Տանգո-վալս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տանգո-վալս (իսպ՝. Tango vals), հարավամերիկյան պարատեսակ, արգենտինական տանգոյի երեք գլխավոր տարատեսակներից մեկը (մյուս երկուսը տանգոն և միլոնգան են) Տանգո-վալսը համարվում է ամենառոմանտիկ պարերից մեկը, որն իր մեջ համադրելով եվրոպական վալսին և արգենտինական տանգոյին բնորոշ տարրեր՝ անցել է կյանքի ուրույն ճանապարհ։ Պարեղանակն ինքը ծայրեծայր տոգորված է վերին աստիճանի խոր զգացմունքայնությամբ, ռոմանտիկայով, քնարականությամբ, քնքշությամբ, թախիծով, կրքով և դրա շնորհիվ էլ դառնում է անկրկնելի, տպավորիչ, պարզապես անմոռաց։ Որպես պար՝ կատարվում է վալսի ռիթմով։ Բայց հարկ է նշել, որ պարաքայլի որոշակիորեն զանազանվող տեխնիկան, ռիթմիկ առանձնահատկությունները, բնորոշ արագացումները երբեմն բարդություններ են առաջացնում սկսնակ պարողների համար։

Տանգո-վալսի հիմնական բնորոշ առանձնահատկություններն են անդադարությունն ու շարժումների սահունությունը, և այդպիսի էֆեկտի պարող զույգը հասնում է պարային քայլերն ու ֆիգուրները սերտորեն միահյուսելու միջոցով։ Նրանք, ինչպես ֆրանսիական կամ հարթ վալսի ժամանակ, պետք է այն տպավորությունն ստեղծեն, թե իբր հաճույքով, հեշտ ու թեթև սահում են հարթակի վրայով և, իբր, չէին ցանկանա երբևէ դադար տալ, կանգ առնել, այլ կուզենային անվերջ շարունակել այդ երանելի սահքը՝ կատարելով միմյանց հաջորդող մերթ դանդաղ, մերթ արագացված պարային կտորները։ Նման արդյունք ձեռք բերելու համար զույգը խուսափում է այնպիսի պարային ֆիգուրներից, որոնք կատարելու դեպքում ստիպված կլինի դոփել նույն տեղում և բազմաթիվ շարժումներ անել[1]։ Տանգո-վալսի ժամանակ, այսպես կոչված՝ Salida cruzada-ն կիրառվում է որպես մի սխեմա, որը կազմված է ութ պարաքայլից բաղկացած սերիաներից, ընդ որում՝ տղամարդ զուգընկերոջ 2-րդ, 3-րդ և 5-րդ պարաքայլերը որոշակիորեն տարբերվում են սովորական, հիմնական սալիդան պարելու ժամանակ կատարվող պարաքայլերից։ Տանգո-վալսի մյուս տիպական պարաքայլերն են Calecita-ն և Molinete-ն[2]։

Ի տարբերություն տանգոյի և միլոնգայի, տանգո-վալսի անցյալը մշուշապատ է, և հիմա դժվար է հետևել այս պարատեսակի զարգացման ուղուն, որի ընթացքում վալսը նախ վերափոխվել է կրիոլո վալսի, այնուհետև անցում կատարել դեպի տանգո-վալսի ներկայիս ձևերը։ Ինչպես հայտնի է, վալսը, որը տանգոյից ավելի հին է, ինքնուրույն պարատեսակ է դարձել միայն տասնութերորդ դարի վերջերին։ Մինչ այդ՝ վալսը չափազանց արիստոկրատական պար էր համարվում, որի կատարման ժամանակ պարազույգը կազմող տղամարդն ու կինը պետք է միմյանց միջև հարգալից հեռավորություն պահպանեին և միայն ձեռքերով թեթևակի հպվեին։ Բայց հետագայում ամեն ինչ փոխվեց, և զուգընկերները սկսեցին պարել գրկախառնված, դեմքերն ու հայացքները մեկմեկու հառած։

Հարավային Ամերիկայում և մասնավորապես Արգենտինայում, հատկապես իսպանացիների ու տեղաբնիկների և իսպանացիների ու աֆրիկացինեի խառնածին սերունդների՝ կրեոլների շրջանում վալսը յուրահատուկ տարրեր ձեռք բերեց։ Այդ տարրերի ազդեցությունը զգացվում է հատկապես տանգո երաժշտության լավագույն ստեղծողներից մեկը համարվող կոմպոզիտոր Կառլոս Գարդելի ստեղծագործության վրա, որը «կրեոլյան գյուղական երաժշտություն» բնորոշումն է ստացել։ Տանգոյի՝ որպես ինքնուրույն ժանրի ձևավորումից երեսուն տարի անց՝ 1910-ական թվականներին շատ երգահաններ երաժշտություն գրեցին 3/4 չափով։ Հենց այդ ժամանակներում էլ ծնունդ առավ տանգո-վալսը։ Աշխարհում ամենալայն տարածում ու ճանաչում ստացած տանգ-վալսը համարվում է Desde el alma-ն կամ «Բոստոնյան վալսը», որի հեղինակը՝ ուրուգվայցի կոմպոզիտոր Ռոսիտո Մելոն, այն հորինել է 1911 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Tango Vals :: Praticare :: Chiacchierando di Tango
  2. Tango vals Tango argentino Արխիվացված 2015-08-13 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]