Տալդի Կուրգանի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տալդի Կուրգանի մարզ, վարչական միավոր Ղազախստանի ԽՍՀ (1944-1956 թթ., 1967-1991 թթ.) և Ղազախստանի Հանրապետության (1991-1997 թթ.) կազմում։ Կազմավորվել է 1967 թվականի դեկտեմբերի 23-ին (նախկինում եղել է Ալմա Աթայի մարզի կազմում, 1944 թվականին առանձնացած էր նրանից, 1959 թվականին նորից վերամիավորվել է)։ Արևելքում սահմանակից է Չինաստանին։ Տարածությունը 118,5 հազար կմ² է, բնակչությունը՝ 698 հազար մարդ (1985 թ.)։ Բաժանվում է 12 վարչական շրջանի։ Ունի 6 քաղաք, 10 քտա։ Վարչական կենտրոնը՝ Տալդի Կուրգան։ 1973 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնությունը

Տալդի Կուրգանի մարզը գտնվում է Ղազախստանի ԽՍՀ հարավարևելյան մասում, Բալխաշ և Ալակոլ լճերից հարավ։ Մարզի արևելքում և հարավ-արևելքում Զունգարական Ալաթաու լեռնաշղթան է (բարձրությունը՝ մինչև 4442 մ)։ Ծայր արևելքում, Զունգարական Ալաթաու և Բիռլիկթաու լեռնաշղթաների միջև գտնվում է Զունգարական դարպասներ լեռնանցքը։ Բալխաշ-Ալակոլյան գոգավորության (բարձրությունը՝ 340-600 մ) և Իլիի հարթավայրի մեծ մասը ծածկված է թմբային ավազներով։ Կլիման խիստ ցամաքային է․ ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ 0 °C-ից մինչև —5 °C), ամառը՝ տաք ու չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 25°—27 °C)։ Տարեկան տեղումները հարթավայրերում 128 մմ են, լեռներում՝ 700—800 մմ։ Վեգետացիայի ժամանակաշրջանը 200—250 օր է։ Խոշոր գետերն են Իլին, Կարատալը, Ակսուն, Լեպսին։ Լճերից նշանավոր են Բալխաշը, Ալակոլը, Ժալանաշկոլը, Մասկկոլը և այլն։ Կան հանքային աղբյուրներ։ Մարզի հարթավայրային մասում օշինդրաաղուտային անապատներ ու կիսաանապատներ են, որոնք ձմեռային հիմնական արոտավայրերն են։ Մեծ տարածություններ են գրավում սաքսաուլային մացառուտների ավազուտները։ Լեռներում արտահայտված է բարձունքային գոտիականությունը։ Անտառներն ու թփուտները գրավում են մարզի տարածության 3,2%-ը։ Կենդանիներից կան գայլ, աղվես, նապաստակ, մանր կրծողներ, վիթ, մեծ արոս, տափաստանային կրիաներ, մողեսներ, եղեգնուտներում՝ վայրի խոզ, փասիան և այլն։ Կլիմայավարժեցված է մշկամուկը։ Լեռներում հանդիպում են գորշ արջ, գորշուկ, լեռնային այծ և այլն։ Ջրերը հարուստ են ձկներով ու ջրլող թռչուններով։ Բնակչությունը։ Հիմնական բնակիչներն են ղազախները, ռուսները, ուկրաինացիները, կորեացիները։ Բնակվում են նաև ույգուրներ, թաթարներ, գերմանացիներ, լեհեր և այլք։ Միջին խտությունը 1կմ քառակուսու վրա 5,8 մարդ է։ Առավել խիտ են բնակեցված նախալեռնային շրջաններն ու հովիտները։ Քաղաքային բնակչությունը 45% է (1985

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնապահությունը

Հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է (անասնապահություն ու հողագործություն)։ Տեղական հումքի բազայի վրա զարգանում են սննդի, թեթև ու հանքարդյունահանող արդյունաբերությունը։ էներգետիկայի հիմքը բերովի վառելիքն է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են բազմամետաղների արդյունահանումը (Տեկելի հանքավայրեր), սննդի ու թեթև արդյունաբերությունը։ Զարգանում են մեքենաշինությունն ու մետաղամշակումը։ Կա փայտամշակում, շինանյութերի արտադրություն։ Արդյունաբերական հիմնական կենտրոններն են Տեկելին, Տալդի Կուրգանը, Ուշտոբեն, Կիրովսկին, Կարաբուլաղը, Զանսուգուրովը, Լեպսիսկը։ Գյուղատնտեսական հողահանդակները կազմում են 8976,9 հազար հա։ Գյուղատնտեսական արտադրանքի 65%-ը տալիս է անասնապահությունը, 35%-ը՝ հողագործությունը։ Մշակում են հացահատիկ (գլխավորապես ցորեն, գարի), կարտոֆիլ և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են այգեգործությամբ ու պտղաբուծությամբ; 1985 թվականին մարզում կար 3191 հազար մանր, 248 հազար խոշոր եղջերավոր անասուն, 87 հազար խոզ, 76 հազար ձի, 4,2 հազար ուղտ։ Կա ձկնորսություն և ձկնաբուծություն։ Գործում են Արասան Կապալ հանքային ջրի և այլ առողջարաններ։ Երկաթուղիների երկարությունը 1020 կմ է, ավտոճանապարհներինը՝ 4248 կմ։ Բալխաշ լճում և Իլի գետի վրա կա նավագնացություն։ Տալդի Կուրգանը օդային հաղորդակցությամբ կապված է Ալմա Աթայի և մարզի մի շարք շրջկենտրոնների հետ։ Լուսավորությունը և առողջապահությունը։ 1984/1985 ուսումնական տարում մարզում կար 328 հանրակրթական դպրոց, 20 պրոֆտեխնիկական ուսումնարան, 9 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, մանկավարժական ինստիտուտ։ 1985 թվականին գործում էին 333 նախադպրոցական հիմնարկ, 483 մասսայական գրադարան, 4 թանգարան, 595 կինոկայանք, 45 արտադպրոցական հիմնարկ։ Լույս է տեսնում մարզային 2 թերթ։ 1985 թվականին մարզում կար 102 հիվանդանոցային հիմնարկություն (8,7 հազար մահճակալով), 1977 բժիշկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 545