Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993)
Վրաց-աբխազական հակամարտություն

Թվական Օգոստոսի 14, 1992 - սեպտեմբերի 30, 1993
Վայր Աբխազիա/Աբխազիայի Ինքնավար Հանրապետություն, Վրաստան
Պատճառ Աբխազիայի կարգավիճակ
Արդյունք Աբխազիայի հաղթանակ[1],
կրակի դադարեցման համաձայնագրի կնքում
Տարածքային
փոփոխություններ
Աբխազիան դե ֆակտո դառնում է անկախ, բայց չճանաչված պետություն։
Վրաստանը պահպանում է վերահսկողությունը Կոդորի կիրճի նկատմամբ
Հակառակորդներ
Աբխազիա Աբխազիա

Արտասահմանյան կամավորներ՝

Ռազմական աջակցություն։

Վրաստան Վրաստան

Արտասահմանյան կամավորներ

Հրամանատարներ
Աբխազիա Վլադիսլավ Առդձինբա
Աբխազիա Վաղարշակ Կոսյան

Աբխազիա Սուլթան Սոսնալիև
Աբխազիա Բեսլան Բարգանջիա
Աբխազիա Անրի Ջերգենիա
Աբխազիա Մուշնի Խվարցկիա
Աբխազիա Մերաբ Կիշմարիա
Աբխազիա Մուհամեդ Կիլբա
Աբխազիա Սերգեյ Դբար
Մուսա Շանիբով
Յուսուֆ Սոսլամբեկով
Խազամատ Խանկարով
Շամիլ Բասաև
Ռուսլան Գելաև

Վրաստան Էդուարդ Շևարդնաձե
Վրաստան Թենգիզ Կիտովանի
Վրաստան Գենո Ադամիա
Վրաստան Ջաբա Իոսելիանի
1990 Էմզար Կվիցիանի
Վրաստան Ժիուլի Շարտավա
Վրաստան Գուրամ Գուբելաշվիլի
Վրաստան Գիա Կարկառաշվիլի
Վրաստան Դավիթ Տեվզաձե
Վրաստան Սոսո Ախալայա
Ռազմական կորուստներ
Աբխազիա ≈ 4040 սպանված (2220 զինվորական, 1820 քաղաքացիական անձինք), ≈ 8000 վիրավոր, 122 անհետ կորած[10] Վրաստան 4000 սպանված (ներառյալ զինվորականներ և քաղաքացիական անձինք), ≈ 10000 վիրավոր, 1000 անհետ կորած[10]

Վրաց-աբխազական պատերազմ (1992-1993), ռազմական հակամարտություն վրացական և աբխազական զինված ուժերի միջև, որը տեղի է ունեցել դե ֆակտո Աբխազիայի Հանրապետության և դե յուրե Վրաստանի կազմում գտնվող Աբխազիայի Ինքնավար Հանրապետության տարածքում։

1992 թվականի օգոստոսին Աբխազիայի Գերագույն խորհրդի և Վրաստանի ղեկավարության միջև առկա քաղաքական հակասությունները, կապված Վրաստանի ազգային գվարդիայի ստորաբաժանումների՝ Աբխազիա մտնելու հետ, վերածվեցին զինված բախումների։ Ռազմական գործողությունները ընթանում էին վրացական և աբխազական զինված կազմավորումների, ինչպես նաև կողմերին աջակցելու նպատակով Հյուսիսային Կովկասից ժամանած կամավորների միջև և տևեցին ավելի քան մեկ տարի։ Հակամարտող կողմերը միմյանց մեղադրում էին քաղաքացիական անձանց նկատմամբ մարդու իրավունքների մասսայական խախտումներ կատարելու մեջ։ Համաձայն ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի՝ 1993 թվականի հոկտեմբերյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցի՝ նշված խախտումների պատասխանատվությունը կրում են ինչպես վրացական կառավարական զորքերը, այնպես էլ աբխազական զինված ուժերը, ինչպես նաև ոչ կանոնավոր կազմավորումներն ու քաղաքացիական անձինք, ովքեր համագործակցում էին հակամարտող կողմերի հետ։

