Վոմբաթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոմբատ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Կաթնասուն (Mammalia)
Կարգ Diprotodontia
Ենթակարգ Vombatiformes
Ընտանիք Վոմբատ (Vombatidae)
Burnett, 1830

Վոմբաթներ (լատին․՝ Vombatidae), Ավստրալիայում բնակվող Diprotodontia կարգին պատկանող պարկավոր կաթնասունների ընտանիք։ Վոմբաթները բներ փորող խոտակեր կենդանիներ են, որոնք արտաքնապես հիշեցնում են փոքր արջերի կամ շատ խոշոր համստերների։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքնապես վոմբաթը հիշեցնում է արջի կամ շատ մեծ համստերի։ Մարմնի և օրգանիզմի առանձին մասերի կառուցվածքով, այն շատ ընդհանրություններ ունի կոալայի հետ, բայց իրականում նրանց ազգակցությունը բավականին հեռավոր է։

Վոմբաթները ունեն 70-130 սանտիմետր երկարություն և 20-45 կիլոգրամ քաշ։ Ներկայումս ապրողներից ամենախոշորը լայնաճակատ վոմբաթն է։ Վերացած վոմբաթների թվին են պատկանում այնպիսի տեսակներ, որոնք չափսերով զգալիորեն գերազանցել են ընտանիքի ներկայիս ներկայացուցիչներին։ Այսպես, պլեյստոցենում ապրող Phascolonus gigas-ը կշռել է մոտ 200 կիլոգրամ[1]։

Մարմինը հաստ է, սակայն հավաք։ Գլուխը մեծ է, աչքերը՝ փոքր, ականջները կլորավուն են, ոչ շատ մեծ, գլխին կպած։ Սովորական վոմբաթի քիթը, ի տարբերություն մյուս տեսակների, մազածածկ չէ։ Պոչը կարճ է։ Վերջույթները կարճ են և ուժեղ։ Յուրաքանչյուր թաթի վրա կա հինգ մատ, որոնցից արտաքին չորսը զինված են փորման համար հարմարեցված մեծ ճանկերով։ Բուրդն ունի մուգ գունավորում, կախված տեսակից՝ մոխրագույն կամ շագանակագույն երանգներով։

Վոմբաթների ծնոտները և ատամներն ունեն նմանություն կրծողների հետ։ Վերին և ստորին շարքի առջևում վոմբաթներն ունեն զույգ կտրիչներ։ Ծամելու ատամներն ունեն շատ պարզ կառուցվածք, անկյունային ատամները բացակայում են։ Վոմբաթները, համեմատած այլ պարկավորների հետ, ունեն ատամների նվազագույն քանակը՝ 12:

Վոմբաթներն ունեն սուր լսողություն և հոտառություն, բայց բավականին թույլ տեսողություն։ Չնայած արտաքին անշնորհքությունը, նրանք շատ արագ կենդանիներ են. փորձելով փրկվել վտանգից, վոմբաթը կարող է հեշտությամբ բարձրանալ ծառի վրա, սուզվել ջրի մեջ կամ փախչել։ Կարող են զարգացնել մինչև 40 կմ/ժ արագություն, իսկ կարճ տարածություններում հասնում են 60 կմ/ժ արագության[2][3]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոմբաթները բնակվում են Ավստրալիայի հարավային և արևելյան հատվածներում, Հարավային Ավստրալիա, Վիկտորիա, Նոր Հարավային Ուելս, Քվինսլենդ և Թասմանիա Նահանգներում։ Տարածված են տարբեր վայրերում, սակայն նրանց անհրաժեշտ են փորելու համար հարմար հողեր։

Կարճ մազերով վոմբաթների առանձնյակները բնակվում են Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա և Վիկտորիա նահանգներում։ Ավելի փոքր ենթատեսակները ապրում են Թասմանիա և Ֆլինդերս կղզիներում[4]։ Նրանք անտառներում և ալպյան գոտիներում զբաղեցնում են փորելու համար հարմար տարածքներ[5]։

