Վոստոկ (անտարկտիկական գիտակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոստոկ
ՏեսակԱնտարկտիկական բևեռային գիտակայաններ
ՄայրցամաքԱնտարկտիդա
ՎարչատարածքԱնտարկտիկայի համաձայնագրի տարածք
ԲԾՄ3488 ± 1 մետր
Ջրլիցի ափինՎոստոկ
Ձևավորում1957
Անվանված էՎոստոկ
Քարտեզ
Քարտեզ
Անտարկտիդա

Վոստոկ, ռուսական անտարկտիկական գիտահետազոտական կայան։ Ներկայումս Ռուսաստանի կողմից օգտագործվող միակ ներցամաքային անտարկտիկական կայանն է[1][2][3]։ Այն հիմնադրվել է 1957 թվականի դեկտեմբերի 16-ին խորհրդյին Անտարկտիկական արշավի ժամանակ[4][5][6]։ Անվանվել է ի պատիվ 1819-1820[7] թվականների արշավախմբի մասնակից առագաստանավերից մեկի՝ «Վոստոկ» առագաստանավի։ Երկար ժամանակ կայանի պետը եղել է Վ. Ս. Սիդորովը։

Սառցածածկույթի հաստությունը կայանի տակ կազմում է 3700 մ։

Կլիմայական պայմանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանի շրջակայքում Երկրագնդի ամենածանր կլիմայական պայմաններն են՝

  • Դաժան սառնամանիքներ։ Ողջ տարին կայանի շրջանն առանձնանում է նվազագույն ջերմաստիճանով։ Այստեղ է գրանցվել մոլորակի նվազագույն ջերմաստիճանը 1983 թվականի հուլիսի 21-ին[8][9][10]։ Արբանյակային հեռավար զոնդավորումը ցույց է տալիս, որ Անտարկտիդայում հնարավոր են ավելի ցածր ջերմաստիճաններով վայրեր, (տես Ցրտի բևեռները)։ Ամենատաք ամառային օրը կայանում՝ իր ողջ գոյության ընթացքու, 1957 թվականի դեկտեմբերի 16-ն է, որը գրանցվեց -13,6 °C[11]:
  • Գրեթե զրոյական հարաբերական խոնավություն, ձմռանը[12], միջին տարեկան հարաբերական խոնավությունը -71%[8]։
  • ՝ Քամու միջին տարեկան արագությունը 5,4 մ/վրկ., ուղղությունը՝ արևմուտք-հարավարևմուտք[8], քամու առավելագույն արագությունը՝ 27 մ/վրկ. (գրեթե 100 կմ/ժ)։
  • Կայանի տեղաբաշխման բարձրությունը 3488 մ է ծովի մակարդակից, որն առաջացնում է թթվածնի սուր անբավարարություն։ Կայանի շրջանում ցածր ջերմաստիճանի պատճառով, մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության ընկնում է ավելի արագ, քան միջին լայնություններում և հաշվված է, որ կայանի շրջակայքում մթնոլորտում եղած թթվածնի քանակը համարժեք է 5000 մ բարձրությանը։
  • Օդի իոնացվածության բարձրացում։
  • Ածխաթթու գազի անբավարարություն օդում, ինչը ենթադրաբար հանգեցնում է շնչառության մեխանիզմի խափանումների կարգավորմանը։
  • Բևեռային գիշերը տևում է 120 օր, գրեթե տարվա 1/3-րդ մասը՝ ապրիլի 23-ից մինչև օգոստոսի 20-ը։
  • Ողջ տարվա ընթացքում միայն երկու անգամ է միջին ամսական ջերմաստիճանը բարձրանում մինչև- 40 °C և չորս ամիս էլ՝ −60 °C: Մարտ ամսից մինչև հոկտեմբեր դաժան սառնամանիքներ են տիրում և միայն նոյեմբերին համեմատաբար հարմարավետ պայմաններ են լինում կայանի տարածքում։

