Վոստոկ (լիճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոստոկ լիճ
Озеро Восток

'
Կոորդինատներ
Երկիր Անտարկտիդա
Վարչատարածքային բաժանում Արևելյան Անտարկտիդա
Երկարություն 250 կմ
Լայնություն 50 կմ
Ավազանի մակերեսը 15790 կմ²
Ծավալը 6343 կմ³
Ջրափնյա գծի երկարությունը 1010 կմ
Ամենամեծ խորությունը 1200 մ
«Վոստոկ» գիտահետազոտական կայանը

Վոստոկ լիճ, անդրսառցադաշտային խոշորագույն լիճ, տեղակայված Անտարկտիդա մայրցամաքում։ Լճի հայտնաբերումը 20-րդ դարի խոշորագույն աշխարհագրական հայտնագործություններից մեկն է[1][2][3][4][5]։

Լիճը գտնվում է անտարկտիկական Վոստոկ գիտահետազոտական կայանի շրջակայքում (հարավային լայնության 77°, արևելյան երկայնության 105°)՝ 4000 մ հաստության սառցե վահանի տակ։ Լիճն ունի մոտ 250 կմ երկարություն, 50 կմ լայնություն, մակերեսը մոտ 15,5 կմ² է, իսկ խորությունը՝ 1200 մ։

Լճի յուրահատկությունն այն է, որ միլիոնավոր տարիներ շարունակ մեկուսացված է եղել երկրի մակերևույթից։ Որպես մեկուսիչ եղել է ու շարունակում է մնալ նրա վրայի 4 կիլոմետր հաստությամբ սառցե պատյանը։ Գիտնականների կարծիքով լճի ջրերում կարող են լինել կենդանի օրգանիզմներ, քանի որ կյանքի համար բոլոր անհրաժեշտ գործոններն առկա են։ Դրանց թվում են․

  • Քաղցրահամ ջուրը, որում թթվածնի պարունակությունը 50 անգամ գերազանցում է սովորական քաղցրահամ ջրի մեջ եղածին։ Լիճը թթվածին ստանում է աստիճանաբար դեպի խորքերը իջնող վերևի սառցաշերտերից։
  • Ջրի ջերմաստիճանը խորքում բավականին բարձր է՝ մոտ 10 °C: Կա կարծիք, որ լիճը ջերմություն ստանում է երկրաջերմային աղբյուրներից։ Ջուր-սառցադաշտ եզրույթում ջերմաստիճանը կազմում է −3 °C[6]:
  • Լճում ջրի ճնշումը ըստ հաշվարկների մոտ 300 մթնոլորտ է՝ ատմոսֆեր (առաջանում է հաստ սառցադաշտի ճնշումից), սակայն դրան միկրոօրգանիզմները կարող էին հարմարվել։
  • Միկրոօրգանիզմներ, որոնք հարմարվել են կյանքի այդպիսի պայմաններին և կարող են օժտված լինել յուրօրինակ հատկություններով, քանի որ երկրային կենսոլորտից մեկուսացված են եղել շատ երկար ժամանակ, ինչը նշանակում է, որ էվոլյուցիոն գործընթացներն այնտեղ ընթացել են անկախ։

Լիճն անունը ստացել է խորհրդային Վոստոկ գիտահետազոտական կայանից, որն այդ տարածաշրջանում աշխատում է 1957 թվականից։

Անտարկտիդայում 2007 թվականի դրությամբ ընդհանուր 140 անդրսառցադաշտային լիճ է հայտնաբերվել։

Հայտնագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես այլ անդրսառցադաշտային լճերի, այնպես էլ այս լճի գոյության մասին առաջինը կանխատեսումներ է արել Անդրեյ Կապիցան դեռևս 1955-1957 թվականներին՝ հենվելով տեսական հետազոտությունների վրա։ Բայց ենթադրվում է, որ հայտնագործությունն ինքնին տեղի է ունեցել համեմատաբար վերջերս՝ 1996 թվականին, ռուս բևեռախույզների ջանքերով։

Տեսական հիմնավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գաղափարը, որ սառցադաշտի մեծ հաստության դեպքում նրա ստորին սահմանում ջերմաստիճանը կարող է դառնալ հավասար սառույցի հալման կետին, հայտնի է դարձել 19-րդ դարի վերջին։ Այդ գաղափարի հեղինակը Պյոտոր Կրոպոտկինն է, որը կարծում էր, որ վերին մեծ սառցադաշտերի հաստության մեջ, որտեղ ջերմաստիճանի ժամանակավոր տատանումները չեն արտահայտվում, վերջինս գծային ավելանում է խորությամբ, ինչպես դա տեղի է ունենում այլ ապարաշերտերի հանքահորերում՝ փորված ժայռերի մեջ։ Այս ամենից ելնելով արդեն 1950-ական թվականներին օվկիանոսագետ Նիկոլայ Զուբովը ներմուծել է սառցադաշտի կրիտիկական հաստության գաղափարը, ըստ որի նրա հատակի մոտավոր ջերմաստիճանը, համապատասխան ճնշման պայմաններում հավասարվում է սառույցի հալման աստիճանին։ Անտարկտիդայում առաջին սեյսմիկ հետազոտության արդյունքում նա առաջինն էր, ով հայտնեց կարծիք այն մասին, որ ափերից հեռու գտնվող սառցադաշտային վահանների մեծ հաստությունը կարող է պատճառ դառնալ լճի խորքերում ջրի գոյության համար, նույնիսկ այն դեպքում, երբ մակերեսային սառույցի ջերմաստիճանը շատ ցածր է։

