Տարրական մասնիկների և միջուկային ֆիզիկան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջուկային ֆիզիկայի հետազոտությունները Հայաստանում սկսվել են 1950-ական թվականների 2-րդ կեսին։ 1958 թ.-ին ՀԽՍՀ ԳԱ Ֆիզիկայի ինստ-ում Համլետ Վարդապետյանի գլխավորությամբ ստեղծվել է միջուկային սպեկտրադիտման լաբորատորիա, որտեղ յուրացվել է սցինտիլյացիոն սպեկտրադիտման մեթոդը, և Ալեքսանդր Խուդավերդյանի մասնակցությամբ չափվել են դեֆորմացված միջուկների գրգռված վիճակների բնութագրերը։ Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Ռոբերտ Ավագյանը հետազոտել է միջուկների բետա-տրոհման էլեկտրոնների բևեռացումը փոքր էներգիաների տիրույթում և ցույց տվել, որ այն կախված է միջուկների կառուցվածքային առանձնահատկություններից։ Մեզոատոմային անցումներին վերաբերող մի շարք տեսական աշխատանքներ է կատարել Վաղարշակ Ջրբաշյանը։ Նա դիտարկել է մյու-մեզոնների ապաբևեռացումը մեզոատոմային անցումների դեպքում և ցույց տվել, որ այն պայմանավորված է սպինուղեծրային փոխազդեցությամբ։ Հետազոտվել են կողմնորոշված միջուկների ճառագայթած բետա-էլեկտրոնների անհամաչափությունը, նաև կամայական սպինով մասնիկների էլեկտրամագնիս, ու միջուկային դաշտերի ազդեցությամբ միջուկների գրգռման կտրվածքը։ Երևանի սինքրոտրոնի գործարկումից հետո աշխատանքներ են ծավալվել այդ արագացուցչի փնջի օգտագործմամբ։ 1969 թ.-ին Ռ. Ավագյանը և աշխատակիցները Երևանի սինքրոտրոնում տեղադրված ադամանդի բյուրեղում 4,7 ԳԷՎ էներգիայով էլեկտրոնների կոհերենտ արգելակման ճառագայթման միջոցով ստացել են բևեռացված ֆոտոնների փնջեր։ Նուկլոններից և միջուկներից մեզոնների լուսածնումը հետագոտելու նպատակով մշակվել են մագնիս, և գամմա-սպեկտրաչափներ, որոնք հնարավորություն են տվել որոշելու նուկլոնների հետ անկայուն հօմեզոնի փոխազդեցության բնութագրերը, միջուկներում պրոտոնների և նեյտրոնների բաշխման պարամետրերը։ Աշխատանքների այս շարքի համար Համլետ Վարդապետյանը, Ալեքսանդր Խուդավերդյանը և ուրիշներ 1980 թ.-ին արժանացել են ՀԽՍՀ Պետական մրցանակի։ ԵՖԻ-ում մշակվել է բարձր էներգիաների մեներանգ և բևեռացած ֆոտոններ ստանալու մեթոդ։ 1978-1979 թթ.-ին Համլետ Վարդապետյանը, Ալեքսանդր Աղանյանցը և մի խումբ աշխատակիցներ փորձնականորեն հաստատել են միաբյուրեղում ռելյատիվիստ, էլեկտրոնների խուղակավորման (կանալավորում) ժամանակ ռենտգենյան ճառագայթման առաջացման փաստը։ ԵՖՀ-ում կատարված միջուկներից պրոտոնների ներառվող (ինկլյուզիվ) լուսառաջացման հետազոտությունները ցույց են տվել, որ պիմեզոնների, պրոտոնների և ռելյատիվիստ, միջուկների փնջերի օգնությամբ խորհրդային ֆիզիկոսների հայտնաբերած «կումուլյատիվ էֆեկտը» տեղի ունի նաև ֆոտոնների համար (Կիմ Եղիյան և ուրիշներ)։ Հետազոտություններ են կատարվել նաև արագացուցչի էլեկտրոնների ներքին փնջով։ Մեծ նվաճում էր կայծային խցիկի