Վուլվայի քաղցկեղ
| Վուլվայի քաղցկեղ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդության կարգ |
| Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն |
Վուլվայի քաղցկեղ, վուլվայի՝ կանացի արտաքին սեռական օրգանների քաղցկեղ[1]։ Այն ամենից հաճախ ախտահարում է մեծ սեռական շուրթերը[1]: Փոքր սեռական շուրթերը, ծլիկը և Բարտոլինյան գեղձերը ախտահարվում են ավելի հազվադեպ[1]: Հիվանդության ախտանիշներից են՝ ախտաբանական գոյացությունը, քորը, մաշկի փոփոխությունները կամ արյունահոսությունը վուլվայից[1]:
Ռիսկի գործոններից են՝ վուլվայի ներէպիթելային նեոպլազիան (VIN), մարդու պապիլոմավիրուս (HPV) վարակը, սեռական օրգանների գորտնուկները, ծխելը և բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությունը[1][2]։ Վուլվայի քաղցկեղների մեծ մասը տափակ բջջային քաղցկեղներ են[3]։ Այլ տեսակներից են ադենոկարցինոման, մելանոման, սարկոման և բազալ բջջային քաղցկեղը[2]։ Վուլվայի քաղցկեղ հավանական ախտորոշումը դրվում է ֆիզիկալ զննման տվյալների հիման վրա և հաստատվում՝ հյուսվածքային բիոպսիայի միջոցով[1]։ Ռուտին կերպով սկրինինգ խորհուրդ չի տրվում։[2]
Կանխարգելումը ներառում է HPV պատվաստումը[4]։ Ստանդարտ բուժումները կարող են ներառել վիրահատական բուժումը, ճառագայթային բուժումը (ռադիոթերապիա), քիմիոթերապիան և կենսաբանական թերապիան[1]: 2018 թվականին վուլվայի քաղցկեղով առաջնակի ախտահարում հայտնաբերվել է մոտ 44,200 կանանց շրջանում և պատճառ է հանդիսացել 15,200 մահվան ամբողջ աշխարհում[5]: Միացյալ Նահանգներում այն առաջնակի ախտահարել է մոտ 6,070 մարդու՝ տարեկան 1,280 մահվան դեպքով[6]։ Հիվանդության սկիզբը սովորաբար հանդիպում է 45 տարեկանն անց կանանց շրջանում[6]։ Վուլվայի քաղցկեղով ախտահարված հիվանդների հնգամյա ապրելիությունը ըստ 2015 թվականի տվյալների կազմում է մոտ 71%[6], սակայն հիվանդության ելքի վրա ազդում է նաև քաղցկեղի տարածումը դեպի շրջակա ավշային հանգույցներ[3]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիվանդության ախտանիշները կարող են ներառել․
- Վուլվայի շրջանում քոր, այրոց կամ արյունահոսություն, որոնք չեն անցնում
- Վուլվայի մաշկի գույնի փոփոխություն՝ կարմրություն կամ գունատություն
- Վուլվայի շրջանի մաշկային փոփոխություններ, ներառյալ ցանը կամ գորտնուկները
- Վուլվայի վրա գոյացություն, խոցեր կամ վերքեր, որոնք չեն լավանում
- Ցավ կոնքի շրջանում, հատկապես միզարձակման և սեռական հարաբերության ընթացքում[7]։
Վուլվայի քաղցկեղը սովորաբար դրսևորվում է մեծ սեռական շուրթերի վրա գոյացության կամ խոցի տեսքով և կարող է ուղեկցվել ինչպես միզարձակման կամ սեռական հարաբերության ժամանակ ցավով, այնպես էլ քորով, գրգռվածությամբ, տեղային արյունահոսությամբ կամ ախտաբանական արտադրությամբ[8]։ Փոքր սեռական շուրթերը, ծլիկը, շեքը և ցայլային թմբկությունը ավելի հազվադեպ են ախտահարվում[9]: Անհարմարության զգացման պատճառով հիվանդները հաճախ ուշ են դիմում բժշկի[10]։
Մելանոմաները հակված են ցուցաբերել բնորոշ ասիմետրիա, անհարթ եզրեր և մուգ գունավորում, ինչպես մարմնի այլ հատվածների մելանոմաները:
Ադենոկարցինոման կարող է առաջանալ Բարտոլինյան գեղձից և դրսևորվել ցավոտ գոյացության առկայությամբ[11]։
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս կա համոզմունք, որ վուլվայի քաղցկեղի զարգացմանը նպաստում են երկու հիմնական պաթոֆիզիոլոգիական ուղիներ՝ մարդու պապիլոմավիրուս (HPV) վարակը և վուլվայի շրջանն ախտահարող քրոնիկ բորբոքումը կամ աուտոիմունային խանգարումները[12][13][14]։
HPV ԴՆԹ-ն հայտնաբերվում է վուլվայի ներէպիթելային նորագոյացությունների (VIN) մինչև 87% դեպքերում և վուլվայի ինվազիվ քաղցկեղների 29% դեպքերում։ VIN-ի և վուլվայի քաղցկեղի պատճառագիտության մեջ ամենատարածված ենթատիպը HPV 16-ն է, որին հաջորդում են HPV 33-ը և HPV 18-ը[15]։ Վուլվայի ներէպիթելային նորագոյացությունները մաշկի մակերեսային ախտահարումներ են, որոնք չեն ներթափանցում հիմային թաղանթով։ Այն համարվում է նախաքաղցկեղային վիճակ[16]։ Վուլվայի ներէպիթելային նորագոյացությունները կարող են վերածվել carcinoma in situ-ի (քաղցկեղ տեղում) և, ի վերջո, տափակ բջջային քաղցկեղի։