1955 թվականին անգլիացի սառցաբան Ռոբին Գորդոնը հրապարակել է մի հոդված, որում ցույց է տվել, որ անտարկտիկական հաստ սառցադաշտերի ջերմային դաշտը ձևավորվում է վերին սառցաշերտերի ուժեղ ազդեցությամբ, որոնք սառցե մասնիկների միջոցով փոխանցում են սառնամանիքը դեպի ներքև ուղղաձիք ուղղությամբ՝ ոչ գծային, ինչն էլ ինքստիքյան հակասում էր Զուբովի տեսությանը։

1961 թվականին Իգոր Զոտիկովի կողմից անցկացվեցին ջերմաֆիզիկական հաշվարկներ՝ հենված սառցադաշտում ջերմահաղորդման հավասարման լուծման վրա, որոնք դիտարկվում էին որպես շարժվող ջուր։ Հաշվի էր առնվել նաև վերևից ներքև սառնության կոնվեկտիվ շարժումը։ Սրա հիման վրա են վերլուծվել Արևելյան Անտարկտիդայի կենտրոնական մասի սառցածածկույթի տվյալները՝ ստացված սովետական առաջին չորս անտարկտիկական գիտարշավներից։ Տվյալները ցույց են տվել, որ Միրնի կայանից դեպի Վոստոկ կայան, հետո նաև դեպի Հարավային աշխարհագրական բևեռ, Անտարկտիդայի սառցածածկույթի կենտրոնական մասերը գտնվում են այնպիսի պայմաններում, որ սառցադաշտի մեծ հաստության պատճառով, ներքևի շերտերից ջերմության փոխանցման հնարավորությունը դեպի վեր, շատ փոքր է։ Սրա հետ կապված երկրաջերմային հոսքի մեծ մասը անընդհատ ծախսվում է պինդ մահճի հալեցման վրա։ Կարելի է եզրակացնել, որ երկրաջերմային տաքության շնորհիվ հաստ սառցադաշտի ստորին շերտերում ջերմաստիճանը հասնում է հալման (−2 °C) ջերմաստիճանին, 300 մթնոլորտ ճնշման ներքո։ Եզրահանգում. հալած ջուրը արտամղվում է դեպի սառցադաշտի եզրային մասերը, որտեղ հաստությունը համեմատաբար բարակ է ու կրկին սառչում այնտեղ՝ շարունակելով շարժվել դեպի սառցադաշտի եզրերն արդեն սառույցի տեսքով։ Առանձին խորքային անդրսառցադաշտային մահիճներում այդ ջուրը կարող է կուտակվել լճերի տեսքով Անտարկտիկական սառցադաշտային հաստ վահանի կենտրոնական մասերում։

Այսպիսով՝ ծագեց մի տեսություն, որ Անտարկտիդայի սառցե վահանի տակ, գրեթե Եվրոպայի մակերեսին հավասար մակերեսով քաղցրահամ ջրի պաշար կա կուտակված։ Նա պետք է, որ հարուստ լինի թթվածնով, որը հասնում է այնտեղ ներքև իջնող սառցե շերտերի ու ձյան միջոցով։ Եվ շատ հնարավոր է, որ այդ անդրսառցադաշտային լճում կյանք լինի։ Քարտեզից հետևում էր, որ Վոստոկ, Ամունդսեն-Սքոթ, Բերդ գիտահետազոտական կայանները գտնվում են այն շրջաններում, որտեղ տեղի են ունենում այդ հալման պրոցեսները և կարելի է սպասել, որ այդ շրջանում կան անդրսառցադաշտային լճեր։

Զոտիկովի տեսության առաջին փաստացի ապացույցները ստացվել են 1960 թվականի խորքային փորման միջոցով (մինչև 2 կմ), ամերիկյան Բերդ կայանի մոտ, երբ փորման արդյունքում դուրս հորդեց քաղցրահամ ջուր։

Ընդունելով այն փաստը, որ Անտարկտիդայի կենտրոնական սառցադաշտերի հատակային մասի հալումից գոյանում է անդրսառցադաշտային ջուր, ձևավորվել է նոր մոտեցում չորրորդական դարաշրջանի սառցածածկույթի նկատմամբ՝ կապված օգտակար հանածոների հայտնագործման ու շահագործման հետ, հատկապես նավթի ու գազի, որոնք դուրս են մղվում եզրային ջրերի ճնշումից։ Ինչն էլ հետագայում հիմք է հանդիսացել հրաժարվելու Անտարկտիկական սառցադաշտերի տակ ռադիոակտիվ թափոնների հորման ծրագրից։