Հակամարտությունը հանգեցրեց հսկայական տարածքների ամայացման և բնակչության զանգվածային տեղահանությամբ։ Ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք, հիմնականում՝ վրացիներ, դարձան փախստական՝ ստիպված լինելով լքել իրենց բնակավայրերը։

1994 թվականի մայիսի 14-ին վրացական և աբխազական կողմերը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կնքեցին «Կրակի դադարեցման և կողմերի բաժանման մասին» համաձայնագիր, որը մշակվել էր հակամարտության կարգավորման նպատակով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարի գլխավորությամբ տեղի ունեցած ժնևյան բանակցությունների շրջանակներում։ Համաձայնագրի համաձայն և ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ հակամարտության գոտում 1994 թվականի հունիսից տեղակայվեցին «ԱՊՀ խաղաղության հաստատման միասնական ուժեր», որոնք ամբողջությամբ կազմված էին ռուսական զինված ուժերից։ Վերջիններիս պարտականությունների մեջ էր մտնում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Միաժամանակ համաձայնագրի պահպանման և ԱՊՀ ուժերի դիտարկման նպատակով Աբխազիայում տեղակայվել էր ՄԱԿ-ի առաքելությունը, որը տևեց մինչև 2009 թվականի հունիսի 15-ը[11]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանում քաղաքական հակամարտությունը թևակոխեց բացահայտ զինված դիմակայության ինչպես Վրաստանի և վերջինիս ինքնավարություններ հանդիսացող Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև, այնպես էլ հենց բուն վրացական տարածքներում։ Վրաստանի ղեկավարությունը որոշել էր վերջնաանապես վերացնել աբխազական և օսեթական ինքնավարությունները[12]։

1991 թվականի ապրիլի 9-ին Հանրապետության Գերագույն խորհրդը նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ղեկավարությամբ, առաջնորդվելով 1918 թվականի մայիսի 26-ի համապատասխան փաստաթղթով, հռչակեց Վրաստանի անկախությունը։

1992 թվականի հունվարին Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիա ռազմական եղանակով հեռացվում է զբաղեցրած պաշտոնից, որից հետո իշխանությունը գրաված ուժերի ղեկավարները՝ Ջաբա Իոսելիանին, Թենգիզ Կիտովանին և Թենգիզ Սիգուան, հաշվի առնելով Էդուարդ Շևարդնաձեյի տեղական և միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը, հրավիրեցին նրան վերադառնալ Վրաստան։

1992 թվականի փետրվարի 21-ին Վրաստանը ղեկավարող ռազմական խորհուրդը հայտարարեց Վրացական ԽՍՀ-ի՝ 1978 թվականին ընդունված սահմանադրության ուժը կորցրած լինելու և Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության 1921 թվականին ընդունված սահմանադրության ընդունման մասին։ Հռչակագիրով սահմանվեց, որ Վրաստանի իշխանությունները ընդունում են միջազգային իրավական օրենքների և 1921 թվականի Սահմանադրության գերակայությունը՝ առանց գոյություն ունեցող սահմանների և ազգային-պետական կարգի փոփոխության։ Պետական խորհրդի դերը ստանձնած Ժամանակավոր խորհրդարանը 1992 թվականի փետրվարի 24-ի իր որոշումով ընդունեց, որ մինչև գործող օրենսդրության համապատասխանեցումը գործող Սահմանադրությանը, երկրի տարածքում ուժի մեջ է գործող օրենսդրությունը։

1992 թվականին վերադառնալով Վրաստան՝ Էդուարդ Շվարնաձեն ստանձնեց Գամսախուրդիայի դեմ հեղաշրջման ղեկավարների կողմից ստեղծված Պետական խորհրդի ղեկավարումը։ Խորհուրդը վերահսկում էր Վրաստանի տարածքի մեծ մասը՝ բացառությամբ Հարավային Օսեթիայի, Աջարիայի և Աբխազիայի։ Իրադարձություններին զուգահեռաբար Մեգրելիայում շարունակվում էր քաղաքացիական պատերազմը։ Մեգրելիայում գտնվող Զուգդիդի քաղաքը, որը հանդիսանում էր Զ. Գամսախուրդիայի ծննդավայրը, վերջինիս հավատարիմ ուժերը հաստատել էին իրենց վերահսկողությունը։

