Տավուշ (գյուղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տավուշ (այլ կիրառումներ)
Գյուղ
Տավուշ
Տուհք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ՇրջանԲերդի տարածաշրջան
ԳյուղապետԹ. Արզումանյան
Առաջին հիշատակում«Հայոց պատմություն» Մ. Խորենացի
Այլ անվանումներԹովուզ, Թոուզ
ԲԾՄ1000 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1674 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունտավուշեցի
Ժամային գոտիUTC+4
Տավուշ (գյուղ) (Հայաստան)##
Տավուշ (գյուղ) (Հայաստան)

Տավուշ (Թովուզ, Թավուզ, Թովուզքենդ, Թոուզ, Թոուզքենդ, Թոուս, Տովուզ[1]), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում, Տավուշ գետի ձախափնյակում, Կենաց լեռան լանջին, Երևանից՝ 197 կմ, մարզկենտրոնից՝ 64 կմ, Բերդ քաղաքից՝ 5 կմ հյուսիս, ՀՀ պետական սահմանից՝ 7 կմ հեռավորության վրա։

Անվան պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի անունը առաջին անգամ հիշատակվել է Մ. Խորենացու «Հայոց Պատմություն» աշխատության «Վարդգես Մանուկ» զրույցի մեջ՝ Տուհք, Տուհաց գավառ կերպով։ Ըստ պատմաբան Արտաշես Շահնազարյանի անվան հենց այս կերպն են հին ժամանակներում օգտագործել, որպես մեր հայրենիքի անվանում, որն էլ հետագայում փոփոխությունների միջոցով դարձել է Տավուշ և այդպես է անվանվել մինչև ՀԽՍՀ-ի ժամանակաշրջանը։

Մինչ 2006 թվականը գյուղն անվանվել է Թովուզ, հարևան երկրի՝Ադրբեջանի Թովուզ կայարանի անունով։ Իսկ 2006-ից սկսած անվանվել է հին անվամբ՝ Տավուշ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշ գյուղը գտնվում է բլրի վրա գտնվող հնադարյան բերդ-ամրոցի մոտ։ Այն լավ պաշտպանված է եղել, ունեցել է մինչև 3 կմ ինքնահոս խմելու ջրատար, որը հնարավորություն է ընձեռել շրջակա բնակավայրերի բնակիչներին երկար ժամանակով պաշտպանվել թշնամիների պաշարումներից։ 13-րդ դարում գյուղը ասպատակվել է սուլթան Ջալալեդդինի և մոնղոլների հրոսակների կողմից, իսկ 14-րդ դարում Լենկ-Թեմուրի արշավանքների ժամանակ վերջնականապես ավերվել և հողին է հավասարվել։ Գյուղի վերածնունդը սկսվել է 18-րդ դարից, որտեղ սկսել են բնակվել Արցախից, Լոռու և Գեղարքունիքի մարզերից[2], Արևմտյան Հայաստանի Կարսի, Էրզրումի, Արդահանի մարզերից եկած հայեր։ Տավուշեցիների մի մասը բնակություն է հաստատել գյուղից վերև և հիմնել Չինչին գյուղը[1]։

1788 թվականին Ղարաբաղի Ջրաբերդի մելիքության Մելիք-Մեջլումի հպատակներից շուրջ 1000 ընտանիք բնակեցվում է Շամշադինում, որի մի մասն էլ Թովուզ գյուղում։ Նրանց միանում են օտար լծից փախած սակավաթիվ ընտանիքներ։ Այլ բնակավայրերից ու շրջաններից իրենց բարեկամներին միանալու համար Թովուզ գալուց ու սակավաթիվ ընտանիքների հետ միավորվելուց հետո վերակազմավորվում է գյուղի բնակչությունը, որն այլևս բռնությունների չի ենթարկվում, որովհետև 1801 թվականին ռուսական Ալեքսանդր I ցարի՝ սեպտեմբերի 12-ի մանիֆեստով Արևելյան Վրաստանը, Ղազախ-Շամշադինը պաշտոնապես միավորվում են Ռուսաստանին։