Երկար մազերով վոմբաթներն ապրում են Հարավային Ավստրալիա նահանգի հարավ-արևելքում, Վիկտորիա նահանգի արևմուտքում, Նոր Հարավային Ուելսի հարավ-արևմուտքում, Քվինսլենդի կենտրոնական շրջաններում և հարավում։ Նրանք ընտրում են անտառային բուսականությամբ և թփուտներով վայրեր, կիսաչոր կլիմայով բաց տարածքներ, իսկ հարավային տեսակները՝ չոր շրջաններ, անտառներ, թփուտների տափաստաններ[5]։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոմբաթներն իրենց սուր ճանկերով հողում փորում են բնակելի քարանձավներ, որոնք երբեմն ստեղծում են բարդ թունելային համակարգեր։ Որպես կանոն, այդ համակարգերի մեծ մասը հասնում են մոտ 20 մետր երկարության և 3,5 մետր խորության։ Եթե առանձին առանձնյակների տարածքները հատվում են, քարանձավները կարող են տարբեր ժամանակներում օգտագործվել տարբեր անհատների կողմից։ Վոմբաթները ակտիվ են գիշերը, երբ նրանք գնում են սննդի որոնման։ Ցերեկը նրանք հանգստանում են իրենց ապաստարաններում։ Մեծահասակ վոմբաթը գրեթե չունի բնական թշնամիներ։ Թշնամիներից մեկը մարդու կողմից ներմուծված դինգոն է։ Բացի այդ, վտանգ կարող է ներկայացնել նաև թասմանյան հրեշը։ Վոմբաթի մարմնի հետևի մասը չափազանց ամուր է՝ հաստ մաշկի, աճառի և ոսկորների շնորհիվ։ Վտանգի դեպքում նրանք կարող են շրջվել և արգելափակել իրենց բույնը և ետ մղել հարձակվողների մեծամասնությանը կամ ճզմել նրանց վերջույթները իրենց քարանձավի պատերին։ Մեջքի ստորին հատվածում՝ կոնքի ոսկորների վրա, վոմբաթը ունի վահանակի նման մի հարմարանք, որը պաշտպանում է նրան մեջքից հարձակման ժամանակ։

Նա նաև գլխով ուժեղ հարվածներ է հասցնում, ինչպես ոչխարը կամ այծը։ Եթե շունը ներխուժում է իր բույն, վոմբաթը սպասում է նրան, առանց տեղից շարժվելու, ապա փորձում է քշել անկյուն՝ դեպի պատը, և այնտեղ խեղդել վահանի օգնությամբ։ Շատ ավելի հաճախ վոմբաթի մահվան մեջ մեղավոր է լինում մարդը. մասնավորապես, շատ վոմբաթներ մահանում են ավտոմեքենաների անիվների տակ։ Այն տարածքներում, որտեղ մարդու ազդեցությունը փոքր է, վոմբաթների քանակը որոշվում է համապատասխան կերի առկայությամբ։

Տարածքը, կախված արտաքին պայմաններից, տատանվում է մինչև 5-25 հեկտար։ Տարածքը նշվում է կղանքով և կառուցված բնակարաններով, և վոմբաթը պաշտպանում է իր տարածքը երբեմն բավականին ագրեսիվ։ Անկոչ հյուր նկատելու դեպքում արուները սպառնալից տարուբերում են գլուխը և մռնչում են։ Հաճախ դա բավարար է լինում ներխուժողին վռնդելու համար։ Սակայն երբեմն սկսում են մենամարտեր, որոնցում վոմբաթները կարող են միմյանց լուրջ վերքեր պատճառել։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոմբաթներն ուտում են երիտասարդ դեղաբույսերի ընձյուղներ։ Երբեմն սննդի մեջ օգտագործվում են նաև բույսերի արմատներ, մամուռ, սնկեր և հատապտուղներ։

Բաժանված վերին շրթունքը թույլ է տալիս վոմբաթին շատ մանրակրկիթ ընտրել, թե ինչ են ուտում։ Դրա շնորհիվ առջևի ատամները կարող են հասնել գետնին և կտրել նույնիսկ ամենափոքր ընձյուղները։ Գիշերային կենսակերպ վարող վոմբաթների սննդի ընտրության մեջ կարևոր դեր է կատարում հոտառությունը։