Աբխազիայի հասարակությունը իրավիճակի կարգավորման ուղիներ էր փնտրում, քանի որ իրադրությունը առավել սրվել էր Թբիլիսիում տեղի ունեցած հեղաշրջումից հետո և Աբխազիայի Գերագույն խորհրդի վրացական ու աբխազական խմբակցությունների քաղաքական հակասությունների պայմաններում։ 1992 թվականի մայիսի 9-ին Սուխումիում ստեղծվեց Աբխազիայի ազգային միասնության խորհուրդ, որի մեջ ընդգրկվեցին քաղաքական կակազմակերպությունների, աշխատանքային խմբերի, մտավորականության ներկայացուցիչներ և այլն։ Խորհուրդը կոչ էր անում Աբխազյաին բազմաէթնիկ բնակչությանը ընդդիմանալ ինքնավարության սահմանադրության ոտնահարմանը, իշխանության յուրացմանն ու անօրինությանը, ինչպես նաև բոլոր ժողովրդավարական ուժերի միասնության հանուն միջէթնիկ հակամարտության դիմակայության։

1992 թվականի հուլիսի 23-ին Աբխազիայի Գերագույն խորհուրդը ուժը կորցրած է ճանաչում 1978 թվականին ընդունված Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սահմանադրությունը և ընդունում 1925 թվականին ընդունված Աբխազական ԽՍՀ-ի սահմանադրությունը[13]։

1992 թվականի հուլիսի 25-ին Վրաստանի Պետական խորհուրդը չեղյալ է համարում Աբխազիայի իշխանությունների 1925 թվականի սահմանադրության վերահաստատման որոշումը[14][15]։ Սուխումիում այդ քայլը բացասաբար ընդունեցին։ Աբխազիայի Գերագույն խորհրդի պատգամավոր Զ. Աչբան հայտարարեց, որ Վրաստանի Պետական խորհրդի լեգիտիմության բացակայության պատճառով այդ որոշումը չի ընդունվում։

Միևնույն ժամանակ իրադրությունը սկսեց սրվել Վրաստանի արևմուտքում, որտեղ Գամսախուրդիայի կողմնակիցները՝ զվիադիստները, կատարում էին դիվերսիաներ, պայթյուններ և իշխանությունների վրա հարձակումներ։ Հուլիսի 9-ին նրանց կողմից առևանգվում է փոխվարչապետ և միջէթնիկ հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ալեքսանդր Կավսաձեյին[16], ով ուղարկվել էր նրանց հետ բանակցելու[17]։ Օգոստոսի 11-ին Զուգդիդիում զվիադիստների և Պետական խորհրդի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Գամսախուրդիայի նախկին թիկնաձորի պետ Գոչա Բախիան գերեվարում է ևս 12 պետական գործչի, որոնց թվում էին ներքին գործերի նախարար Ռոման Գվենցաձեյին և ազգային հարցերում Շեվարնաձեյի օգնական Դավիթ Սալարիդենին[18]։

1992 թվականի օգոստոսի 10-ին Թբիլիսիում ընդունվեց ինքնավարություն զորքեր մտցնելու որոշում։ Որպես պաշտոնական պատճառաբանություն՝ ներկայացվեց, որ այդ քայլը անհրաժեշտ է գերիների ազատման և երկաթուղու պաշտպանության համար։ Երկաթգիծը օգտագործվում էր Ռուսաստանից Հայաստան բեռների փոխադրման համար[19]։ Վրաստանի պաշտպանության նախարար Տ. Կիտովանիին հանձնարարվել էր ինքնավարության տարածք զորքերի մտցնելը համաձայնեցնել Վլադիսլավ Արձինբայի հետ, ով մինչ այդ արդեն հեռախոսազրույց էր ունեցել Էդուարդ Շևարդնաձեյի հետ։

