Վճարիր՝ ինչքան ուզում ես (գնագոյացում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Վճարիր՝ ինչքան ուզում ես» (անգլ.՝ Pay what you want, PWYW), գնագոյացման ռազմավարություն, որի համաձայն՝ գնորդները որոշակի ապրանքի համար վճարում են իրենց ցանկալի գումարը, երբեմն՝ նույնիսկ զրոյական։ Որոշ դեպքերում կարող է սահմանվել կամ առաջարկվել նվազագույն գին։ Գնորդը կարող է ընտրել այնպիսի գին, որը բարձր կլինի այդպիսի ապրանքի ստանդարտ գնից[1][2]։ «Վճարիր՝ ինչքան ուզում ես» հայեցակարգի համաձայն՝ սովորաբար գինը որոշվում է նախքան գնման պահը, բայց որոշ դեպքերում գնի սահմանումը հետաձգվում է այնքան ժամանակ, մինչև ձևավորվում է որոշակի փորձ (թեյավճարի սկզբունքով)։ «Վճարիր՝ ինչքան ուզում ես» սկզբունքը կենտրոնացած է գնորդի վրա և նպաստում է համատեղ գնագոյացմանը (արժեքի համատեղ ստեղծման իմաստով)։

Մոտիվացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնորդներին տրվող ազատությունը՝ վճարել իրենց ուզած գինը, կարող է շատ հարմար լինել որոշ իրավիճակներում, քանի որ այն վերացնում է սովորական գնագոյացման բազմաթիվ թերություններ։ Դա գրավում է գնորդներին, քանի որ վերացում է այն մտավախությունը, թե արդյոք ապրանքն արժե սահմանված գնին, և նվազեցնում է արտադրանքի հետ կապված հիասթափության ռիսկը։ Վաճառողների համար դա վերացնում է «ճիշտ» գին սահմանելու դժվար և երբեմն ծախսատար խնդիրը (որը կարող է տարբեր լինել շուկայի տարբեր հատվածների համար)։

Ինչպես վաճառողի, այնպես էլ գնորդի համար այս հայեցակարգը փոխակերպում է մրցակցությունը, որը բխում է զրոյական կամ որոշակի գնի սահմանման վրա հիմնված լարվածությունից։ Ի հայտ է բերում բարեկամական փոխշահավետ փոխանակում, որը կենտրոնացած է արդար փոխհատուցման և վստահության վրա, ինչպես նաև հաշվի է առնում այն փաստը, որ գնի ընկալումը և դրա նկատմամբ զգայունությունը կարող են տարբերվել՝ կախված գնորդներից[2]։ Թեև «Վճարիր՝ ինչքան ուզում ես» սկզբունքը հիմնականում օգտագործվել է տնտեսության նեղ ոլորտներում կամ հատուկ ակցիաների համար, այժմ փորձ է արվում ցույց տալ այս ռազմավարության օգտակարությունը՝ այն ավելի լայն մասշտաբով և հաճախ կիրառելու համար։

Առևտրականների կողմից «Վճարիր՝ ինչքան ուզում ես» գնագոյացման սկզբունքի կիրառման պատճառներից են գնի նկատմամբ տարբեր մոտեցումները և ներթափանցումը շուկա։ Գնային մոտեցումների տարբերությունն առաջանում է այն գնորդների պարագայում, որոնք նախընտրում են ավելի բարձր գին վճարել։ Այդ կերպ ապրանքների գնահատման այս մոտեցումը կարող է վաճառողներին ավելի մեծ եկամուտներ բերել, եթե ծախսերը բավական ցածր են[3]։

Այս ռազմավարության շրջանակներում առանձնանում են նաև հետևյալ հասկացությունները՝ «Վճարիր՝ ինչքան ցանկանում ես», «Վճարիր՝ ինչքան հավանում ես», «Վճարիր՝ ինչպես ուզում ես», «Վճարիր՝ ինչքան զգում ես», «Վճարիր՝ ինչպես քեզ դուր է գալիս», «Վճարիր՝ ինչպես ցանկանում ես»։ «Վճարիր՝ ինչքան կարող ես» հայեցակարգը երբեմն օգտագործվում է որպես հոմանիշ, բայց այն ավելի շատ կենտրոնացած է բարեգործության վրա՝ ավելի շատ վճարելու ունակության վրա, մինչդեռ «Վճարիր՝ ինչքան ուզում ես» սկզբունքն ավելի շատ կենտրոնացած է ապրանքի արժեքը ընկալելու և վճարելու պատրաստակամության վրա։

Պատմություն և առևտրային կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վճարիր՝ ինչքան ուզում ես» սկզբունքը վաղուց օգտագործվում է տնտեսության որոշ բնագավառներում, օրինակ՝ թեյավճարները և փողոցային ներկայացումները, ինչպես նաև բարեգործությունը, և գնալով ավելի մեծ հետաքրքրություն է ստանում հանրության շրջանում։

Սկզբունքը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Taxi battle» հաղորդաշարում հայտնի մարդիկ, աշխատելով որպես տաքսիստ, փորձում են հնարավորինս շատ թեյավճար հավաքել, որն ուղղում են զինվորական բարեգործական ֆոնդին։ Հայտնիները ուղևորներին ներկայացնում են նախագծի նպատակը՝ առաջարկելով թողնել այնքան թեյավճար, ինչքան ուզում են[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Strom Stephanie, Gay Malcolm (May 20,2010)։ «Pay-What-You-Want Has Patrons Perplexed»։ New York Times։ Վերցված է 2010-05-21 
  2. 2,0 2,1 Smart Pricing, Chapter 1. «Pay As You Wish» Pricing, Raju and Zhang, Wharton School Publishing, 2010. ISBN 0-13-149418-X.
  3. Pay What You Want as a Marketing Strategy in Monopolistic and Competitive Markets
  4. «Taxi battle տեսադարան» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]