Վուլվայի քրոնիկ բորբոքային վիճակները, որոնք կարող են նախորդել վուլվայի քաղցկեղին, ներառում են սկլերոզացնող որքինը։ Վերջինս համարվում է նախատրամադրող գործոն վուլվայի ներէպիթելային նորագոյացությունների առաջացման համար[17][18]։
Ռիսկի գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլվայի քաղցկեղի ռիսկի գործոնները մեծապես կապված են վերը նշված ախտածնական ուղիների հետ, որոնք ներառում են HPV վիրուսի ազդեցությունը կամ HPV վարակը և/կամ ձեռքբերովի կամ բնածին աուտոիմունային խանգարումները[19][20]:
- Տարիք (տարիքին զուգահեռ աճում է վուլվայի քաղցկեղի զարգացման ռիսկը)
- Անամնեզում վուլվայի կամ արգանդի պարանոցի ներէպիթելային նորագոյացություն
- Բազմաթիվ սեռական զուգընկերներ
- Անամնեզում արգանդի պարանոցի պրեինվազիվ կամ ինվազիվ քաղցկեղ
- Ծխախոտի օգտագործում
- Մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) վարակ
- Վուլվայի սկլերոզացնող որքին
- Իմունոդեֆիցիտային համախտանիշներ
- Հյուսիսային Եվրոպայի ազգային պատկանելիություն
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլվայի զննումը գինեկոլոգիական հետազոտության մաս է կազմում: Այն պետք է ներառի շեքի մանրակրկիտ զննումը, ներառյալ ծլիկի և միզուկի շրջակա հատվածները, և Բարտոլինյան գեղձերի շոշափումը[21]: Զննման ընթացքում կարող է հայտնաբերվել խոց, գոյացություն կամ ախտաբանական զանգված վուլվայի շրջանում: Ցանկացած կասկածելի ախտահարված հյուսվածք պետք է նմուշառվի և բիոպսիա կատարվի: Սա սովորաբար կարող է իրականացվել ամբուլատոր պայմաններում՝ տեղային անզգայացմամբ: Փոքր ախտահարումները կարող են հեռացվել տեղային անզգայացման տակ: Լրացուցիչ հետազոտությունը կարող է ներառել կրծքավանդակի ռենտգեն, ներերակային պիելոգրաֆիա, ցիստոսկոպիա կամ պրոկտոսկոպիա, ինչպես նաև արյան ընդհանուր քննություն և նյութափոխանակության գնահատում:
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված քաղցկեղի բջջային ծագումից, վուլվայի ենթակառուցվածքներում կարող են առաջանալ քաղցկեղի տարբեր հյուսվածաբանական ենթատիպեր[22][23]։
Տափակ բջջային կարցինոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի վերահսկման, համաճարակաբանության և վերջնական արդյունքների (SEER) ռեգիստրի վերջերս կատարած վերլուծությունը ցույց է տվել, որ տափակ բջջային քաղցկեղը կազմում է վուլվայի բոլոր քաղցկեղների մոտ 75%-ը[22]: Այս ախտահարումները առաջանում են էպիդերմալ տափակ բջիջներից։ Վերջիններս մաշկի բջիջների ամենատարածված տեսակն են կազմում: Carcinoma in situ-ն (քաղցկեղ տեղում) տափակ բջջային քաղցկեղին նախորդող ախտահարում է, որի ախտահարման խորությունը սահմանափակվում է հիմային թաղանթով: Գույություն ունի նախաքաղցկեղային ախտահարումների երկու տեսակ՝
- Վուլվայի ներէպիթելային նորագոյացության հասարակ տեսակ (uVIN), որի առաջացումը կապված է մարդու պապիլոմավիրուսի (HPV) հետ և հաճախ ախտահարում է երիտասարդ կանանց: Նախաքաղցկեղային ախտահարման այս տեսակը մոտավորապես 6% դեպքերում հարաճում է՝ վերածվելով բազալոիդ կամ գորտնուկավոր տափակ բջջային քաղցկեղի[22]։
- Վուլվայի տարբերակված ներէպիթելային նեոպլազիա (dVIN), որը կապված է քրոնիկ մաշկային վիճակների հետ, ներառյալ սկլերոզացնող և հարթ որքինը, և սովորաբար ախտահարում է ավելի տարեց կանանց: Այս ախտաբանությունը մոտավորապես 33%-ի դեպքերում հարաճում է դեպի կերատինացնող տափակ բջջային քաղցկեղ:
Տափակայբջջային ախտահարումները հակված են առաջանալ մեկ տեղում և առավել հաճախ հանդիպող հատվածը հեշտոցի նախադուռն է[24]: Դրանց աճը տեղային է, տարածումը տեղի է ունենում շրջակա ավշային համակարգի միջոցով: Սեռական շուրթերի ավշային ուղիները հոսում են դեպի վուլվայի վերին հատված և ցայլային թմբկություն, այնուհետև՝ մակերեսային և խորը աճուկային և ազդրային ավշային հանգույցներ: Վերջին խորը ազդրային հանգույցը կոչվում է Կլոկեդի հանգույց[24]: Այս հանգույցից այն կողմ տարածվելով՝ քաղցկեղը հասնում է կոնքի ավշային հանգույցներին: Ուռուցքը կարող է նաև ներթափանցել հարակից օրգաններ, ինչպիսիք են հեշտոցը, միզուկը և ուղիղ աղիքը, և տարածվել դրանց ավշային ուղիներով:
Վուլվայի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղը հազվագյուտ հանդիպող տեսակ է և հակված է դրսևորվել որպես դանդաղ աճող գորտնուկ: Վուլվայի լորձաթաղանթի քաղցկեղները հակված են ունենալ բարենպաստ կանխատեսում, քանի որ այս ախտահարումները հազվադեպ են տարածվում շրջակա ավշային հանգույցներ կամ մետաստազավորվում[22][25]:
Բազալ բջջային կարցինոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազալ բջջային կարցինոման կազմում է վուլվայի բոլոր քաղցկեղների մոտ 8%-ը: Այն սովորաբար հանդիպում է կանանց կյանքի 7-րդ և 8-րդ տասնամյակներում[22]: Հաճախ դրսևորվում են որպես դանդաղ աճող ախտահարումներ սեռական մեծ շուրթերի վրա, բայց կարող են առաջանալ վուլվայի ցանկացած մասում: Նման են այլ տեղակայման բազալ բջջային քաղցկեղներին: Դրանք հաճախ աճում են տեղային և ունեն խորը ինվազիայի և մետաստազների առաջացման ցածր ռիսկ:
Բուժումը ներառում է քաղցկեղի տեղային հեռացում։ Այս ախտահարումները ամբողջությամբ չբուժելու դեպքում հակված են կրկնվելու:
Մելանոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելանոման վուլվայի քաղցկեղների երրորդ ամենատարածված տեսակն է և կազմում է վուլվայի բոլոր քաղցկեղների 6%-ը[22]: Այս ախտահարումները առաջանում են մելանոցիտներից՝ մաշկի գույնն ապահովող բջիջներից: Ախտորոշման միջին տարիքը 68 տարեկանն է, սակայն ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի վերահսկման, համաճարակաբանության և վերջնական արդյունքների (SEER) ռեգիստրի վերլուծությունը ցույց է տվել, որ այն կարող է ախտորոշվել 10-107 տարեկան հասակում[22][26]:
Վուլվայի մելանոմայի գենետիկ հիմքը զգալիորեն տարբերվում է մաշկի մելանոմաներից, և մուտացիոն վերլուծությունները ցույց են տվել, որ միայն 8%-ն է կրում BRAF մուտացիա՝ համեմատած մաշկի մելանոմաների 70%-ի հետ[27]։ KIT մուտացիաները, սակայն, զգալիորեն ավելի տարածված են վուլվայի մելանոմայի դեպքում[22][27]։ Սա անմիջական ազդեցություն ունի վուլվայի մելանոմաների դեղորայքային բուժման վրա. BRAF-ինհիբիտորները, որոնք հաճախ են օգտագործվում մաշկի մելանոմաների բուժման մեջ, աննշան դեր են խաղում վուլվայի մելանոմաների դեպքում։ Չնայած սրան, վուլվայի մելանոմաները հաճախ էքսպրեսում են PD-L1, այդ իսկ պատճառով անցակետերի (check-point) ինհիբիտորները (ներառյալ CTLA-4 ինհիբիտորները և PD-1 ինհիբիտորները) արդյունավետ են վուլվայի մելանոմայի ուշ փուլերում[28]։ KIT մուտացիա ունեցող կրկնվող մելանոմայի բուժման դեպքում կարող են օգտագործվել թիրոզին կինազի ինհիբիտորները[22][27]։
Ըստ հյուսվածաբանական տեսակների կան վուլվայի մելանոմայի տարբեր ենթատիպեր՝ մակերեսային տարածվող, հանգուցավոր, ակնային ոսպնյակավոր և ամելանոտիկ մելանոմա: Վուլվայի մելանոմաները յուրահատուկ են նրանով, որ դրանք դասակարգվում են մելանոմայի AJCC քաղցկեղի դասակարգման միջոցով, այլ ոչ FIGO դասակարգման համակարգով[29]:
Վուլվայի մելանոմայի ախտորոշումը հաճախ ուշանում է, և կանանց մոտավորապես 32%-ը ախտորոշման պահին արդեն իսկ ունի շրջակա ավշային հանգույցների ախտահարում կամ հեռավոր մետաստազներ[24][29]: Ավշային հանգույցների մետաստազները և միտոտիկ բարձր ակտիվությունը անբարենպաստ պրոգնոստիկ ցուցանիշներ են[29]: Ընդհանուր կանխատեսումը վատ է և զգալիորեն ավելի վատ, քան մաշկի մելանոմաների դեպքում, միջին ընդհանուր ապրելիությունը 53 ամիս է[29][28]:
Բարտոլինյան գեղձի կարցինոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարտոլինյան գեղձի կարցինոման հազվագյուտ հանդիպող չարորակ ուռուցք է և սովորաբար հանդիպում է 65 տարեկանից բարձր կանանց շրջանում։
Այլ ախտահարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլվայի քաղցկեղի այլ ձևերից են ինվազիվ արտակրծքային Պեջետի հիվանդությունը, ադենոկարցինոման (օրինակ՝ Բարտոլինյան գեղձերի) և սարկոման[22][30]։
Քաղցկեղի փուլավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անատոմիական դասակարգումը լրացրել է նախակլինիկական դասակարգմանը սկսած 1988 թվականից: FIGO-ի վերանայված TNM դասակարգման համակարգը որպես դասակարգման չափանիշներ օգտագործում է ուռուցքի չափը (T), ավշային հանգույցների ներգրավվածությունը (N) և մետաստազների առկայությունը կամ բացակայությունը (M): I և II փուլերը համապատասխանում են վուլվայի քաղցկեղի վաղ փուլերին, որոնք, դեռևս սահմանափակված են քաղցկեղի առաջնային օջախով: III փուլը ներառում է հիվանդության ավելի մեծ տարածում դեպի հարևան հյուսվածքներ և մեկ կողմում գտնվող աճուկային ավշային հանգույցներ: IV փուլում քաղցկեղը տարածված է դեպի երկու կողմերում գտնվող աճուկային ավշային հանգույցներ կամ առկա են հեռավոր մետաստազներ[31]:
- Վուլվայի քաղցկեղի փուլերը[32]
-
Վուլվայի քաղցկեղի 1-ին A և 1-ին B փուլեր
-
Վուլվայի քաղցկեղի 2-րդ փուլ
-
Վուլվայի քաղցկեղի 3-րդ փուլ
-
Վուլվայի քաղցկեղի 4-րդ A փուլ
-
Վուլվայի քաղցկեղի 4-րդ B փուլ
Տարբերակիչ ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերակիչ ախտորոշում պետք է անցկացնել այլ քաղցկեղային ախտահարումներից՝ վուլվայի Պեջետի հիվանդություն և վուլվայի ներէպիթելային նեոպլազիա (VIN), վուլվայի ոչ քաղցկեղային հիվանդություններից՝ սկլերոզացնող որքին, տափակ բջջային հիպերպլազիա և վուլվայի վեստիբուլիտ։ Տարբերակիչ ախտորոշում պետք է անցկացնել նաև ինֆեկցիոն մի շարք հիվանդություններից, այդ թվում՝ սեռական հերպես, մարդու պապիլոմավիրուս, սիֆիլիս, շանկրոիդ, աճուկային գրանուլոմա և սեռական լիմֆոգրանուլոմա:
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժման մեթոդի ընտրությունը կախված է հիվանդության անատոմիական փուլից։ Հիմնական մեթոդը վիրահատությունն է, որը սովորաբար կիրառվում է այն քաղցկեղների դեպքում, որոնք սահմանափակված են վուլվայի շրջանով[31]: Վիրահատությունը կարող է ներառել լայնածավալ տեղային հեռացում (ուռուցքի հեռացում՝ առողջ հյուսվածքի սահմանում, որը ապահովում է ուռուցքի լրիվ հեռացումը), արմատական մասնակի վուլվէկտոմիա կամ արմատական լրիվ վուլվէկտոմիա՝ վուլվայի հյուսվածքի, աճուկային և ազդրային ավշային հանգույցների հեռացմամբ[22][26]: Քաղցկեղի վաղ փուլերում վիրահատության ծավալը կարող է լինել ավելի փոքր, և բաղկացած լինել լայնածավալ հեռացումից կամ պարզ վուլվէկտոմիայից: Վիրահատության ծավալն զգալիորեն մեծանում է, երբ քաղցկեղը տարածված է լինում հարևան օրգաններ, ինչպիսիք են միզուկը, հեշտոցը կամ ուղիղ աղիքը: Վիրահատության բարդություններից են հետվիրահատական վերքի վարակը, սեռական դիսֆունկցիան, այտուցը և թրոմբոզը, ինչպես նաև դիսեկցիայի ենթարկված ավշային հանգույցներից առաջացող լիմֆեդեման[33]:
Պահակ ավշային հանգույցի (SLN) դիսեկցիան մեթոդ է, որն օգտագործվում է ուռուցքից արտահոսքի ճանապարհին հիմնական ավշային հանգույց(ներ)ը հայտնաբերելու համար: Նպատակն է հեռացնել որքան հնարավոր է քիչ ավշայինհանգույցներ՝ նվազեցնելով անբարենպաստ ազդեցությունների ռիսկը: Պահակ հանգույց(ներ)ի տեղակայման հայտնաբերման համար կարող է օգտագործվել տեխնեցիում(99m)-ով նշակրված նանոկոլոիդ կամ տեխնեցիումի և 1% իզոսուլֆան կապույտ ներկանյութի համադրություն, ընդ որում այս համադրությունը, համեմատած միայն տեխնեցիումի, կարող է նվազեցնել աճուկային հանգույցներում բաց թողնված և չհայտնաբերված մետաստազներ ունեցող կանանց թիվը[33]։