Իրադարձությունների ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական զորքերի մուտքը Աբխազիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի օգոստոսի 14-ին երկաթգծի պահպանության պատրվակով վրացական զորքերը Թենգիզ Կիտովանիի գլխավորությամբ մտնում են Աբխազիա։ Աբխազիա մտած վրացական ուժերը կազմված էին մոտ 2000 գվարդիականներից, 58 միավոր զրահատեխնիկայից, մեծաքանակ հրետանային կայանքներից, այդ թվում՝ Գրադ և Ուրագան հրթիռային կայանքներ։ Վրացական զինվորական շարասյունը համալրված էր նոր մարտական տեխնիկայով, որը Վրաստանին էր անցել ԽՍՀՄ փլուզումից հետո։ Վերջին հաշվով այդ տեխնիկայի զգալի մասը կա՛մ ոչնչացվել է, կա՛մ որպես ռազմավար անցել աբխազների վերահսկողությանը[12]։ Աբխազիա զորքեր մտցնելու նախագիծը, որը կրում էր «Սուր» ծածկագիրը, իրականացվել է Վրաստանի՝ ՄԱԿ անդամ դառնալուց երկու շաբաթ անց[20]։ Ըստ որոշ տվյալների՝ Էդուարդ Շվարնադձեի նախագծի մասին հայտնի էր նաև Ռուսաստանի ղեկավարության շրջանում։ Զորքերի առաջխաղացմանը աջակցում էին ռազմա-օդային և ռազմա-ծովային ուժերը։ Առաջխաղացմանը նախօրդող օրերին, համաձայն Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի հաշվարկների, վրացական զորքերը նախկին ԽՍՀՄ Անդրկովկասյան ռազմական շրջանի զինապահեստներից ստացել էր շուրջ 240 տանկ, մեծաքանակ զրահապատ փոխադրիչներ, 25.000 ինքնաձիգ և գնդացիր, տասնյակ հրթիռա-հրետանային կայանքներ[21][22]։

Վրացական կողմը հիմնական շեշտադրումը կատարել էր զորքերի հանկարծակի ներխուժման վրա։ Վրաց-աբխազական սահմանը, այսինքն՝ Էնգուրի գետը հատելուց հետո վրացական զորքերը առանց խոչընդոտիսկսեցին շարժվել Զուգդիդ - Սուխումի ավտոճանապարհով։ Գալիում վրացական զորքերին միացան տեղի գվարդիականները։ Գալի-Օչամչիրա ավտոճանապարը փակվել էր, որպեսզի աբխազ բնակչությունը կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվություն չստանա[22]։

Առաջին զինված բախումները տեղի ունեցան Օչամչիրում։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ին, վրացական զինված ուժերը Գագրայի շրջանի Ցանդրիպշ գյուղում դեսանտ են իջեցնում, որը իր վերահսկողության տակ է վերցնում աբխազա-ռուսական սահմանը։ Այս քայլով Վրաստանը Աբխազիան վերցնում է շրջափակման մեջ[22]։

Օգոստոսի 18-ին վրացական զորքերը չեն մտնում Սուխում։ Այդ ընթացքում իրականացվում էին ակտիվ բանակցություններ երկու կողմերի առաջնորդների մասնակցությամբ, սակայն քաղաքական շփումներն այդպես էլ փոխհամաձայնության չհանգեցին։

