Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձան (Վարշավա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձան
Kosciuszko Monument Warsaw 02.jpg
Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանը, 2010 թվական
Կոորդինատներ52°14′23″ հս․ լ. 21°0′9″ ավ. ե. / 52.23972° հս․. լ. 21.00250° ավ. ե. / 52.23972; 21.00250Կոորդինատներ: 52°14′23″ հս․ լ. 21°0′9″ ավ. ե. / 52.23972° հս․. լ. 21.00250° ավ. ե. / 52.23972; 21.00250
Գտնվում էԼեհաստան Լեհաստան Վարշավա
Կառուցվել է2003-2010
Շինության ձևը10 մետր բարձրությամբ
բրոնզե և մարմարե հուշարձան
Կառուցել էԱնտոն Պոպել (1910)
Աննա և Վոյցեխ Սեկովներ (2010)
Շինարարհիմնադիր՝ Մարիան Մարեկ Դրոզդովսկի
Ներկա վիճակըկանգուն

Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձան (լեհ.՝ Pomnik Tadeusza Kościuszki), լեհ քանդակագործ Անտոն Պոպելի կողմից 1910 թվականին ստեղծված հուշարձան, որը տեղադրվել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում 2010 թվականին:

Կոստյուշկոյի կյանքն ու պայքարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տադեուշ Կոստյուշկոյի դիմանկար, հեղինակ՝ Կազիմեժ Վոյնյակովսկի

Անջեյ Տադեուշ Բոնավենտուրա Կոստյուշկոն (1746-1817) իր ողջ կյանքն անցկացրել է ազատության համար պայքարում, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ իր հայրենի Լեհաստանում: Ծնվել է 1746 թվականին Լիտվական Մեծ դքսության Մերեչևշչինայում (այժմ՝ Բելառուսիայի Բրեստի մարզի Իվացևիչսկի շրջան): Ավարտել է Վարշավայի ասպետական դպրոցը: Ֆրանսիայում ճարտարագիտական և հրետանային դասընթացներն ավարտելուց հետո Բենջամին Ֆրանկլինի երաշխավորությամբ Կոստյուշկոն հրավիրվում է ԱՄՆ՝ գեներալ Ջորջ Վաշինգտոնի մոտ, հեղափոխությանը մասնակցելու համար: 1776 թվականին նա նշանակվում է Կոնտինենտալ բանակի գնդապետ, որից հետո օգտագործելով իր ճարտարագիտական մասնագիտական գիտելիքները՝ օգնում է ամերիկյան ուժերին ամրություններ կառուցելու Սարատոգայի և Ուեսթ Փոյնթի մոտ, ինչպես նաև՝ Դելավեր գետի երկայնքով: 1781 թվականին Կոստյուշկոն պատասխանատվություն էր կրում գեներալ մայոր Նաթանիել Գրինի ռազմավարական նահանջի տրանսպորտային սպասարկման ապահովման համար: 1783 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսը նրան շնորհեց բրիգադի գեներալի կոչում և Օհայոյի նահանգում նվիրեց հողատարածք: Հետագայում Կոստյուշկոն վաճառում է իր ունցվածքը և ստացված միջոցներով Նյու Ջերսի նահանգի Նյուարկում հիմնում դպրոց աֆրոամերիկացիների համար: Այդ ժամանակ էլ նա դարձավ Ցինցինատի Ընկերության համահիմնադիր և Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ: 1784 թվականին Կոստյուշկոն վերադարձավ հայրենիք, իսկ 1789 թվականին դարձավ լեհական բանակի գեներալ-մայոր: 1794 թվականին նա ստացավ գործնական դիկտատորական լիազորություններ, ղեկավարելով Ռուսաստանից Լեհաստանի ազատագրության ապստամբությունը, տարավ առաջին հաղթանակը Ռացլավիցամի ճակատամարտում: Մոտենալով Վարշավային՝ Կոստյուշկոն աջակցեց 1794 թվականի ապրիլի 17-18-ը Յան Կիլինսկու ղեկավարած ապստամբության զինված պայքարին, որի ընթացքում ռուսական զորքերը ստիպված եղան թողնել մայրաքաղաքը: Վարշավա ժամանելուց հետո նա ձեռնամուխ եղավ քաղաքի ամրապնդմանը, այնուհետև կազմակերպեց ռուսական և պրուսական զորքերի դեմ երկարատև և ակտիվ դիմադրություն, որը տևեց 1794 թվականի հուլիսի 10-ից մինչև սեպտեմբերի 6-ը: Մացեյովիցամի ճակատամարտում պարտությունից և Պրահայի պաշարման ժամանակ լեհերի նկատմամբ ռուսների դաժան հաշվեհարդարից հետո Կոստյուշկոն բանտարկվեց, բայց 1796 թվականին ազատ արձակվեց: 1797 թվականին նա մեկնեց Ամերիկա, իսկ 1798 թվականին հիմնավորվեց Ֆրանսիայում: Կոստյուշկոն շարունակեց պայքարը ազատության համար մինչև մահ՝ 1817 թվականին Շվեյցարիայում ձիուց ընկնելուց առաջացած վնասվածքների հետևանքներից[1][2][3]:

Հուշարձանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի ապամոնտաժումը, 1991 թվական

Վարշավայում Կոստյուշկոյի հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը նրա մահից հետո՝ 1817 թվականին, առաջ քաշվեց իշխան Ադամ Չարտորիսկին, սակայն ցարական իշխանությունները համաձայնություն չտվեցին: Լեհաստանի անկախության վերականգնումից հետո մարշալ Յուզեֆ Պիլսուդսկին այդ գաղափարը անուշադրության մատնեց: Նրա մահից հետո Վարշավայի քաղաքապետ Ստեֆան Ստարժինսկու կողմից նախապատրաստվեց նախագիծ, որը ներկայացվեց Փարիզի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսին, սակայն սկսված պատերազմը խափանեց բոլոր ծրագրերը: Ընդհանուր առմամբ հուշարձանի կառուցման համար ստեղծվեցին յոթ կոմիտեներ, որոնք իրենց ճանապարհին հանդիպելով տարբեր դժվարությունների, այդ թվում ֆինանսական խնդիրները և հարևան երկրների զավթողական քաղաքականությունը, չիրականացրին իրենց մտադրությունները[4]:

Այն տեղում, որտեղ այժմ գտնվում է Կոստյուշկոյի հուշարձանը, 1985 թվականի հուլիսի 20-ին բացվել է «Ժողովրդական Լեհաստանի պաշտպանության և ծառայության ընթացքում զոհվածների» (լեհ.՝ Poległym w Służbie i Obronie Polski Ludowej) հուշարձանը, որը կառուցվել էր կոմունիստական կառավարության պատվերով, ճարտարապետ Բոգդան Խմելևսկու կողմից, Գլիվիցեի տեխնիկական աշխատանքների գործարանում և իրենից պատկերում էր «զինվորների, ԼԱԿ-ի և ԵՊՄ-ի անդամների, ոստիկանների, քաղաքացիական կամավորական ոստիկանների, բանվորների, գյուղացիների և մտավորականների խորհրդանշական խումբ, որոնք բարձրացնում են լեհական արծվին»[5][6][7]: 6 տարի անց, 1991 թվականին այն ապամոնտաժվեց, բաժանվեց 483 մասերի, որոնք ներկայումս գտնվում են ԼԺՀ հուշարձանների թանգարանում, Ռուդա Սլյոնսկայայում[5][8]:

2003 թվականին Վարշավայում Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանի կառուցման Ասոցիացիայի նախագահ Մարիան Մարեկ Դրոզդովսկին դիմեց քաղաքային իշխանություններին, տարբեր միավորումների, այդ թվում արտասահմանյան, հուշարձանի ստեղծման նախագծի մրցույթի և դրա կառուցման ծախսերը հոգալու համար: Առաջարկին արձագանքեց միայն «Bank Handlowy» առևտրական բանկը, որի ղեկավարությունը ամերիկյան բանկերի հետ միասին հատկացրեց մեկ միլիոն զլոտի, խնդրանքով, որ այդ միջոցներով Վարշավայում կառուցվի վաշինգտոնյան հուշարձանի կրկնօրինակը: Մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը բավարարեցին խնդրանքը և համապատասխան որոշում կայացրին ևս մեկ միլիոն զլոտի հատկացնելու վերաբերյալ:

Ամերիկյան հուշարձանի կրկնօրինակը պատրաստեցին կրակովցի ճարտարապետներ Աննա և Վոյցեխ Սեկովները: Հուշարձանի Բրոնզե տարրերը ձուլվեցին Գլիվիցի տեխնիկական աշխատանքների գործարանում, իսկ հիմքը և պատվանդանը պատրաստեց «Piast» ձեռնարկությունը[9][10][11][12][13][14]: Ոմանք քննադատեցին ապագա հուշարձանը այն փաստի համար, որ նրա նախագիծը մրցույային կարգով չէր ընտրվել այլ դարձել էր «ամերիկյան հուշարձանի կլոնը»[15]:

Հուշարձանը Վաշինգտոնի Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆայետ պուրակում 1910 թվականին բացված լեհ քանդակագործ Անտոն Պոպելի հեղինակած Տադեուշ Կոստյուշկոյի հուշարձանի ճշգրիտ կրկնօրինակն էր[9][11]: Հուշարձանի կառուցման նախաձեռնությունը պատկանում էր Լեհական ազգային դաշինքին և ԱՄՆ-ում բնակվող լեհ քաղաքացիներին, արձանը ձուլվել էր Ժյուլ Բերհեմի «American Art Foundry» արտադրությունում, իսկ ամբողջ հուշարձանը կառուցող կապալառուն Մ. Ջ. Ֆալվին էր «Kyle Granite Company» ընկերությունից[2]: Բացման արարողության մասնակիցները պարտավորվեցին, որ Կոստյուշկոյի հուշարձանը կտեղադրվի նաև Վարշավայում Լեհաստանի անկախացումից հետո, սակայն այդ նախագծին անդրադարձան հարյուր տարի հետո[13][16]:

Կոստյուշկոյի հուշարձանը Վարշավայում
Կոստյուշկոյի հուշարձանը Վաշինգտոնում

2010 թվականի սեպտեմբերի 27-ին կայացավ հուշարձանի հիմնարկեքի արարողությունը[17]: Հուշարձանի հանդիսավոր բացումը կայացավ 2010 թվականի նոյեմբերի 16-ին, որին մասնակցեցին Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ-Վալցը, Լեհաստանում ԱՄՆ-ի դեսպան Լի Ֆայնստայնը, «Bank Handlowy» բանկի նախագահ Սլավոմիր Սիկորան և Մարիաննա Մարեկ Դրոզդովսկու հուշարձանի շինարարության ընկերակցության նախագահը[11][18]: Կոմարովսկին նշեց, որ «Տադեուշ Կոստյուշկոն հանդիսանում է ողջ երկրի և ողջ լեհ ժողովրդի նշանավոր գործիչ: Կոստյուշկոն համարվում է ազատության համար պայքարի խորհրդանիշ ոչ միայն մեր ժողովրդի, այլ նաև ԱՄՆ-ի համար: Նա խորհրդանշում է այն փաստը, որ լեհերը կարող են աշխատել և պայքարել, որպեսզի պաշտպանեն իրենց և այլ երկրների ազատությունը, Ձեր և մեր ազատությունը»[19]: Չնայած վատ եղանակին, արարողությանը մասնակցում էին մայրաքաղաքի բնակիչներ, Կոստյուշկոյի անունը կրող տեղական դպրոցների աշակերտներ, երեք զորատեսակների պատվո պահակային շարասյուներ, որոնք ծաղկեպսակներ դրեցին հուշարձանի պատվանդանին և այն օծեց Վարշավայի արքեպիսկոպոս, կարդինալ Կազիմեժ Նիչը[14][16][20][21][22]: Հուշահամալիրը դարձավ Կոստյուշկոյի առաջին արձանը Վարշավայում, որը հիմնադրվեց հուշարձանի կառուցման կոմիտեի հիմնադրումից 193 տարի հետո[10][20]:

Կոստյուշկոյի արձանը

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրոնզե արձանը պատկերում է գեներալ Կոստյուշկոյին Կոնտինենտալ բանակի ռազմական համազգեստով, որը բաղկացած է երկար վերարկուից, ծոպերիզավոր ուսադիրներից, գոտուց, երկարաճիտ կոշիկներից և գլխարկից: Աջ ոտքով քայլ կատարելով առաջ՝ աջ ձեռքով ոտքի վրա է դնում Սարատոգայի ամրությունների քարտեզը, ձախ ձեռքում բռնելով սուրը: Քանդակը կանգնած է մարմարե քառակուսի պատվանդանի վրա, հայացքն ուղղված դեպի հարավ և բոլոր կողմերից զարդարված բրոնզե արձանիկներով: Քանդակի չափերը կազմում են 10-ը 4-ի վրա ոտնաչափ, իսկ տրամագիծը 4 ոտնաչափ: Պատվանդանի չափերը կազմում են 15x20 ոտնաչափ, տրամագիծը՝ 20 ոտնաչափ: Հյուսիսային կողմում տեղադրված է երկրագնդի մանրակերտը, որի վրա նստած արծիվը տարածել է իր թևերը՝ պաշտպանելով դրոշը, վահանը և սուրը ուղղված են դեպի Ամերիկա: Հարավային կողմում արծիվը կատաղի պայքար է մղում օձի հետ երկրագնդի վերին մասում, ցույց տալով Լեհաստանը: Արևելյան կողմում տեղադրված են Կոստյուշկոյի երկու զինվորների պատկերները, որոնք հագել են ամերիկյան զինվորական համազգեստ: Նրանցից մեկի ձախ ձեռքում դրոշ է, աջ ոտքի մոտ դրված է թմբուկ: Աջ ձեռքով նա արձակում է ամերիկացի զինվորի գոտկատեղից կապված պարանը, որն էլ խորհրդանշում է ԱՄՆ-ի բանակը: Արևմտյան կողմում տեղակայված են Կոստյուշկոյի երկու զինվորների պատկերները, որոնք հագել են լեհական զինվորական համազգեստ: Նրանցից մեկը պառկած է գետնին և աջ ձեռքով ցույց է տալիս հեռուն, ցանկանալով վերադառնալ մարտի դաշտ, լեհ զինվորի օգնությամբ, որը գյուղացիական արտահագուստով է և խորհրդանշում է Լեհաստանի բանակը: Վաշինգտոնի հուշարձանից միակ տարբերությունը համարվում է պատվանդանի ճակատային մասում առկա «TADEUSZ KOSCIUSZKO» մակագրությունը և «Bank Handlowy»-ի լոգոտիպը, որը նվիրված է հուշարձանի բացման 140-ամյակին[16][23].:

Kosciuszko Monument Warsaw 04.jpg Kosciuszko Monument Warsaw 07.jpg Kosciuszko Monument Warsaw 05.jpg Kosciuszko Monument Warsaw 06.jpg
Հուշարձանի տեսքն առջևից Հուշարձանի տեսքը ձախից Հուշարձանի տեսքն աջից Հուշարձանի տեսքը հետևի կողմից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tadeusz Kosciuszko statue, Washington DC»։ Washington DC City Pages։ Վերցված է 1 октября 2015 
  2. 2,0 2,1 «Brigadier General Thaddeus Kosciuszko, Washington DC»։ Смитсоновский музей американского искусства։ Վերցված է 1 октября 2015 
  3. «Odsłonięcie pomnika Tadeusza Kościuszki – akredytacje prasowe»։ Городской совет Варшавы։ 28 сентября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  4. «Pomnik Kościuszki stanie w Warszawie»։ Podroze.onet.pl։ 27 сентября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  5. 5,0 5,1 «Poległym w Służbie i Obronie Polski Ludowej (Warszawa)»։ Музей ПНР։ Վերցված է 1 октября 2015 
  6. «Poległym w Służbie i Obronie Polski Ludowej»։ Sztuka.net։ Վերցված է 1 октября 2015 
  7. «Pomniki nie są na zawsze»։ Gazeta Wyborcza։ 17 апреля 2014։ Վերցված է 1 октября 2015 
  8. «Pomnik Poległym w Służbie i Obronie Polski Ludowej»։ Polskie Radio։ 1 апреля 2014։ Վերցված է 1 октября 2015 
  9. 9,0 9,1 «W Warszawie stanął pomnik Tadeusza Kościuszki»։ Командный гарнизон Варшавы։ 26 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  10. 10,0 10,1 «Naczelnik Kościuszko nareszcie w Warszawie»։ Городской совет Варшавы։ 16 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  11. 11,0 11,1 11,2 «Pomnik Tadeusza Kościuszki odsłonięty»։ MMWarszawa.pl։ 16 ноября 2016։ Վերցված է 1 октября 2015 
  12. «Odsłonięcie pomnika Tadeusza Kościuszki»։ Warszawa NaszeMiasto։ 16 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  13. 13,0 13,1 «Традиции великого литвина»։ Историческая правда։ 22 мая 2014։ Վերցված է 1 октября 2015 
  14. 14,0 14,1 «Обретение Костюшко»։ Вечерний Брест։ 19 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  15. «Pomnik Tadeusza Kościuszki stanie w październiku na pl. Żelaznej Bramy»։ Gazeta Wyborcza։ 12 октября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  16. 16,0 16,1 16,2 «Pomnik Tadeusza Kościuszki wreszcie w Warszawie»։ Bankier.pl։ 17 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  17. «Pomnik Tadeusza Kościuszki»։ Городской совет Варшавы։ Վերցված է 1 октября 2015 
  18. «Kosciuszko Monument Unveiled in Warsaw»։ Посольство США в Польше։ 16 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  19. «Warszawa: pomnik Kościuszki odsłonięty»։ TVP Info։ 16 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  20. 20,0 20,1 «Polish, US officials unveil Kosciuszko monument»։ San Diego Union-Tribune։ 16 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  21. «Odsłonięto pomnik Kościuszki»։ Wiadomosci.onet.pl։ 16 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  22. «Pomnik zamiast UB-elisku. Czekaliśmy na niego 200 lat»։ Gazeta Wyborcza։ 17 ноября 2010։ Վերցված է 1 октября 2015 
  23. «W maju w Warszawie stanie kopia pomnika Kościuszki»։ Gazeta Wyborcza։ 4 января 2010։ Վերցված է 1 октября 2015