Վլադիմիր Վոլկով (գրող)
Վլադիմիր Վոլկով | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | նոյեմբերի 7, 1932[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզ |
| Վախճանվել է | սեպտեմբերի 14, 2005[1][4][5][…] (72 տարեկան) |
| Վախճանի վայր | Bourdeilles |
| Գերեզման | Bourdeilles |
| Մասնագիտություն | թարգմանիչ, հետախույզ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, գրող, կենսագիր և արձակագիր |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Լյեժի համալսարան |
| Պարգևներ | |
Վլադիմիր Վոլկով (ֆր.՝ Vladimir Volkoff, ռուս.՝ Владимир Николаевич Волков, նոյեմբերի 7, 1932[1][2][3][…], Փարիզ - սեպտեմբերի 14, 2005[1][4][5][…], Bourdeilles), ռուսական ծագմամբ ֆրանսիացի գրող: Հայտնի է որպես վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, էսսեագիր, կենսագրական արձակի վարպետ, թարգմանիչ, դասախոս: Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոր պապը Վլադիմիր Ալեքսանդրովիչ Վոլկովն էր, գեներալ-մայոր: Կոլչակի կառավարման ժամանակ եղել է Օմսկի կայազորի պետ և պարետ[7]:
Մոր նախապապը՝ Սերգեյ Ալեքսանդրովիչ Պորոխովշչիկովը, գեներալ-մայոր է եղել, 1887 թվականից մինչև մահը՝ 1888 թվականը, Օմսկում ղեկավարել է Սիբիրյան կադետական կորպուսը։ Ամուսնացած էր Նադեժդա Պետրովնա Չայկովսկայայի հետ, որը գեներալ Պյոտր Պետրովիչ Չայկովսկու դուստրն էր և կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու զարմուհին[7]:
Գրողի հայրը՝ Նիկոլայ Վլադիմիրովիչ Վոլկովը, որպես արտագաղյալ՝ 1924 թվականին ավարտել է կադետական կորպուսը։ Եղել է սևագործ, լվացել է մեքենաներ, աշխատել է որպես գիշերային պահակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անդամագրվել է Ֆրանսիական արտասահմանյան լեգեոնին, եղել գերմանական գերության մեջ։ Ֆրանսիայի քաղաքացիություն չի ընդունել[7]:
Մայրը՝ Տատյանան, վաստակել է հյուսելով և ասեղնագործությամբ։ Ծնողները ծանոթացել և ամուսնացել են Փարիզում։
Մանկություն և պատանեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլկովը ծնվել է 1932 թվականի նոյեմբերի 7-ին Փարիզում։ Պատերազմի տարիներին մոր հետ ապրել է Մանշ դեպարտամենտի Բարանտոնում, մի տանը, որտեղ չկար էլեկտրականություն, ջեռուցում և ջրամատակարարում: Հաճախել է գյուղական դպրոց, այնուհետև՝ Դոնֆրոնի քոլեջ։ Միաժամանակ մայրը նրան ռուսական կրթություն է տվել։ Երեխան ապրել է երկու այբուբենի, երկու օրացույցի, երկու քաղաքակրթությունների աշխարհում:
Փարիզ վերադառնալուց հետո հաճախել է Կլոդ Բեռնարի ճեմարան (գրականության բակալավրիատ): Բարձրագույն կրթությունը ստացել է Սորբոնում։ Այստեղ 1954 թվականին դարձել է դասական բանասիրության արտոնագրյալ։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանը ստացել է 1974 թվականին Լիեժի համալսարանում (գեղագիտության դիսերտացիա)[8][9]:
1955 թվականին մոր հետ հաստատվել է Ամիենում, որտեղ ճիզվիտական քոլեջում անգլերենի ուսուցչի տեղ է գտել։ Ծնողներն այդ պահին բաժանվել են, և երկար տարիներ Վլադիմիրը հոր հետ չի շփվել[10]:
Ծառայություն Ալժիրում
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականի սեպտեմբերի 9-ին Վլադիմիր Վոլկովը զորակոչվել է զինվորական ծառայության։ Որպես ծովային կորպուսի զինվոր` նա կամավոր մեկնել է Ալժիր։ 1958 թվականի հունիսի 7-ին ստացել է սպայական կոչում: Այդ պահին Վոլկովը, որին վստահվել էին ֆրանսիական կյանքեր, սկսել է իրեն լիովին ընկալել որպես ֆրանսիացի (ոչ պակաս ռուս դառնալով)[11]:
Նա նշանակվել է ծառայության գաղութային հետևակի 22-րդ գնդում, որը պաշտպանում էր Մարոկկոյի սահմանը. միջբանակային համակարգող կենտրոնին (Centre de Coordination Interarmées), որը պատասխանատու էր հակալրտեսության համար, այնուհետև Մասնագիտացված վարչականբաժնին (Sections Administratives Spécialisées), որը հոգեբանական պատերազմ է մղել[8]:
Ռազմական փորձը հետագայում ոգեշնչման աղբյուր է դարձել գրողի համար, մասնավորապես՝ «Կահավորված սենյակը» (La Chambre meublée) վեպը, «Գրենադա» (La Granade) պատմվածքը և այլ գործեր գրելիս: Այս փորձառության կվինտէսենցիան (խտացում) արտացոլված է «Ծովի խռովությունը» (Les Humeurs de la mer), «Բերկլին ժամը հինգին» (Berkeley à cinq heures), «Հրեշտակների քրոնիկների» (Chroniques angéliques) մի մասում և «Տանջողը» (Le Tortionnaire) վեպերում։
Զորացրվել է 1962 թվականի հունվարի 7-ին լեյտենանտի կոչումով, պարգևատրվել է «Մարտական արիության համար» խաչով[8]։ Դրան նպաստել է Ալժիրի պատերազմի ավարտն այնպիսի պայմաններով, որոնք Վոլկովը չէր կարող ընդունել: Զինվորական կոչումը նպաստել է Լեյտենանտ X կեղծանվան ծնունդին (Lieutenant X):
Ալժիրում ծառայության ընթացքում Վլադիմիր Նիկոլաևիչն ամուսնացել է առաջին անգամ: Ամուսնությունը շատ կարճ է տևել, բայց ծնվել է դուստրը՝ Տատյանան։
Ընդմիշտ հեռանալով Ալժիրից՝ Վոլկովը պահպանել է մեծ սեր այս երկրի, նրա լանդշաֆտների և բնակչության հանդեպ:
Վերադառնալով Ֆրանսիա՝ աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում և 1962 թվականին հրատարակել է «Եռակի գործակալ» (L’Agent triple) վեպը։
Կյանք ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին Վոլկովը Ատլանտայի քոլեջում ֆրանսիական գրականություն և քաղաքակրթություն դասավանդողի պաշտոն է գտել և ընտանիքով հաստատվել այնտեղ։ Այդ ժամանակ Վլադիմիր Նիկոլաևիչը կարողացել է արտահայտել իր կիրքը թատրոնի նկատմամբ՝ ստեղծելով թատերախումբ, որի հետ նա բեմադրել է Մոլիերի, Ժյուլ Սյուպերվիելի պիեսները, ինչպես նաև իր իսկ ստեղծագործությունները:
Գրողը շարունակել է զբաղվել սուսերամարտով, ինչպես նաև հայտնաբերել է որսորդությունը: Սերգեյ Բուլգակովի ստեղծագործությունների ընթերցումը նոր եռանդով է նրան մղել կրոնը։ Կրոնական դարձի թեման նույնպես դարձել է Վոլկովի ստեղծագործության հիմնական թեմաներից մեկը։
1978 թվականին կրկին ամուսնացել է։