Առաջին զինված բախումները Սուխումիում տեղի ունեցան Կարմիր կամրջի շրջանում տեղի վրացական «Մխեդրիոնի» ջոկատի հետ, որի ընթացքում երկու կողմերն էլ ունեցան զոհեր։ Սկզբնական շրջանում աբխազական զինված ստորաբաժանումները դիմադրություն ցույց տվեցին, սակայն նրանց հեռանալուց հետո Վրաստանի ազգային գվարդիան շարժվեց առաջ՝ հասնելով մինչև Գումիստա գետը, որից հետո ամբողջությամբ իր վերահսկողությունը հաստատեց Գագրա քաղաքում։ Այդ ընթացքում աբխազական ստորաբաժանումները զինված էին ինքնաձիգներով, ինքնաշեն զրահապատ մեքենաներով և հին հակակարկտային թնդանոթներով[12][23][24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Абхазия. NET: Россия vs Грузия.(ռուս.)
  2. 2,0 2,1 Константин РАЩЕПКИН. Абхазия: тернистый путь к миру. / Красная Звезда. 19 Ноября 2008 года.(ռուս.)
  3. Донской казак на Грузино-абхазской войне » Военное обозрение.(ռուս.)
  4. Татьяна Туранская: абхазский и приднестровский народы связывает многолетняя дружба и историческая судьба | Новости Приднестровья | Официальное информагентство Приднестровской ...(ռուս.)
  5. Human Rights Watch. GEORGIA/ABKHAZIA: VIOLATIONS OF THE LAWS OF WAR AND RUSSIA’S ROLE IN THE CONFLICT, p. 42 Արխիվացված 2016-12-26 Wayback Machine.
  6. Dmitry Kholodov, Moscow journalist covering the Conflict, September 1993, Nezavisimaya Gazeta, Moscow.(անգլ.)
  7. Chervonnaia, Svetlana Mikhailovna. Conflict in the Caucasus: Georgia, Abkhazia and the Russian Shadow. Gothic Image Publications, 1994.(անգլ.)
  8. White Book of Abkhazia. 1992–1993 Documents, Materials, Evidences. Moscow, 1993.(անգլ.)
  9. Democratic Changes and Authoritarian Reactions in Russia, Ukraine, Belarus and Moldova (Democratization and Authoritarianism in Post-Communist Societies).Cambridge University Press, 1997. — P. 349 ISBN 0-521-59732-3. (անգլ.)
  10. 10,0 10,1 GEORGIA/ABKHAZIA: VIOLATIONS OF THE LAWS OF WAR AND RUSSIA'S ROLE IN THE CONFLICT.(անգլ.)
  11. Миссия Организации Объединенных Наций по наблюдению в Грузии (МООННГ).(ռուս.)
  12. 12,0 12,1 12,2 Историческая обусловленность грузино-абхазского вооруженного конфликта (1989-1993).(ռուս.)
  13. Արձինբայի և նրա համախոհների հայտարարությունը, 1992 թվականի օգոստոսի 12, Սուխում: Արխիվացված 2018-04-04 Wayback Machine(ռուս.)
  14. ВЛАДИМИР Ъ-МИРОШНИЧЕНКО (03.08.1992). «Эдуард Шеварднадзе: лучше бы в меня стреляли...». Журнал «Коммерсантъ».(ռուս.)
  15. Грузино-абхазский конфликт: 1917—1992. М., 2007. С. 82.(ռուս.)
  16. Edward F. Mickolus,Susan L. Simmons. Terrorism, 1992-1995: a chronology of events and a selectively annotated bibliography, ABC-CLIO 1997.(անգլ.)
  17. «Списки лиц, преследуемых по политическим мотивам». Мемориал. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.(ռուս.)
  18. ВЛАДИМИР Ъ-МИРОШНИЧЕНКО, ОЛЕГ Ъ-МЕДВЕДЕВ (17.08.1992). «Тбилиси против Сухуми». Журнал «Коммерсантъ».(ռուս.)
  19. Ъ — День Независимости.(ռուս.)
  20. Абхазский рубикон: пять лет спустя. Արխիվացված 2017-08-26 Wayback Machine(ռուս.)
  21. «Российские вести», 1993, 20 марта.(ռուս.)
  22. 22,0 22,1 22,2 В. М. Пачулия, Грузино-абхазская война (14 августа 1992 г. — 30 сентября 1993 г.).(ռուս.)
  23. Дмитрий Жуков: «Войны на руинах СССР» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine ISBN 978-5-699-33801-6
  24. «ГРУЗИНО-АБХАЗСКИЙ КОНФЛИКТ. 1992—1993 год». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.