Վոմբաթների նյութափոխանակությունը շատ դանդաղ և արդյունավետ է։ Ուտելիքը մարսելու համար նրանց անհրաժեշտ է մինչև 14 օր։ Վոմբաթները բոլոր կաթնասունների համեմատ, ուղտից հետո, ջրի առավել տնտեսող սպառողներն են։ Նրանք օրական իրենց քաշի ամեն 1 կիլոգրամի համար օգտագործում են ընդամենը 22 միլիլիտր ջուր։ Նույնիսկ Ավստրալիայում կյանքի պայմաններին հարմարվող կենդանիները, ինչպես կենգուրուների ընտանիքի ներկայացուցիչները, չորս անգամ ավելի շատ ջուր են ծախսում։ Վոմբաթները ցրտին չեն հանդուրժում։

Վոմբաթների կղանքը խորանարդի ձև ունի, ինչը պայմանավորված է աղիների վերջին հատվածի հատուկ կառուցվածքով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քվինսլենդյան վոմբաթ (Lasiorhunus krefftii)

Վոմբաթները բազմանում են ամբողջ տարվա ընթացքում ամենուր, բացի չոր շրջաններում, որտեղ նրանց բազմացումը, ամենայն հավանականությամբ, սեզոնային է։ Էգերի պարկերը հետ շրջված են, որպեսզի հողը փորելիս դրանց մեջ փորելիս հող չլցվի։ Չնայած այն հանգամանքին, որ էգն ունի երկու պտում, միաժամանակ ծնվում և դաստիարակվում է միայն մեկ ձագ[6][7]։ Ձագերը վեցից ութ ամիս աճում են մոր պարկի մեջ և հաջորդ տարվա ընթացքում մնում են մեր հետ։

Արուները սեռական հասունության են հասնում կյանքի երկրորդ, իսկ էգերը՝ երրորդ տարում[8]։ Նրանց կյանքի տևողությունը բնության մեջ կազմում է 15 տարի[2], անազատության մեջ նրանք երբեմն ապրում են մինչև 25[3]։ Ամենատարեց վոմբաթն անազատության մեջ ապրել է մինչև 34 տարի[2], երկրորդ երկարակյացը Պատրիկ է՝ Բալարատի վայրի բնության պարկից, ապրել է ավելի քան 31 տարի և մահացել է 2017 թվականի ապրիլի 18-ին[5][9]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը ներառում է երեք ժամանակակից տեսակներ, որոնք միավորված են երկու տեսակի մեջ։

  • Род Lasiorhinus - Երկարամազ վոմբաթ
    • Lasiorhinus krefftii - Քվինսլենդյան վոմբաթ
    • Lasiorhinus latifrons - Երկարամազ վոմբաթ կամ լայնաճակատ վոմբաթ
  • Род Vombatus - Կարճամազ վոմբաթ
    • Vombatus ursinus - Թասմանյան վոմբաթ

Վոմբաթները հայտնվել են մոտ 18 միլիոն տարի առաջ միոցենում, հայտնի են ևս հինգ վերացած ցեղեր, այդ թվում Phascolonus-ը։ Վոմբաթների ժամանակակից հարազատները կոալաների ընտանիքի ներկայացուցիչներն են։ Նրանց հետ վոմբաթներն ունեն բազմաթիվ նմանություններ ատամների, գանգի և սպերմատոզոիդների կառուցվածքում։ Այնուամենայնիվ, գոյություն ունեն մի շարք ձևաբանական տարբերություններ, որոնք ցույց են տալիս, որ կոալաների և վոմբաթների էվոլյուցիոն գծերը բաժանվել են մոտ 36 միլիոն տարի առաջ։ Վոմբաթների ավելի մտերիմ բարեկամն է եղել դիպրոթոդոնը՝ ռնգեղջյուրի չափ խոշոր պարկավորների ներկայացուցիչ, որը ոչնչացել է ընդամենը 40 հազար տարի առաջ։

Սպառնալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպացիների Ավստրալիայում բնակեցվելուց հետո վամբաթների արեալը զգալիորեն նվազել է։ Դրա պատճառները եղել են նրանց բնակության վայրերի ոչնչացումը, ներկրված տեսակների հետ մրցակցությունը (մասնավորապես, տնային կատուների հետ) և վոմբաթների որսը։ Քվինսլենդի վոմբաթներից այսօր մնացել է միայն 118 առանձնյակ, որոնք ապրում են Քվինսլենդի փոքրիկ արգելոցում։ Մյուս երկու տեսակներն ավելի հաճախ են հանդիպում և դեռևս անհետացման վտանգի տակ չեն։

Ընտելացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոմբաթի արձանը Wombat Hill Botanic Gardens-ում, Դեյլսֆորդ, Վիկտորիա
Վոմբաթի արձան, Նոր Հարավային Ուելս, 2002 թվականի ապրիլ:

Վոմբաթներն ունեն բավականին բարեսիրտ բնույթ, սիրում են հոգատարությունը և հեշտությամբ ընտելացվում են։ Նրանք կարող են ապրել տանը և որոշ սահմաններում ենթարկվում են վարժեցման։ Ավստրալիայում նրանք երբեմն պահվում են որպես ընտանի կենդանիներ։ Այնուամենայնիվ, վոմբաթի հետ շփվելիս, հատկապես վայրի, անհրաժեշտ է պահպանել զգուշություն։ Նրանք վախկոտ են, ոչ այնքան հնարամիտ և, իչպես այլ պարկավորները, ունեն դժվար կանխատեսելի վարքագիծ, մարդու գործողությունները ընկալելով որպես ագրեսիա, նրանք կարող են պաշտպանվել, կծել կամ լուրջ վնասվածքներ հասցնել սուր ճանկերով։ Մեծահասակ վոմբաթը բավականին ծանր է ու ուժեղ և կարող է վտանգ ներկայացնել նույնիսկ չափահաս մարդու համար։ Բացի այդ, փոսեր փորելու հակվածության պատճառով դրանք կարող են պատեր, ցանկապատեր փչացնել, վնասել կանաչապատ տարածքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Long J., Archer M., Flannery T., Hand S. Prehistoric Mammals of Australia and New Guinea: One Hundred Million Years of Evolution. — University of New South Wales, 2002. — С. 161—162. — ISBN 978-0-8018-7223-5
  2. 2,0 2,1 2,2 «Common Wombat» (անգլերեն). Ballarat Wildlife Park. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  3. 3,0 3,1 https://zoograf.guru/drugie/vombat-opisanie-i-foto-zhivotnogo-gde-kupit-vombata.html zoograf.guru Сайт «Всё о домашних животных»
  4. «WomSAT». FeralScan.
  5. 5,0 5,1 5,2 Энциклопедия диких животных WildFauna.ru - Вомбат
  6. Green, E; Myers, P (2006). «Lasiorhinus latifrons». Animal Diversity Web. University of Michigan Museum of Zoology. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Watson, A (1999). «Vombatus ursinus». Animal Diversity Web. University of Michigan Museum of Zoology. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  8. McIlroy, John (1984). Macdonald, D. (ed.). The Encyclopedia of Mammals. New York: Facts on File. էջեր 876–877. ISBN 978-0-87196-871-5.
  9. Patrick the Wombat : [арх. 25.05.2017]. — Ballarat Wildlife Park. — Дата обращения: 15.10.2017.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wombats, Barbara Triggs, Houghton Mifflin Australia Pty, 1990, 0-86770-114-5. Facts and photographs of wombats for children.
  • The Wombat: Common Wombats in Australia, Barbara Triggs, University of New South Wales Press, 1996, 0-86840-263-X.
  • The Secret Life of Wombats, James Woodford, Text Publishing, 2002, 1-877008-43-5.
  • How to Attract the Wombat, Will Cuppy with illustrations by Ed Nofziger, David R. Godiine, 2002, 1-56792-156-6 (Originally published 1949, Rhinehart)
  • The Secret World of Wombats, Jackie French with illustrations by Bruce Whatley, Harper Collins Publishers, 2005, 0-207-20031-9.
  • Christmas Wombat, Jackie French with illustrations by Bruce Whatley, Clarion Books, 2012, 978-0547868721.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ wombat Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոմբաթներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոմբաթներ» հոդվածին։