Հեռավար զոնդավորում Վոստոկ կայանի շրջակայքում

Վոստոկ կայանի շրջակայքում Անդրեյ Կապիցայի ղեկավարությամբ 1959-1964 թվականներին կատարված սեյսմիկ զոնդավորումը թույլ է տվել որոշել սառցադաշտի հաստությունը։ Սակայն ձայնային ալիքի անդրադարձի կրկնակի գրանցում է տեղի ունեցել։ Այն ժամանակ կարծել են, որ սառցադաշտի տակ եղած նստվածքային ապարների ստորին շերտերից է եղել երկրորդ անդրադարձը։ Ավելի ուշ ձևավորվել է կարծիք, որ անդրադարձվող երկրորդ ձայնային ալիքը գալիս է սառցադաշտի ու ջրի շփման սահմանից։

1971-1978 թվականներն ընկած ժամանակահատվածում Ռ. Սքոթի անվան բևեռային հետազոտման ինստիտուտի կողմից կատարվել է աէրոռադիոլոկացիոն պրոֆիլավորում, որի տվյալները հստակ մատնանշում էին ջրավազանի անսովար չափերի առկայություն սառցադաշտի տակ։ 1987 թվականի նոյեմբերին, Անտարկտիդայի կենտրոնական մասերի աէրոերկրաբանական ուսումնասիրման աշխատանքների նպատակով, Իլ-18 ինքնաթիռը իրականացրել է Մոլոդյոժնայա- Արքայազն Չառլզի անվան սար-Վոստոկ-Մոլոդյոժնայա թռիչքուղին, որի արդյունքում ստացված ձայնային ալիքների անդրադարձը այնպիսին էր, ինչպիսին լինում է շելֆային սառցադաշտերից։ Դրանց հիման վրա, 1995 և 1998 թվականներին Քեմբրիջի համալսարանի հետ համատեղ ռուս բևեռախույզները սկսել են իրականացնել վերգետնյա ռադիոլոկացիոն պրոֆիլավորում։ Այս աշխատանքների նպատակն էր որոշել Վոստոկ լճի `որպես աշխարհագրական օբյեկտի, մորֆոմետրիկ բնութագրերը[7]։

Լիճ հասնելու փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համատեղ միջազգային էքսպեդիցիա, 1989

1989 թվականին Վոստոկ կայանի շրջակայքում սկսված 5Գ անունը կրող հորատանցքի փորման նպատակը հնեակլիմայական հետազոտություններն էին, որին մասնակցում էին խորհրդային, ամերիկյան և ֆրանսիական գիտնականներ։ 3539 մետրից սկսած, որին հասել են 1996 թվականին, սառույցի քիմիական և իզոտոպայի կազմությունը և բյուրեղային կառուցվածքը զգալիորեն փոփոխվել է։ Պարզվել է, որ վերջինս անդրսառցադաշտային լճի սառած ջուրն է։ Հետազոտման աշխատանքներին մասնակցել է վեց գիտական խումբ, որոնց կազմի մեջ էին ռուս և ֆրանսիացի գիտնականներ։ 2004 թվականին Ռուսաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է համաձայնագիր Եվրոպական հետազոտական ասոցիացիայի ստեղծման վերաբերյալ, որի նպատակը Արևելյան Անտարկտիդայի[8] անդրսառցադաշտային լճերի կլիմայական և կենսաբանական տվյալների արխիվ ստեղծելն էր, սառցային կեռնի (գլանաձև սառցանմուշի սյուն) էկզոկենսաբանական ուսումնասիրությունների հիման վրա։

1999 թվականին հորատանցքի խորությունը հասել է 3623 մետրի։ Այդ խորությունից հանված սառույցներն ունեցել են մոտ 430 հազար տարվա տարիք, ինչից եզրակացվել է, որ լիճը սառցապատվել է ոչ պակաս, քան 500 հազար տարի առաջ։

Կեռն (գլանաձև սառցանմուշի սյուն)

Հորատման դադար (1999-2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին, երբ լճի կարծեցյալ մակերևույթին հասնելուն մնացել էր 120 մ, հորատման աշխատանքները դադարեցվել են, որպեսզի թույլ չտան քաղցրահամ ջրերի աղտոտում, որը կարող էր վնասել լճի յուրօրինակ էկոհամակարգին։ Այդ կապակցությամբ իրենց մտավախություններն են հայտնել նաև արտասահմանյան կազմակերպություններ ու գիտնականներ[9][10][11], նաև քաղաքական պատճառներից ելնելով[12]։ Պատճառաբանվել է, որ հորատանցքի փորման ժամանակ օգտագործվող կերոսինը, ֆրեոնն ու էթիլենգլիկոլը կարող են հայտնվել լճի ջրերում։ Ռուս մասնագետները պնդում էին, որ հորատումը անվնաս է, ինչը հաստատվել է 2003 թվականի[9] Մադրիդում կայացած Անտարկտիդայի մասին 26-րդ Խորհրդատվական ժողովում և փորձարկվել է Գրենլանդիայում[13].

