Վեվելխեմ, համայնք և քաղաք Բելգիայի Թագավորության Արևմտյան Ֆլանդրիա պրովինցիայում։ Համայնքի կազմում ընդգրկված են Խուլլեխեմ, Մուրսել և Վեվելխեմ քաղաքները։ 2006 թվականիհունվարի 1-ի դրությամբ համայնքն ընդհանուր առմամբ ուներ 31 հազարից մի փոքր ավելի բնակիչ և զբաղեցնում էր 38,76 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության միջին խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմում էր 800 մարդ[3]։
Քաղաք կարելի է հասնել ավտոմեքենայով, նավով, ինքնաթիռով, գնացքով։ Լինելով Գենտ-Վեվելխեմ ամենամյա հեծանվավազքի միջազգային մրցումների վերջնակետը՝ դարձել է բավականին հանրաճանաչ։
Քաղաքի՝ մեզ հայտնի ամենավաղ հիշատակումը վերաբերում է 1197 թվականին։ Այդ տարիներին այստեղ էր գտնվում ցիստերցիան հոգևոր միաբանության Գուլդենբերգի աբբայությունը, որին շրջակա մի շարք վայրերում ալրաղացներ էին պատկանում[4]։ 1278-1310 թվականներին միանձնուհիների վանքի մայրապետը Իդա անունով մի կույս է եղել[5], թեև Մարկ Բրիոնի ցուցակում աբբայությունը հիշատակված է որպես արական[6]
Քաղաքի միջով անցնող նավարկելի Դե Լեյ գետը հին ժամանակներում օգտագործվել է ևս մեկ կարևոր նպատակով. այս գետի ջրերում թրջել են դաշտերից հնձած վուշը, նախնական մշակման ենթարկել՝ նախքան գործարաններից մեկում հիմնական մշակման ենթարկելը։ Այդ պատճառով էլ Դե Լեյն ստացել է Ոսկեգետ մականունը (նկատի է առնվել ոչ միայն վուշի գույնը, այլև գետի շնորհիվ մեծ գումար վաստակելու հնարավորությունը)։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիները Վևելգեմի մերձակայքում ռազմական օդանավակայան են կառուցել, որն այսօր էլ կա, սակայն արդեն օգտագործվում է մասնավոր նպատակներով։ Պահպանվել է նաև գերմանական զինվորական գերեզմանոցը, որտեղ թաղված են Առաջին աշխարհամարտի ժամանակ զոհված 47,864 զինվոր։ Դա գերմանական ամենախոշոր շիրմատունն է Բելգիայում։ Գերեզմանատնից այն կողմ գերմանացիները կառուցած են եղել նաև կեղծ օդանավակայան՝ փայտե մեծ ինքնաթիռներով. դա արել են՝ հակառակորդի ուշադրությունը իսկական ռազմական օդանավակայանից շեղելու նպատակով։ Պահպանվել են այդ կեղծ օդակայանի մնացորդները, երկաթգծի մոտ՝ մեծ ու փոքր մեկական բունկեր։ Վերականգնվել է Բելգիական Lauwe-ն Վևելգեմին կապող կամուրջը, որն ավերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ռմբակոծության հետևանքով։