Վյաչեսլավ Տիխոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Տիխոնով
Viacheslav Tihonov.jpg
Ի ծնե անուն՝ Վյաչեսլավ Վասիլևիչ Տիխոնով
Ծննդյան թիվ՝ 1928(1928)
Ծննդավայր՝ Մոսկվայի մարզ, Պավլովո ավան
Վախճանի թիվ՝ 2009(2009)
Վախճանի վայր՝ Մոսկվա
Երկիր՝ Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ռուսաստան
Մասնագիտություն՝ Դերասան
Կարիերա՝ 1948-2009
Պարգևներ՝

Hero of Socialist Labor medal.png Fatherland 1st class.jpg Fatherland 1st class.jpg Order of Honor.jpg Order of Lenin obverse Turova TB.png Order of the October Revolution rus.jpg Znakpocheta2.jpg 100 years Lenin OBVERSE.jpg 850th anniversary of Moscow.JPG

VeteranOfLabourMedal3.jpgZaslavb.png People Artist of the USSR1.jpg Narodny artist RSFSR.png Premiya Pravitelstva RF.jpg Почётная грамота Правительства РФ.jpg Lenin Prize Medal.JPG Medal State Prize Soviet Union.png State Prize of RSFSR Vasilyevyh medal.jpgRIAN archive 468648 Sign of winner of Lenin Komsomol prize.jpgShevchenko National Prize of Ukraine.jpg
IMDb։ ID 0863146
vtikhonov.ru

Վյաչեսլավ Վասիլևիչ Տիխոնով (ռուս.՝ Вячеслав Васильевич Тихонов), (փետրվարի 8, 1928, Պավլովյան ավան, Մոսկվայի նահանգ-դեկտեմբերի 4, 2009, Մոսկվա), խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982), Լենինյան (1982) և ԽՍՀՄ Պետական (1976) մրցանակների դափնեկիր, ԽՄԿԿ անդամ 1976 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Տիխոնովը ծնվել է 1928 թվականի փետրվարի 8-ին, Պավլովո ավանում (այժմ Մոսկվայի մարզում)։ Հայրը՝ Վասիլի Ռոմանովիչը, մեխանիկ էր կարի ֆաբրիկայում, մայրը՝ Վալենտինա Վյաչեսլավովնան, մանկապարտեզի դաստիարակ էր։ Ընտանիքն ապրում էր փայտե մեծ երկհարկանի տանը՝ տատիկի և պապիկի հետ։ Դպրոցում Վյաչեսլավի սիրած առարկաներն էին մաթեմատիկան, ֆիզիկան և պատմությունը:

1941 թվականին, Հայրենական Մեծ պատերազմի հենց սկզբից, այն դպրոցում, որտեղ սովորում էր Վյաչեսլավը, տեղակայվեց զինվորական հոսպիտալը։ Տասներեքամյա տղան ուսումը շարունակեց արհեստագործական ուսումնարանում՝ յուրացնելով խառատի մասնագիտությունը։ Հետո իր մասնագիտությամբ սկսեց աշխատել գործարանում։ Երեկոներն ընկերների հետ անց էր կացնում «Вулкан» կինոթատրոնում՝ հերոսական ֆիլմեր դիտելով։ Սիրած հերոսներն էին Չապաևը, Ալեքսանդր Նևսկին, սիրած դերասանները՝ Միխայիլ Ժարովը և Պյոտր Ալեյնիկովը։

Տիխոնովը ծնողներից գաղտնի երազում էր կինոդերասանի կարիերայի մասին, իսկ ծնողները նրա մեջ տեսնում էին ապագա ինժեների կամ ագրոնոմի։ 1944 թվականին Տիխոնովն ընդունվեց Ավտոմեխանիկական ինստիտուտի նախապատրաստական կուրս։ 1945 թվականին նա փորձեց ընդունվել Կինեմատոգրաֆիայի համալսարան (ВГИК)։ Սկզբում նրան չընդունեցին, սակայն մինչև ընդունելության քննությունների ավարտը համալսարանի պրոֆեսոր Բորիս Բիբիկովը նրան իր դասարանն ընդունեց։ Բուհում ուսումնառության տարիներին տեղի ունեցավ Տիխոնովի դերասանական դեբյուտը Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում, որտեղ նա խաղաց Վոլոդյա Օսմուխինի դերը։ Պրեմիերան տեղի ունեցավ 1948 թվականի աշնանը։