2003 թվականի Սանկտ Պետերբուրգի Գոռնի ինստիտուտում մշակվել է նոր տեխնոլոգիա, և 2006 թվականին վերսկսվել են խորքային հորատման գործողությունները։

Վերջնական փուլ (2006-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական անտարկտիկական 52-րդ էքսպեդիցիայի շրջանակներում 2006 թվականի դեկտեմբերին հորատման աշխատանքները վերսկսվել են և ստացել առաջին սառցային կեռնը 3650,43 մ խորությունից։

2006-2007 թվականների սեզոնային աշխատանքների ժամանակ նախատեսվել էր հանել 75 մետր սառցային կեռն։ Սակայն ջերմային հորատման սարքի տեխնիկական անսարքության պատճառով կանգ են առել 3665 մետր խորության վրա, երբ լճին մնացել էր մոտ 85 մ։ Անդրսառցադաշտային Վոստոկ լճի ջրերի նմուշառում նախատեսվում էր 2008-2009 թվականների սեզոնային աշխատանքների ժամանակ[8]։

2008 թվականի անտարկտիկական սեզոնում նորից վթարի է ենթարկվել հորատման սարքը, այն պոկվել է։ 2009 թվականի հունվարին ռուս մասնագետները իրականացրել են բոլոր նախապատրաստական աշխատանքները սառցե հանքափոսը լայնացնելու համար, որպեսզի կարողանան վեր բարձրացնել հորատող սարքը։ Ըստ ռուսական 54-րդ արշավախմբի տվյալների՝ ստացված 2009 թվականի հունվարի 22-ին, Վոստոկ կայանում հորատման աշխատանքները շարունակվում են, հորատանցքի տրամագիծն ընդլայնել են 138մմ-ով, սակայն հորատման սարքի դուրս բերումը դեռևս չի հաջողվել։ Եթե սարքի դուրս բերման բոլոր փորձերն անհաջողության մատնվեն, ապա ստիպված կլինեն 3580 մետրից շրջանցելով շարունակել փորման աշխատանքները և լճին հասնելու համար պետք է փորեն 170 մ[14]։ 2010 թվականի մարտի 22-ին Ռուսաստանի հիդրոմետ ծառայության պետ Ալեքսանդր Ֆրոլովը նշել է, որ լճի ջրերին հասնելը նախատեսվում է 2010-2011 թվականների արկտիկական սեզոնում, երբ հարավային կիսագնդում ամառ կլինի[15]։ 2011 թվականի փետրվարի 3-ի դրությամբ հորատանցքի խորությունը 3714,24 մ էր[16]։ Սառցադաշտի իրական հաստությունը հայտնի չէ, այն մոտավորապես 3730-3770 մ է։ Հաշվի առնելով հորատման արագությունը՝ օրական 2,2 մ, անհրաժեշտ էր ևս 16-32 օր լճին հասնելու համար։ Սակայն Անտարկտիկայի ամառային սեզոնի ավարտի հետ՝ փետրվարի վերջին, աշխատանքները հետաձգվել են մինչև 2011 թվականի դեկտեմբեր, և հորատանցքը հերմետիկ փակվել է մինչև հաջորդ տարի՝ հորատող սարքը կանգնեցնելով 3720 մետրի վրա[17]։

Նախատեսվել էր 2011 թվականի դեկտեմբերից շարունակել փորման աշխատանքները և հանելով լճի ջրերի թարմ սառույցների նմուշները՝ դրանք փոխանցել հետազոտման երկրաքիմիկներին, միկրոկենսաբաններին, բյուրեղագետներին, ու դրանով աշխատանքները նորից դադարեցնել։ 2011 թվականի դեկտեմբերին նոր արշավախումբ է ժամանել Անտարկտիդա՝ պրոֆեսոր Նիկոլայ Վասիլևի ղեկավարությամբ[18]։

2012 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, հորատանցքի խորությունը կազմում էր 3773,5 մետր։ Հորատման աշխատանքները ռուս բևեռախույզների կողմից շարունակվում էին շուրջօրյա, նախատեսվում էր հասնել Վոստոկ լճի ջրերին։ Նպատակին հասնելու համար մնացել էր տասնյակ մետրից քիչ ավելի[19]։ Հունվարի 17-19 հորատման աշխատանքները դադարեցվել են երկրաֆիզիկական չափումների և այլ օժանդակ աշխատանքների նպատակով։ Խորջրյա «ձկան աչք» տեսախցիկի օգնությամբ կատարվել են նկարահանումներ 3680-3719 մետր խորությունների վրա[20]։ Հունվարի վերջին՝ հորատման աշխատանքների ավարտին, սպասվում էր ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ Դաշնային խորհրդի անդամ, նշանավոր բևեռախույզ Արթուր Չիլինգարովի[21] այցը Վոստոկ գիտահետազոտական կայան։

2012 թվականի փետրվարի 5-ին գիտնականներն ավարտել են հորատումը 3769,3 մոտրի վրա՝ հասնելով անդրսառցադաշտային լճի մակերևույթին[22].

