Տայպինյան ապստամբություն 1850-1864

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ապստամբությունը

Տայպինյան ապստամբություն (1850-1864), գյուղացիական պատերազմ Չինաստանում ընդդեմ ֆեոդալական ճնշման և օտարազգի մանջուրական Ցին դինաստիայի։ Պատճառը հակասությունների սրումն էր գյուղացիության և ֆեոդալների, չին ժողովրդի հիմնական, զանգվածի ու իշխանության գլուխ գտնվող մանջուրական ազնվականության միջև։ Ապստամբության գերագույն ղեկավարն էր Հուն Սյուցյուանը (համարվել է «աստծու երկրորդ որդի՝ Հիսուս Քրիստոսի կրտսեր եղբայր» և բոլոր երկրների ու ժողովուրդների «ճշմարիտ տիրակալ»)։ 1850 թվականին Գուանսի նահանգում սկսված ապստամբությունը վերածվել է համաչինական գյուղացիական պատերազմի։ Ապստամբները հռչակեցին Մեծ բարօրության երկնային պետություն (Տայպին տյանգո), 1853 թվականին գրավեցին Նանկինը և վերանվանեցին Տյանցզին՝ Երկնային մայրաքաղաք, հրապարակեցին «Երկնային դինաստիայի հողային համակարգը»՝ չինական ֆեոդալական հասարակությունը ռազմականացված նահապետական հասարակության (հիմնվելու էր «գյուղացիական կոմունիզմի» գաղափարների և նրա անդամների հավասարության սկզբունքի վրա) վերափոխելու ուտոպիական ծրագիրը։ 1853-1856 թվականներին տայպինները տարան մի շարք խոշոր հաղթանակներ և գրավեցին զգալի տարածք։ Սակայն, օգտվելով ապստամբների միջև երկպառակտչական պայքարից, մանջուրական զորքերը (Անգլիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի զինվորական միջամտությամբ) 1856-1864 թվականների ընթացքում ջախջախեցին նրանց հիմնական ուժերը։ 1864 թվականի հուլիսին տայպինյան պետությունը դադարեց գոյություն ունենալուց։ Տայպինների վերջին խմբավորումը ջախջախվեց 1868 թվականի օգոստոսին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 559 CC-BY-SA-icon-80x15.png