Կլիմայավարժումը նմանատիպ կլիմայական պայմաններին տևում է մեկ շաբաթից մինչև մեկ, երկու ամիս, որն ուղեկցվում է այնպիսի երևույթնեով ինչպիսիք են գլխապտույտ, ականջացավ, քթից արյունահոսություն, շնչահեղձության զգացում, արյան ճնշման կտրուկ բարձրացում, քնի կորստ, ախորժակի վատացում և սրտխառնոց, մկանային ու անոթային ցավեր, քաշի կորուստ երեքից հինգ կիլոգրամ (հայտնի է նաև 12 կգ քաշի կորուստ)։

Ամենատաք ամիսների (դեկտեմբեր, հունվար), միջին ջերմաստիճանը կազմում է −35,1 և −35,5 °C, որը համարժեք է սիբիրյան խստաշունչ ձմռանը։ Ամենասառը ամսվա՝ օգոստոսի միջին ջերմաստիճանը կազմում է −75,3 °C, երբեմն էլ այն իջնում է մինչև −88,3 °C: Համեմատելու համար. 1842թ. հունվարը Վերխոյանսկում (որը նվազագույնն էր ՌԴ ողջ դիտարկման պատմության մեջ) ուներ −57,1 °C միջին ջերմաստիճան[13]։ Օրվա առավելագույն ջերմաստիճանը կազմում է −52 °C, իսկ մայիսին, երբեք չի բարձրացել −41,6 °C-ից։ Տեղումներ գրեթե չեն լինում։ Միջին տարեկան տեղումների քանակը կազմում է մոտ 18 մմ

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վոստոկ (անտարկտիկական գիտակայան)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) −14 −21 −30 −33 −38 −33 −34,1 −34,9 −34,3 −33,6 −24,3 −14,1 −14
միջին ջերմաստիճանը (°C) −31,9 −44,1 −57,8 −64,7 −65,6 −65,4 −66,5 −67,8 −66,0 −57,1 −42,5 −31,5 −55,3
բացարձակ նվազագույնը (°C) −56,4 −64 −75,3 −86 −81,2 −83,8 −89,2 −85,1 −85,9 −76,1 −63,9 −50,1 −89,2
տեղումների քանակը (մմ) 0,7 0,3 1 2 3 2 2 2 2 2 1 1 18

Կայանի տեղադիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենագնաց «Խարկովչանկա»

Վոստոկ գիտակայանը գտնվում է Հարավային բևեռից 1253 կմ, Միրնի գիտակայանից 1410 կմ, իսկ մոտակա ծովափից 1260 կմ հեռավորության վրա։ Սառցային ծածկույթի հաստությունը տվյալ շրջանում կազմում է 3700 մ։ Կայանի տակ սառցադաշտի մահիճը գտնվում է ծովի մակարդակից 200 մ ցածր[10].

Ձմռանը (մայիսից-սեպտեմբեր) հասնել կայան գրեթե անհնար է, ինչը նշանակում է, որ բևեռախույզները դրսի օգնության վրա հույս դնել չեն կարող։ Ապրանքների առաքումը կայան իրականացվում է ամռանը, ինքնաթիռներով և սահնակ-թրթուրավոր գնացքով` համեմատաբար տաք ժամանակահատվածում, Պրոգրես անտարկտիկական կայանից[14]։ Նախկինում սահնակ-թրթուրավոր գնացքները գալիս էին Միրնի գիտակայանից[15], սակայն սառցաբեկորների կույտերի՝ թորոսների շատացումը ճանապարհին, այն դարձրեց անհնարին։ Այս եղանակով ապրանքներ առաքելու դժվարությունների մասին մանրամասն նկարագրել է սովետական բևեռախույզ գրող, սցենարիստ,Վլադիմիր Սանինը իր «Նորեկն Անտարկտիդայում» և «72 աստիճան զրոյից ցածր» գրքերում։

Վոստոկ կայանը գտնվում է Երկրագնդի Հարավային մագնիսական բևեռին մոտ և համարվում է Երկրի մագնիսական դաշտի փոփոխությունները ուսումնասիրելու ամենահարմար վայրերից մեկը։ Ամեն տարի այնտեղ 12-13 մարդ է ձմեռում։ Ամառային շրջանում (դեկտեմբերից-մարտ), երբ մի հերթափոխը փոխարինում է մյուսին, բևեռախույզների թիվը կարող է հասնել մինչև 25[16][17].

