Տաս կույսերի առակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասը կույսերը Բազելի (Շվեյցարիա) մայր տաճարի շքամուտքին

Տաս կույսերի առակը (Մատթ. 25:1-13) Հիսուսի ամենահայտնի առակներից է։ Այն քրիստոնյաներին ուղղված հորդոր է՝ պատրաստ լինելու Քրիստոսի վերադարձին, նրա երկրորդ գալստյանը, իրադարձություն, որին սպասում է ողջ Եկեղեցին։ Տասը կույսերի առակը Հայ Առաքելական Եկեղեցին հիշատակում է Ավագ երեքշաբթի։

Առակը[խմբագրել]

Աւետարան ըստ Մատթէոսի 25:1-13

«Այն ատեն երկինքի թագաւորութիւնը պիտի նմանի տասը կոյսերու, որոնք՝ առնելով իրենց լապտերները՝ գացին դիմաւորելու փեսան։ Ասոնցմէ հինգը իմաստուն էին, իսկ հինգը՝ յիմար։ Յիմարները առին իրենց լապտերները, բայց ձէթ չառին իրենց հետ. սակայն իմաստունները՝ ամաններով ձէթ ալ առին իրենց լապտերներուն հետ։ Երբ փեսան ուշացաւ, բոլորն ալ թմրեցան ու քնացան։ Կէս գիշերին գոչիւն մը եղաւ. “Ահա՛ փեսան կու գայ. գացէ՛ք դիմաւորելու զինք”: Այն ատեն բոլոր կոյսերը ոտքի ելան եւ յարդարեցին իրենց լապտերները։ Յիմարները ըսին իմաստուններուն. “Տուէ՛ք մեզի ձեր ձէթէն, որովհետեւ մեր լապտերները կը մարին”: Իմաստունները պատասխանեցին. “Ո՛չ. գուցէ չբաւէ մեզի ու ձեզի. այլ մանաւանդ գացէ՛ք ծախողներուն եւ գնեցէ՛ք ձեզի համար”: Երբ անոնք գացին գնելու՝ փեսան եկաւ. պատրաստ եղողները հարսանիքի մտան անոր հետ, ու դուռը գոցուեցաւ։ Յետոյ միւս կոյսերը եկան եւ ըսին. “Տէ՛ր, Տէ՛ր, բա՛ց մեզի”: Բայց ան պատասխանեց. “Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. "Ես չեմ ճանչնար ձեզ"”: Ուրեմն արթո՛ւն կեցէք, որովհետեւ գիտէք ո՛չ օրը, ո՛չ ժամը»: [1]

Մեկնաբանություն[խմբագրել]

Տասը կույսերը քրիստոնյաներն են, ովքեր սպասում են Փեսայի՝ Քրիստոսի վերադարձին։ Նրանք բաժանված են երկու խմբի՝ իմաստուն և հիմար։ «Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։ Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին»: Յուղը Աստվածաշնչում Սուրբ Հոգու խորհրդանիշն է։ Իմաստուն քրիստոնյաները կառուցում են իրենց հարաբերությունը Տիրոջ հետ, կարդում և խորհրդածում են Աստծո Խոսքը։ Նրանք ամբողջությամբ լցված են Սուրբ Հոգով և հոգևոր գիշերվա մեջ փայլում են Հոգու կրակով։ Նրանք միշտ պատրաստ են և անհամբեր սպասում են Փեսայի վերադարձին։ Անգամ դժվարին ժամանակներում, միշտ արթուն են Հոգու կրակով, քանզի բավական «պահեստային ձեթ» ունեն իրենց հոգիներում։ Այլ է հիմար քրիստոնյաների վիճակը։ Նրանք ճանաչում են Տիրոջը, սակայն բնավ հոգ չեն անում և չեն պատրաստվում «սպասման գիշերվան»։ Նրանք կզրկվեն հարսանեկան խրախճանքի վայելքներից։

Տասնմեկերորդը[խմբագրել]

Առակում կա ևս մի անձնավորություն՝ տասնմեկերորդը, ով հանդես է գալիս, թեև հպանցիկ, սակայն հիմնական դերակատարությամբ։ Նա է, ով գոչում է. «Ահա փեսան գալիս է, նրան դիմավորելու ելեք»։ Ի դեպ, առակը պատմում է, որ իմաստուն կույսերը, ինչպես նաև հիմարները, բոլորն էլ տկարացան և քնի մեջ ընկան։ Առանց այդ տասնմեկերորդ անձնավորության, կույսերից և ոչ մեկը ընդառաջ չէր գնա փեսային։ Հիրավի, անգամ իմաստունները, հակառակ իրենց «պահեստային ձեթին», պատրաստ չէին հանդիպմանը, քանզի քնած էին։ Անձնավորությունը, ում մասին քիչ է խոսվում, կարևոր դերակատարությունն ունի առակի մեջ։ Նա հարկավ և՛ բավարար պահեստի ձեթ ուներ՝ ողջ գիշեր հսկելու համար, և՛ եռանդ՝ մինչ հարմար պահը սպասելու համար։[2]

Ավագ երեքշաբթի[խմբագրել]

Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ։ Նրանցից հինգը ձեռքներին պահած ունենալով վառվող մոմեր, խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուսը հինգը` հանգած մոմերով խորհրդանշում են հիմար կույսերին։[3]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 25»։ http://arm.scripturetext.com/matthew/25.htm։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 3։ 
  2. «Տասնմեկերորդը»։ http://vardapet.blogspot.com/2012/04/blog-post_7016.html։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 3։ 
  3. «Ավագ երեքշաբթի. Օրվա խորհուրդը»։ http://www.blognews.am/arm/news/4789/avag-ereqshabti-orva-khorhurdy.html։ Վերցված է 2012 թ․ ապրիլի 3։