Վիքիպեդիա:Օրվա հոդված/Փետրվար 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Փետրվար ամսվա հոդվածները
Փետրվարի 1

Էդուարդ VII, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, Հնդկաստանի կայսր (1901 հունվարի 22-ից մինչև մահ՝ 1910 թվական), Վիկտորիա թագուհու և Ալբերտ կոնսորտ արքայազնի ավագ որդին: Լինելով բրիտանական միապետի ավագ որդի՝ ծննդյան օրվանից կոչվել է Կոռնուոլի դուքս, Ռոթսեյի դուքս, որպես Ալբերտ արքայազնի ավագ որդի՝ Սաքսեն Կոբուրգի և Գոթայի (այժմ Վինձորի դինաստիա) արքայազն և Սաքսոնիայի դուքս: 1841 թվականի դեկտեմբերի 8-ին նա դարձել է Ուելսի արքայազն (մինչև 1901 թվականին թագավոր դառնալը) և Չեստերի կոմս, Դուբլինի կոմս (1850 թվականի հունվարի 17-ին):

Բերտին եղել է Կապիչի շքանշանի ասպետ (1958 թվականի նոյեմբերի 9), Շոտլանդիայի Տատասկափշի շքանշանի ասպետ (1867 թվականի մայիսի 24), ավստրիական ֆելդմարշալ (1904 մայիսի 1): Նա գահ է բարձրացել 59 տարեկան հասակում, մոր մահից հետո: Եղել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ մինչ այդ եղած ամենատարեց արքայազնը: Ամուսնացել է Ալեքսանդրա Դանիացու հետ (1863): Համատեղ կյանքում ունեցել են վեց երեխա, որոնց թվում՝ Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Ջորջ V-ը և Նորվեգիայի ապագա թագուհի Մոդ Շառլոտա Մարիյա Վիկտորիան:

1863 թվականին նա հրաժարվել է Սաքսեն Կոբուրգի և Գոթայի դքսությունից հօգուտ իր կրտսեր եղբոր՝ արքայազն... Ավելին

Փետրվարի 2
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Թեոդոսիայում
Հովհաննես Այվազովսկու հուշարձանը Թեոդոսիայում

Հայերը Թեոդոսիայում հաստատվել են զարգացած միջնադարում՝ կապված Անիի Բագրատունյաց թագավորության (885-1045) անկման հետ։ 11-12-րդ դարերում Ղրիմի հայկական գաղութները սկսում են ստվարանալ Հայաստանից և Փոքր Ասիայի հայաշատ քաղաքներից այստեղ տեղափոխված վաճառականների ու արհեստավորների խմբերի շնորհիվ։

Ղրիմահայերի ոչ պաշտոնական կենտրոնը Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքն էր։ 11-12-րդ դարերում այստեղ հիմնվեց ղրիմահայերի կողմից ստեղծված ամենահին կառույցը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այն տեղակայված է քաղաքի կենտրոնում, և նրան առընթեր գտնվում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանը։ Վերջինս 1845 թվականին կառուցել էր նաև իր արվեստանոցը, որը հետագայում վերածվում է պատկերասրահի։

Թեոդոսիայի Սուրբ Սարգիս և մի քանի այլ հայկական եկեղեցիները հիշատակվում են Կաֆայի 1316 թվականի կանոնադրության մեջ։ Կաֆան եղել է եպիսկոպոսանիստ քաղաք, որտեղ 14-րդ դարում եպիսկոպոսի ջանքերով անցկացվել է ջրմուղ։ Քաղաքի պաշտպանական կառույցների մեջ նշանավոր էր Հայկական պարիսպը, որը կոչվում էր «Հայոց բերդ»։ Դրա մի հատվածը մինչև օրս պահպանվել է։ Կաֆան 14-րդ դարում ուներ 70 հազար բնակիչ, որից 46 հազարը հայեր էին։ Ծովային և ցամաքային ապրանքաշրջանառության այս խոշոր կենտրոնի առևտուրը 13-15-րդ դարերում հիմնականում կատարվում էր հայերի միջոցով, որոնք ունեին վաճառականական ընկերություններ, վարձակալած նավեր, իջևանատներ, պահեստաշենքեր, վարկատու տներ, 12 դրամատուն (բանկ)։ Հայերից բացը առևտուրը գտնվում էր նաև ռուս և ջենովացի վաճառականների... Ավելին

Փետրվարի 3
Յեղափոխակաները դուրս ելած են ցարին ոստիկանութեան դէմ: Փեթրոկրատ, 1917:
Յեղափոխակաները դուրս ելած են ցարին ոստիկանութեան դէմ: Փեթրոկրատ, 1917:

1917ի Փետրուարի յեղափոխութիւն, թիւով երկրորդն է՝ յաջորդած 1905ի յեղափոխութեան եւ նախորդած՝ 1917ի պոլշեւիք յեղաշրջումին։

Փետրուարեան յեղափոխութեամբ Ռուսիոյ մէջ խառն դարաշրջանը ծայր կ'առնէ, երբ ոչ միայն Ռոմանով գերդաստանը գահընկէց կ'ըլլայ, այլեւ Ռուսիան կը դադրի կայսրութիւն ըլլալէ եւ կը տատանի դրամատիրական վարչակարգը՝ ցնցելով եւ ի վերջոյ կը փոխուի երկրին վերնախաւը։
Աշխարհամարտին՝ Ռուսիոյ ձախաւեր մասնակցութիւնը՝ ռազմաճակատներու վրայ իրերայաջորդ պարտութիւններով եւ երկրի ներսի կեանքին տակն ու վրայ ըլլալով։
Նիքոլա Բ կայսեր անկարողութիւնը իշխել երկիրը՝ վրիպած անձերը իբրեւ նախարար եւ զօրավար պաշտօնի կոչելով։
Տէրութեան իշխան դասակարգը պաշարած կաշառակերութիւնը։
Քարուքանդ տնտեսութիւնը։
Ժողովուրդը որ այս ամէնը տեսնելով եւ յեղափոխական զանազան քարոզիչներէն ազդուելով՝ այլեւս չէր հաւատար ցարին, եկեղեցականներուն եւ տեղական իշխանութեանց։
Խոշոր արդիւնաբերողները եւ առեւտրականները եւս դժգոհ էին ցարի քաղաքականութենէն։ Ցարի ընտանիքին պատկանող անձերն անգամ կը տրտնջէին։... Ավելին

Փետրվարի 4
Սկավառակ Նեբրայից (Գերմանիա, XVII դար, մ․թ․ա․)
Սկավառակ Նեբրայից (Գերմանիա, XVII դար, մ․թ․ա․)

Աստղագիտությունը երկնային մարմինների շարժումների և հատկությունների մասին գիտություն է, որը համարվում է բնական գիտություններից ամենահինը։ Իր զարգացման նախնական փուլերում այն միասնական էր Աստղագուշակության հետ։ Գիտական աստղագիտության և աստղագուշակության վերջնական բաժանումը տեղի ունեցավ Եվրոպայում՝ Վերածննդի դարաշրջանում։ Այլ տեսությունները, որոնք նույնպես ուսումնասիրում էին ոչ երկրային մարմինները (աստղաֆիզիկա, տիեզերագիտություն և այլն), նախկինում նույնպես դիտվում էին որպես աստղագիտության մի մաս, սակայն XX դարում դրանք տարանջատվեցին՝ դառնալով առանձին գիտություններ։

