Վուլկան (ռումիներեն՝ Vulcan, նախկին անվանումը՝ Jiu-Vaidei-Vulcan), քաղաք և նույնանուն համայնքի կենտրոն Ռումինիայում՝ Հունեդոարա ժուդեցում (շրջանում), երկրի մայրաքաղաք Բուխարեստից 224, մերձակա խոշոր բնակավայրից՝ Կրայովա քաղաքից 124 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Համայնքի կարգավիճակ է ստացել 2003 թվականի դեկտեմբերին։ Զբաղեցնում է 87,31 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 28.478[3]:
Բնակավայրը կոչվել է մերձակա լեռնանցքի անունով, որը միմյանց է կապում Jiu Valley հովիտն ու Օլտենիա մարզը։ Երկուսի անվանումների հիմքում էլ ընկած է սլավոնական «vlk» արմատը, որը նշանակում է «գայլ» («волк»):
1788 թվականին տարածքում հայտնաբերվել են ածխի հանքաշերտեր։ Դա տեղի է ունեցել հետևյալ կերպ. ավստրիացի գեներալ Լանդաուի զորքը թուրքերի հարձակումից պաշտպանելիս է եղել բնակավայրը։ Ճակատամարտին նախորդած գիշերը զինվորները խարույկ են արել, որը չեն կարողացել հանգցնել՝ տակից այրվող ածուխի պատճառով։ Գեներալի մտքով անմիջապես անցել է, որ որ կարող է առանց կռիվ տալու կանգնեցնել թուրքերին, և հրամայել է հնարավորինս շատ վայրերում ածխակույտեր կրակի տալ։ Թուրքերը, խարույկների բազմությունը տեսնելով, եզրակացրել են, թե ավստրիացիներն իրենց կարծածից շատ են և հեռացել են առանց մարտի բռնվելու։