Ճառագայթային թերապիան կարող է օգտագործվել վուլվայի քաղցկեղի ավելի ուշ փուլերում, երբ հիվանդությունը տարածված է լինում ավշային հանգույցներ և/կամ կոնք: Այն կարող է իրականացվել վիրահատությունից առաջ կամ հետո: Վուլվայի քաղցկեղի վաղ փուլում աճուկային շրջանի առաջնային ճառագայթային թերապիան արդյունավետ է, բայց վիրահատության համեմատ ցուցաբերում է հիվանդության կրկնության ավելի բարձր ռիսկ և ապրելիության ցածր մակարդակ[34]։ Քիմիոթերապիան սովորաբար չի օգտագործվում որպես առաջնային բուժում, բայց կարող է օգտագործվել քաղցկեղի ուշ փուլերում դեպի ոսկրեր, լյարդ կամ թոքեր տարածման դեպքերում: Քիմիոթերապիայի դեղաչափը կարելի է նվազեցնել համակցելով այն ճառագայթային բուժման հետ[35]: Վուլվայի մելանոմայի դեպքում կարող են օգտագործվել անցակետերի ինհիբիտորներ[28]:
Նախնական ագրեսիվ բուժում ստացած հիվանդների էլեկտրոքիմիոթերապիան ներերակային բլեոմիցինով ցուցաբերեց ուռուցքի բավարար վերահսկելիություն և բարելավեց ապրելիությունը՝ ինչպես ընդհանուր, այնպես էլ քաղցկեղի առաջխաղացման կասեցման պայմաններում[36]:
Քաղցկեղի ուշ փուլերում, վիրահատության հետ համեմատելիս, առաջնային քիմիոճառագայթային կամ նեոադյուվանտ քիմիոճառագայթային թերապիան ընդհանուր ապրելիության կամ բուժման հետ կապված անբարենպաստ ազդեցությունների առումով էական տարբերություններ չեն ցուցաբերում: Անհրաժեշտ է անցկացնել բարձր ապացուցողական մակարդակով հետազոտություններ, որոնք կհամեմատեն առաջնային բուժման տարբեր մեթոդներ[37]:
Վուլվայի քաղցկեղով կանայք պետք է պարբերաբար այցելեն ուռուցքաբանի և անցնեն հետազոտություններ։ Այցելությունները պետք է լինեն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ բուժումից հետո առաջին 2-3 տարիների ընթացքում: Նրանք չպետք է անցնեն քաղցկեղի վերահսկման համար նախատեսված ռուտին հետազոտություններ, եթե նոր ախտանիշներ ի հայտ չեն եկել կամ օնկոմարկերների մակարդակը չի բարձրացել[38]: Այս ցուցումներից զերծ ռուտին հետազոտությունը խորհուրդ չի տրվում, քանի որ քիչ հավանական է, որ այն կհայտնաբերի հիվանդության կրկնությունը կամ կբարելավի ապրելիությունը։ Բացի այդ, տվյալ հետազոտությունները կարող են ունենալ սեփական կողմնակի ազդեցություններ և կապված են ֆինանսական ծախսերի հետ[38]:
Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, վուլվայի քաղցկեղի հնգամյա ապրելիությունը կազմում է մոտ 78%[24], սակայն ապրելիության մակարդակի վրա կարող են ազդեցություն ունենալ որոշ գործոններ, ներառյալ քաղցկեղի փուլը, քաղցկեղի տեսակը, հիվանդի տարիքը և ընդհանուր առողջական վիճակը: I փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների շրջանում հնգամյա ապրելիությունը գերազանցում է 90%-ը, բայց կարող է նվազել մինչև 20%, երբ գործընթացում ներգրավված են կոնքային ավշային հանգույցները: Ավշային հանգույցների ներգրավվածությունը կանխատեսման ամենակարևոր գործոնն է[39]:
Կանխատեսումը կախված է քաղցկեղի փուլից, որը որոշվում է քաղցկեղի չափերով և օրգանիզմում տարածմամբ[40]: Քաղցկեղը «տեղայնացված» է համարվում, երբ սահմանափակվում է մեկ մարմնամասով: Այս պարագայում ապրելիության մակարդակը Միացյալ Նահանգներում ամենաբարձրն է՝ 86%: Երբ քաղցկեղը սկսում է տարածվել, կոչվում է «ռեգիոնար». այս փուլը սովորաբար ներառում է քաղցկեղի տարածումը դեպի շրջակա ավշային հանգույցներ: Այս դեպքում ապրելիության մակարդակը կազմում է 50%: Երբ քաղցկեղը մետաստազավորվել է և տարածվել ամբողջ օրգանիզմում, ապրելիության մակարդակը կազմում է 22%[40]:
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին վուլվայի քաղցկեղով առաջնակի ախտահարում հայտնաբերվել է մոտ 44,200 կանանց մոտ և պատճառ է հանդիսացել 15,200 մահվան ամբողջ աշխարհում[5]:
Վուլվայի քաղցկեղը կարելի է բաժանել երկու տեսակի․ առաջինը սկսվում է որպես մարդու պապիլոմավիրուսի (HPV) վարակ, որը հանգեցնում է վուլվայի ներէպիթելային նորագոյացության (VIN) և հնարավոր վուլվայի քաղցկեղի զարգացման[41]։ Այն առավել տարածված է երիտասարդ՝ մինչև 40 տարեկան կանանց շրջանում[41]։ Երկրորդ տեսակը վուլվայի ոչ ուռուցքային էպիթելային խանգարումներն են (VNED)։ Այն առավել տարածված է տարեց կանանց մոտ՝ բջջային ատիպիայի զարգացման բարձր ռիսկի պատճառով, որն էլ իր հերթին հանգեցնում է քաղցկեղի[41]։
