Jump to content

Տասոս Լիվադիտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տասոս Լիվադիտիս
հուն․՝ Τάσος Λειβαδίτης
Ծննդյան անունհուն․՝ Αναστάσιος-Παντελεήμων Λειβαδίτης
Ծնվել էապրիլի 20, 1922(1922-04-20)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1988(1988-10-30) (66 տարեկան)
Վախճանի վայրԱթենք, Հունաստան
ԳերեզմանԱթենքի առաջին գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուհունարեն
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունԱթենքի համալսարան
ԱնդամակցությունԷԱՄ և Հույն գրողների միություն

Տասոս Լիվադիտիս (հուն․՝ Αναστάσιος-Παντελεήμων "Τάσος" Λειβαδίτης, ապրիլի 20, 1922(1922-04-20), Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 30, 1988(1988-10-30), Աթենք, Հունաստան), հույն գրող[1]։ Կրթությամբ իրավաբան։ Տպագրվել է 1945 թվականից՝ «Էլեֆտերա Գրամատա» («Ազատ գրականություն») հանդեսում։

1948-1952 թվականներին եղել է միապետական ֆաշիստական Հունաստանի համակենտրոնացման ճամբարներում։ Հունաստանի ազգային և քաղաքացիական ողբերգություններն են պատկերված նրա «Սրտիս նշան մի բռնիր» բանաստեղծությունում։ Հույն գրականության մեջ Լիվադիտիսն առաջինն է, որ օգտագործել է սիմվոլիկ այլաբանական կերպարներ («Քամին աշխարհի խաչմերուկներում», 1953 թվականին առաջին մրցանակ)։ Հիշատակելի են նրա «Առաջին սիմֆոնիան» (1957 թվական), «Ձիու աչքերով կանայք» (1958 թվական), «Ոդիսևսի քսանհինգերորդ ռապսոդիան» (1963 թվական) գրքերը և «Ճոճանակ» պատմվածքների ժողովածուն։ 1960 թվականին լույս է տեսել Լիվադիտիսի «Կանտատ երեք միլիարդ ձայնի համար» (հայերեն հրատարակություն, 1971 թվական) պոեմը, որը հետպատերազմյան հունական գրականության նշանակալից գործերից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվադիտիսը ծնվել է 1922 թվականի ապրիլի 15-ին՝ զատկին նախորդած շաբաթ օրը[2], Աթենքում, առևտրականի ընտանիքում։ Նա և ավագ երեք եղբայրներն ու քույրը երջանիկ մանկություն են ունեցել[3][4]։ 1940 թվականին Անաստասիոսն ընդունվել է Աթենքի համալսարանի իրավաբանական դպրոցը, սակայն 1941-ին, երբ հայրենի Հունաստանն ընկել է գերմանացիների տիրապետության տակ, թողել է ուսումն ու միացել Դիմադրության շարժմանը՝ Ազգային-ազատագրական ճակատի երիտասարդական կազմակերպության՝ EPON-ի շարքերում[5]։ 1943 թվականին հայրը մահացել է[3]։ Հունաստանի ազատագրումից հետո Անաստասիոսը շարունակել է քաղաքական պայքարը՝ ընդգրկվելով ձախերի շարքերում, իր ձախ հայացքների պատճառով 1944 թվականին կալանավորվել է, բանտ նետվել, 1945-ի փետրվարին ազատ արձակվել։ 1948-ին դարձյալ կալանավորվել է, աքսորվել նախ՝ Լեմնոս կղզու Մուդրոս բնակավայրը[3], այնուհետև՝ Մակրոնիսոս կղզի։ Քանիցս փորձել են համոզել, որ հրաժարվի ձախ հայացքներից, և խոստացել են, որ այդ դեպքում ազատ կարձակվի, բայց նա մերժել է։ Նրան տեղափոխել են Ագիոս Էֆստրատիոս կղզու բանտը, այնուհետև՝ Հաջիկոստաս բանտը։ 1951 թվականին, երբ մայրը մահացել է, Լիվադիտիսն ստորագրել է պահանջված թղթերն ու ազատ արձակվել։

