Տարտուի ռուս-էստոնական պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարտուի ռուս-էստոնական պայմանագիր
Tartu rahu

Տարտուի համաձայնագրի ստորագրումը կողմերի միջև
Պայմանագրի տիպ հաշտության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
փետրվարի 2, 1920
Տարտու, Էստոնիա
Կողմեր ՌԽՖՍՀ
Էստոնիա Էստոնական հանրապետություն
Լեզու ռուսերեն, էստոներեն

Տարտուի հաշտության պայմանագիր կամ պարզապես Տարտուի պայմանագիր (էստ․՝ Tartu rahu), նորաստեղծ Էստոնական հանրապետության և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև 1920 թվականի փետրվարի 2-ին կնքված խաղաղության պայմանագիր, որն անուղղակիորեն ազդարարել է Էստոնիայի անկախության պատերազմի ավարտը։ Պայմանագրի առանձին կետով նշվում էր, որ «Ռուսաստանն անվերապահորեն ճանաչում է Էստոնիայի անկախությունը և հրաժարվում Էստոնիայի նկատմամբ իր բոլոր իրավունքներից»։

Տարտուի պայմանագրով փաստացիորեն Էստոնիան Ռուսաստանի կողմից ստանում էր «դե յուրե» ճանաչում։ 1920 թվականի մարտի 30-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հրավիրվում են նոր բանակցություններ, որի ժամանակ որոշ պայմանագրային դրույթներ վերանայվում են։ 1922 թվականի հուլիսի 12-ին Տարտուի համաձայնագիրը ներառվել է Ազգերի լիգայի պայմանագրերի ցանկում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստոնիան 1710 թվականից ի վեր ունեցել է կայսերական Ռուսաստանի առանձին վարչատարածքային միավորի կարգավիճակ, իսկ նախկինում՝ ներառվել մի շարք պետությունների և պետական միավորումների կազմի մեջ[2]։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումից հետո Ռուսաստանում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխություններ, մասնավորապես՝ հեղափոխության հաղթանակից հետո իշխանության գլուխ են անցնում բոլշևիկները։ Ռուսաստանը որդեգրում է նոր քաղաքական գաղափարախոսություն, իսկ ռուսական բանակի մասնակցությունը պատերազմական գործողություններին հակոտնյա էր այդ արժեհամակարգերին։ Ռազմաքաղաքական նման խառնակ պայմաններում Ռուսաստանում սկսվում են ներքին երկպառակտչություններ, որոք վերաճում են քաղաքացիական պատերազմի։

Մասնավորապես՝ մեծ ծավալների էր հասնում սեպարատիզմը (անջատողականությունը), որը ընդգծուն կերպով արտահայտված էր բալթյան ժողովուրդների շրջանում։ Այսպիսով, դուրս գալով պատերազմական գործողություններից՝ ռուսական կառավարությունը ստիպված է լինում հաշտություն կնքել պատերազմող մյուս կողմերի հետ։ 1918 թվականի մարտի 3-ին կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որը խայտառակ պայմաններ էր թելադրում ռուսական կողմին և անորոշություն մտցնում Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի պատկանելիության հարցում[3]։ Սակայն, էստոնացիները ապավինում են սեփական ուժերին և հաղթանակում՝ անկախության համար մղվող ազգային-ազատագրական պայքարում։ Անկախության վերականգնումից հետո Դորպատ քաղաքի անվանումը վերադարձվում է իր նախկին ձևին և կոչվում Տարտու։

Պայմանագրային դրույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Տարտուում կնքված ռուս-էստոնական հաշտության պայմանագրի՝

  • սահմանվում էր Էստոնիայի հանրապետության և Խորհրդային Ռուսաստանի միջպետական սահմանը։
  • նախատեսվում էր անցնցում կերպով կազմակերպել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Էստոնիայի տարածքից տարհանված շարժական գույքը։
  • ռուսական կողմը համաձայնվում էր զրոյացնել Էստոնիայի արտաքին պարտքերը և վերջինիս վճարել 15 միլիոն ռուբլուն համարժեք ռեպարացիա։
  • նախատեսվում էր ռուս-էստոնական սահմաից դեպի Մոսկվա տանող երկաթուղային գծի կառուցում։
  • Էստոնիան թույլատրում էր ռուսներին ռազմածովային նավատորմ տեղակայել Տալլինի նավահանգստում[4]։

Պայմանագրի նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարտուի խաղաղության պայմանագիրն ինքնին համարվում է «Էստոնիայի հանրապետության ծննդյան վկայականը», քանի որ հենց այս իրավական փաստաթղթով էլ ինքնահռչակ երկիրը առաջին անգամ դե յուրե ճանաչում էր ստանում մեկ այլ պետության կողմից[5]։ Պայմանագիրը կարևոր նշանակություն է ունենում նաև դիվանագիտորեն մեկուսացած Ռուսաստանի համար։ Մասնավորապես՝ Վլադիմիր Լենինի խոսքերով այս պայմանագրով նշանավորվում է «ռուսների անզգուգական հաղթանակը՝ արևմտյան իմպերիալիզմի նկատմամբ»։

Հաջորդիվ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ, Խորհրդային Ռուսաստանը ամբողջական կերպով չի ստանձնում իր պայմանագրային պարտավորությունները և խախտում է բազմաթիվ կետեր ու անցումային դրույթներ։ Մասնավորապես՝ ռուսները հրաժարվում են Դորպատի համալսարանի թանգարանագիտական հավաքածուները Վորոնեժից վերադարձնել հայրենի քաղաք[6]։

Ավելի ուշ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նախապատվություն տալով Նացիստական Գերմանիայի կայսերապաշտական նկրտումներին՝ բոլշևիկյան կառավարությունն առաջնորդվում է Մոլոտով-Ռիբենտրոպի պակտով և ներխուժում Մերձբալթիկա։ Հարկ է նշել, որ նույնիսկ ռուս-էստոնական մերօրյա սահմանը չի համապատասխանում Տարտուի պայմանագրին, քանզի նախկինում Էստոնիայի մաս կազմած և էստոնացիներով բնակեցված մի շարք տարածքներ շարունակում են մնալ ռուսական վերահսկողության ներքո[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. League of Nations Treaty Series, vol. 11, pp. 30–71.
  2. Remembering the Tartu Peace Treaty Արխիվացված 2014-07-14 Wayback Machine.
  3. «Introduction to Tartu». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  4. Georg von Rauch, The Baltic States: The Years of Independence 1917–1940, Hurst & Co, 1974, p. 73
  5. Frucht, Richard (2005). Eastern Europe. ABC-CLIO. էջ 76. ISBN 1-57607-800-0.
  6. «Art museum presented art collection held ar Voronezh, Russia – University of Tartu». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 7-ին.
  7. «Россия отозвала подписи под договорами о границе с Эстонией». Российская газета.