Կյանքի ամերիկյան շրջանում (1962-1979) Վ. Ն. Վոլկովը ստեղծել է «Ծովի խռովությունը»-ի (Humeurs de la Mer) չորս հատորը, որոնք երախտագիտության նշան են Լոուրենս Դյուրելի «Ալեքսանդրիայի քառյակին»: Իրականում մեծ հույսեր չկապելով բազմահազար էջանոց ստեղծագործության հրատարակման հետ` Վոլկովը գրել է «Վերահավատագրում»-ը (Le retournement), որն ավելի հարմար է համարել տպագրության համար։ Սակայն Վլադիմիր Դիմիտրիևիչն առաջարկել է երկու ստեղծագործություններն էլ հրատարակել «L’Âge d’Homme» հրատարակչությունում՝ Բեռնար դե Ֆալուայի հետ համատեղ։ Երկու վեպերն էլ մեծ հաջողություն են ունեցել ընթերցողների շրջանում։ 1982 թվականի դեկտեմբերին «Լը Մոնդ»-ը (ֆր.՝ Le Monde) 1982 թվականն անվանել է Վոլկովի տարի. 1983 թվականի հունվարի 3-ին այս կոչումը հաստատվել է «Le Matin de Paris»-ում հրապարակված հոդվածով[12]:
Վերադարձ Ֆրանսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գրքերի հաջողությունից հետո Վոլկովն ավելի ու ավելի հաճախ է սկսել այցելել Ֆրանսիա: Հաջողության գագաթնակետում նա հանդիպել է ֆրանսիական արտաքին հետախուզության ծառայության պետ Ալեքսանդր դե Մարանշի հետ, որը մտահոգված էր հասարակական կարծիքը ապատեղեկատվությունից պաշտպանելու խնդրով: Հետախույզն առաջարկել է գրողին ստեղծել վեպ այս թեմայով: Արդյունքում` Վ. Ն. Վոլկովը գրել է «Մոնտաժ» (Le Montage) վեպը, որը թարգմանվել է 12 լեզուներով և 1982 թվականին արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի Մեծ մրցանակի՝ որպես լավագույն վեպ: «Մոնտաժ» վեպի հրատարակությունը հակասություններ է առաջացրել: 1982 թվականի սեպտեմբերի 24-ի «Apostrophes» հեռուստահաղորդման ժամանակ Վոլկովը մեղադրվել է հակասեմականության, հակամուսուլմանության և ֆաշիզմի մեջ[13], սակայն գրողը շահել է դատը:
Ընդհանուր առմամբ, Վոլկովը վեց աշխատանք է նվիրել տեղեկատվության մանիպուլյացիայի թեմային:
1985 թվականին լույս է տեսել «Պատմության պրոֆեսորը» (Le Professeur d’histoire), որը ամերիկյան փորձից ոգեշնչված զվարճալի պատմություն էր գրքասերի և երիտասարդ «ժամանակակից» ժառանգուհու բախման մասին։
1991 թվականից եղել է Ռուսաստանում[7]:
Միաժամանակ սկսվել է հակամարտությունը Հարավսլավիայում։ Ստեղծված իրավիճակի ողբերգությունը ֆրանսիացիներին փոխանցելու համար Վոլկովը նախ գրել է «Ծերպը» (La Crevasse) վեպը, ապա երկրորդը՝ «Առևանգումը» (L’Enlèvement), բայց մամուլը նրանց դիմավորել է խոր լռությամբ։
1999 թվականին Վլադիմիր Նիկոլաևիչը ստորագրել է «Եվրոպացիները հանուն խաղաղության» (Les Européens veulent la paix) խնդրագիրը[14], որն ուղղված էր Սերբիայի պատերազմի դեմ:
Դանիել Տրակեի (Daniel Trinquet) հետ համատեղ Վոլկովը հիմնադրել է Ապատեղեկատվության ուսումնասիրության ինստիտուտը (l’Institut d’études de la désinformation), որը հրատարակել է «Désinformatiоn Hebdo» (Շաբաթական ապատեղեկատվություն ) ամսագիրը: Ամսագրի վերջին հոդվածը՝ «Ապատեղեկատվություն, հայացք Արևելքից» (Désinformatiоn vue de l’Est), Վոլկովը գրել է իր մահից քիչ առաջ, որը հրատարակվել է արդեն 2007 թվականին:
2004 թվականին հրատարակվել է «Հռոմի պապի հյուրը» (L’Hôte du pape) վեպը, որը հիմնված էր իրական դեպքերի վրա, երբ ուղղափառ ռուս մետրոպոլիտը մահացել էր Հռոմի պապ Հովհաննես Պողոս I-ի գրկում՝ գաղտնի հանդիպումից հետո:
Գրողի վերջին վեպը «Տանջողն» է (Le Tortionnaire): Այստեղ Վոլկովը քառասուն տարի անց վերադարձել է Ալժիրի պատերազմի իրադարձություններին։ 2005 թվականի սեպտեմբերի 14-ին գրողը մահացել է վեպի խմբագրումն ավարտելիս։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վ. Ն. Վոլկովը ավելի քան 50 գրքերի հեղինակ է: Առավել հայտնիներից են`
- «Եռակի գործակալ» (L’Agent triple, 1962). Սատիրա Ալժիրի պատերազմի մասին
- «Սրբապիղծը» (1972). նվիրված է ուղղափառ եկեղեցու և հետախուզական մարմինների հարաբերություններին
- «Վերահավատագրում» (Le retournement, 1979). «մետաֆիզիկական թրիլլեր» ՊԱԿ-ի սպայի կրոնափոխության մասին
- «Ծովի խռովությունը» (1980). 20-րդ դարի առաջին կեսի ամենահայտնի իրադարձությունների մասին
- «Մոնտաժ» (Le Montage, 1982)
- «Պատմության պրոֆեսոր» (Le Professeur d’histoire, 1985). հոգևոր ժառանգության մասին
- «Ամերիկյան պատմություններ» (1986)
- «Թագավորի մարդիկ» (1989-1995). Ռուսաստանում անհանգիստ ժամանակի մասին, եռագրություն
- «Առևանգում» (L’Enlèvement, 2000). Բոսնիայի պատերազմի մասին
- «Դավադրություն». Ամերիկայի, Ռուսաստանի և Չեչնիայի իրադարձությունների մասին[9][15]:
Հաջողությունը գրողին հասել է 1979 թվականին «Վերահավատագրում» գործի հրատարակումից հետո[16]։
Ստեղծագործությունների մեծ մասը գրված է ֆրանսերենով։ Ինքը՝ Վլադիմիր Վոլկովը, նախընտրել է «գրել ֆրանսերեն, չնայած այն բանին, որ ես կարող եմ գրել և՛ ռուսերեն, և՛ անգլերեն»[16]: Ռուսերեն է թարգմանվել միայն երկու ստեղծագործություն ՝ «Վլադիմիր Կարմիր Արևիկ» և «Հրեշտակների քրոնիկներ» (Սանկտ Պետերբուրգ, 2002, ISBN 5-94278-300-4)[7]:
Գրողի ամենահայտնի կեղծանունը լեյտենանտ X-ն է: Այս անունով նա ստեղծել է «Լանսելոտ» երիտասարդական արկածային շարքը, որը լույս է տեսել «Ալբա-Միշել» հրատարակչությունում[16]: Շարքը ներառում է մոտ 40 գիրք։ Գլխավոր հերոսը Լանժելոն է՝ գաղտնի ծառայությունների երիտասարդ զվարճալի կրտսեր լեյտենանտը։ Գրքերը նաև կրթական նպատակ ունեին. երիտասարդներին փոխանցել հայրենիքի համար մղվող պայքարի արժեքները։ Շարքը մի քանի անգամ վերահրատարակվել է։
Նույն կեղծանունով թողարկվել է նաև ամերիկյան դետեկտիվ Լարի Ջեյ Բաշի (Larry J. Bash) մասին ոստիկանական վեպերի շարք։ Այս վեպերը տոգորված են «հարավային ոգով», սակայն ծաղրում են սևամորթների նկատմամբ նախապաշարմունքները:
Տեղեկատվության ոլորտում մանիպուլյացիաներին նվիրված են մի քանի գրքեր՝ «Մոնտաժ», «Ապատեղեկատվությունը որպես պատերազմի զենք», «Քաղաքական կոռեկտության դասագիրք», «Ապատեղեկատվություն պատկերների միջոցով»[15]:
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարտական արիության համար» խաչ (1961)
- Արվեստի և գրականության շքանշան (սպա)