Ուսման տարիներին Տիխոնովն ամուսնացավ Նոննա Մորդյուկովայի հետ։ 1950 թվականին գերազանցությամբ ավարտեց համալսարանը, Բ. Վ. Բիբիկովի և Օ. Ի. Պիժովայի դասարանները և աշխատանքի ընդունվեց կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ 1950 թվականի փետրվարի 28-ին ծնվեց որդին՝ ապագա կինոդերասան Վլադիմիրը։

1950-1960-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխոնովի ստեղծագործական խթանը «Երիտասարդ գվարդիա» ֆիլմն էր։ Ի տարբերություն ֆիլմի մյուս դերակատարների, 1948 թվականից հետո գրեթե 10 տարի կինոյում հետաքրքիր դերեր չէր ստանում[1]: Ռեժիսորները հիմնականում օգտվում էին Տիխոնովի արտաքին հմայքից՝ չձգտելով ի հայտ բերել նրա դերասանական ներուժը։ Այդ տարիներին դերասանը կարողացավ իր մասին հայտարարել թատրոնում՝ խաղալով Արջի դերը Կինոդերասանի թատրոն-ստուդիայում Է. Պ. Գարինի բեմադրած «Սովորական հրաշք» ներկայացման մեջ։

1957 թվականին Տիխոնովը դարձավ Մ. Գորկու անվան մանկապատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայի դերասան։ Նույն թվականին կինոէկրան բարձրացավ Ս. Ի. Ռոստոցկու «Բանը Պենկովի մեջ էր» ֆիլմը, որում Տիխոնովը խաղաց տրակտորիստ Մատվեյ Մորոզովի դերը, որը նրան ճանաչում բերեց։

Ռեժիսոր Վիկտոր Իվչենկոյի «Ա.Ի.-արտակարգ իրադարձություն» ֆիլմում (1958) Տիխոնովը խաղաց օդեսացի նավաստի Վիկտոր Ռայսկու դերը, մի անհոգ և ուրախ երիտասարդի, որն իսկական հերոս է դառնում։

Այս ֆիլմերից հետո ռեժիսորներն սկսեցին վստահել Տիխոնովին. կարճ ժամանակավատվածում նրան առաջարկվեցին բազմապլան, նշանակալից դերեր տարբեր ֆիլմերում. Ստանիսլավ Ռոստոցկի՝ «Մայիսյան աստղեր» (1959) և «Յոթ քամիներ» (1962), Ե. Ի. Տաշկով՝ «Ծարավ» (1959), Մ. Ա. Շվեյցեր՝ «Միչման Պանինը» (1960), Լ. Դ. Լուկով՝ «Երկու կյանք» (1961), Ս. Ի. Սամսոնով՝ «Լավատեսական ողբերգություն» (1963)։ «Ծարավ» ֆիլմում Տիխոնովն առաջին անգամ փորձեց գերմանացի սպայի համազգեստը և խորհրդային գործակալի դերը. նա խաղաց պատերազմի ժամանակ գերմանական թիկունք ուղարկված հետախույզի դերը։

1960-1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականների կեսերին Տիխոնովը մի մեծ քայլ կատարեց դեպի դերասանական վարպետության բարձունքները. նա խաղաց Անդրեյ Բալկոնսկու դերը Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմում, որին հետևեց ուսուցիչ Մելնիկովի դերը Ռոստոցկու «Ապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմում։ Երկու դերերն էլ պարզապես հիացրին հանդիսատեսին։