Միացյալ Թագավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վուլվայի քաղցկեղը կազմում է քաղցկեղի բոլոր դեպքերի և մահերի 1%-ից փոքր մասը, սակայն Մեծ Բրիտանիայում ախտորոշված բոլոր գինեկոլոգիական քաղցկեղների մոտ 6%-ը։ 2011 թվականին հիվանդությունը ախտորոշվել է մոտ 1200 կնոջ մոտ, իսկ 2012 թվականին վուլվայի քաղցկեղից մահացել է մոտ 400 կին[42]։ Միացյալ Թագավորությունում վուլվայի քաղցկեղով 10 հիվանդներից 7-ը ենթարկվում են խոշոր վիրաբուժական միջամտության՝ որպես քաղցկեղի բուժման բաղկացուցիչ մաս[43]։ Հիվանդների 22%-ը ստանում է ճառագայթային թերապիա և միայն 7%-ն է ստանում քիմիաթերապիա որպես բուժման մաս[43]։ Ապրելիության ցուցանիշները բավականին բարձր են. վուլվայի քաղցկեղով ախտորոշված հիվանդների մեկ տարվա ապրելիությունը կազմում է 82%, հնգամյա ապրելիությունը՝ 64%, 10 տարի և ավել ապրելիությունը կազմում է 53%[43]։ Ապրելիության մակարդակը փոխվում է՝ կախված հիվանդի տարիքից և քաղցկեղի փուլից։
Միացյալ Նահանգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում առաջնային քաղցկեղ հայտնաբերվել է մոտ 7,480 կանանց մոտ՝ տարեկան 1,770 մահով[40]։ Այն կազմում է բոլոր քաղցկեղների նոր դեպքերի մոտ 0.4%-ը[40], և գինեկոլոգիական քաղցկեղների 5%-ը[44]։ ԱՄՆ-ում վուլվայի քաղցկեղի դեպքերը 2013-2022 թվականների ընթացքում աճել են տարեկան 0.7%-ով[40]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Vulvar Cancer Treatment». National Cancer Institute (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 9. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Sam A, George J, Mathew B (2019 թ․ ապրիլ). «Less Common Gynecologic Malignancies: An Integrative Review». Seminars in Oncology Nursing. 35 (2): 175–181. doi:10.1016/j.soncn.2019.02.004. PMID 30867101. S2CID 76665631.
- ↑ 3,0 3,1 «Vulvar Cancer Treatment». National Cancer Institute (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 1. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
- ↑ Signorelli C, Odone A, Ciorba V, Cella P, Audisio RA, Lombardi A, և այլք: (2017 թ․ հուլիս). «Human papillomavirus 9-valent vaccine for cancer prevention: a systematic review of the available evidence». Epidemiology and Infection. 145 (10): 1962–1982. doi:10.1017/S0950268817000747. PMC 5974698. PMID 28446260.
- ↑ 5,0 5,1 «Cancer today». IARC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Cancer of the Vulva—Cancer Stat Facts». SEER (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «What Are the Symptoms of Vaginal and Vulvar Cancers?». CDC. 2014 թ․ մարտի 13. Վերցված է 2016-03-26-ին.
- ↑ «Vulvar Cancer Treatment». National Cancer Institute. 1980-01-01. Վերցված է 2015-04-14-ին.
- ↑ «What is vulvar cancer?». cancer.org. Արխիվացված է օրիգինալից 2016-12-05-ին. Վերցված է 2015-04-14-ին.
- ↑ Zacur H, Genadry R, Woodruff JD (1980 թ․ ապրիլ). «The patient-at-risk for development of vulvar cancer». Gynecologic Oncology. 9 (2): 199–208. doi:10.1016/0090-8258(80)90028-1. PMID 7372192.
- ↑ Copeland LJ, Sneige N, Gershenson DM, McGuffee VB, Abdul-Karim F, Rutledge FN (1986 թ․ հունիս). «Bartholin gland carcinoma». Obstetrics and Gynecology. 67 (6): 794–801. doi:10.1097/00006250-198606000-00009. PMID 3010205.
- ↑ de Koning MN, Quint WG, Pirog EC (2008 թ․ մարտ). «Prevalence of mucosal and cutaneous human papillomaviruses in different histologic subtypes of vulvar carcinoma». Modern Pathology. 21 (3): 334–44. doi:10.1038/modpathol.3801009. PMID 18192968.