կատարելագործումը, որի ստեղծմանը մասնակցել են ԽՍՀՄ բազմաթիվ լաբորատորաներ համատեղ ջանքերով ստեղծվել են հետքային կայծային խցիկներ, որոնց համար մի խումբ խորհրդային ֆիզիկոսների, նրանց թվում՝ Ա. Ալիխանյանին և Թ. Ասաթիանիին, շնորհվել է Լենինյան մրցանակ։ ԵֆՀ-ում պատրաստված պլաստիկ սցինտիլյատորները Լայպցիգի տոնավաճառում արժանացել են Ոսկե մեծ մեդալի։ ԵՖՀ-ում ստեղծվել է նաև խոշոր հաշվող, չափիչ կենտրոն, կատարվել են փորձի ավտոմատացումն ապահովելու և ֆիզիկական տեղեկատվության ավտոմատացված մշակման հնարավորություններ ստեղծելու աշխատանքներ (Արամ Նանասյան և ուրիշներ)։ 1998 թ.-ին և 2005 թ.-ին Երևանի սինքրոտրոնը վերաթողարկվել է չափվել է դեյտրոնի լուսաճեղքման շարժընթացի անհամաչափությունը, որը կապված է քվարկային հաշվի կանոնների կիրառելիության հարցի ուսումնասիրության հետ, նաև մշակվել և իրագործվել է [[ֆոտոն]]ների բևեռացման չափման նոր մեթոդ (Հ. Վար- դապետյան, Ալբերտ Սիրունյան)։ Վերջին տարիներին արագորեն զարգանում է ԵՖՀ-ի ֆիզիկոսների համագործակցությունը միջազգային խոշորագույն կենտրոնների հետ իրականացված գիտափորձերում հետազոտվել են ծանր իոնների բախումներում վեկտոր, մեզոնների և մյոտնային զույգերի ծնման շարժընթացները, և ստացվել են վկայություններ նյութի նոր վիճակի՝ քվարկ-գլյոտնային պլազմայի գոյության վերաբերյալ, ուսումնասիրվել են հադրոն-պրոտոնային, հադրոն-միջուկային և նեյտրինո-միջուկային փոխազդեցություններում մասնիկների ծնման շարժընթացների մեխանիզմները։ ԵՖՀ-ի գիտնականները (Ա. Սիրունյան, Արա Գրիգորյան և ուրիշներ) մասնակցել են Միջուկային հետազոտությունների եվրոպական խորհրդում (CERN) գործարկված պրոտոն-անտիպրոտոնային խոշորագույն արագացուցչի (LHC), 3 խոշոր սարքավորումների (ATLAS, ALICE, CMS) ստեղծմանը և որոշակի հանգույցների ուսումնասիրություններին։ Նրանք մասնակցում են գերբարձր (14 ՏԷՎ) էներգիաների ֆիզիկայի հետազոտություններին, որոնք հնարավորություն կտան ստուգելու ստանդարտ մոդելի հետ կապված մի շարք ենթադրություններ՝ Հիգսի մասնիկների գոյությունը, ստանդարտ մոդելից այն կողմ գտնվող ֆիզիկական երևույթների ուսումնասիրությունը և այլն։ ԵՖՀ-ի մի խումբ գիտնականներ հաջողությամբ մասնակցել են ԱՄՆ-ի Ջեֆերսոնի անվան լաբորատորիայի (JLab) արագացուցչի А, В և C փորձարար, սրահներում էլեկտրոնային և ֆոտոնային փնջերով կատարվող գիտափորձերին Կ. Եղիյանը և աշխատակիցները մի շարք կարևոր արդյունքներ են ստացել, այդ թվում՝ միջուկներում 2 և 3 նուկլոնային կորելյացիաների վերաբերյալ։ Ուսումնասիրվել են քվարկ-հադրոնային երկակիությունը և ցածր էներգիաներում կտրվածքի ֆակտորացումը (Համլետ Մկրտչյան և ուրիշներ), կատարվել է 3Не թիրախից լուսածնումով առաջացած դեռևս անհայտ և էկզոտիկ քվանտային վիճակների որոնման գիտափորձը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png