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 40 տարի ռուս մասնագետները հետազոտություն են իրականացնում ածխաջրածնային և հանքային հումքի, խմելու ջրի պաշարների վերաբերյալ, իրականացնում օդերևութաբանական, ակտինոմետրիկ, երկրաֆիզիկական և սառցադաշտային դիտարկումներ, ինչպես նաև հատուկ բժշկական հետազոտություններ, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխության ուսումնասիրությամբ, «օզոնային խոռոչի» ուսումնասիրությամբ, Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի բարձրացման խնդիրներով և այլն։

Այստեղ, 1990-ականների կեսերից մինչև 2013 թվականը Լենինգրադի լեռնահանքային ինստիտուտի ջանքերով, սառցադաշտային հորատման արդյունքում (նախ ՝ ջերմային հորատման, իսկ հետո էլեկտրամեխանիկական մալուխով), ստացվեց սառցային կեռն (սառցանմուշ) մնացորդային Վոստոկ լճից (Անտարկտիդայի ամենամեծ անդրսառցադաշտային լիճը)։ Այն գտնվում է 4000 մ հաստության սառցե վահանի տակ։ Լիճն ունի մոտ 250 կմ երկարություն, 50 կմ լայնություն, մակերեսը մոտ 15,5 կմ² է, իսկ խորությունը՝ 1200 մ[18]։ Լճի հետագա ուսումնասիրումը առայժմ դադարեցված է։

Անտարկտիկակական Վոստոկ գիտակայանը մեկն էր այն կայաններից, որոնք մասնակցում էին «Համաշխարհային օվկիանոս» դաշնային ծրագրին[19]։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայանը նկարագրվում է Վլադիմիր Սանինի բազմաթիվ գրքերում. «Նորեկն Անտարկտիդայում» (1973), «Յոթանասուներկու աստիճան զրոյից ցածր» (1975), «Թակարդում» (1976)։
  • Վլադիմիր Սանինի պատմությունների հիման վրա նկարահանված «Յոթանասուներկու աստիճանը զրոյից ցածր» (1976) և «Անտարկտիկական վեպ» (1979) ֆիլմերի գործողությունները ծավալվում են դեպի կայան տանող ճանապարհին և կայանում։
  • «Սպիտակ մշուշ» (2009) ֆիլմի դրվագներից մեկում գլխավոր հերոսը հասնում է «Վոստոկ» կայան, որի անձնակազմը, ըստ սյուժեի, տարհանվել էր ձմռանը։
  • Մաքս Բրուքսի «Համաշխարհային պատերազմ Z» վեպում պատվաստանյութի մեծ կեղծարար մագնատը թագնվում է վրեժխնդրությունից «Վոստոկ» կայանում, որը վարձակալել էր Ռուսաստանի կառավարությունից։

