Վո լը Վիկոնտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վո լը Վիկոնտ
ֆր.՝ Château de Vaux-le-Vicomte
0 Maincy - Château de Vaux-le-Vicomte (2).JPG
Երկիր` Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ` դասական
Ճարտարապետ` Լուի Լևո
Կառուցման
ժամանակաշրջան`
1658-1661

Վո լը Վիկոնտ (ֆր.՝ Château de Vaux-le-Vicomte), 17-րդ դարի ֆրանսիական դասական պալատ, որ գտնվում է Մելյոնում (Սեն-է-Մարն դեպարտամենտ)` Փարիզից 55 կմ հարավ-արևելք: Կառուցվել է 1658-1661 թվականներին մարքիզ Նիկոլյա Ֆուկեի համար, ով Վոյի և Մելյոնի վիկոնտն էր և ֆինանսների վերահսկողը Լյուդովիկոս XIV-ի օրոք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պալատական այգին

1641 թվականին 26-ամյա Ֆուկեն ձեռք է բերում Վո լը Վիկոնտ ոչ մեծ տեղանքը, որ շատ հարմար դիրք ուներ. այն գտնվում էր արքայական Ֆոնտենբլո նստավայրը Վենսենին կապող ճանապարհի հարևանությամբ: 15 տարի անց, ստանալով Ֆրանսիայի գլխավոր ֆինանսիստի պաշտոնը, Ֆուկեն ձեռնամուխ է լինում առանձնատուն կառուցելուն, որն իր տեսակի մեջ լավագույնն է դառնում ժամանակի Ֆրանսիայում: Ֆուկեն հրավիրում է երեք խոշորագույն մասնագետների` ճարտարապետ Լուի Լևոյին, լանդշաֆտի ճարտարապետ Անդրե Լենոտրին և ինտերիերի նկարիչ Շառլ լը Բրենին: Երեք վարպետների համագործակցության արդյունքը դառնում է պալատը, որը Լյուդովիկոս XIV-ի ոճի լավագույն դրսևորումներից է. պալատը, այգին և ներքին ձևավորումը ճարտարապետական մեկ ընդհանուր միասնություն էին կազմում[1]: Գլխավոր շենքը չորս կողմից շրջապատված էր ջրով լցված խրամատով: Բնական ոռոգման շնորհիվ (տարածքով հոսում էին երկու գետակներ)` Լենոտրը կարողանում է ձևավորել կանոնավոր այգի` պարտերներով, շատրվաններով և ջրանցքներով: Պալատի կառուցումն սկսելուն պես շրջակայքում անտառ է տնկվում: Ասում են, որ պալատի շինարարության աշխատանքներում ներգրավված են եղել 18.000 մարդ, և այն գնահատվել է 16 միլիոն լիվր[2]:

Տեսքը ճակատային մասից
Տեսքը պարտեզից

1661 թվականի օգոստոսի 17-ին Ֆուկեն հանդիսավոր տոնում է բնակարանամուտը, որի ժամանակ հանդես են գալիս Մոլիերը և Լաֆոնտենը[3]: Աչքի ընկնող ձեռքբերումը առիթ է հանդիսանում, որ Ժան Բատիստ Կոլբերը քննադատության արժանացնի Ֆուկեին, ինչի հետևանքով սեպտեմբերի 5-ին Դ'Արտանյանը ձերբակալում է Ֆուկեին[4]: Արքան առգրավում է Վո լը Վիկոնտը, իսկ Լևոյին, Լենոտրին և Լեբրենին պատվիրում Վերսալում կառուցել արքայական դղյակ[5]: Ֆուկեն մահանում է 1680 թվականին ձերբակալության մեջ, սակայն դղյակի առգրավումից 10 տարի անց Ֆուկեի կինը հետ է ստանում այն: Ֆուկեի որդու մահից հետո դղյակն անցնում է մարշալ Կլոդ դե Վիլլարին[6]: Ֆրանսիական հեղափոխության ժամանակ Վիլլարի հերցոգները շարունակում էին ապրել դղյակում, քանի որ շրջակայքի գյուղացիները բարեհաճ վերաբերմունք ունեին նրանց նկատմամբ կատարած բարի գործերի համար: Սակայն երբ Փարիզից հրաման է գալիս տերերին դուրս հանելու և դղյակը քանդելու վերաբերյալ, հերցոգուհին դիմում է Արվեստի կոմիտեին` դղյակը պահպանելու խնդրանքով: Այդպիսով այն պահպանվում է, սակայն հերցոգներին հանում են դղյակից:

Վիլլարներից հետո Վո լը Վիկոնտն անցնում է Շուազելներին: 1840 թվականին հերցոգ Շուազել-Պրալենը դղյակում սպանում է իր կնոջը, ինչից հետո մոտ 30 տարի այնտեղ մարդ չի բնակվում: 1875 թվականին դղյակը թալանված ու դատարկ վիճակում աճուրդում ձեռք է բերում Ալֆրեդ Սոմյեն, ով շաքար արտադրող էր: Սոմյեի և լանդշաֆտի ճարտարապետ Գաբրիել Դեստալիեի ջանքերով դղյակը կրկին վերականգնվում է:

Ներկայումս Վո լը Վիկոնտը շարունակում է մնալ մասնավոր սեփականատիրոջ ձեռքերում (Վոգյուե կոմսեր):

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Federic Lees, The Chateau de Vaux-le-Vicomte', Architectural Record, Asian Institute of Architects, p.413-433
  2. "Vaux le Vicomte's and Baroque garden design". Retrieved 14 December 2015.
  3. William Driver Howarth, Molière, a Playwright and His Audience, p.43
  4. "Nicolas Fouquet". Vaux le Vicomte. Retrieved 14 December 2015.
  5. Beatrix Jones, Le Notre and his Gardens, Scribner's Magazine, v.38 (1905), pp.43-55
  6. "Château de Vaux-le-Vicomte - Vaux le Vicomte". Vaux le Vicomte. Retrieved 14 December 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]