1954 թվականից Լիվադիտիսն աշխատանքի է անցել ձախերի գլխավոր լրագրի՝ Avgi-ի խմբագրությունում՝ որպես գրաքննադատ (աշխատել է մինչև 1967 թվականը)։ Բանտարկության ու աքսորի տարիներին նա բազմաթիվ բանաստեղծություններ էր գրել, այդ թվում՝ «Քամիներ՝ աշխարհի խաչմերուկներում» չափածո երկը, որի առաջին իսկ հրատարակությունը պատճառ դարձավ, որ իշխանությունները հեղինակին մեղադրեն անհնազանդության, ապստամբության կոչ անելու մեջ և կալանավորեն։ Սակայն վերաքննիչ դատարանը անմեղ ճանաչեց նրան, և նա հենց այդ նույն տարում՝ 1955 թվականին ազատ արձակվեց։ Օրեր անց էլ այդ բանաստեղծությունը Վարշավայում անցկացված երիտասարդության համաշխարհային փառատոնում արժանացավ պոեզիայի համար սահմանված առաջին կարգի մրցանակի[3]։

1967 թվականի ապրիլի 21ռազմական հեղաշրջումից հետո Լիվադիտիսը տևական ժամանակ գործազուրկ է դարձել։ Ձախ հայացքներ ունեցող այլ հեղինակների պես 1969 թվականից սկսել է զանազան կեղծանուններով հանդես գալ ժողովրդականություն վայելող ամսագրերում, որոնց խմբագիրներն ու հրատարակիչները համարձակվում էին ռիսկի դիմել[6]։ Նրա պոեզիան տևական ժամանակ գրեթե անհայտ է մնացել հայրենի երկրի սահմաններից դուրս, մինչև որ 1983 թվականին անգլերեն թարգմանությամբ լույս է տեսել նրա բանաստեղծական երկերի ժողովածուն՝ The Blind Man with the LampԼապտերով կույրը») խորագրով[7]։

Լիվադիտիսը՝ կինոսցենարիստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվադիտիսը հույն մեկ այլ հեղինակի՝ Կոստաս Կոցիասի հետ գրել է հունական առաջին նեոռեալիստական կինոնկարի՝ Synoikia To Oneiroսցենարը, որի հիման վրա կինոռեժիսոր և դերասան Ալեկոս Ալեքսանդրակիսը 1961 թվականին ֆիլմ է թողարկել։ Իշխանությունները երկար ժամանակ թույլ չեն տվել, որ ֆիլմը էկրան բարձրանա՝ պատճառ բռնելով «հասարակական կասկածելի բովանդակությունը» և այն, որ սաունդթրեքի հեղինակը կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսն է։ Ի վերջո, գրաքննական զգալի կրճատումներ անելուց հետո, թույլատրել են, որ սկզբնական շրջանում ցուցադրվի միայն Աթենքում[8]։ Չնայած գրաքննության պատճառած աղճատումներին՝ ֆիլմը անկյունաքարային է համարվում հունական կինոյի պատմության մեջ[9][10]։

Շրջագայությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեղմնավոր է եղել Լիվադիտիսի համագործակցությունը կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսի հետ (նրանք ծանոթացել ու մտերմացել էին 1940 թվականին աքսորավայրում գտնված ժամանակ)։ Բանաստեղծի բազմաթիվ չափածո գործեր անվանի կոմպոզիտորի տաղանդի շնորհիվ դարձել են սիրված երգեր[11]:Բացի այդ, Լիվադիտիսը հաճախ ուղեկցել է Թեոդորակիսին վերջինիս համերգային շրջագայությունների ընթացքում և նրա համերգների ժամանակ հանդես եկել ասմունքով[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Tassos Leivaditis website, maintained at the University of the Aegean (in Greek)
  2. 1922, Greek Orthodox Calendar (in Greek)
  3. 3,0 3,1 3,2 3,3 "Leivaditis: That is how our flags were born", TVXS webTV (in Greek)
  4. «Ethnikon Kentro Vivliou». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
  5. Leivaditis, Tasos 1922-1988 Արխիվացված 2019-04-26 Wayback Machine, National Book Center (in Greek)
  6. "The poet in the land of Fantasio", To Vima, 10/11/2008 (in Greek)
  7. The Blind Man with the Lamp by Denise Harvey, publisher, 2014
  8. "A legendary neighborhood, an accursed movie" by Yannis Zoumboulakis, To Vima, 5 June 2011 (in Greek)
  9. "To Oneiro and communist propaganda", The Theater, 4 November 2014 (in Greek)
  10. "Neighborhhood was allowed to be shown only after PM Karamanlis' intervention Արխիվացված 2019-04-26 Wayback Machine", Greek Cinematography, 8 March 2016 (in Greek)
  11. 11,0 11,1 "Theodorakis & Leivaditis", TheToc, 22 December 2014 (in Greek)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 626