Աստղագիտական գարծունեության մասին հիշատակվում է մ․թ․ա․ VI-IV հազար դար առաջվա աղբյուրներում, իսկ լուսատուների անվանումների ավելի հին հիշատակումները հանդիպում են «Բուրգերի տեքստերում», կրոնական հուշարձանում (մ․թ․ա․ XXV—XXIII դարեր)։ Նախամարդկանց կողմից մեգալիթյան կառույցների և նույնիսկ ժայռերի վրայի պատկերազարդումների առանձնահատկությունները բացատրվում են որպես աստղագիտական։ Ֆոլկլորում նույնպես կան այդպիսի բազմաթիվ... Ավելին

Փետրվարի 5
Պողոս Ալեքսանդրյան Իզմայիլյան (1852, Երևան (որոշ տվյալներով՝ Թիֆլիս) - մարտի 5 1895, Սանկտ Պետերբուրգ), հայազգի հասարակական, քաղաքական, պետական գործիչ, Թիֆլիսի քաղաքագլուխ, փոխքաղաքագլուխ, հրատարակիչ, խմբագիր:

Պողոս Իզմայիլյանի ծննդվայրը ստույգ հայտնի չէ. նա ծնվել է 1852 թվականին կա՛մ Երևանում, կա՛մ Թիֆլիսում: Նրա հայրական կողմից պապը երիտասարդ հասակում գերեվարվել է թուրքերի կողմից: Երբ 1790 թվականին Ալեքսանդր Սուվորովը գրավում է Իզմայիլ բերդաքաղաքը, հայ գերին հայտնվում է ռուսական բանակում և, ի պատիվ իր ազատագրման վայր Իզմայիլի, ստանում է Իզմայիլյան(ց) ազգանունը: Մայրական կողմից Պ. Իզմայիլիյանի պապի հայրը եղել է Քարթլիի վերջին թագավոր Գեորգի XI-ի պալատական բժիշկը, ով հայտնի էր Հեքիմ-աղա անունով: Հետագայում նրա ժառանգները կրել են Հեքիմյան ազգանունը (ռուսական տիրապետության շրջանում նաև՝ Ակիմովներ):

Թիֆլիսի գիմնազիան ավարտելուց հետո Պողոս Իզմայիլյանը բարձրագույն ուսում ստանալու նպատակով մեկնում է Սանկտ Պետերբուրգ: 1869 թվականին, երբ դեռ առաջին կուրսի ուսանող էր, ուսանողության շրջանում սկսված շարժման հետևանքով ստիպված է լինում վերադառնալ Թիֆլիս:

1870 թվականին Պողոս Իզմայիլյանն իր ընկերների՝ Շահվերդյանի և Իվանովի հետ ծանոթանում է վրացական «Դրոեբա» («Ժամանակներ») և «Սասոփլո» («Գյուղական») թերթերի խմբագիրներ Ն. Նիկոլաձեի և Ս. Մեսխիայի, ինչպես նաև Գ. Ծերեթելու հետ: Օգնում է վերջիններիս հիմնել «Գ. Ծերեթելի և ընկերություն» տպարանը: Վերջինս սկսել է գործել Պողոս Իզմայիլյանի տնօրինությամբ: Գ. Ծերեթելին նշել է, որ երբ ինքը 1872 թվականին այդ տպարանում լույս տեսնող «Դրոեբա» պարբերականում հոդվածներ էր տպագրում «Հողային բանկ» հիմնելու վերաբերյալ, նյութերն ամբողջովին իրեն էր տրամադրել... Ավելին

Փետրվարի 6
«Ֆրամ» նավը Բերգենում
«Ֆրամ» նավը Բերգենում

Նորվեգական բևեռային արշավախումբ, գիտարշավ, որն կատարվել է «Ֆրամ» նավով: Արշավախմբի նպատակն էր հետազոտել Արկտիկայի բարձր լայնությունները և արդյունքում հասնել մինչև աշխարհագրական Հյուսիսային բևեռ: Գիտարշավի ղեկավարն ու հեղինակը նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենն էր: Գիտարշավն էական բեկում մտցրեց բևեռային լայնությունների հետազոտման պատմության մեջ: Աշխարհում առաջին անգամ մի փոքր արշավախումբ հատուկ այդ նպատակի համար կառուցած նավով գիտակցաբար գնաց դեպի բազմամյա ծովային սառույցները, որպեսզի համակարգված ու համալիր կերպով հետազոտական աշխատանքներ իրականացնի Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում: Ֆրիտյոֆ Նանսենն ու Յալմար Յոհանսենը նպատակադրվել էին Հյուսիսային բևեռին հասնել շնասահնակներով: Արդյունքում, 1895 թվականի ապրիլի 6-ին նրանք հասան հյուսիսային լայնության 86° 13.6’ զուգահեռականին, որն այդ պահի դրությամբ աշխարհի մակարդակով արդեն իսկ ռեկորդ էր: Առաջին բևեռային արշավախումբն է 19-րդ դարում, որ գիտարշավ կատարելու ընթացքում մարդկային... Ավելին

Փետրվարի 7

Լոնդոն (անգլ.՝ London), Միացյալ Թագավորության և Անգլիայի մայրաքաղաքը։ Միացյալ թագավորության և Եվրամիության խոշորագույն քաղաքն է։ Տեղակայված է Թեմզա գետի ափերին և բնակեցված է եղել գրեթե երկու հազարամյակ առաջ։ Լոնդոնի պատմությունը սկիզբ է առնում Հռոմեական կայսրությունից։ Հռոմեացիները քաղաքին տվել էին Լոնդինիում անունը: Լոնդոնի հնագույն կորիզ հանդիսացող Լոնդոնյան Սիթին մինչ օրս պահպանում է իր միջնադարյան սահմանները։ Սկսած 19-րդ դարից` «Լոնդոն» անունը վերաբերում է նաև այս կորիզը շրջապատող բնակավայրերին։ Մեծ Բրիտանիայի վարչական բաժանման համաձայն՝ քաղաքը բաժանվում է Լոնդոնի շրջանի և Մեծ Լոնդոն վարչական շրջանի, որը կառավարում են ընտրված Լոնդոնի քաղաքապետը և Լոնդոնի ժողովը։

Լոնդոնն առաջատար քաղաք է իր արվեստով, առևտրով, կրթությամբ, ժամանցային վայրերով, նորաձևությամբ, ֆինանսներով, առողջապահությամբ, ԶԼՄ-ներով, մասնագիտական ծառայություններով, գիտությամբ, տուրիզմով և տրանսպորտով, որոնք քաղաքը դարձնում են առավել հայտնի։ Այն համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոնը՝ Նյու Յորքի հետ միասին և նրա ՀՆԱ-ն ամենամեծն է Եվրոպական քաղաքների մեջ։ Լոնդոնը նաև համարվում է աշխարհի մշակութային մայրաքաղաքը։ Այն աշխարհում ամենաշատ այցելվող քաղաքն է և ունի աշխարհում ամենազբաղված օդանավակայանը։ Լոնդոնի 43 բուհերն ունեն բարձրագույն կրթության ամենամեծ խտությունը Եվրոպայում: 2012-ին Լոնդոնը երրորդ անգամ... Ավելին