Նոր տեխնոլոգիայի համաձայն՝ հորատանցքում նախապես ստեղծվում է հորատման հեղուկի սյունակի ճնշման թերկոմպենսացում, որի արդյունքում ջուրը, մինչև նշված մակարդակը լցվելով հորատանցքը, սառչում է։ Հետո՝ մյուս աշխատանքային սեզոնի ժամանակ, այդ թարմ սառույցները հանվում են և ուղարկվում լաբորատորիաներ՝ հետազոտման համար[7]։
- Վալերի Լուկին

2013 թվականի հունվարի 10-ին առաջին անգամ ստացվել է 2 մետրանոց լճային թափանցիկ սառցային կեռնը[23]։

Հետագա հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորատման սարքին կպած սառցանմուշը ուսումնասիրվել է Պետերբուրգի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գենետիկայի լաբորատորիայում, որի պատասխանատու Սերգեյ Բուլատը հայտարարել է, որ հայտնաբերված 4 տեսակի բակտերիաներն էլ պատկանում են կոնտամինատներին (աղտոտող տեսակներին), որոնք հայտնաբերվել են հորատման հեղուկի մեջ, որով պատված է եղել հորատող սարքը և սառցանմուշը։ Բակտերիաներից երկուսն էլ հայնտաբերել են մարդու վրա։ Մի խոսքով ոչ մի հետաքրքիր բան։ Վերջնական եզրահանգումն այն էր, որ վերին ձյան շերտում բջիջներ չկան, լճային սառույցը նույնպես անկենդան է։ Միայն լճի ջրում կարող է կյանք լինել[24]։

Հաջորդ անտարկտիկական սեզոնում (2012 դեկտեմբեր-2013 հունվար)՝ մայիս ամսվա կեսերին, սառցային նոր փորձանմուշ կեռնը հասցրել են Ռուսաստան, որի ուսումնասիրությունից հետո հայտարարվել է, որ հայտնաբերել է գիտությանն անհայտ բակտերիայի տեսակ, որը միլիոնավոր տարիներ շարունակ մեկուսացված է եղել արտաքին աշխարհից 4 կմ հաստության սառցաշերտով։

Եթե մենք ցույց տանք այն օրգանիզմի ԴՆԹ-ն, որը հայտնաբերել ենք 2016 թվականին՝ չզգուշացնելով, թե որտեղից է այն… Մեզ կհարցնեք, արդյոք այս մոլորակից է այն[25]։
- Սերգեյ Բուլատ

Անտարկտիկական Վոստոկ լճի միկրոբները պետք է յուրօրինակ լինեն, ինչպես նաև լիճը՝ միլիոնավոր տարիներ կտրված աշխարհից հաստ սառցաշերտով։ Իր չափսերի շնորհիվ այն մեծ հետաքրքրություն է առաջացնում աստղակենսաբանների շրջանում, քանի որ այն որպես օրինակ կարող է ծառայել Յուպիտերի և Սատուրնի արբանյակներ Եվրոպայի ու Էնցելադի անդրսառցադաշտային պոտենցիալ բնակեցված ջրամբարների համար։ Պատահաբար Վոստոկ լճին ամենամոտը Վոստոկ գիտահետազոտական կայանն է, դրա համար էլ լճի ուսումնասիրմամբ 2015 թվականից հիմնականում զբաղվել են ռուս գիտնականները, և սառցանմուշները պահպանվում են Ռուսաստանում։ Սակայն հետազոտությունների իրականացումն աստիճանաբար բարդանում է, քանի որ Ռուսաստանի կառավարությունը կրճատում է Անտարկտիկայի հետազոտության համար ֆինանսավորումը և չի աջակցում գիտության ոլորտում միջազգային համագործակցությանը։

Վոստոկ լիճը

Անտարկտիդայում հայտնաբերվել է ավելի քան 400 անդրսառցադաշտային լիճ, որոնք բոլորն իրար նման են․ բոլորի հաստ ծածկասառույցի տակ հեղուկ ջուր է։ Բայց Վոստոկը ամենամեծն է, մակերեսը մոտ 15800 կմ² է և իր չափերով մեծ է Օնեգա լճից։ 1994 թվականին հայտնաբերել են, իսկ 2012 թվականին ստացել առաջին նմուշները։ Առաջին նմուշների անալիզներից հետո միկրոկենսաբաններին դժվար էր փորման համար անհրաժեշտ հեղուկից ստացվող աղտոտող բակտերիաներից առանձնացնել լճայինը։ Դա նրանց հաջողվել է 2015 թվականին, երբ նոր բերված սառցանմուշի մեջ հայտնաբերերվել է երկու բակտերիաների ԴՆԹ, որոնց դեպքում գիտնականները վստահ էին, որ դրանք Վոստոկ լճից են։ Առաջինն ընդհանրապես անծանոթ էր գիտնականներին և դրա մասին էր Սերգեյ Բուլատն ասել, որ լիովին կարելի է այլմոլորակային բակտերիայի տեղ դնել։ Երկրորդը ունեցել է ընդհանուր նմանություններ Herminiimonas glaciei տեսակի հետ, որոնց նախկինում հայտնաբերել են Գրենլանդիայի սառցադաշտերում։ 2015 թվականին սպասում էին նոր սառցանմուշների ստացմանը, որոնց ուսումնասիրմամբ կստանային նոր տվյալներ և կհաստատեին արդյունքները, բայց այդպես էլ չեն ստացվել դրանք։