Տատյանա Լիոզնովայի « Գարնան տասնյոթ ակնթարթ» հեռուստասերիալում Տիխոնովը խաղաց իր ամենահայտնի՝ հետախույզ Իսաև-Շտիրլիցի դերը, որը 1945 թվականին աշխատում էր Ֆաշիստական Գերմանիայի որջում։ Դերասանական հաջողությունը Տիխոնովին մեծ ճանաչում բերեց։ 1969-1972 թվականներին նկարահանված ֆիլմը պետք է ցուցադրվեր Հաղթանակի օրվա նախօրեին, 1973 թվականի մայիսին, սակայն, խորհրդային առաջնորդ Լ. Ի. Բրեժնևի ԳՖՀ այցի պատճառով, քաղաքական նկատառումներով ֆիլմի ցուցադրությունը հետաձգվեց։ Ֆիլմի առաջին սերիան հանդիսատեսը դիտեց 1973 թվականի օգոստոսի 11-ին։ Դա Տիխոնովի կինոկարիերայի հաղթական տարին էր։ Հատկանշական է, որ ինքը՝ դերասանը, ցմահ իրեն ամրագրված Շտիրլիցի կերպարն իր հետ չէր նույնացնում։ Դստեր՝ Աննայի խոսքով, հերթական «Օյ, Շտիրլիցը» ակնարկին Տիխոնովը պատասխանում էր. «Այո, ինձ երբեմն այդպես են անվանում», կամ «Դուք ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք»: ԽՍՀՄ սահմաններից դուրս էլ պաշտամունքային դարձած սերիալով նկարահանող խումբը՝ Տիխոնովի և Լիոզնովայի գլխավորությամբ, շրջագայեց աշխարհի բազմաթիվ երկրներում։ 2009 թվականին թողարկված ֆիլմի գունավոր տարբերակին 81-ամյա դերասանը բացասկան վերաբերվեց՝ ասելով, որ այն ոչ մի կապ չունի ո՛չ իր, ո՛չ էլ ողջ ստեղծագործական խմբի հետ[2]:

Մոտ 10 տարի հետո Տիխոնովը խաղաց Շտիրլիցի դերին նման, սակայն արդեն ոչ թե շարքային, այլ խորհրդային հատուկ ծառայությունների ղեկավար պաշտոնյայի դերը նույն՝ Յուլիան Սեմյոնովի «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել...» («ТАСС уполномочен заявить…») ֆիլմում՝ վերջնականապես հաստատելով օրինակելի խորհրդային հետախույզի իր կերպարը։ Մինչ այդ՝ 1977 թվականին նա նկարահանվեց Ս. Ի. Ռոստոցկու «Սևականջ սպիտակ Բիմը»` կարեկցության և մտերիմների ու մեր փոքր եղբայրների հանդեպ մարդկային դաժանության մասին հումանիստական ֆիլմում: «Կինոդահլիճի փակ դռների հետևից լսվում էր, թե ինչպես է հանդիսատեսը լալիս»,-այսպես է կենսագիրը բնութագրում ցնցված հանդիսատեսի արձագանքը ֆիլմին։

1978 թվականին Տիխոնովն առաջին և վերջին անգամ նկարահանվեց կոմեդիայում՝ Մարկ Գենինի «Փողոցով կոմոդ էին տեղափոխում» ֆիլմում, որտեղ խաղաց կոմոդի տիրոջ դերը։

1970-ական թվականների կեսերին Տիխոնովին վստահվեց հեռուստատեսությամբ կարդալ ԽՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Լ. Ի. Բրեժնևի հուշերի հիման վրա նկարահանված «Մալայա զեմլյա» վավերագրական եռագրության հեղինակի խոսքը։ Այդ մասին խնդրել էր ինքը՝ խորհրդային ղեկավարը[3]: Գրքի վերջաբանը՝ «Հիշողությունները», Տիխոնովը կարդաց 1982 թվականի դեկտեմբերի սգո օրերին՝ գլխավոր քարտուղարին հրաժեշտ տալիս։

1980-2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1989-2009 թվականներին եղել է «Կինոյի դերասան» թատրոն-ստուդիայի ղեկավարը[4]:

1980-ականների վերջն ու 1990-ականների սկիզբը դժվար ժամանակներ էին Տիխոնովի համար։ Վերակառուցումը նրա սրտով չէր, իդեալները, որոնց նա հավատում էր, ոտնահարված էին։ Այդ ընթացքում նա նշանակալից դերեր չունեցավ։ Նկարահանվեց երկրորդական, բայց տպավորիչ դերում Նիկիտա Միխալկովի «Արևից ուժասպառ» («Утомлённые солнцем») ֆիլմում, Դմիտրի Աստրախանի «Սպասասրահ» հեռուստասերիալում, «Բեռլինյան էքսպրես» ֆիլմում։ Սակայն, ինչպես նշում է կենսագիր Նատալյա Կորնեևան, այդ դերակատարումներից Տիխոնովն արդեն հոգեկան բավարարվածություն չէր ստանում. հոգևոր արժեքների արմատական փոփոխությունները դերասանի մեջ ներքին հակասություն էին առաջացրել։