Փետրվարի 8

Մարկուս Պեդերսեն (նորվ.՝ Marcus Pedersen, հունիսի 8, 1990 թվական, Համար, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, նորվեգական «Ստրյոմգոդսետ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող:

Պեդերսենը ծնվել է Համարում և սկսել է իր ֆուտբոլային կարիերան տեղի «Համ-Կամ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմում: Իր առաջին հանդիպումը մեծերի թիմում նա անցկացրել է 14 տարեկան հասակում: 2007 թվականին Մարկուսը ընդգրկվում է ակումբի մրցաշրջանային հայտացուցակում, սակայն այդպես էլ տարվա ընթացքում խաղադաշտ դուրս չի գալիս: Ապրիլի 9-ին «Սկեյդի» դեմ խաղում նա «Համ-Կամի» կազմում կատարում է իր պաշտոնական նորամուտը: 2008 թվականի հուլիսի 9-ին «Ռուսենբորգի» հետ հանդիպման ժամանակ Պեդերսենը հեղիանակում է իր առաջին գնդակը նորվեգական ակումբի կազմում: Այդ գոլը Պեդերսենի առաջինը լինելուց բացի նաև խաղում դառնում է հաղթական: Հաջող նորամուտից հետո նորվեգացին վնասվածք է ստանում և չի կարողանում շարունակել իր ելույթները 2008-2009 ֆուտբոլային մրցաշրջանում:

2009 թվականի հունվարին Մարկուսը տեղափոխվում է «Ստրյոմգոդսետ»: Մարտի 15-ին «Ստարտի» դեմ խաղում նա նոր թիմի կազմում կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում: Այս խաղում Պեդերսենը դուբլի հեղինակ է... Ավելին

Փետրվարի 9
Այքմանը Երուսաղեմում. հաշվետվություն չարության տափակության մասին, Հանա Արենդտի վերլուծական երկը Ադոլֆ Այքմանի և 1961 թվականին Երուսաղեմում կայացած նրա դատավարության մասին, որտեղ Արենդտը ներկա էր որպես The New Yorker հանդեսի թղթակից: Ադոլֆ Այքմանը նախկին ՍՍ օբերշտուրմբանֆյուրեր (փոխգնդապետ) էր, որը ղեկավարել է գեստապոյի IV-B-4 բաժինը, որը պատասխանատու էր «Հրեաների խնդրի վերջնական լուծման» համար:

Որքան էլ զավեշտալի հնչի, գրքում տեղ են գտել շատ զվարճալի մանրամասներ: Արդեն դատավարության ընթացքում Արենդտը շրջանառության մեջ է դրել Banality of Evil – չարության տափակություն արտահայտությունը` ոչ միայն նկատի ունենալով Այքմանի նման «անհամ և ճղճիմ» մարդկանց, որոնք կազմում էին բնաջնջման նացիստական մեքենան, այլ Հոլոքոստի` որևէ ինքնատիպությունից զուրկ և սարսափով համակված հանցավոր պատմության ամենակենցաղային առօրեականությունը: Օրինակ, գլխավոր դատախազ Գիդեոն Հաուզներն իր «Վեց միլիոնը մեղադրում են» պատմական ելույթից առաջ ետնաբեմում սկանադալ էր բարձրացրել և դատական կառավարչին սպառնում էր, որ եթե իր կնոջն ու դստերը դատին մասնակցելու թույլտվություն չտան, ապա մեկ ուրիշը թող ելույթ ունենա իր փոխարեն:

«Այքմանը Երուսաղեմում» էսսեն 20-րդ դարի բարոյագիտության վերաբերյալ ամենաքարկոծված գիրքն է, սակայն... Ավելին

Փետրվարի 10
Մանկական ամուսնություն, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի սահմանման՝ պաշտոնապես կնքված ամուսնություն կամ ոչ պաշտոնական միություն 18 տարին չլրացած անձի հետ։ Որոշ երկրներում և շրջաններում օրենքով սահմանված ամուսնության նվազագույն տարիքը 18 տարեկանից ցածր է, մյուսներում՝ թույլ է տրվում մինչև 18 տարեկանն ամուսնանալ ծնողների համաձայնությամբ՝ հղիությամբ կամ այլ հատուկ հանգամանքներով պայմանավորված, երրորդում՝ մշակութային ավանդույթները կարող են ավելի ուժեղ լինել, քան պաշտոնական իրավական նորմերը։ Ինչպես երիտասարդները, այնպես էլ աղջիկներն ամուսնանում են վաղ հասակում, սակայն մանկահասակ հարսնացուները շատ ավելի շատ են, և նրանց մեծամասնությունը սերում է ծանր սոցիալ-տնտեսական պայմաններ ունեցող ընտանիքից։

ԱՄՆ առողջապահության նախարարությունը մանկական ամուսնության շարքն են դասում նաև այն մանկահասակների նշանադրությունը և ամուսնությունը, որոնք սահմանված են դատարանի կողմից՝ պատանեկան հղիության դեպքում։

Տարբեր մշակույթներում և կրոններում, տարբեր ժողովուրդների մոտ և տարբեր ժամանակներում կարելի է գտնել իրար ոչ նման պատկերացումներ այն բանի մասին, թե որ ամուսնությունն է պետք համարել չափազանց վաղ և ինչու։ Դարեր շարունակ ժամանակակից պատկերացումներով վաղ ամուսնությունները կնքվել են աղքատ զարգացող երկրներում և վատ ապահովված ընտանիքներում։ Ըստ վերջին հասանելի տվյալների՝ մանկական ամուսնությունն առավել տարածված է... Ավելին

Փետրվարի 11

Նորաձևություն (ֆր.՝ mode, լատին․՝ modus բառից՝ չափ, կերպար, կանոն, կարգադրություն), որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում: Նորաձևություն հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես ամենաանկայուն և արագ անցնող հանրաճանաչություն: Նորաձևություն տերմինն իր մեջ ներառում է նաև մարդկային մարմնի՝ տվյալ դարաշրջանում նախընտրելի տիպը (օրինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի ժամանակաշրջանում գնահատվում էր փարթամ մարմինը, իսկ 21-րդ դարի սկզբին գնահատվում է բարեկազմությունը:

Նորաձևության անկապտելի հատկանիշը նորությանը հետևելն է, առարկայի կամ երևույթի նորության/նորաձևության աստիճանը կախված է ոչ այնքան նրա ստեղծման (առաջացման) օբյեկտիվ ժամանակից, որքան ժողովրդականություն և հանրային ճանաչում ստանալու պահից: Այսպես, էլեկտրոնային նորաձև գաջեթ կարող են դառնալ ոչ յուրահատուկ տեխնոլոգիական (կամ իրական սպառողական հատկությունների տեսակետից) սարքերը, հագուստի նորաձև... Ավելին

Փետրվարի 12

Gorgoroth, նորվեգական բլեք մետալ խումբ, ժանրի ամենահայտնի ներկայացուցիչներից։ Հիմնադրվել է 1992 թվականին։ «Gorgoroth» անվանումը վերցվել է Ջ․ Ռ․ Ռ․ Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպից․ Գորգորոթը Մորդորի հրաբխային մոխրով ծածկված սարահարթ է։