Որոշ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զուգարանի կազմակերպումը Վոստոկ կայանում (ըստ Յուրի Սենկևիչի հիշողությունների)։ Սառույցի մեջ պատրաստվում է 1 մ տրամագծով և մինչև 5 մ խորության գլանաձև խորշ, որի վրա ամրացվում է «տնակ»։ Խորշի վրա տեղադրված է պողպատե շրջանաձև շրջանակ, որի մեջտեղում կա առանցք, ինչի վրա էլ ամրացված է համապատասխան տրամագծի պողպատե սկավառակ, որը պտտվում է իր առանցքի շուրջը։ Զուգարանի նստատեղը տեղադրված է սկավառակի հետ շրջանակի վրա։ Արտանետումն ընկնում է այս սկավառակի վրա և սառչում։ Կայարանի հերթապահի պարտականությունը ներառում էր զուգարանը մաքրելը։ Դա տեղի էր ունենում այսպես. մետաղյա լոմով ջարդում էր սառած արտաթորանքը և նետում սկավառակի վրա, որը պտտվելով իր առանցքի շուրջը, մանրացված զանգվածը լցնում էր գլանի մեջ։ Որոշ ժամանակ անց մաքրման գործընթացը կրկնվում էր։ Երբ գլանը լցվում էր, զուգարանը տեղափոխվում էր նոր տեղ, որտեղ նախօրոք հորատվել էր նույնատիպ կառույց։ Հետագայում զուգարանի դասավորությունը ավելի մոտեցավ քաղաքային ստանդարտին։ Կայանն ունի 3 զուգարան (ռադիոկապում, դիզելային էլեկտրակայանում և ճաշարանում)
  • 1982-ի ապրիլի 13-ի գիշերը, անհայտ պատճառով հրդեհ բռնկվելուց հետո, վառվեցին բոլոր հիմնական և պահուստային դիզելային գեներատորները, և կայանը մնաց հոսանքազրկված։ 8 ամիս շարունակ 20 մարդ ծանր ձմեռ է անցկացրել` տաքանալով դիզելային վառելիքով աշխատող  ինքնաշեն վառարաններով, մինչև Միրնի գիտակայանից եկել է սահնակ-թրթուրավոր գնացք` բերելով դիզելային էլեկտրական նոր սարքավորում[20]։
  • Կայանը գտնվում է հասարակածից մոտավորապես նույն հեռավորության վրա, ինչ  Հյուսիսային կիսագնդի Շպիցբերգեն կղզիներում գտնվող Լոնգիրբեն և Բարենցբուրգ քաղաքները, որտեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -46,3 °C է, բացարձակ առավելագույնը՝ + 17,5 °C, իսկ միջին տարեկան ջերմաստիճանը՝ -14,4 °C է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «На российской антарктической станции Восток пробурена скважина до реликтового подледникового озера». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  2. «Feb 7, 2012 12:06pm Lake Vostok, Sealed in Antarctic Ice, Reached by Russian Drillers». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  3. Missing scientists mystery deepens in frozen Antarctica By Jeremy A. Kaplan Published February 03, 2012
  4. «Ледяной материк на юге». Институт географии РАН. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  5. А.Ф. Трешников Создание станции Восток // История открытия и исследования Антарктиды. — М.: Географгиз, 1963. — С. 308. — 432 с. — (Открытие Земли). — 17 000 экз.
  6. Вячеслав Венедиктов (2006-02). «Южный форпост геополитики». Вокруг света, №2 (2785). Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  7. Саватюгин, Преображенская, 1999, էջ 53
  8. 8,0 8,1 8,2 Саватюгин, Преображенская, 1999, էջ 52
  9. Кравчук П. А. Рекорды природы. — Любешов: Эрудит, 1993. — 216 с.
  10. 10,0 10,1 Станция «Восток» Արխիվացված 2007-08-08 Wayback Machine на сайте ААНИИ
  11. Кравчук П. А. Географический калейдоскоп. — Киев: Радянська школа, 1988
  12. «Экстремальные факторы Арктики и Антарктики». geolmarshrut.ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  13. Климатический монитор в Верхоянске. Январь 2010 года.
  14. «Вести недели: Тысяча километров по «Снежной Сахаре»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  15. Санно-гусеничный поход Восток — Мирный. — gennady_gusarov
  16. Ильин, Алексей (2017 թ․ դեկտեմբերի 16). «Тьма, тошнота и минус 80: как выживают в Антарктиде». BBC News Русская служба (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  17. «Russia abandons Ice Station Vostok» (անգլերեն). 2003 թ․ մարտի 4. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  18. Rossica sunt, non leguntur — станция Восток (центральная Антарктида): история глубокого бурения льда и жизнь станции в картинках
  19. Глава Минприроды посетит российскую антарктическую станцию «Восток»
  20. Белый космос

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саватюгин Л.М., Преображенская М.А. Полюс холода / Под ред. д-ра геогр. наук, проф. И.Е. Фролова и канд. геогр. наук В.Я. Липенкова. — СПб.: ААНИИ, 2008. — 508 с. — (Полярная библиотека). — 500 экз. — ISBN 978-5-98364-036-8
  • Саватюгин Л. М., Преображенская М. А. 4.4.3 Станция Восток // Российские исследования в Антарктике. — СПб.: Гидрометеоиздат, 1999. — Т. 1 : (Первая—Двадцатая советская антарктическая экспедиция). — С. 52—56. — ISBN 5-286-01265-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոստոկ (անտարկտիկական գիտակայան)» հոդվածին։