- «Պատվո լեգեոնի շքանշան» (1994)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժյուլ Վեռնի մրցանակ (1963)
- Շատոբրիանի մրցանակ (1979)
- Ֆրանսիական ակադեմիայի Մեծ մրցանակ վեպի համար (1982)
- Խաղաղության միջազգային մրցանակ (1989)
- Ժան Ժիոնոյի մեծ մրցանակ (1995)
- Անկախ մտավորականների մրցանակ (1995)
- Պուշկինի մրցանակ (2002)
- Լեոն Դոդեի մրցանակ (2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ http://academie-francaise.fr/grand-prix-du-roman
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Светлана Васильева (2013 թ. մայիսի 01). «Омские корни французского писателя». Omskregion.info. Արխիվացված օրիգինալից 2018 թ. հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ. հունիսի 01-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Le Cri des Peuples. «Un « idéologue » d'extrême droite : Vladimir Volkoff» (ֆրանսերեն). Club de Mediapart. Արխիվացված օրիգինալից 2017 թ. մարտի 17-ին. Վերցված է 2020 թ. հունիսի 02-ին.
- ↑ 9,0 9,1 «Во Франции скончался писатель Владимир Волков» (ռուսերեն). РИА Новости. 2005 թ. սեպտեմբեր 14:20:05. Վերցված է 2020 թ. հունիսի 02-ին.
- ↑ La Garde des ombres, éditions de Fallois, Paris, 2001, p. 143-154
- ↑ Autobiographie de Vladimir Volkoff, rédigée quelques jours avant sa mort pour Les Dossiers H, éditions L’Âge d’Homme, Paris/Lausanne, 2006
- ↑ Dossier H sur Vladimir Volkoff, Lydwine Helly (dir.), L’Âge d’Homme, 2006, p. 181
- ↑ Institut National de l’Audiovisuel. «Ina.fr : vidéo, radio, audio et publicité - Actualités, archives de la radio et de la télévision en ligne - Archives vidéo et radio Ina.fr» (ֆրանսերեն). Ina.fr. Արխիվացված օրիգինալից 2011 թ. փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ. հունիսի 03-ին.
- ↑ «« Liste des personnalités signataires de l'Appel »» (ֆրանսերեն). nonguerre.chez.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ. օգոստոսի 09-ին. Վերցված է 2020 թ. հունիսի 03-ին.
- ↑ 15,0 15,1 «Биография и книги автора Волкофф Владимир». www.rulit.me. Արխիվացված օրիգինալից 2018 թ. օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ. հունիսի 02-ին.
- ↑ 16,0 16,1 16,2 «Скончался известный французский писатель русского происхождения Владимир Волков» (ռուսերեն). Радио Свобода. Վերցված է 2020 թ. հունիսի 02-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Վոլկով (գրող)» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 14 մահեր
- 2005 մահեր
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի գրականություն
- 20-րդ դարի ֆրանսիացի վիպասաններ
- Գիտաֆանտաստիկ գրականություն
- Պատմական վեպեր
- Ֆրանսալեզու դրամատուրգներ
- Ֆրանսիացի գիտա-ֆանտաստիկ գրողներ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Ֆրանսիացի հակակոմունիստներ
- Ֆրանսիացի մանկագիրներ