2007 թվականի վերջին խումբը պառակտվեց։ Մի կողմից Gorgoroth-ի հիմնադիր և մշտական անդամ կիթառահար Ինֆերնուսը (իրական անունը՝ Ռոջեր Թիեգս), մյուս կողմից բաս կիթառահար Քինգ օֆ Հելլը (իրական անունը՝ Կատո Վիսնես) և վոկալիստ Գաալը (իրական անունը՝ Քրիստիան Էսպեդալ) հայտարարեցին խմբի անվանման վրա իրենց իրավունքների մասին։ Նորվեգիայի պատենտների բյուրոն որոշում ընդունեց հօգուտ Քինգ օֆ Հելլի և Գաալի։ Դրան ի պատասխան, Ինֆերնուսը դիմեց Օսլոյի դատարան։ 2009 թվականի մարտին կայացված վճռով Gorgoroth-ի ապրանքային նշանի իրավունքը Քինգին ու Գաալին վերագրելու որոշումն անվավեր համարվեց և ձևակերպվեց Ինֆերնուսի անունով։

Խումբը երբեք չի հրապարակել իր երգերի տեքստերը, բայց վերնագրերից արդեն իսկ պարզ է, որ ոգեշնչման հիմնական աղբյուրը սատանիզմն է։ Երաժիշտները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ իրենց համար երաժշտությունը երկրորդային է. գլխավորը երգերի հակաքրիստոնեական ուղղվածությունն է։ Սեմ Դանի «Մետալիստի ճանապարհորդությունը» ֆիլմում այն հարցին, թե ինչ գաղափարախոսություն է կանգնած Gorgoroth-ի երգերի հետևում, Գաալը պատասխանում է․ «Սատանան»։

Բացի այդ, Gorgoroth-ը սկանդալային ճանաչում է ձեռք բերել խմբի երաժիշտների մասնակցությամբ... Ավելին

Փետրվարի 13

Ալեսանդրո Դյամանտի, իտալացի ֆուտբոլիստ, խաղում է «Պալերմո» ակումբում որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան: Հանդես է գալիս Իտալիայի ազգային հավաքականում: 2012 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Ալեսանդրո Դյամանտին «Սանտա Լուչիա» ակումբի սան է: Ակումբում աշխատել է նաև նրա հայրը՝ Լուչանոն, ով ժամանակին մարզել է հանրահայտ ֆուտբոլիստ Քրիստիան Վերիին: 1997 թվականի ամռանը Դյամանտին տեղափոխվել է «Պրատո» ֆուտբոլային ակումբ և երեք մրցաշրջան անց՝ 2000 թվականի մայիսի 4-ին կայացած «Նավորա» ակումբի դեմ խաղում առաջի անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում (0:0): 2000 թվականի հուլիսի 2-ին վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի» ակումբ, որի կազմում անցկացրել է 12 խաղ՝ հեղինակելով 1 գոլ: Առաջնության ավարտին Դյամանտին վերադարձավ «Պրատո», որտեղ 2001 թվականի օգոստոսի 19-ին անցկացրեց իր առաջին հանդիպումը Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում: 2001 թվականի սեպտեմբերի 26-ին Դյամանտին վարձավճարով տեղափոխվեց սերիա D-ին մասնակցող «Ֆուչեկո» ակումբ, որտեղ անցկացրեց 24 խաղ՝ հեղինակելով 3 գոլ: 2002 թվականի ամռանը կիսապաշտպանը կրկին վերադարձավ «Պրատո», որտեղ անցկացրեց ընդամենը երկու հանդիպում: 2013 թվականի հունվարի 1-ին Դյամանտին վարձավճարով տեղափոխվեց «Ֆիորենտա» ակումբ: Դեբյուտը նոր ակումբում տեղի ունեցավ 2003 թվականի փետրվարի 16-ին «Իմոլեզե» ակումբի դեմ խաղում: «Ֆիորենտա» ակումբի հիմական կազմում նա անցկացրեց 3, իսկ երիտասարդական կազմում՝ 6 խաղ, սակայն «Ֆիորենտինա» ակումբի տնօրինությունը չգնեց ֆուտբոլիստին, որովհետև երկու անգամ նրա մոտ տեղի էին ունեցել պնևմոթորաքսի նոպաներ: Դրանից հետո նա վերադարձավ «Պրատո», որի հետ ստորագրել էր... Ավելին

Փետրվարի 14
Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն, 9-14-րդ դարերում պատմական հայրենիքում և Կիլիկիայում ձևավորված հայկական ճարտարապետություն։ Այդ շրջանի հայկական մշակույթն ընդունված է ուսումնասիրել երեք փուլով. Բագրատունիների թագավորություն (885-1045), Կիլիկյան Հայաստան (իշխանություն և թագավորություն՝ 1080-1375) և Զաքարյան իշխանապետություն (1200-1261)։

Հնուց ի վեր Հայկական լեռնաշխարհում գործող համահայկական պետությունը, որը ղեկավարվել էր երեք արքայատոհմերի կողմից ավելի քան մեկ հազարամյակ՝ մ.թ.ա. 570 - մ.թ. 428 թվականներ, վաղ միջնադարում վերացել էր։ Հայաստանը երկու անգամ (387, 591) բաժանվել էր Հռոմեական (395 թվականից՝ Բյուզանդական) կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև, ապա միավորվել և դարձել Արաբական խալիֆայության վարչական միավոր՝ Արմինիա։

Հայ իշխանական տների, մասնավորապես՝ Բագրատունիների, Սյունիների ու Արծրունիների պայքարի շնորհիվ վերականգնվում է համահայկական պետությունը՝ Բագրատունիների թագավորությունը (885-1045)։ Երկրում տեղի է ունենում քաղաքական և տնտեսական առաջընթաց, որը հանգեցնում է մշակութային վերածնունդին ու արվեստի զարգացմանը։ Պետականության վերականգնումից ու ամրապնդումից հետո հայ թագավորները սկսում են... Ավելին

Փետրվարի 15
Ռոզենթալի էֆեկտ կամ Պիգմալիոնի էֆեկտ, (անգլ.՝ Rosenthal effect կամ Pygmalion effect), փորձարկողի կողմնակալության էֆեկտ, սոցիալական հոգեբանական ֆենոմեն, ըստ որի անձի գործողությունների բնույթը հիմնականում պայմանավորված է իր մարգարեությունը իրականացած տեսնելու սպասելիքներով և շրջապատի արձագանքների մեկնաբանությամբ, որն էլ հրահրում է մարգարեության ինքնաիրականացում: Սա մեկն է ներքին վավերականությանը սպառնացող գործոններից, որը սերտորեն կապված է հետազոտողի հատկությունների հետ: Պայմանավորված է փորձարարի հոգեկան ինքնակարգավորման անգիտակցականի մակարդակով: Կարող է ի հայտ գալ ցանկացած գիտության մեջ և ուսումնասիրության կամ գիտափորձի ցանկացած փուլում՝ անցկացման, արդյունքների մշակման, դրանց մեկնաբանման ընթացքում և այլն:

Փորձարարը, որը վստահում է հիպոթեզին կամ ինֆորմացիայի հավաստիությանը, ակամայից այնպես է գործում, որպեսզի իր ստացած արդյունքները հաստատեն հիպոթեզը: Ամերիկյան հոգեբան Ռոբերտ Ռոզենթալը (անգլ.՝ Robert Rosenthal) այդ երևույթն անվանել է «Պիգմալիոնի էֆեկտ»՝ զուգահեռներ անցկացնելով հին հունական դիցաբանական հերոս Պիգմալիոնի կերպարի հետ:

Նմանատիպ մեխանիզմով է գործում արտապատկերային նույնականացումը (հոգեվերլուծության... Ավելին

Փետրվարի 16
Անհավանական Սարդ-մարդը, 2012 թվականի՝ սուպերհերոսի մասին պատմող ամերիկյան ֆիլմ, որը հիմնված է Marvel ComicsՍարդ-մարդը կերպարի վրա և կրում է ամենաերկար համանուն կոմիքսի վերնագիրը։ Այն Սարդ-մարդու մասին ֆիլմի չորրորդ ադապտացիան է Columbia Pictures-ի և Marvel Entertainment-ի կողմից և Սեմ Ռեյմիի՝ 2002-2007 թվականների եռագրության վերարձակումը։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Մարկ Ուեբը։ Սցենարի հեղինակներն են Ջեյմս Վանդերբիլթը, Էլվին Սարջենթը և Սթիվ Կլովսը։ Գլխավոր դերերում են Էնդրյու Գարֆիլդը (Փիթեր Փարքեր / Սարդ-մարդ), Էմմա Սթոունը (Գվեն Սթեյսի), Ռիս Իֆանսը (Բժիշկ Քրթիս Քոննորս), Դենիս Լերին (Ջորջ Սթեյսի, Նյու Յորքի ոստիկանության կապիտան), Մարտին Շինը և Սալլի Ֆիլդը (Փիթեր Փարքերի հորեղբայր Բեն Փարքերն ու նրա կինը՝ Մեյ Փարքերը)։ Ֆիլմը պատմում է Փիթեր Փարքերի՝ Նյու Յորքում ապրող մի դեռահասի մասին, ով Սարդ-մարդ է դառնում գենետիկորեն փոխված սարդի խայթոցից հետո։ Փարքերը պետք է կանգնեցի Բժիշկ Քուրթ Քոննորսին՝ նույն ինքը մուտացված Մողեսին, որպեսզի վերջինս մուտացնող շիճուկը բաց չթողնի քաղաքային բնակչության վրա։

Ֆիլմի ստեղծման աշխատանքներն սկսեց 2010 թվականին «Սարդ-մարդը 4» ֆիլմի չեղարկումից հետո, որով ռեժիսոր Սեմ Ռեյմին ավարտեց Սարդ-մարդու ֆիլմաշարը, որտեղ անվանի սուպերհերոսի դերը երեք ֆիլմ շարունակ մարմնավորում էր Թոբի Մագուայերը։ Columbia Pictures-ը որոշեց արտադրական նույն թիմով վերարձակել ֆիլմաշարը, որտեղ Ջեյմս Վանդերբիլթը մնաց, որպեսզի գրի... Ավելին

Փետրվարի 17
Զահրատ (10 Մայիս, 1924, Պոլիս - 20 Փետրուար, 2007, Պոլիս), սփիւռքահայ բանաստեղծ։

Բուն անունով Զարեհ Եալտըզճեան, ծնած է 10 Մայիս, 1924-ին, կ.Պոլիս, Նշանթաշ թաղամասը։1942-ին աւարտած է Փանկալթըի Վիեննական Մխիթարեան վարժարանը եւ յաճախած Իսթանպուլի համալսարանի դեղագործութեան ու բժշկութեան ֆաքիւլթէները։ Երեք տարի միայն ուսանելէ ետք, կիսարաւարտ թողած է իր ուսումը եւ նետուած է գործի ասպարէզ։

1940-ականներուն սկսած է գրել բանաստեղծութիւններ։ Իր տպագրեալ առաջին բանաստեղծութիւնը եղած է «Աստղ մը»ն, լոյս տեսած «Ժամանակ» օրաթերթի 5 Սեպտեմբեր, 1943-ի թիւին վրայ։ Աշխատակցած է զանազան թերթերու եւ պարբերականներու։ Այնուհետեւ մէկ տարի ուսանած է դեղագործական վարժարանի մը մէջ: Երեք տարի յաճախած է բժշկական համալսարան, սակայն կիսատ ձգելով, իբրեւ սպայ մտած է զինուորական ծառայութեան: Ուսման տարիներուն, ան միաժամանակ աշխատած է տարբեր բնոյթի գործեր: Զահրատ եղած է Մխիթարեան սանուց միութեան հիմնադիր անդամը (1946-ին), ինչպէս նաեւ խմբագիր միութեան «Սան» հանդէսին։ 1956-ին խումբ մը ընկերներով վարած է «Մարմարա» օրաթերթի կիսամսեայ գրական էջերը։

Ունի բանաստեղծական ութ ժողովածներ, որոնք 2006-ին «Արաս» հրատարակչատան կողմէ ամփոփուած են երկու հատորներու մէջ։ Իսկ իններորդ հատորը՝ «Դդումի համ»ը հրատարակուած է յետմահու։ Իր գործերէն պատրաստուած են ընտրանիներ՝ հայերէն եւ օտար... Ավելին

Փետրվարի 18

Զբոսաշրջությունը Եգիպտոսում երկրի տնտեսության հիմնական ճյուղերից է։ 2010 թվականին այն եղել է իր գագաթնակետին՝ ապահովելով Եգիպտոսի աշխատուժի 12%-ը։ Եգիպտոսն ընդունել են մոտ 14,7 միլիոն զբոսաշրջիկների՝ ստանալով $12,5 միլիարդ եկամուտ։ Դա երկրի ՀՆԱ-ի 11%-ից ավելին է, արտաքին կապիտալի դրամաշրջանառության 14,4%-ը։

Զբոսաշրջության բիզնեսի աճը Եգիպտոսում պայմանավորված է նրա՝ զարգացող երկիր լինելու հանգամանքով։ Եգիպտոսն ունի նպաստավոր պայմաններ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Հնագույն քաղաքակրթության և մշակութային պատմական հուշարձանների թվով Եգիպտոսը երրորդն է աշխարհի երկրների ցանկում։ Դրանց թվին են պատկանում ինչպես հին եգիպտական (փարավոնական), հին հռոմեական ու հին հունական հուշարձանները, այնպես էլ կրոնական տեսարժան վայրերը՝ կապված իսլամական, քրիստոնեական և հուդայական կրոնների հետ։ Պատմագիտական օբյեկտների դիտումն ու հետազոտումը Եգիպտոսում զբոսաշրջիկների մնալու ժամանակի ընդամենը 18-20%-ն են զբաղեցնում։ Նրանք իրենց ժամանցի հիմնական մասն անցկացնում են Միջերկրական ու Կարմիր ծովերի ափերին տեղակայված առողջարաններում ու հյուրանոցներում, կատարում դեպի անապատ ճամփորդություններ, մասնակցում սպորտային և այլ միջոցառումների:

Դեռ երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող տարիներին Եգիպտոսը հայտնի զբողաշրջության կենտրոն էր։ 1951 թվականի դրությամբ՝ զբոսաշրջիկների քանակը հասնում էր 100 000-ի։ 1975 թվականին Եգիպտոսը հեշտացրեց վիզային համակարգը, ինչը նպաստեց տուրիզմի զարգացմանը։ Դա արվեց մասնավորապես Եվրոպայի ու Հյուսիսային Ամերիկայի երկրների համար։ Եգիպտոսում դեսպանատներ բացեցին Ավստրիան, Նիդերլանդները, Դանիան և Ֆինլանդիան։ 1976 թվականին զբոսաշրջության զարգացումը դրվեց հնգամյա պլանի հիմքում, և պետության բյուջեի 12%-ն ուղղվեց... Ավելին

