Տանենբերգի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանենբերգի հուշահամալիր

Տանենբերգի հուշահամալիր (գերմ.՝ Tannenberg-Denkmal), հուշահամալիր, որ նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմում 1914 թվականին Գերմանիայի տարած հաղթանակներին, մասնավորապես Տանենբերգի ճակատամարտում տարած հաղթանակին։ Ճակատամարտն այդպես է անվանվել թվականին միջնադարյան Գրյունվալդի (1410) և Մազուրյան լճերի ճակատամարտերի պատվին։ Հուշահամալիրը կանգնեցվել է 1924-1927 թվականներին Արևելյան Պրուսիայում` Հոենշտայնի մոտ (ներկայումս` Օլշտինեկ, Լեհաստան)։ 1945 թվականին այն պայթեցվել է վերմախտի զինվորների կողմից` կապված խորհրդային զորքերի մոտեցման հետ։

Հուշահամալիրի կանգնեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 1901 թվականին Տանենբերգում կանգնեցվել էր հուշաքար Տևտոնական օրդենի մագիստրոս, Գրյունվալդի ճակատամարտում զոհված Ուլրիխ ֆոն Յունգինգենի պատվին։ Հուշաքարը պահպանվել է մինչ օրս։

1914 թվականի ճակատամարտի 5-րդ տարեդարձին Արևելյան Պրուսիայի Վետերանների միությունն առաջարկել է այդ տեղում ճակատամարտի զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել։ Արևելյան Պրուսիայի բնակչության համար Տանենբերգը եղել է այն տեղը, որտեղ կանգնեցվել է ռուսական զորքերի առաջխաղացումը, ինչը փախստականների հոսքի առիթ է դարձել։ 1924 թվականի օգոստոսի 31-ին Պաուլ ֆոն Հինդենբուրգի և Էրիխ Լյուդենդորֆի մասնակցությամբ կայացել է հուշահամալիրի հանդիսավոր բացումը, որին ներկա է եղել 60.000 մարդ` մեծ մասամբ պատերազմի վետերաններ։ Համալիրի ճարտարապետներն են Վալտեր և Հոհանես Կրյուգերները, ովքեր հաղթող են ճանաչվել նախապես հայտարարված մրցույթում։ Հուշարձանը պետք է հիշեցներ նեոլիթյան Սթոունհենջը և միջնադարյան ութանիստ ամրոց Կաստել դել Մոնտեն (Իտալիա)։ Ութ պատերից յուրաքանչյուրի կենտրոնում կա 20 մ բարձրությամբ աշտարակ` կարմիր քարից։ Այդ աշտարակներն ուղղված են լույսի տարբեր կողմերին և ունեն հերոսական անվանումներ` Մուտքի աշտարակ, Համաշխարհային պատերազմի աշտարակ, Արևելյան Պրուսիայի աշտարակ, Ռազմավարների աշտարակ, Հինդենբուրգի աշտարակ, Զինվորական աշտարակ, Նվիրման աշտարակ, Շքանշանների աշտարակ։ Հուշահամալիրի ներսում կա խաչով գերեզմանաբլուր, որտեղ իրենց հանգիստն են գտել 20 անհայտ զինվորներ։ հուշահամալիրի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1927 թվականի սեպտեմբերի 18-ին` Վայմարյան հանրապետության ղեկավար Պաուլ Հինդենբուրգի 80-ամյակի առթիվ։

Տանենբերգի կայսերական հուշարձանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաուլ ֆոն Հինդենբուրգի թաղումը Տանենբերգի հուշահամալիրում

Տանենբերգի հուշարձանը դառնում է Վերսալյան պայմանագրի հակառակորդների հավաքման համազգային վայրը։ 1934 թվականի օգոստոսի 7-ին հուշահամալիրի տարածքում հանդիսավոր հուղարկավորվում է Պաուլ ֆոն Հինդենբուրգը, ինչն ընդգծել է Տանենբերգի ճակատամարտում նրա ունեցած դերը ռուսական զորքերին հաղթելու գործում։ Հինդենբուրգի մարմինը, հակառակ իր ու իր բարեկամների ցանկության, հողին է հանձնվել հուշահամալիրի երկրորդ աշտարակում։ Վալտեր և Յոհանես Կրյուգերները նախագիծը մշակել էին որպես կայսերական համալիր` նվիրված պատերազմի զոհերի հիշատակին։ Անհայտ զինվորի հուշարձանը հուշահամալիրի կենտրոնից հանվել էր, վրայի խաչը ամրացվել էր Հինդենբուրգի աշտարակին, իսկ թաղված զինվորների մնացորդները վերահուղարկավորվել են հարակից երկու շինությունների մոտ։ Փոխվել է աշտարակի տանիքը` նրան հաղորդելով ամրոցի տեսք։ 1935 թվականի հոկտեմբերի 2-ին` Հինդենբուրգի ծննդյան օրը, կատարվել է Հինդենբուրգի և նրա կնոջ` Գերտրուդայի աճյունասափորների վերահուղարկավորում նոր դամբարանում, որի վրա կա Հինդենբուրգի հիշատակի սրահ և մարշալի չորսմետրանոց պորֆիրից արձանը (ճարտարապետ` Ֆրիդրիխ Բագդոնս)։

Վերջնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի հունվարին գերմանական զորքերի նահանջի ընթացքում հուշարձանը Հիտլերի հրամանով պայթեցվել է։ Հինդենբուրգի և նրա կնոջ մնացորդները տարհանվել են Քյոնիգսբերգ, այնուհետև թաքցվել Թյուրինգիայի աղահանքերից մեկում։ Ամերիկյան զորքերի` Թյուրինգիան ազատագրելուց հետո աճյունները տեղափոխվել են Արևմտյան Գերմանիա։ Ներկայումս դրանք պահվում են Մարբուրգի Սուրբ Ելիզավետայի եկեղեցում։ Տանենբերգի հուշարձանի վերջնական քանդումը կազմակերպվել է 1952-1953 թվականներին լեհական ինժեներական զորքերի կողմից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Walter u. Johannes Krüger: Das Tannenberg-National-Denkmal. Eine Erläuterung von den Erbauern. Allenstein: Südostpreußisches Verkehrsbüro o. J. [1928].
  • Otto Ewert: Tannenberg. Denkmalstadt Hohenstein, Schlachtfeld und Heldenfriedhöfe, Tannenberg-Nationaldenkmal, Gräberverzeichnis E. Grünberger, Hohenstein [1935]
  • Jürgen Tietz: Das Tannenberg-Nationaldenkmal. Architektur, Geschichte, Kontext. (Dissertation TU Berlin) Berlin: Verlag Bauwesen 1999. ISBN 3-345-00673-1
  • Wolfgang Wippermann: Die Geschichte des «Reichsehrenmals Tannenberg» : Ein historisches Lehrstück. in: Niemandsland, Zeitschrift zwischen den Kulturen, Jhrg. 1, Heft 2, ISBN 3-88940-70-13

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանենբերգի հուշահամալիր» հոդվածին։