Տարատերևություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարատերևություն

Տարատերևություն, հետերոֆիլլիա (հունարեն՝ έτερος - այլ, տարբեր և φύλλον — տերև), տարաձև տերևների առկայությունը նույն բույսի կամ նույն բույսի տարբեր ընձյուղների վրա։ Հատուկ է և՝ ջրային, և՝ ցամաքային բույսերին։ Ջրային բույսերի (նետախոտ, ջրակարոս, ջրային գորտնուկ և այլն) տարատերևությունը հարմարվողական նշանակություն ունի։ Ստորջրյա տերևները ժապավենաձև են կամ ուժեղ կտրտված, որի շնորհիվ մեծանում է ջրից ածխածնի երկօքսիդ կլանելու ունակությունը, իսկ ջրի վրա լողացող և օդային տերևները ամբողջական են կամ թույլ կտրտված։ Ցամաքային բույսերի տարատերևությունը կարող է տարիքային փոփոխությունների հետևանք լինել (օրինակ՝ բաղեղի երիտասարդ և ծեր ընձյուղները տարբեր են)։ Որոշ բույսերի (թթենի, թզենի, թղթաթթենի և այլն) վերին հարկաշարերի տերևների կտրտվածությունն ապահովում է ստորին տերևների լուսավորվածությունը։ Տարատերևությունը կարող է պայմանավորվել տարբեր տերևների ֆունկցիաների տարբերությամբ։ Այսպես, օրինակ, արևադարձային էպիֆիտ պլատիցերիում պտերի առաջին տերևները գավաթաձև են, որոնց մեջ վերևից ընկնող տերևները, ընձյուղները փտում են և հողի շերտ առաջացնում, որտեղ տեղավորվում են բույսի օդային արմատները, իսկ հաջորդ տերևները երկար են և ֆոտոսինթեզ են կատարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 613