Թովուզ գյուղը վերակենդանանում է և բռնում զարգացման ուղին։ Դանդաղ աճում է բնակչության թիվը, ավելանում են ժողովրդի նյութական միջոցները[1]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը +30 °C է, ձմռանը՝ -2 °C։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1000 մ բարձրության վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Տավուշի մշտական բնակչությունը կազմել է 1454, առկա բնակչությունը՝ 1385 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները տարբեր ժամանակներում եկել են Ղարաբաղից, Լոռիից և Կրասնոսելսկի շրջանից[4]։

Տավուշ գյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011 2012
Բնակիչ 315 1289 1782 1953 1656 1707 1469 1573 1656 1454[3] 1674

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, ժամանակին՝ ծխախոտագործությամբ և դաշտավարությամբ։

Համայնքն ունի միջնակարգ դպրոց, որը վերաբացվել է 1888 թվականին, գրադարան, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ, կենցաղսպասարկման արհեստանոցներ։

Գյուղի աղբյուրը կառուցվել է 1877 թվականին։ 2008 թվականի տվյալներով խմելու ջուրը գյուղ է բերվում ջրմուղով՝ 80-10 կմ հեռավորությունից[1]։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում կան սրբավայրեր (Սուրբ Գևորգ), գյուղատեղիներ, խաչարձաններ, գերեզմաններ։ Տավուշի մոտակայքում է գտնվում նաև միջին դարերում հայտնի Տավուշ բերդը, որն այժմ ավերված է և Կածարաթ ամրոցը։ Պահպանվել են 1637 և 1640 թվականներին այստեղ գրված մի քանի հայերեն ձեռագրեր[1]։ Գյուղում է գտնվում նաև Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը վերակառուցվել է 19-րդ դարում։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշ գյուղում են ծնվել գիտության և կուսակցական գործիչներ՝ գիտությունների դոկտորներ Ալեքսանդր և Նորայր Խաչատրյանները, Գալուստ Պողոսյանը, Լևոն Հարությունյանը, Հրայր Դարբինյանը, Կոնստանտին Դանիելյանը, Սուրեն Դարբինյանը, Լորիկ Գյուրջինյանը, Փառքի շքանշանի ասպետ Սևան (Վլադիմիր) Դալլաքյանը, պետական գործիչներ Խաչիկ Հովակիմյանը, Վարուժան Սաղումյանը, Թամարա Պողոսյանը, գրող Մաթևոս Դարբինյանը, արձակագիր Արտավազդ Հովակիմյանը, պրոֆեսոր Հրանտ Հովակիմյանը, արքեպիսկոպոս Գարեգին Մուրադյանը (Մելիքսեդեկ) (1836-1903), եպիսկոպոս Արտակ Սմբատյանը, Հայկ Չոբանյանը, թարգմանիչներ Հարություն Հարությունյանը, Հարություն Սաղումյանը և ուրիշներ։

Տավուշի արմատներ ունեն բժշկության գիտությունների դոկտորներ Ռաֆայել Հարությունյանը, Սամվել Սուքիասյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հարությունյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Հարությունյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր Սարիբեկ Խաչատրյանը, պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտաշ Ալոյանը, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Գարանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Գևորգ Տեր-Դավթյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սոս Մայիլյանը, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը և ուրիշներ։

Տավուշ ունի ընդհանուր առմամբ 17 գիտությունների դոկտոր և 32 գիտությունների թեկնածու։ Թովուզում է ծնվել Բաքվի 26 կոմիսարներից Արմենակ Բորյանի, պետական գործիչ Բագրատ Բորյանի, բանաստեղծ Խորեն Բորյանի մայրը՝ Սոֆի Սաղումյանը՝ Եգոր Սաղումյանի (Ղրդունց) քույրը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Լավրենտի Միրզոյան, Հավերժության ղողանջներ, Երևան, «Բավիղ», 2008, էջ 5-6 — 140 էջ։
  2. «Տավուշի մարզպետարան, Տավուշ (գյուղ)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 22-ին.
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 474 — 992 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 196» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.