Փետրվարի 19
Մախիկո Գոնսալես (իսպ.՝ Jorge Alberto González Barillas), ավելի հայտնի որպես՝ Մախիկո Գոնսալես (իսպ.՝ Mágico González, մարտի 13, 1958 թվական, Սան Սալվադոր, Սալվադոր), պրոֆեսիոնալ սալվադորցի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել սալվադորական և իսպանական ֆուտբոլային ակումբներում: Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: IFFHS-ի վարկածով համարվում է Սալվադորի պատմության լավագույն ֆուտբոլիստը: Իր բնավորության և կարգապահության հետ ունեցած խնդիրների պատճառով Մախիկոն այդպես էլ ավելի անվանի ակումբներ չի տեղափոխվել: Սալվադորցի հարձակվողը ավարտել է իր կարիերան 42 տարեկան հասակում հայրենի ՖԱՍ ֆուտբոլային ակումբում: 2013 թվականի նոյեմբերի 12-ին Գոնսալեսն ընդգրկվել է Պաչուկայի մեքսիկական ֆուտբոլի փառքի սրահում:

Խորխեն ծնվել է Սան Սալվադոր ագլոմերացիայի ոչ այնքան հարուստ ընտանիքներից մեկում: Նրա ծնողներն են Օսկար Էրնեստո Գոնսալեսը և Վիկտորյա Բարիլյասը: Իրենց ընտանիքում նա եղել է ութ երեխաներից ամենակրտսերը (Մախիկոն ունի վեց եղբայր և մեկ քույր): Մախիկոյի մեծ ընտանիքում իրենից բացի պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել է նաև նրա մեծ եղբայր Մաուրիսիո Գոնսալեսը, որը Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է... Ավելին

Փետրվարի 20
Սև խոռոչում աստղի գրավիտացիոն կոլապսի մոդելացված պրոցեսի դրվագ գրավիտացիոն ալիքների ճառագայթմամբ
Սև խոռոչում աստղի գրավիտացիոն կոլապսի մոդելացված պրոցեսի դրվագ գրավիտացիոն ալիքների ճառագայթմամբ

Քանակական հարաբերականություն (անգլ.՝ numerical relativity), հարաբերականության հատուկ տեսության բնագավառ, որը մշակում և օգտագործում են հաշվողական մեթոդներում և ուժեղ գրավիտացիոն դաշտերի համակարգչային մոդելավորման ֆիզիկական պրոցեսների ալգորիթմներում, երբ անհրաժեշտ է թվապես լուծել Այնշտայնի հավասարումները: Հիմնական Ֆիզիկական համակարգերը, որոնց նկարագրության համար անհրաժեշտ է քանակական հարաբերականությունը, վերաբերում են ռեյլատիվիստիկ աստղաֆիզիկային և ներառում են իրենց մեջ ուրիշ օբյեկտներ ու երևույթներ, որոնց ադեկվատ նկարագրության համար պետք է դիմել ընդհանուր հարաբերականության տեսությանը առանց թույլ դաշտերի սովորական մոտավորությունների և փոքր արագությունների (ինչպես նյուտոնյան բաշխման և խոտորման տեսության մեջ Ալբերտ Այնշտայնի հավասարումների ճշգրիտ լուծումների ֆոնի վրա):

Այս բնագավառի մոդելավորումը Այնշտայնի հավասարումների բարդության և ոչ գծայնության պատճառով պահանջում է հատուկ քանակական մեթոդներ (օրինակ՝ հիպերբոլայնության և Կոշի խնդրի կոռեկտության դրվածքի ժամանակավոր էվոլյուցիան կախված է հավասարումների ներկայացումից, ինչպես նաև սկզբնական և սահմանային պայմաններից), ինչպես նաև ժամանակակից սուպերհամակարգիչներին հասնելի մեծ հաշվողական հզորության... Ավելին

Փետրվարի 21
Վերսալի այգին
Վերսալի այգին

Կանոնավոր այգի (անգլ.՝ French formal garden, ֆր.՝ jardin à la française), այգի, որ երկրաչափական կանոնավոր նախագծով է հիմնված, ինչը սովորաբար արտահայտվում է համաչափությամբ և կոմպոզիցիայի կանոնավորությամբ: Բնութագրական են ուղղագիծ ծառուղիները, ծաղկանոցները, կանոնավոր ձև ունեցող լողավազանները, երկրաչափական որոշակի տեսքով մշակված թփերը:

Կանոնավոր այգիները զարգացման գագաթնակետին են հասել Ֆրանսիայում բարոկկոյի դարաշրջանում (XVII-XVIII դարեր), ինչի օրինակ են Վերսալի այգիները, որոնք ստեղծվել են Լյուդովիկոս XIV-ի լանդշաֆտային ճարտարապետ Անդրե Լեոնոտրի նախագծով: Կանոնավոր այգու նորաձևությունը Ֆրանսիայից անցել է եվրոպական այլ երկրներ, որտեղ էլ կանոնավոր այգիները կոչվել են ֆրանսիական (ֆր.՝ jardin à la française): Սակայն անվանումը պատմականորեն ճիշտ չէ, քանի որ նմանօրինակ այգիներ հիմնելու գաղափարը ծագել է Իտալիայում վերածննդի շրջանում` XIX դարում զարգացման հասնելով Անգլիայում, որտեղ թփերին կենդանիների, թռչունների, սնկերի, պարույրի բարդ ձևեր էին հաղորդում:

Կանոնավոր այգիները լայն տարածում են ունեցել պալատների, ամրոցների շրջանում` կազմելով պալատական համալիրի բաղկացուցիչ մաս:

Ֆրանսիական կանոնավոր այգին իր արմատներով գալիս է վերածննդի շրջանի իտալական այգիներից, որի սկզբունքները XVI դարում անցել են Ֆրանսիա: Իտալական վերածննդին բնորոշ օրինակներ են Բոբոլի այգին Ֆլորենցիայում և Մեդիչի վիլլան Ֆյեզոլեում, որոնք աչքի են ընկնում... Ավելին

Փետրվարի 22
Սուրբ Խաչ վանք, Հին Ղրիմ
Սուրբ Խաչ վանք, Հին Ղրիմ

Հայերը Ղրիմում բնակություն են հաստատել դեռևս 11-12-րդ դարերից սկսած՝ կապված Անիի Բագրատունյաց թագավորության (885-1045) անկման հետ։ Այդ շրջանում Ղրիմի թերակղզում հայ համայնքները ձևավորվել էին Հայաստանից արտագաղթած և Բյուզանդական կայսրության տարբեր հատվածներում ապաստան գտած հայերից։ Նրանք Բյուզանդիայի, ապա սելջուկ-թուրքերի և մոնղոլների արշավանքների հետևանքով անցել էին Ղրիմ Կոստանդնուպոլսից և Տրապիզոնից։