1998 թվականին նշանակալից իրադարձություն դարձավ Սերգեյ Ուրսուլյակի «Հաղթանակի օրվա առթիվ» ֆիլմ-գրոտեսկը, որտեղ Տիխոնովը, Միխայիլ Ուլյանովի և Օլեգ Եֆրեմովի հետ, նկարահանվեց Նոր Ռուսաստանում տեղի ունեցածից ցնցված և զինվորական ընկերների հետ անհայտ ուղղությամբ շարժվող ինքնաթիռի ղեկին նստած պատերազմի վետերանի դերում։ 1990-ականների մյուս հզոր դերը, քննադատների կարծիքով, Տիխոնի կերպարն է Ֆ. Մ. Դոստոևսկու վեպի հիման վրա Դմիտրի և Իգոր Տալանկինների նկարահանած «Չարքեր» ֆիլմում։

2002 թվականին, դստեր խնդրանքով, նկարահանվեց իր փեսայի՝ ռեժիսոր Ն. Վորոնովսկու «Գայլի աչքերով» թրիլլերում։

Վերջին անգամ Տիխոնովն էկրանին հայտնվեց Աստծո դերում՝ Էլդար Ռյազանովի «Անդերսեն. կյանքն առանց սիրո» ֆիլմում (2006

Երբ 2008 թվականին սկսեց նկարահանվել «Իսաև» հեռուստասերիալը՝ Շտիրլիցի երիտասարդության մասին, ռեժիսոր Սերգեյ Ուրսուլյակը մտածում էր 80-ամյա Տիխոնովին հրավիրել Իսաևի հոր դերը խաղալու, սակայն, հաշվի առնելով Տիխոնովի հակասական վերաբերմունքը Իսաև-Շտիրլիցի կերպարին և ցանկանալով, որ հանդիսատեսի հիշողության մեջ հռչակավոր դերասանը մնա քրեստոմատիական կերպարում, ռեժիսորն, ի վերջո, հրաժարվեց այդ մտքից[5]: Վախճանից ոչ շատ առաջ, 2009 թվականի հոկտեմբերին, հեռուստատեսությամբ սերիալը դիտելով՝ երիտասարդ Իսաևի դերակատար Դանիիլ Ստրախովի մասին «Կոմսոմոլսկայա Պրավդային» տրված հարցազրույցում Տիխոնովն ասել է, որ, չնայած երիտասարդ դերասանն իրենից խորհուրդ չի հարցրել բայց նման է իրեն, ինչը հաճելի է[6][7]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիխոնովի առաջին կինը Նոննա Մորդյուկովան էր, ում հետ ապրել է 13 տարի՝ մինչև 1963 թվականը։ Այդ ամուսնությունից ծնվել է որդին՝ Վլադիմիրը (1950-1990), որի երեխաները՝ Վասիլին (ծն. 1972) և Վլադիմիրը (ծն. 1982) ծնվել են տարբեր ամուսնություններից[8]:

Դերասանի երկրորդ կինը 1967 թվականից Տամարա Իվանովնան էր (ծն. 1944)` ֆրանսերենի մասնագետ, ում հետ Տիխոնովը ծանոթացել էր ֆրանսիական «Տղամարդը և կինը» ֆիլմի ձայնագրման ժամանակ։ Ամուսնացել են «Ապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմի նկարահանումների ընթացքում[9]: Այդ ամուսնությունից, որը ձգվեց 42 տարի, 1969 թվականի հուլիսի 5-ին ծնվեց դուստրը՝ Աննան, ով Կինեմատոգրաֆիայի համալսարանն ավարտելով՝ դարձավ դերասան և պրոդյուսեր։ Աննա Տիխոնովայի երեխաները ռեժիսոր Նիկոլայ Վորոնովսկու հետ ամուսնությունից՝ երկվորյակներ Վյաչեսլավը և Գեորգին ծնվեցին 2005 թվականի հունիսին[10]:

Տիխոնովի ամենամտերիմ ընկերներն էին ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկին և նրա որդին՝ Անդրեյը, ում հետ դերասանը սիրում էր գնալ ձկնորսության, Գորկու անվան կինոստուդիայի տնօրեն Ռիմալիսի ընտանիքը, շախմատային գրոսմայստեր Լև Պոլուգաևսկին։

1990-ական թվականների սկզբին Տիխոնովն ամառանոց ձեռք բերեց Մոսկվա գետի ափին, Նիկոլինյան Բլուր կոչված վայրում, որը մինչև կյանքի վերջը նրա սիրած հանգստյան վայրն էր։ Լրագրողների թեթև ձեռքով, դերասանին կյանքի այդ շրջանում անվանեցին Մեծ ճգնավոր:

Հիվանդություն և մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Տիխոնովի գերեզմանը Նովոդևիչյան գերեզմանատանը

2002 թվականին դերասանը սրտամկանի ինֆարկտ տարավ[11]:

2007 թվականի մայիսին Տիխոնովը հոսպիտալացվեց՝ անհաջող ընկնելու և սրտի շրջանում ցավերի պատճառով։ 2008 թվականի մարտին նրան վիրահատեցին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում[12]: 2009 թվականի նոյեմբերին նույն հիվանդանոցում անոթների վիրահատություն տարավ[13][14][15]: Վիրահատությունը հաջող անցավ, սակայն շուտով նրա վիճակը վատացավ, և 2009 թվականի դեկտեմբերի 4-ն մեծ դերասանը վախճանվեց[16][17]:

2009 թվականի դեկտեմբերի 8-ին Փրկչի տաճարում տեղի ունեցավ Տիխոնովի հոգեհանգստյան պատարագը[18][19], որից հետո Կինոյի տանը տեղի ունեցավ քաղաքացիական հոգեհանգիստը[20]: Դերասանին թաղեցին Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[21][22]:

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե. Լ. Շվարց, «Սովորական հրաշք» - Արջ
  • Ա. Պ. Չեխով, «Թռի-վռին» - Ռյաբովսկի

Ֆիլմերի ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Տիխոնովը` Յու. Գագարինի, Վ. Տերեշկովայի և Ի. Լյուբեզնոյի հետ 1963 թվականի «Երկնագույն օգոնյոկի» նկարահանման ժամանակ
Տարեթիվ Ֆիլմի անվանում Դեր
1948 Երիտասարդ գվարդիա Վոլոդյա Օսմուխին
1952 Մաքսիմկա Ալեքսանդր Իվանովիչ Գորելով, լեյտենանտ
1954 Այդ մասին մոռանալ չի կարելի ուսանող Ռոստիսլավ Դանչենկո
1957 Բանը Պենկովի մեջ էր Մատվեյ Մորոզով, տրակտորիստ
1958 Ա. Ի.-արտակարգ իրադարձություն Վիկտոր Անդրեևիչ Ռայսկի, նավաստի
1959 Մայիսյան աստղեր Անդրեյ Ռուկավիչկին, լեյտենանտ
1959 Ծարավ Օլեգ Բեզբորոդկո, լեյտենանտ
1960 Միչման Պանինը Վասիլի Պանին, միչման
1961 Երկու կյանք Սերգեյ Ալեքսանդրովիչ Նասչոկին, իշխան, սպա
1965 Մեր ժամանակի հերոսը Պեչորին
1967 Պատերազմ և խաղաղություն Անդրեյ Բալկոնսկի, իշխան
1968 Ապրենք մինչև երկուշաբթի Իլյա Սեմյոնովիչ Մելնիկով, պատմության ուսուցիչ
1973 Գարնան տասնյոթ ակնթարթ Շտիրլից
1974 Ասք մարդկային սրտի մասին Հեղինակի խոսք
1975 Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի Նիկոլայ Ստրելցով
1977 Սևականջ սպիտակ Բիմը Իվան Իվանովիչ Իվանով, գրող, Բիմի տերը
1984 ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել Կոնստանտին Իվանովիչ Կոնստանտինով, գեներալ
1992 Չարքեր Տիխոն
1994 Բուլվարային սիրավեպ Ստանիսլավ Վասիլևիչ Կանդինսկի
1994 Արևից ուժասպառ Վսեվոլոդ Կոնստանտինովիչ
1998 Սպասասրահ Միխայիլ Բորիսովիչ Զայցև, մանկատան տնօրեն
1998 Հաղթանակի օրվա առթիվ Լյովկա Մորգուլիս
2001 Բեռլինյան էքսպրես Գեորգի Աստախով
2005 Գայլի աչքերով ծերունի գիտնական
2006 Անդերսեն. կյանքն առանց սիրո Աստված

Ֆիլմեր Վյաչեսլավ Տիխոնովի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանի կյանքի և ստեղծագործության մասին նկարահանվել են մի շարք վավերագրական ֆիլմեր։