2015-2016 թվականների ձմռանը ռուս անտարկտիկական էքսպեդիցիայի համար խնդիրներ են ծագել։ Կառավարությունը, որը նախկինում ծրագրել էր անտարկտիկական հետազոտություններ ընդհուպ մինչև 2020 թվականը, դադարեց միջոցներ հատկացնել։ Այդ որոշումը կապվում է «շրջադարձ դեպի հյուսիս» ծրագրի հետ՝ կապված ռուսական կառավարության ունեցած հետաքրքրվածության մեծացման հետ, ինչը վնասել է մյուս ուղղությունների ուսումնասիրություններին։ Արդյունքում Սերգեյ Բուլատը նորագույն մեթոդներով նորից է ուսումնասիրել հին նմուշները։ 2018 թվականին հայտնաբերվել է Վոստոկի երրորդ հնարավոր բնակիչ բակտերիան՝ յին marini Lactobacillus sp-ը։ Սակայն դրա հայտնաբերումից հետո ի հայտ եկան մի շարք նոր հարցեր, քանի որ այդ բացիլները սնվում են օրգանական աշխարհով, ինչը գրեթե բացակայում է Վոստոկ լճում[26]։ Առաջընթաց այդ բնագավառում առայժմ չի դիտվում, սակայն 2016-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում գտնվեցին միջոցներ Վոստոկ գիտահետազոտական կայանի բնակելի կացարանային պայմանների բարելավման համար։ Մայցամաքի խորքերն ուսումնասիրելու համար ձեռք են բերել աէրոսահնակներ։ Այս ամենը նախատեսում է բևեռախույզների կյանքի պայմանների բարելավում, բայց ոչ լճի հետազոտական աշխատանքների վերսկսում։ 1989-2012 թվականների փորված հորատանցքն արդեն հնացել է, անհրաժեշտ է նորը փորել, որպեսզի ստանան ավելի ստերիլ նմուշներ։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով աշխատանքները դադարեցվել են, ինչից և կարելի է եզրակացնել, որ Վոստոկ լճի բնակիչները մոտակա ժամանակներս կմնան անձեռնմխելի։ Լճի հորատման աշխատանքների վերսկսման հետ գիտնականները պատրաստ կլինեն փնտրել և ուսումնասիրել անդրսառցադաշտային ամենամեծ լճի նոր բնակիչների։

Ռելիեֆը լճի շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոստոկ լճի ռադիոլոկացիոն նկարը RADARSAT կայանից (NASA)

Վոստոկ լճի շրջակայքի սառցադաշտն ավելի փոքր թեքություն ունի, քան հարակից շրջաններում։ Արևմտյան մասում սարահարթը կտրուկ բարձրանում է, իսկ արևելյան մասում՝ կտրուկ իջնում։ Այդպիսի կառուցվածք բնորոշ է շելֆային (ծանծաղուտային) սառցադաշտերի մոտ։ Սա նույնպես հիմք է ծառայել լճի գոյության մասին վարկածի առաջ քաշման հարցում։

2008 թվականին ավարտվել են 1995 թվականից սկսված երկրաֆիզիկական աշխատանքները։ Բոլոր տվյալների, այդ թվում՝ նաև արտասահմանյան հետազոտությունների վերլուծության ու մեկնաբանության արդյունքում կազմվել է լճի ափագծի մանրամասն քարտեզ, որոշվել են լիճը պատող սառցադաշտի ու մահճի մորֆոմետրիկ բնութագրերը։

Սառցադաշտի հաստությունը տարբեր մասերում տարբեր է․ հյուսիսում՝ 3800 մ, հարավում՝ 4250 մ։ Անդրսառցադաշտային Վոստոկ լճի մակերեսը կազմում է 15790 կմ² է։ Իր ավազանի տարածքում այն ունի 11 կղզի՝ 365 կմ² ընդհանուր մակերեսով։ Նրանցից ամենամեծի մակերեսը կազմում է 175 կմ²։ Վոստոկ լճի շրջակայքում հայտնաբերվել է ևս 56 անդրսառցադաշտային լիճ, որոնցից ամենամեծն ունի 129 կմ² մակերես[7]։

Ստորջրյա լեռնաշղթայով լիճը բաժանված է երկու մասի։ Հյուսիսային մասի խորությունը մոտ 400 մ է, հարավայինը՝ մոտ 800 մ, ստորջրյա լեռնաշղթայի վերևում գտնվող խորությունը մոտ 200 մ է։