Զարգացած միջնադարրում Ղրիմը հայերին ձգում էր հատկապես առևտրին հարմար իր դիրքով։ Ղրիմի շատ ծովափնյա կետեր մինչև 13-րդ դարը ներառյալ Բյուզանդիային ենթակա տարածքներ էին։ Այն սևծովյան ավազանի երկրների հետ կատարվող առևտրի ամենակարևոր օղակն էր։ Առևտրական նպատակներով անցնելով Ղրիմ՝ հայ վաճառականները աստիճանաբար հաստատվում էին ծովափնյա շրջաններում։ Նրանց էին հետևում նաև հայ հողագործներն ու արհեստավորները։11-14-րդ դարերում Ղրիմի հարավարևելյան և արևմտյան ծովափնյա վայրերում՝ Կաֆայում, Խերսոնեսում և Սուդակում, հայերը մշտական բնակություն էին հաստատել։ Միջնադարում նրանց ոչ պաշտոնական կենտրոնը Կաֆա (այժմ՝ Թեոդոսիա) քաղաքն էր։ 11-12-րդ դարերում այստեղ հիմնվեց ղրիմահայերի ամենահին կառույցը՝ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Դրան կից գտնվում է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գերեզմանը։ Վերջինս 1845 թվականին կառուցել էր նաև իր արվեստանոցը, որը հետագայում վերածվել է... Ավելին

Փետրվարի 23
Լսարանի էֆեկտ կամ Լսարանի ազդեցություն (Զայոնցի ադեցությունֆասիլիտացիայի ազդեցություն), Սոցիալական հոգեբանության ֆենոմեն, մարդու վարքի վրա որևէ կողմնակի դիտորդի ներկայության ազդեցություն, որից փոխվում է այս կան այն աշխատանքն իրականացնող մարդու վարքը, հետևաբար նաև աշխատանքի արդյունքը և որակը: Ազդեցությունն ուսումնասիրել է Ռոբերտ Զայոնցն իր հետազոտություններում: Լսարանի ազդեցության արդյունքը ցայտունորեն արտահայտվում է մարզիկների մոտ, որոնք մրցումների ժամանակ ավելի բարձր ցուցանիշներ են ցուցաբերում, քան մարզումների ընթացքում: Բոլոր նրբությունները յուրացնելու դեպքում արդյունքը կախված է լինում միայն ֆիզիկական տվյալներից, և հասարակության առաջ ելույթի արդյունքը գերազանցում է սպասելիքները:

Լսարանի ազդեցությունը հաշվի է առնվում, օրինակ, հոգեբանական հետազոտություններ անցկացնելիս. լսարանի էֆեկտը կարելի է դիտարկել որպես ներքին վավերականությանն սպառնացող գործոններից մեկը:

Մարդու գործունեության տեսակների մեծ մասն ունի կոլեկտիվ բնույթ և իրականացվում է տարբեր խմբերում: Սոցիալական հոգեբանները բացահայտել են խմբային գործունեության ժամանակ առաջացող մի շարք պայմաններ, որոնց դեպքում գործունեության վերապահումները հնարավոր է նվազագույնի հասցնել կամ ընդհանրապես բացառել: Խմբային կարգավորումը լավ հասկանալու համար պետք է համակարգել խմբային գործունեության գործընթացների և պայմանների մասին գիտելիքները, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ կառավարել... Ավելին

Փետրվարի 24
Վարդան Մամիկոնեան
Վարդան Մամիկոնեան

Վարդան Մամիկոնեան (388 - 451), Ե. դարու հայ զօրավար, հայոց զօրքերու սպարապետ, 450 – 451 թուականներու հայ ազատագրական շարժման առաջնորդ։

Վարդան Մամիկոնեան Աւարայրի ճակատամարտին հայոց զօրքերու հրամանատարն էր։ Ճակատամարտը տեղի ունեցած է 26 Մայիս , 451-ին, Վասպուրականի Տղմուտ գետի ափին, Աւարայրի դաշտին վրայ։ Հայոց բանակը բաղկացած էր 66.000 զինուորներէ, իսկ պարսիկներու բանակը՝ 90.000- է, որոնք պաշտպանուած էին նաեւ փիղերով։ Պատերազմը վերջ գտած է պարսիկներու յաղթանակով։ Զօրավար Վարդան զոհուած է այդ ճակատամարտի ընթացքին։ Հետագային ան դասուած է սուրբերու շարքին։

Վարդան Մամիկոնեան սպարապետ Համազասպ Մամիկոնեանի եւ կաթողիկոս Սահակ Ա․ Պարթեւի դուստր՝ Սահականուշի, անդրանիկ որդին էր։ Ուսանած էր Վաղարշապատի Սահակ-Մեսրոպեան նորաբաց դպրոցին մէջ։ 420-ին Կոստանդուպոլսոյ Թէոդոսիոս Բ. կայսեր հրամանով ճանչցուած էր՝ Հայաստանի բիւզանդական մասի զօրավար։

422-ին մեկնած էր Պարսկաստանի մայրաքաղաք՝ Տիզպոն, ուր Սասանեան Վռամ Ե. Գոռ արքան զինք ճանչցած էր իբրեւ՝ Հայոց սպարապետ, իսկ հայ Արշակունիներու թագաւորութեան անկումէն (428) ետք, 432-ին, նշանակուած է Մարզպանական Հայաստանի զօրքերու սպարապետ։

Պարսից Յազկերտ Բ. արքային հրամանով, Հայոց այրուձին 442-ին, Վարդան Մամիկոնեանի հրամանատարութեամբ... Ավելին

Փետրվարի 25
Խոսե Սալոմոն Ռոնդոն
Խոսե Սալոմոն Ռոնդոն

Խոսե Սալոմոն Ռոնդոն, վենեսուելացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ֆուտբոլային ակումբի և Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող:

Ռոնդոնի առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը եղել է վենեսուելական «Արագուան», որի կազմում ֆուտբոլիստը հաղթանակ է տարել Վենեսուելայի գավաթի խաղարկությունում և ճանաչվել Վենեսուելայի 2007-2008 մրցաշրջանի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ: 2008 թվականին ֆուտբոլիստը տեղափոխվում է իսպանական «Լաս Պալմաս», որի կազմում երկու մրցաշրջան անցկացնում է Սեգունդայում, իսկ հետ գնվում է «Մալագայի» կողմից, որը արդեն հանդես էր գալիս Իսպանիայի առաջնությունում: Լա Լիգայում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում հեղինակելով 25 գոլ՝ ֆուտբոլիստը ձեռք է բերվում Կազանի «Ռուբինի» կողմից, որը նրա տեղափոխության համար վճարում է վենեսուելացի ֆուտբոլիստների համար ռեկորդային համարվող՝ 10 մլն եվրո գումար: Կուրբան Բերդիևի թիմում Սալոմոնը դառնում է հիմնական հարձակվող և մասնակցում Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչին: 2014 թվականի հունվարին ֆուտբոլիստը տեղափոխվում է սանկտպետերբուրգյան «Զենիթ», որի կազմում դառնում է Ռուսաստանի չեմպիոն և երկրի Սուպերգավաթի դափնեկիր: Ռուսաստանի առաջնությանը լեգիոներների մասնակցության նոր սահմանափակումների ընդունումից հետո հարձակվողը համալրում է անգլիական Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Վեստ Բրոմվիչ Ալբիոն» ակումբի կազմը:

Վենեսուելայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում Ռոնդոնը մասնակցել է 57 հանդիպման և դարձել 18 գոլի հեղինակ: Այս արդյունքով նա դարձել է Վենեսուելայի հավաքականի պատմության երրորդ ամենաարդյունավետ... Ավելին