  • «Մասնագիտությունը` կինոդերասան», (1979, ռեժիսոր՝ Ստանիսլավ Ռոստոցկի)
  • «Վյաչեսլավ Տիխոնովի ակնթարթները», (1998, «ОРТ», Ռեժիսոր՝ Յուրի Մալյուգին)
  • «Փառքի տասնյոթ ակնթարթ», (2003, «ТВС», ռեժիսոր՝ Սվետլանա Նիկոլաևա, պրոդյուսեր՝ Աննա Տիխոնովա)
  • «Անցնող դարաշրջանի վերջին հերոսը», (2006, «Россия», ռեժիսոր՝ Սերգեյ Սադովսկի)
  • «Ոգեշնչման աղբյուրը», (2008, ТВ-Центр, ռեժիսոր՝ Ելենա Նիկոլաևա, պրոդյուսեր՝ Աննա Տիխոնովա, արտադրությունը՝ «Կինոյի դերասան» ստուդիայի)
  • «Վյաչեսլավ Տիխոնովին հյուր», (պրեմիերան տեղի ունեցավ 2008 թվականի փետրվարի 9-ին, Առաջին ալիք, ռեժիսոր՝ Իրինա Գոլուբևա)
  • «Սիրված դերասաններ. Վյաչեսլավ Տիխոնով»

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Պարգև Հիմնավորում
1962 ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
1969 ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
1970 ԽՍՀՄ Պետական մրցանակ Իլյա Սեմյոնովիչ Մելնիկովի դերի համար Ս. Ի. Ռոստոցկու «Ապրենք մինչև երկուշաբթի» ֆիլմում
1974 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
1975 Ա. Պ. Դովժենկոյի անվան ոսկե մեդալ Մայոր Մլինսկու դերի համար «Ճակատ առանց թևերի» ֆիլմում
1976 Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակ Շտիրլիցի դերի համար Տ. Մ. Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթ» սերիալում
1978 Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
1978 ԽՍՀՄ ՊԱԿ-ի մրցանակ «Գարնան տասնյոթ ակնթարթ» հեռուստասերիալում մասնակցության համար
1979 Լենինյան Կոմերիտմիության մրցանակ Մայոր Մլինսկու դերի համար «Ճակատ առանց թևերի» և «Ճակատ ճակատային գծից դուրս» ֆիլմերում
1980 Լենինյան մրցանակ Իվան Իվանովիչ Իվանովի դերի համար «Սևականջ սպիտակ Բիմը» ֆիլմում
1980 Տ. Գ. Շևչենկոյի անվան ՈՒԽՍՀ Պետական մրցանակ «Վերածնունդ» հեռուստաֆիլմում հեղինակի խոսքը կարդալու համար
1982 Սոցիալիստական աշխատանքի հերոսի մեդալ
1982 Լենինի շքանշան
«Պատվո նշան» շքանշան
1993 Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների 2-րդ Միջազգային կինոփառատոնի «Զոլոտոյ Վիտյազ» մրցանակ Սլավոնական կինեմատոգրաֆիայում հսկայական ներդրումի համար
1995 «Հայրենիքի առջև ունեցած արժանիքների համար» 4-րդ աստիճանի շքանշան պետության առջև ունեցած վաստակի և մշակույթի ոլորտում երկարամյա բեղուն գործունեության համար
1998 Սոչիի «Կինոտավր» կինոփառատոնում ՌՖ նախագահի մրցանակ Ստեղծագործական կարիերայի համար
1998 ՌՖ Կառավարության պատվոգիր Հայրենական մշակույթի զարգացման գործում հսկայական անձնական ներդրումի, հասարակական գործունեության և 70-ամյակի առթիվ
2000 «Նիկա» կինոմրցանակ «Պատիվ և արժանապատվություն» անվանակարգում
2003 «Հայրենիքի առջև ունեցած արժանիքների համար» 3-րդ աստիճանի շքանշան Հայրենական կինոմշակույթում մեծ ներդրումի համար
2003 «Ռուսական ազգային Օլիմպ» մրցանակ «Պատվավոր տիտղոս» անվանակարգում
2008 Պատվո շքանշան Հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում մեծ ներդրումի և երկարամյա ստեղծագործական աշխատանքի համար
2008 Մշակույթի ոլորտի ՌՖ Կառավարության մրցանակ Է. Ռյազանովի «Անդերսեն. կյանքն առանց սիրո» ֆիլմում Աստծո դերի համար
2003 «Մարտական ընկերակցության համար» մեդալ
2003 «Վաստակի համար» (ԱՀԾ)
Հակահետախուզության վետերանների հասարակական կազմակերպության «Վետկոն» ոսկե նշան
2009 (հետմահու) ՌՖ ՊԱԿ-ի մրցանակ Հայրենական կինեմատոգրաֆիայում անվտանգության համակարգի աշխատակցի լավագույն դերի համար
հետմահու Վյաչեսլավ Տիխոնովի անունով նավ է անվանակոչվել