- ↑ Weberpals JI, Lo B, Duciaume MM, Spaans JN, Clancy AA, Dimitroulakos J, և այլք: (2017 թ․ օգոստոս). «Vulvar Squamous Cell Carcinoma (VSCC) as Two Diseases: HPV Status Identifies Distinct Mutational Profiles Including Oncogenic Fibroblast Growth Factor Receptor 3». Clinical Cancer Research. 23 (15): 4501–4510. doi:10.1158/1078-0432.CCR-16-3230. PMID 28377483.
- ↑ Halec G, Alemany L, Quiros B, Clavero O, Höfler D, Alejo M, և այլք: (2017 թ․ ապրիլ). «Biological relevance of human papillomaviruses in vulvar cancer». Modern Pathology. 30 (4): 549–562. doi:10.1038/modpathol.2016.197. PMID 28059099.
- ↑ de Sanjosé S, Alemany L, Ordi J, Tous S, Alejo M, Bigby SM, և այլք: (2013 թ․ նոյեմբեր). «Worldwide human papillomavirus genotype attribution in over 2000 cases of intraepithelial and invasive lesions of the vulva». European Journal of Cancer. 49 (16): 3450–61. doi:10.1016/j.ejca.2013.06.033. PMID 23886586.
- ↑ «What is Vulvar Cancer?». Society of Gynecologic Oncology. 2012 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ van de Nieuwenhof HP, Bulten J, Hollema H, Dommerholt RG, Massuger LF, van der Zee AG, և այլք: (2011 թ․ փետրվար). «Differentiated vulvar intraepithelial neoplasia is often found in lesions, previously diagnosed as lichen sclerosus, which have progressed to vulvar squamous cell carcinoma». Modern Pathology. 24 (2): 297–305. doi:10.1038/modpathol.2010.192. PMID 21057461.
- ↑ Bigby SM, Eva LJ, Fong KL, Jones RW (2016 թ․ նոյեմբեր). «The Natural History of Vulvar Intraepithelial Neoplasia, Differentiated Type: Evidence for Progression and Diagnostic Challenges». International Journal of Gynecological Pathology. 35 (6): 574–584. doi:10.1097/PGP.0000000000000280. PMID 26974999. S2CID 42163280.
- ↑ Madsen BS, Jensen HL, van den Brule AJ, Wohlfahrt J, Frisch M (2008 թ․ հունիս). «Risk factors for invasive squamous cell carcinoma of the vulva and vagina—population-based case-control study in Denmark». International Journal of Cancer. 122 (12): 2827–34. doi:10.1002/ijc.23446. PMID 18348142. S2CID 11542729.
- ↑ Brinton LA, Thistle JE, Liao LM, Trabert B (2017 թ․ մայիս). «Epidemiology of vulvar neoplasia in the NIH-AARP Study». Gynecologic Oncology. 145 (2): 298–304. doi:10.1016/j.ygyno.2017.02.030. PMC 5629039. PMID 28236455.
- ↑ «Vulvar Cancer». Gynecologic Neoplasms. Armenian Health Network, Health.am. 2005. Վերցված է 2007-11-08-ին.
- ↑ 22,00 22,01 22,02 22,03 22,04 22,05 22,06 22,07 22,08 22,09 22,10 Wohlmuth, Christoph; Wohlmuth-Wieser, Iris (2019 թ․ դեկտեմբեր). «Vulvar malignancies: an interdisciplinary perspective». Journal of the German Society of Dermatology. 17 (12): 1257–1276. doi:10.1111/ddg.13995. ISSN 1610-0387. PMC 6972795. PMID 31829526.
- ↑ Hoffman, Barbara (2012). Williams Gynecology (2nd. ed.). New York: McGraw-Hill Medical. էջեր 794–806. ISBN 978-0-07-171672-7.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 Hoffman B, Schorge J, Schaffer J, Halvorson L, Bradshaw K, Cunningham G (2012). Williams Gynecology (2nd ed.). The McGraw-Hill Company, Inc. ISBN 978-0-07-171672-7.
- ↑ «American Cancer Society: What is Vulvar Cancer?». www.cancer.org. Արխիվացված է օրիգինալից 2016-12-05-ին. Վերցված է 2014-06-11-ին.
- ↑ 26,0 26,1 Wohlmuth, Christoph; Wohlmuth-Wieser, Iris; May, Taymaa; Vicus, Danielle; Gien, Lilian T.; Laframboise, Stéphane (2020 թ․ ապրիլ). «Malignant Melanoma of the Vulva and Vagina: A US Population-Based Study of 1863 Patients». American Journal of Clinical Dermatology. 21 (2): 285–295. doi:10.1007/s40257-019-00487-x. ISSN 1179-1888. PMC 7125071. PMID 31784896.
- ↑ 27,0 27,1 27,2 Wohlmuth, Christoph; Wohlmuth-Wieser, Iris (2021-06-14). «Vulvar Melanoma: Molecular Characteristics, Diagnosis, Surgical Management, and Medical Treatment». American Journal of Clinical Dermatology. 22 (5): 639–651. doi:10.1007/s40257-021-00614-7. ISSN 1179-1888. PMC 8421300. PMID 34125416.
- ↑ 28,0 28,1 28,2 Wohlmuth, Christoph; Wohlmuth-Wieser, Iris; Laframboise, Stéphane (2020-11-24). «Clinical Characteristics and Treatment Response With Checkpoint Inhibitors in Malignant Melanoma of the Vulva and Vagina». Journal of Lower Genital Tract Disease. 25 (2): 146–151. doi:10.1097/LGT.0000000000000583. ISSN 1526-0976. PMC 7984764. PMID 33252450.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 Wohlmuth, Christoph; Wohlmuth-Wieser, Iris; May, Taymaa; Vicus, Danielle; Gien, Lilian T.; Laframboise, Stéphane (2020 թ․ ապրիլ). «Malignant Melanoma of the Vulva and Vagina: A US Population-Based Study of 1863 Patients». American Journal of Clinical Dermatology. 21 (2): 285–295. doi:10.1007/s40257-019-00487-x. ISSN 1179-1888. PMC 7125071. PMID 31784896.
- ↑ Visco AG, Del Priore G (1996 թ․ փետրվար). «Postmenopausal bartholin gland enlargement: a hospital-based cancer risk assessment». Obstetrics and Gynecology. 87 (2): 286–90. doi:10.1016/0029-7844(95)00404-1. PMID 8559540. S2CID 11159562.
- ↑ 31,0 31,1 International Federation of Gynecologists and Obstetricians (FIGO) (2000). «Staging classification and clinical practice guidelines of gynaecologic cancers» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006-04-23-ին. Վերցված է 2006-10-13-ին.
- ↑ Staging of vulvar cancer
- ↑ 33,0 33,1 Lawrie TA, Patel A, Martin-Hirsch PP, Bryant A, Ratnavelu ND, Naik R, Ralte A (2014 թ․ հունիս). «Sentinel node assessment for diagnosis of groin lymph node involvement in vulval cancer». The Cochrane Database of Systematic Reviews. 2014 (6) CD010409. doi:10.1002/14651858.CD010409.pub2. PMC 6457826. PMID 24970683.
- ↑ van der Velden J, Fons G, Lawrie TA (2011 թ․ մայիս). «Primary groin irradiation versus primary groin surgery for early vulvar cancer». The Cochrane Database of Systematic Reviews. 2011 (5) CD002224. doi:10.1002/14651858.cd002224.pub2. PMC 7154218. PMID 21563133.
- ↑ «What are the treatment options?». Society of Gynecologic Oncology. 2012 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Perrone, A. M.; Corrado, G.; Coada, C. A.; Garganese, G.; Fragomeni, S. M.; Tagliaferri, L.; Di Costanzo, S.; De Crescenzo, E.; Morganti, A. G.; Ferioli, M.; De Terlizzi, F.; Scambia, G.; De Iaco, P. (2023). «Electrochemotherapy with intravenous bleomycin for heavily pre-treated vulvar cancer patients». International Journal of Gynecological Cancer. 33 (4): 473–481. doi:10.1136/ijgc-2022-004127. PMID 36787933.
- ↑ Shylasree TS, Bryant A, Howells RE (2011 թ․ ապրիլ). «Chemoradiation for advanced primary vulval cancer». The Cochrane Database of Systematic Reviews. 2016 (4) CD003752. doi:10.1002/14651858.cd003752.pub3. PMC 4164938. PMID 21491387.
- ↑ 38,0 38,1 Society of Gynecologic Oncology (2014 թ․ փետրվար), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation, Society of Gynecologic Oncology, Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին
- ↑ Farias-Eisner R, Cirisano FD, Grouse D, Leuchter RS, Karlan BY, Lagasse LD, Berek JS (1994 թ․ ապրիլ). «Conservative and individualized surgery for early squamous carcinoma of the vulva: the treatment of choice for stage I and II (T1-2N0-1M0) disease». Gynecologic Oncology. 53 (1): 55–8. doi:10.1006/gyno.1994.1087. PMID 8175023.
- ↑ 40,0 40,1 40,2 40,3 40,4 «Cancer of the Vulva—Cancer Stat Facts». SEER (անգլերեն). Վերցված է 2026-01-08-ին.
- ↑ 41,0 41,1 41,2 Alkatout I, Schubert M, Garbrecht N, Weigel MT, Jonat W, Mundhenke C, Günther V (2015 թ․ մարտի 20). «Vulvar cancer: epidemiology, clinical presentation, and management options». International Journal of Women's Health. 7: 305–13. doi:10.2147/IJWH.S68979. PMC 4374790. PMID 25848321.
- ↑ «Vulval cancer statistics». Cancer Research UK. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 «Vulval cancer statistics». Cancer Research UK (անգլերեն). 2015-05-14. Վերցված է 2019-12-03-ին.
- ↑ «Vulvar Cancer Treatment». National Cancer Institute. 1980-01-01. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Vulvar Cancer Treatment (PDQ®)–Health Professional Version—Information from the US National Cancer Institute
- Canavan TP, Cohen D (2002 թ․ հոկտեմբեր). «Vulvar cancer». American Family Physician. 66 (7): 1269–74. PMID 12387439. Review article for general practitioners.