Վերջին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մակընթացային ուժերի գործողության արդյունքում ջուր-սառույց մակերևույթի մակերեսը տատանվում է 1-2 սմ լայնույթով։ Այս երևույթը հանգեցնում է ջրի խառնման, ինչը կարող է էական լինել միկրոօրգանիզմների գոյատևման համար։

Լճի էկոհամակարգի օլիգոտրոֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի էկոհամակարգը պատկանում է անդրսառցադաշտային էկոհամակարգերին, որոնց բնորոշ է ծայրահեղ բարձր աստիճանի օլիգոտրոֆիա, այսինքն՝ սննդանյութերի ցածր խտություն։ Դրանք համարվում են Երկրագնդի առավել օլիգոտրոֆ համակարգերից։ Հիմնական պատճառ հանդիսացող գործոններն են.

  • Երկրագնդի շատ էկոհամակարգերում սննդառության շղթայի սկիզբ են հանդիսանում ֆոտոսինթեզ կատարող ավտոտրոֆ օրգանիզմները, որոնք սինթեզում են օրգանական նյութեր՝ օգտագործելով ածխաթթու գազն ու Արեգակնային էներգիան։ Ի տարբերություն Անտարկտիկայի չոր հովիտների՝ Վոստոկ լճի էկոհամակարգը չի կարողանում օգտագործել Արեգակնային էներգիան լիճը ծածկող հաստ սառցաշերտի պատճառով։
  • Հալվող սառույցի մեջ օրգանական աշխարհի բաղադրությունը շատ ցածր է՝ ի տարբերություն աբիսալ (օվկիանոսների մեծ խորությունների) էկոհամակարգերի, որոնցում կա օրգանական աշխարհի անընդհատ ներհոսք մակերևույթային մասերի ֆոտոսինթեզից, հետերոտրոֆները անդրսառցադաշտային էկոհամակարգերում չեն տարածվում։

Այսպիսով, եթե նույնիսկ լճի խորքերում կյանք լինի, ապա այն էկոհամակարգ կարող է ստեղծել միայն քիմիական տեսքով էներգիայի ներհոսքի առկայության դեպքում, որը բավարար կլինի սննդառության շղթայի առաջնային օղակի համար պահանջվող անհրաժեշտ ֆոտոսինթեզի համար։

Մանրեաբանական նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոստոկ լճի յուրահատկություններից է նաև այն, որ վերջինս սառչում է վերևից, իսկ ծածկող սառցադաշտի ներքևի սառույցը առաջանում է լճի մակերևութային ջրերի սառչելու արդյունքում։ Հենց այդ սառույցն էլ դառնում է հետազոտման օբյեկտ լճի միկրոֆլորան պարզելու համար։ Ուսումնասիրությունների արդյունքները շատ հակասական են, որոշ սառույցներում դիտարկվում է մանրեների բջիջների խտացում 10²-104 բակտերիաներ մեկ սմ³-ում, իսկ որոշներում էլ դիտվում է ավելի մեծ խտացում։

ԴՆԹ-ի պրոֆիլների վերաբերյալ հետազոտությունները նույնպես հակասական են։ Որոշ նմուշներում դրանք նման են ծածկող սառույցի ԴՆԹ-ի պրոֆիլներին, սակայն որոշ հետազոտողներ էլ ցույց են տվել ԴՆԹ հաջորդականությունների առկայություն մոտիկ թերմոֆիլ և քեմոտրոֆ բակտերիաների ԴՆԹ-ին, ինչը կարող է մատնանշել երկրաջերմային ակտիվ օջախների առկայությունը լճում։

Լճի ջրի առաջին նմուշների վերլուծությունը տևել է մոտ մեկ տարի և միայն 2013 թվականի մարտին է հայտարարվել նոր դասի ցրտադիմացկուն մանրէների հայտնաբերման մասին[27]։

Հնարավոր նմանօրինակ լճային էկոհամակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նմանօրինակ լճերի պայմանները կարող են նման լինել վաղ պրոտերոզոյի ժամանակաշրջանի պայմաններին (750-543 միլիոն տարի առաջ), երբ Երկրագնդի վրա տեղի է ունեցել մի քանի գլոբալ սառցապատում, որոնք շարունակվել են մինչև 10 միլիոն տարի (Երկիր-ձնագունդ)։

Նմանատիպ լճերի ուսումնասիրության փորձն օգտակար կլինի Յուպիտեր մոլորակի Եվրոպա և Կալիստո արբանյակների, ինչպես նաև Սատուրն մոլորակի Էնցելադա արբանյակների վրա գտնվող, կարծեցյալ նմանօրինակ լճերի փորձանմուշների ապագա ուսումնասիրման ժամանակ, որոնց ուսումնասիրումն արդեն իսկ պլանավորվում է։ Արդեն պլանավորված առաքելություններ են ուսումնասիրել Երկրագնդից դուրս գտնվող ստորջրյա օվկիանոսները, ինչպիսիք են JIME (Jupiter Icy Moon Explorer), EJSM (Europa Jupiter System Mission), Laplace - Europe P[28][29]: Սա կարող է լինել ոչ երկրային կյանքի որոնման ամենահեռանկարային նախագծերից մեկը[30]։

Լիճը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլզ Ստրոսսի «Շատ սառը պատերազմ» ֆանտաստիկ վեպի գործողությունները տեղի են ունենում Վոստոկ լճում, որտեղ հայտնաբերվել են միջմոլորակային հարթակ և կյանքի անսովոր ձևեր։

Վասիլի Գոլովաչիովի «Ատլանտարկտիդա» ֆանտաստիկ վեպում Վոստոկ լիճն ունի կենտրոնական դեր, քանի որ այնտեղ հայտնաբերվել էր հնագույն աշխատունակ անտարկ-ատլանտներ, որոնք կարող են գլոբալ ազդեցություն գործել Երկրի ֆիզիկական իրականության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lake Vostok: Russian Scientists Claim Success in Antarctic». abcnews.go.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. «Lake Vostok drilling in Antarctic 'running out of time' By Katia Moskvitch Science reporter, BBC News». www.bbc.co.uk. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «They Did It! Russians Expose Lake Vostok Secrets Feb 6, 2012 // by Christina Reed». news.discovery.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. «First Lake Vostok Samples 'Lifeless,' But American Scientist Says That's Not Conclusive By Jason Koebler October 19, 2012». www.usnews.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Russian Scientists Breach Antarctica's Lake Vostok—Confirmed». news.nationalgeographic.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. «ИНСТИТУТ ГЕОЭКОЛОГИИ. АРКТИЧЕСКИЙ И АНТАРКТИЧЕСКИЙ НАУЧНО-ИССЛЕДОВАТЕЛЬСКИЙ ИНСТИТУТ». www.ats.aq. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 7,2 Попов С. В., Масолов В. Н., Лукин В. В., Попков А. М. «Результаты отечественных дистанционных исследований подледникового озера Восток в Восточной Антарктиде»// Разведка и охрана недр. — 2012 — № 8
  8. 8,0 8,1 «Тайну происхождения реликтового озера Восток в Антарктиде откроют через два года». www.nkj.ru (ռուսերեն). Журнал «Наука и жизнь». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. 9,0 9,1 «Скандал над озером Восток: Россию пытаются не допустить к глубинному бурению в Антарктиде». www.ng.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // Независимая газета, 11 августа 2004
  10. «Антарктический договору не справиться с национальной гордостью». www.smh.com.au (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // Sydney Morning Herald, 8 февраля 2011 г.
  11. «Коалиция антарктических и южных морей: озеро Восток». www.asoc.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. Лукин В. В. «Подледниковое озеро Восток»». www.tv100.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «Тайны озера Восток». www.rg.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // Российская газета. Союз. Беларусь-Россия № 522 (38) 13 октября 2011 г.
  14. «Новости». www.aari.nw.ru (ռուսերեն). ААНИИ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  15. «Антарктида «поведала» о температуре на Земле за минувшие 440 тыс. лет РИА-новости». www.rian.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  16. «Пресс-релиз 03.02.2011 г. Трудные заключительные шаги перед входом в озеро». www.aari.nw.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.(չաշխատող հղում)
  17. «Пресс-релиз 07.02.2011 г. Озеро Восток: скважину законсервировали до следующего года». www.strf.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  18. «Пресс-релиз 20.12.2011». www.rg.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // «Российская газета» — Федеральный выпуск № 5662 (286)
  19. «Озеро Восток: глубина скважины достигла 3737,5 метра». www.strf.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // strf.ru — Наука и технологии России
  20. «Озеро Восток: глубина скважины достигла 3738,5 метра». strf.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // strf.ru — Наука и технологии России
  21. «Бурение на озере Восток возобновится после уточнения диаметра скважины». ecoportal.su. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // ЭкоПортал
  22. «Российские ученые проникли в подледниковое озеро Восток в Антарктиде». eco.ria.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // РИА Новости, 6 февраля 2012
  23. «Получены первые пробы воды из озера Восток в Антарктиде». ria.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // РИА Новости, 10 января 2013
  24. «Эксперимент по поиску жизни в озере под Антарктидой буксует». izvestia.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. // Известия
  25. «ААНИИ официально заявил о находке в озере Восток нового типа бактерий». 2012 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին.
  26. «Восток и его обитатели: тайны подледного озера Антарктиды». Popmech.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  27. «Российские ученые в Антарктиде нашли неизвестные ранее формы жизни». www.itar-tass.com. ИТАР-ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 4-ին.
  28. Jia-Rui C. Cook, Dwayne C. Brown (2013 թ․ փետրվարի 21). «NASA and JPL Contribute to European Jupiter Mission». NASA. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  29. «Europa Mission». NASA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  30. Владимир Котляков. В ста метрах от тайны // Вокруг света. — 2004. — № 2 (1 փետրվարի).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]