Տարասեռ համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տարասեռ համակարգեր, հետերոգեն համակարգեր, անհամասեռ ֆիզիկաքիմիական համակարգեր, որոնք կազմված են տարբեր ֆիզիկական հատկություններ կամ քիմական բաղադրություն ունեցող մասերից (ֆազերից)։ Տարասեռ համակարգերի մի ֆազը կից ֆազից սահմանազատվում է բաժանման ֆիզիկական մակերևույթով, որի վրա տեղի է ունենում համակարգի մեկ կամ մի քանի հատկությունների (բաղադրություն, խտություն, էլեկտրական կամ մագնիսական դաշտ, բյուրեղական ցանցի պարամետրեր ևն) կտրուկ փոփոխություն։ Ֆազերի հատկությունների տարբերությունները թույլ են տալիս, գոնե սկզբունքորեն, տարասեռ համակարգերիի մասերի մեխանիկական բաժանումը։ Տարասեռ համակարգերն են են իրենց վրա սեփական գոլորշիներ ունեցող հեղուկները (միևնույն նյութը գտնվում է տարբեր ագրեգատային վիճակներում), միևնույն նյութի բյուրեղական տարբեր ձևափոխությունների խառնուրդները (օրինակ, ռոմբային և մոնոկլինային ծծումբ), իրար խառնած միմյանց մեջ չլուծվող կամ սահմանափակ լուծվող հեղուկները (ֆազերը տարբերվում են բաղադրություններով) և այլն։ Տարասեռ համակարգերը և համասեռ (հոմոգեն) համակարգերը հաճախ միմյանցից կտրուկ սահմանազատել հնարավոր չէ, օրինակ, կոլոիդ լուծույթները միջանկյալ տեղ են գրավում մեխանիկական խառնուրդների (կախույթներ) և իրական (մոլեկուլային) լուծույթների միջև։ «Տարասեռ համակարգեր» հասկացությունը լայնորեն կիրառվում է ֆիզիկայում, քիմիայում և հատկապես քիմիական թերմոդինամիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 612 CC-BY-SA-icon-80x15.png