամ տվյալ կիբեռնետիկական համակարգն այլ համակարգի հետ կապելու, մարդու միջամտությունն իրականացնելու համար։ Տեխնիկական կիբեռնետիկայի հիմնական խնդիրը կառավարման արդյունավետ ալգորիթմի մշակումն է (ապահովում է արդյունավետ կառավարում բոլոր օղակներում) և վերջնական արդյունքին հասնելու համար օպտիմալ պայմանների (պարամետրերի օպտիմալ մեծությունների և նրան օպտիմալ զուգորդությունների) ստեղծումը։ Կառավարվող բոլոր համակարգերը բաժանվում են 2 հիմնական դասերի, ծրագրային կառավարման և ինքնահարմարվող համակարգեր։ Ծրագրային կառավարման համակարգերի դեպքում կառավարումն իրականացվում է ըստ նախօրոք տրված ծրագրի, ենթադրվում է, որ կառավարման ալգորիթմը լրիվ և ամբողջականորեն նկարագրում է պրոցեսը։ Կառավարման ողջ ինֆորմացիան նախապես հայտնի է, իսկ հնարավոր փոփոխությունը կարելի է կանխատեսել և ներառնել կառավարման ծրագրի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 637