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատանեկության տարիներին Վյաչեսլավ Տիխոնովը ձեռքին դաջվածք էր արել «Слава» բառի տեսքով, որը ստիպված էր թաքցնել հետագա ողջ կյանքի ընթացքում[23]:
  • Ոչ թե «Դինամո» կամ «ԲԿՄԱ» թիմերի երկրպագուն էր, ինչպես կարելի էր ենթադրել ծանոթության շրջանակից և ֆիլմերում խաղացած զինվորականների ու չեկիստների դերերից, այլ՝ Մոսկվայի «Սպարտակի»:
  • 2009 թվականին «Իսաև» սերիալի թողարկման կապակցությամբ Վյաչեսլավ Տիխոնովի ընտանիքը մտադրություն ուներ արտոնագրել Շտիրլիցի դերը «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմից[24]:
  • Լրագրող Աննա Վելիգժանինայի հետ վերջին զրույցներից մեկի ժամանակ Վյաչեսլավ Տիխոնովը պատմել է, որ եղել է բուլղարացի գուշակ Վանգայի մոտ։ Դերասանի խոսքերով՝ Վանգան իր կյանքից շատ բան է ասել, որ հետագայում իրականացել է։ Կյանքի վերջի մասին Վանգան ասել է, որ ապրելու է ճգնավորի պես և մահանալու է դեկտեմբերին, իսկ մի փոքր մտածելուց հետո ավելացրել է. «2000-ին մոտ»[25]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Пусть говорят с Андреем Малаховым. Вячеслав Тихонов: мгновения, мгновения, мгновения - ток-шоу онлайн
  2. Литературная газета, о газете, Сайт «Литературной газеты», Издательский дом «Литературная газета», СМИ, статья, репортаж, обзор, новость, новости, интервью, пресса, периодика, …
  3. Журнал «Уральская новь»
  4. Вячеслав Тихонов | RUSKINO.RU
  5. Сериал «Исаев»: свежий взгляд или эксплуатация чужой славы? | Респектабельная газета «КОНКУРЕНТ»
  6. На телеэкранах сериал «Исаев» о молодости легендарного разведчика
  7. Вячеслав Тихонов: «Мне понравилось, что молодой Штирлиц на меня похож» // KP.RU
  8. Мордюкова, Нонна//Lenta.ru
  9. Вдова Тихонова Тамара Ивановна: «После смерти Славы меня все забыли. Даже его друзья» // KP.RU
  10. Плешакова А. Вячеслав Тихонов попал в реанимацию // «Комсомольская правда», 01.12.2009
  11. Актёр Вячеслав Тихонов госпитализирован. Ему предстоит долгое лечение // Новости Полит.ру, 01 декабря 2009
  12. Вячеслава Тихонова прооперировали // 20.03.2008
  13. Великий актёр - в последнем интервью «КП»: «Такого Штирлица, как я, больше никогда не будет…»
  14. Вячеслав Тихонов перенёс операцию, состояние его остаётся тяжёлым
  15. Народный артист Вячеслав Тихонов прооперирован: состояние тяжёлое
  16. Умер Вячеслав Тихонов
  17. Умер Вячеслав Тихонов // Лента ру, 04.12.2009 г.
  18. Отпевание Вячеслава Тихонова прошло в Храме Христа Спасителя
  19. Отпевание Вячеслава Васильевича Тихонова прошло в Храме Христа Спасителя
  20. У Дома кино собираются поклонники таланта Тихонова
  21. Вячеслава Тихонова похоронили на Новодевичьем кладбище
  22. Вячеслав Тихонов похоронен на Новодевичьем кладбище
  23. Вячеслав Васильевич Тихонов / Vyacheslav Tihonov: Последний рыцарь нашего кино
  24. Семья Тихонова запатентует Штирлица
  25. Анна Велигжанина. Последнее интервью Вячеслава Тихонова: «Ванга предсказала мне, что я уйду в декабре». // Комсомольская правда.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]