Փետրվարի 26
Բարնում & աշխարհի մեծագույն շոու կազմակերպությունը. Լոնդոնի Մեծ կրկեսը Բրիտանիայի Թագավորական Սանգերի գազանանոցի և Գրանդ միջազգային շոուների հետ. գովազդային պոստեր
Բարնում & աշխարհի մեծագույն շոու կազմակերպությունը. Լոնդոնի Մեծ կրկեսը Բրիտանիայի Թագավորական Սանգերի գազանանոցի և Գրանդ միջազգային շոուների հետ. գովազդային պոստեր

Բարնումի ազդեցություն, Բարնումի էֆեկտ կամ Ֆորերի էֆեկտ, սոցիալական հոգեբանական ֆենոմեն, կոգնիտիվ շեղման արտահայտություն, իր անձի և ընդհանուր բնավորության վերաբերյալ գիտական կամ ծիսական, մոգական գնահատականները որպես լիակատար հավաստի իրականություն ընկալելու մարդու ընդունակության դրսևորման արդյունք։ Այս էֆեկտն է ընկած այն բանի հիմքում, որ «իրականանում են աստղագուշակությունները», կանխագուշակությունները, «մարգարեական երազները», քանի որ «մարդը հակված է ընդունել աղոտ, պարզունակ պնդումները, եթե դրանք մատուցվում են վստահ ձևով, որպես ինչ-որ անհասկանալի գործողությունների և փաստերի արդյունք՝ համեմելով ծիսակարգային կամ «գիտական» սուոսով»:

Մարդիկ հատուկ վերաբերմունք ունեն իրենց անձի վերաբերյալ ընդհանրացված նկարագրություններին։ Աստղագուշակությունները կարդալիս որոշ մարդիկ հակված են վստահել դրանց՝ հավատալով որ այդ բնութագրերը բացարձակապես համապատասխանում են իրենց։ Սակայն այդ բնութագրերը կրում են ընդհանրական, ոչ կոնկրետ բնույթ, այդ իսկ պատճառով շատերին են համապատասխանում, քանի որ ըստ էության ոչ մեկին չեն նկարագրում։ Ընկալման այսպիսի առանձնահատկությունն իր անունն ստացել է ի պատիվ նախկինում աշխարահռչակ ամերիկյան շոու-գործարար (ֆր.՝ entrepreneur) Բարնում Թեյլորի (1810-1891), որը հայտնի էր իր հոգեբանական մանիպուլյացիաներով։

Տերմինը առաջարկել է ամերիկյան հոգեբան Պոլ Միլը (անգլ.՝ Paul Meehl)։ Բարնումի էֆեկտը նաև կոչվում է Ֆորերի էֆեկտ, քանի որ 1948 թվականին Ֆորերը գիտափորձով հիմնավորել է... Ավելին

Փետրվարի 27
Նորվեգիայի հրեաներին ուղարկում են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար
Նորվեգիայի հրեաներին ուղարկում են Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար

Հոլոքոստը Նորվեգիայում, հրեա ժողովրդի մասսայական տեղահանությունների և կոտորածների շարք, որը կազմակերպվել է գերմանացի նացիստների և Նորվեգիայի Ազգային համաձայնություն կուսակցության կողմից: Գործընթացը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում՝ Նորվեգիայի ողջ տարածքում: Այն հանդիսանում էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող ցեղասպանության շղթաներից մեկը:

763 նորվեգացի հրեաներ սպանվել են համակենտրոնացման ճամբարներում, 23-ն էլ սպանվել են արտադատական պայմաններում՝ գլխատման կամ ինքնասպանության ելքով: Այսպիսով` 785 հրեաներ, այդ թվում 230 ընտանիքներ ամբողջությամբ ոչնչացվել են: Նորվեգիայի դիմադրական շարժման շնորհիվ հրեաների մեծ մասը կարողացավ թաքնվել և փախչել Շվեդիա: Դրանով նրանք կարողացան փրկվել ոչնչացումից:

Պատերազմի սկզբին Նորվեգիայում տարբեր տվյալներով բնակվել են 1700-1800-ից մինչև 2173 հրեաներ, այդ թվում նաև Կենտրոնական Եվրոպայից փախած հրեա գաղթականներ: Նրանք հիմնականում բնակվել են Օսլոյում և Թրոնհեյմում:

Դանիա-Նորվեգական ռազմագործողությունն սկսվել է 1940 թվականի ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը: Նորվեգիայի կառավարությունը Հոկոն VII-ի գլխավորութամբ մերժեց գերմանական վերջնագիրը: Նորվեգիայի զինված ուժերը դիմեցին զինված պաշտպանության: Չնայած Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ցուցաբերած օգնությանը՝ դիմադրությունը կոտրվեց և Նորվեգիան օկուպացվեց: Կառավարությունը և թագավորական ընտանիքը փախան... Ավելին

Փետրվարի 28
Ապուր
Ապուր

Ապուր (ֆր.՝ soupe), ջրալի ուտեստ (սովորաբար առաջին), տարածված է շատ երկրներում։

Ապուրի տարբերակիչ առանձնահատկությունն առաջին հերթին այն է, որ իր մեջ ներառում է առնվազն 50 % հեղուկ (երբեմն ասվում է, որ պատրաստման ժամանակ պետք է կիրառվի «ապուրի կեսը պետք է հեղուկ լինի» կանոնը), երկրորդ հերթին (տաք ապուրների համար) ապուրը պատրաստվում է եփելու մեթոդով, մեծ մասամբ՝ ջրում։

Ապուրը, որպես ուտեստ իր ներկայիս իմաստով, ի հայտ է եկել 400-500 տարի առաջ՝ ամուր, թթվեցումից զերծ պահող և քիմիապես չեզոք սպասքի ստեղծման հետ միասին (այդպիսի սպասքը հնարավորություն էր տալիս իրականացնել պատրաստման գործընթացը)։ Պետք է նշել, որ Արևելքում (Հին Չինաստանում և մոտ շրջաններում) ապուրներն առաջացել են ավելի վաղ՝ մոտավորապես մեր թվարկությունից 100 տարի առաջ և նորից կապված էր անհրաժեշտ սպասքի ավելի վաղ առաջացման հետ։ Սա չի նշանակում, որ նախկինում մարդիկ եփելուց չեն օգտվել․ սննդի պատրաստման այս եղանակը ծագել է խեցեղենի և քարե ամանեղենի ի հայտ գալու հետ (վերջինս Վիլյամ Պոխլյոբկինն անվանում է առավել հարմարն ապուրների պատրաստման համար)։ Ապուրը պետք է տարբերակել որպես ուտեստ, որի բաղադրիչները նրա անբաժանելի մասերն են ու ստեղծում են միասնական համ, ընդհանուր կառուցվածք և պարզապես եփած մթերքներ կամ դրանց խառնուրդ, որի եփման նպատակը եղել է միայն մթերքների ջերմամշակումը։ Ստացված արգանակն սկզբնական շրջանում չի օգտագործվել։

Սպասքի առաջացման, հախճապակու, ճենապակու, սեղանի սպասքի օգտագործման հետ միասին սուպը 15-16-րդ դարերում սկսեց մեծ տարածում գտնել նախ Հարավային Եվրոպայում, իսկ լայն տարածում գտավ միայն...Ավելին

2017 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր