Ավելուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վուլուկ թռթշիկից)
Ավելուկ
Ավելուկ
Ավելուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ենթաընտանիք Հնդկացորենայիններ (Polygonoideae)
Տրիբա Rumiceae
Ցեղ Ավելուկ (Rumex)
Տեսակ Ավելուկ (R. confertus)
Միջազգային անվանում
Rumex confertus

Ավելուկ (լատին․՝ Rumex), մատիտեղազգիների (հնդկացորենազգիներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի և թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 150, Հայաստանում՝ 12 տեսակ՝ ավելուկ սովորական (R. acetosa), ավելուկ գանգուր (R. crispus), ավելուկ ալպիական (R. alpinus), ավելուկ ավելուկանման (R. acetoselloides), և այլն։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունն ուղիղ է, ճյուղավորվող, մերկ, ակոսավոր, կոպիտ, բարձրությունը՝ մինչև 120 սմ։ Ցողունները հասունանալուց հետո հաճախ ձողանման են դառնում, տերևներն ամբողջական են։ Ծաղիկները երկսեռ են, ավելի սակավ՝ միասեռ։ Պտուղը պատված է ծաղկապատի ներքին 3 մեծացած թերթերով։ Տերևները խոշոր են, հերթադիր կոթունավոր, գծաձև կամ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մանր, երկսեռ, հազվադեպ՝ միասեռ։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը եռակող սերմիկ է։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մարգագետիններում, նոսրանտառներում, թփուտներում, անտառեզրերին, լեռնալանջերին, գետափերին, խոնավ վայրերում և այլն։ Աղբոտում է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի դաշտերը, խոտհարքները, արոտավայրերը։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ըստ տեսակների ունի կիրառական տարբեր նշանակություններ։ Օգտագործվում է ե՛ւ որպես դեղաբույս, ե՛ւ որպես բանջարանոցային կուլտուրա (տերևաբանջար), ե՛ւ որպես անասնակեր։ Հանդիսանում է վայրի բնության մեջ տարածված ուտելի խոտաբույս, վայելում է ժողովրդականություն հատկապես նրանց համար, ովքեր զբաղվում են հավաքչությամբ։

Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ, թթուներ, սապոնիններ, ներկանյութ և այլն։ Ավելուկն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ դիզենտերիայի, լյարդի հիվանդությունների, մարսողության խանգարման ժամանակ և սննդի մեջ (թարմ, չորացրած)։

Ըստ համի՝ ավելուկը լինում է դառը (ցածրադիր դաշտավայրերում), քաղցր և թթվաշ (միջին և բարձրադիր գոտիներում)։

Ավելուկը բարբառներում կոչվում է վիլուկ (Տավուշ), ավլուկ (Լոռի), մզուկ (չոր ավելուկ, Ղարաբաղ)։ Ալիշանը հիշատակում է նաև սիլխ, ածվոց, Ամիրդովլաթը՝ արաբերեն հումազ բառով, կոչվում է նաև ղափաթին, լապատան, որ հունարեն lapathum բառն է։ Ավելուկի երկար ցողունները կոչվում են աժախ կամ խոլո (Թիֆլիս) և գործածվել են իբրև փայտանյութ տանիքները ծածկելու համար։ Ավելուկի մի տեսակը, որն ունի թթու համ, կոչվում է թրթնջուկ, բարբառներում անվանում են նաև թթռտիչ (Ասլանբեկ), թթռնիճ, թթոկիչ, գառան ականջ (Սեբաստիա)։ Խաշած թրթնջուկի տերևները դնում են լնդերին, արմատից կարմրավուն ներկ են ստանում, տերեևներով մաքրում են պղնձե ամանները, հյութով՝ թանաքի բծերը։

Ավելուկը ժողովրդական բժշկության մեջ ամենից շատ տարածված դեղաբույսերից է, բուժական նպատակներով գործածում են ավելուկի արմատը, տերևներն ու սերմերը։ Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են և ուտում։ Լուծի դեպքում խաշած ավելուկ են ուտում, իսկ ցրտից ուռած վերքին դնում են կաթով խաշած ավելուկ։ Ավելուկի ջուրը խմում են՝ թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը՝ թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը՝ ամլության ժամանակ։ Քոսի դեպքում շապը և ավելուկի արմատը ծեծում ու քսում են մարմնին։ Արմատը գործածում են նաև ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա՝ «զսիրտն ուրախ առնէ»։ Ծեծած հում սերմը խառնում են գինու հետ ու խմում ստամոքսի ու որովայնի ցավերի դեպքում, իսկ ջրախառնուրդը ժահարի դեղ է, որը չեզոքացնում է թույնը։

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ և չոր տերևները։ Մասնավորապես Խարբերդում կերել են միայն թարմ տերևները։ Պասի շրջանում ավելուկից պատրաստված կերակուրները հայերի մեջ պարտադիր են եղել։

Որոշակի սորտեր մշակվում և կիրառվում են նաև որպես անասնակեր, մասնավորապես տերևներն ու պտուղները[1]։ Հարմար է խոզաբուծության, ճագարաբուծության և թռչնաբուծության համար։ Բերքատվությունը՝ 1 մ²-ուց մինչև 8 կգ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավելուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 610