Տադաո Կասիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տադաո Կասիո
樫尾忠雄
Ծնվել էնոյեմբերի 26, 1917
ԾննդավայրՆանկոկու-Կոտի, Սիկոկու,Ճապոնիա
Մահացել էմարտի 5, 1993
Մահվան վայրՏոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՎասադա համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր և գործարար
ԾնողներՇիգերու և Կիյոնո Կասիոներ
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ գանձի շքանշան 2-րդ դասի

Տադաո Կասիո (անգլ.՝ Tadao Kashio) (նոյեմբերի 26,1917, Ճապոնիա)։ Ճապոնացի գործարար, ճապոնական «Կասիո» ընկերության (Casio Computer Co., Ltd) հիմնադիր տնօրեն։ Տադաոյի գլխավորած ընկերությունը դարձավ աշխարհում էլեկտրական հաշվիչների, ժամացույցների արտադրության մեջ առաջավոր մրցակիցներից մեկը և այժմ համարվում է համաշխարհային շուկայում առաջատարներից մեկը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տադաոն Կասիոների ընտանիքի երկրորդ որդին էր։ Մինչև 1923թ. Կասիոների ընտանիքն ապրում էր գյուղում, իսկ Տոկիոյի երկրաշարժից հետո նրանք հնարավորություն ստացան տեղափոխվելու քաղաք։ Վերակառուցվող մայրաքաղաքին աշխատող ձեռքեր էին պետք։ Ծնողները` Շիգերու և Կիյոնո Կասիոները, հույսով էին, որ կյանքը կհեշտանար. աշխատանք կար, որդիները ուսում կստանային։ Բայց թեթև կյանքը մայրաքաղաքում չստացվեց։ Շինարարության համար քիչ էին վճարում, և Տադաոյի ուսման վարձը վճարելու համար հայրը ոտքով էր գնում աշխատանքի՝ խնայելով տրամվայի փողը։

Տադաոն դասարանի լավագույն աշակերտն էր։ 1931 թվականին դպրոցն ավարտելուց հետո նրան, որպես գերազանցիկի, ընդունեցին աշխատանքի զինվորական մեդալներ արտադրող ընկերությունում։ Ընկերության տնօրենը Տադաոյին ընդունում է  շարժիչներ արտադրող գործարան՝ իբրև խառատի աշակերտ։ Տադաոն առաջինն էր գալիս գործի ու վերջինն էր հեռանում, և նրան ուղարկում էին երեկոյան կուրսերի, որի համար վճարում էր գործարանը։ Նա աշխատում էր առանց իրեն խնայելու և այնքան էր հյուծվել, որ նրան նույնիսկ բանակ տանելու համար պիտանի չհամարեցին։ Շուտով Տադաոն ընդունվում է սովորելու Վասեդա բարձրագույն ուսումնական հաստատություն (Waseda University Senior and Junior High School):

1942-ի ամռանը՝ Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ օրերին, Տադաոն բացում է իր ձեռնարկությունը։ Գործարանից, որտեղ մինչ այդ աշխատում էր, շատ էժան գնով հաստոց է գնում, իսկ պոտենցիալ պատվիրատուների հետ կապեր արդեն ուներ։ Շատ շուտով, ռազմական ինքնաթիռների համար դետալներ պատրաստելով, Տադաոն վերադարձնում է վերցրած վարկն ու աշխատում իր հարսանիքի գումարը։ Մայրն արդեն մի քանի տարի էր՝ հարսնացու էր ընտրել նրա համար, բայց Ճապոնիայում ընդունված չէր առանց փող ունենալու ամուսնանալը։ 1943 թվականին Տադաո Կասիոն և Շիգե Նոգուչին ամուսնանում են[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը լիովին փոխեց Կասիոների կյանքը։ Տունը պայթյունից փլուզվեց։ Տադաոյի եղբայրներին` Տոսիոյին, Կաձուոյին և Յուկիոյին, ծառայությունից վերադառնալուց հետո չի հաջողվում գտնել աշխատանք:Մի օր Տադաոյին անսպասելի առաջարկում են ֆրեզերային հաստոց գնել շատ էժան գնով։ Դա շատ պետքական բան էր, դրա վրա կարելի էր պատրաստել թավաներ, պրիմուս, փոքրիկ վառարաններ, որոնք վերջին շրջանում մեծ պահանջարկ ունեին։ Այդ ձևով աշխատած փողերն ընտանիքին հնարավորություն տվեցին ոչ միայն ապրել հետպատերազմյան ծանր տարիներին, այլև ծրագրել ապագան[2]։

