Վորտիցիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Վորտիցիզմ (անգլ.՝ Vorticism), 20-րդ դարի ավանգարդիստական արվեստի ուղղություն, որը ծագել է Մեծ Բրիտանիայում, մոտ է ֆուտուրիզմին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վորտիցիզմը բացառապես անգլիական մշակութային երևույթ է, մոդեռնիզմի անգլիական ճյուղ և հակազդել է ինչպես իմպրեսիոնիզմին, այնպես էլ` կլասիցիզմի գեղանկարչության ավանդույթներին։ Վորտիցիզմի նախակարապետը եղել է նկարիչ Ռոջեր Ֆրայը, որը ոճի ներկայացուցիչների համար ճանապարհ է հարթել իր «Մանեն և պոստիմպրեսիոնիստները»[2]» (1910) և «Անգլիացի, ֆրանսիացի և ռուս նկարիչների երկրորդ պոստիմպրեսիոնիստական ցուցահանդես» (1912 год) ցուցահանդեսներով։

Վորտիցիզմի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել իտալական ֆուտուրիզմը։ 1910 թվականին Լոնդոն է եկել Ֆիլիպո Մարինետտին և դասախոսություններ է կարդացել ֆուտուրիզմի մասին կանանց Լիցեում ակումբում (Lyceum Club for Women), իսկ 1912 թվականին լոնդոնյան Սաքվիլ պատկերասրահը դարձել է երկրորդ վայրը, որտեղ ցուցադրվել է ֆուտուրիստական մեծ շարժական ցուցահանդեսը։

1914 թվականին որոշ անգլիացի նկարիչներ, որոնցից էին Պերսի Լյուիսը, Լոուրենս Ատկինսոնը, Դեյվիդ Բոմբերգը և բանաստեղծ Էզրա Փաունդը, ստեղծել են գեղարվեստական միավորում, որը հիմնված էր ինդուստրիալ ծաղկման և մեգապոլիսների` հետագայում եվրոպական քաղաքակրթության վրա ունենալիք վճռորոշ ազդեցության հասկացության վրա։ Այս գեղարվեստական ուղղության տպագիր օրգան է դարձել Լյուիսի կողմից թողարկվող «Blast» ամսագիրը, որը գոյություն է ունեցել երկու տարի և թողարկվել է երկու անգամ, 1914 թվականի հուլիսին և 1915 թվականի հուլիսին։ Փաունդը շարժման գաղափարական ոգեշնչողն էր[3]։

Վորտիցիզմը պայքարում էր գեղանկարչության մեջ ռեալզիմի ավանդույթների դեմ, ժխտում էր արվեստի բարոյական ասպեկտը և պնդում էր, որ գեղարվեստական յուրաքանչյուր արարում ինքնուրույն է։ Դրանից բացի, վորտիցիստները ֆրանսիական գեղարվեստական դպրոցի հակառակորդներն էին և իրենց համարում էին անգլիական նորդիական արվեստի ներկայացուցիչներ։ Ըստ նրանց, ժամանակակից ոգու մեջ հատուկ ռիթմ էր զգացվում, որը ծնվել է փոփոխությունների փոթորիկից։ Միևնույն ժամանակ, վորտիցիստները համընդհանուր առաջընթաց էին տեսնում ոչ թե նոր ավտոմեքենաների կամ ինքնաթիռների արագության չափումներում, այլ` գործառութային կառուցվածքների և հասարակության ներքին կազմակերպման փոփոխություններում։ Իրենց աշխատանքները վորտիցիզմի ներկայացուցիչները դիտարկել են որպես վեճ` ժամանակակից ինդուստրիալ քաղաքակրթության դեմ, որտեղ մարդն իրեն մեծ քաղաքների և զանգվածային արդյունաբերությունների գերի է զգում։ Իտալացի ֆուտուրիստների կողմից մեխանիկական շարժման առջև խոնարհումը վորտիցիստները մերժել են` համարելով այն սենտիմենտալ ռոմանտիզմ։ Վորտիցիզմը որպես գեղարվեստական ուղղություն մարել է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին։

Առավել հայտնի վորտիցիստ նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեյվիդ Բոմբերգ
  • Ջեսիկա դիսմոր
  • Ջեյկոբ Էպստայն
  • Անրի Գոդիե Բժեսկա
  • Էլվին Քոբուրն (լուսանկարիչ)
  • Պերսի Լյուիս
  • Էզրա Փաունդ
  • Ուիլյամ ռոբերտս
  • Էդվարդ Ուոսվորտ
  • Դորոթի Շեքսպիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ольга Борисовна Краснова Энциклопедия искусства XX века. — ОЛМА Медиа Групп, 2002. — 351 с. — ISBN 9785224032419
  2. Altshuler B. From salon to biennale: exhibitions that made the art history. Vol. I.. — London: Phaidon, 2009. — С. 85.
  3. Авангард в культуре XX века: 1900-1930 гг. : теория, история, поэтика. — ИМЛИ РАН, 2010. — 710 с. — ISBN 9785920803634

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вортицизм // Литературная энциклопедия терминов и понятий / Под ред. А. Н. Николюкина. — Институт научной информации по общественным наукам РАН: Интелвак, 2001. — 1596 с. — ISBN 5-93264-026-Х
  • Sylvia Martin «Futurismus», Köln 2005
  • Susanne Kappeler «Der Vortizismus in der englischen Avantgarde zwischen 1913 und 1915», Bern 1986.