Կասիո ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի ապրիլին Տադաոն հիմնադրում է Կասիո ընկերությունը անգլ.՝ Casio Computer Company, առաջարկում է Տոսիոյին միանալ իրեն։ Եղբայրները սկսեցին պարզունակ իրերի արտադրությունից, ինչպիսին էր յուբիվա անունով ծխախոտ պահող մատանին (անգլ.՝ yubiwa pipe), որը թույլ էր տալիս ծխել ծխախոտը մինչև վերջ` թողնելով ձեռքերը լիովին ազատ աշխատելու համար։ Այդ ժամանակ Տադաոն արդեն տեսել էր հաշվիչ մեքենայի աշխատանքը, եւ նրա միտքն աշխատում էր այդ ուղղությամբ:1950 թվականի հունվարին Տոսիոն սկսեց զբաղվել հաշվիչ մեքենայի նախագծումով։ Փորձնական օրինակի ստեղծումը տևեց հինգ տարի։ Բայց մեքենան դեռ նախնական փուլում արդեն հնացել էր։ Սակայն անհաջողությունները չհուսահատեցրին Տադաոյին. նա բանկից գումար վերցրեց ու շարունակեց աշխատանքները։

Նոր մեքենայի վրա աշխատելիս պարզվեց, որ հնացել են նրա և՛ բազային հնարավորությունները, և՛ աշխատանքի սկզբունքները։ Ստիպված եղան փոխել կառուցվածքն ու անցնել առավել առաջադիմական ռելեի։ Նոր մեքենան 120 կիլոգրամ քաշ ուներ և 1 մետր բարձրություն։ Այն ժամանակի համար դա հսկայական հաջողություն էր։ 1957 թվականի հունիսին «Կասիո 14A» հաշվիչ մեքենան հանվեց վաճառքի:Արտասահմանյան նմանատիպ մեքենաների համեմատությամբ նրա տեխնիկական ցուցանիշներն ավելի բարձր էին, ինչն էլ հնարավորություն տվեց ավելի թանկ գին նշանակել «Կասիո»-յի համար։ Հաջողությունը երաշխավորված էր։ Իր ժամանակի համար ունիվերսալ և գերճշգրիտ մեքենայի ստեղծումը համընկավ Ճապոնիայի ընդհանուր տնտեսական վերելքի հետ, և պատվերները «Կասիո» ընկերության գլխին թափվեցին մեկը մյուսի հետևից[3]։

Մրցակիցները և առաջին հերթին «Շարպը», օգտվելով նոր տեխնոլոգիաների զարգացման ոլորտում որոշակի դադարից, սկսեցին նոր սերնդի մեքենաների արտադրությունը՝ ո՛չ թե ռելեով աշխատող, այլ էլեկտրոնային։ Շուկայում «Կասիո»-յի արտադրանքի պահանջարկը կտրուկ ընկավ։ Բայց շարունակվում էին աշխատանքները նոր տեսակի հաշվիչ տեխնիկայի ստեղծման ուղղությամբ։ 1965-ին ստեղծված օրինակը ստացավ «001» անունը։ Պլանը հաջողվեց. 1970-ականների սկզբին «Կասիո»-յի հեղինակությունը լիովին վերականգնվեց:Արդեն 80-ականների վերջին, հաշվիչ մեքենաներից բացի, նրա ընկերությունը սկսեց արտադրել ժամացույցներ, տպիչներ, հեռուստացույցներ, սինթեզատորներ, էլեկտրոնային նոթատետրեր։ X X դարի տեխնիկական առաջընթացի խորհրդանիշ դարձավ 1972 թվականին արտադրված «Կասիո մինի» հաշվիչ մեքենան:Ունենալով հսկայական կոմերցիոն փորձ, հանրահայտ ապրանքանիշ ու ներդրումներ գրավելու հնարավորություն՝ Տադաոն վճռականորեն մուտք գործեց նոր շուկա։ Դա մեծ ռիսկ էր, բայց հաշվարկված ռիսկ։ «Կասիո» ժամացույցները դարձան ֆիրմայի նույնպիսի խորհրդանիշ, ինչպես հաշվիչ մեքենաները[1]։

Տադաո Կասիոն ոչ միայն ֆիրմայի հիմնադիրն էր, այլեւ նրա ղեկավարը 1960-ից մինչև 1988 թվականը։ Ապա նա ղեկավարությունը հանձնեց իր եղբայր Տոսիոյին։ Մյուս երկու եղբայրները՝ Կաձուոն և Յուկիոն, զբաղեցրին գլխավոր տնօրենի ու փոխտնօրենի պաշտոնները։ Իսկ Տադաոն մինչև իր մահը՝ 1993 թվականի մարտի վեցը, շարունակում էր աշխատել ֆիրմայում որպես խորհրդատու։ Նա մահացել է Տոկիոյի կենտրոնական հիվանդանոցում՝ շնչուղիների հիվանդությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Տադաո Կասիո». 168 ժամ.
  2. «Tadao Kashio Biography: History of Casio Computer Company». Astrum people.
  3. «Tadao Kashio biography/». Astrum people.