Վիքիպեդիա:Օրվա հոդված/Հունվար 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թարմացնել այս էջի քեշը
Հունվար ամսվա հոդվածները
Հունվարի 1
Ամանորյա տոնածառ, զարդարված խաղալիքներով ու լույսերով
Ամանորյա տոնածառ, զարդարված խաղալիքներով ու լույսերով

Ամանոր (Նոր տարի, Նավասարդ), տոն, որն նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում Միջագետքում։

Ամանորով նշում են տարվա սկիզբը։ Տարին ժամանակի սահմանն է, որը վերցրած է բնությունից։ Դա այն ժամանակաշրջանն է, որի ընթացքում Երկիր մոլորակը կատարում է մի լրիվ պտույտ Արեգակի շուրջը։ Երկրի կատարած շրջապտույտը հավասար է 934 միլիոն կիլոմետրի, որն անցնում է մեծ արագությամբ, եթե հիշենք, որ մեկ վայրկյանում անցնում է 30 կիլոմետր։

Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ է սահմանել հռոմի կայսր Հուլիոս Կեսարը Մ.թ.ա. 46թ.-ին։ Հին Հռոմում այդ օրը նվիրված էր Յանուսին՝ ընտրության, դռների և բոլոր սկզբերի աստծուն։ Հունվար ամիսը իր անվանումը ստացել է հենց Յանուս աստծու անունից, որին պատկերում էին երկու երեսով, որոնցից մեկը նայում էր առաջ, իսկ մյուսը՝ ետ։ Տարվա գաղափարը առաջին անգամ ծագել է Հին Արևելքի մշակութային կենտրոններից մեկում՝ Եգիպտոսում։ Այն կապվել է Նեղոս գետի վարարման հետ շարունակել ...

Հունվարի 2
Խաչատուր Աբովյան
Խաչատուր Աբովյան

Խաչատուր Ավետիքի Աբովյան (հոկտեմբեր 15, 1809, Քանաքեռ — անհետացել է ապրիլի 2-ին, 1848) հայ ականավոր գրող, մանկավարժ, լուսավորիչ, արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը. Աբովյանի ստեղծագործությամբ սկիզբ է առնում հայ գրականության զարգացման նոր փուլ, որ նախորդից տարբերվում էր թեմատիկայով, լեզվով, հերոսի ընտրությամբ և այլն։

Խաչատուր Աբովյանը ծնվել է Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում 1809 թվականին։ Զավակն է եղել նահապետական նշանավոր մի ընտանիքի։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների մեջ, իսկ նրա առատաձեռնության մասին հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուր Աբովյանը։

Աբովյանը մինչև տասը տարեկան հասակն ապրել է գյուղում, որից հետո ծնողները նրան 1814 թվին տանում են էջմիածին և հանձնում իրենց ընտանիքի բարեկամ Եփրեմ կաթողիկոսին։ 1819–22 թթ. հաճախել է էջմիածնի վանական դպրոցը։ Էջմիածնում Անտոն եպիսկոպոսի մոտ սովորելուց հետո գնում է Թիֆլիս՝ ուսումը շարունակելու հայտնի հայկաբան Պողոս վարդապետի մոտ։ 1823 թվին մտնում է Ներսիսյան դպրոց, որտեղ ուսանել է հայկաբանություն, ճարտասանություն, ռուսերեն, պարսկերեն շարունակել...

Հունվարի 3
C++ ծրագրավորման լեզվի ստեղծող Բյորն Ստրաուստրուպ
C++ ծրագրավորման լեզվի ստեղծող Բյորն Ստրաուստրուպ

C++ (արտասանվում է ինչպես սի փլաս փլաս ˌsiːˌplʌsˈplʌs) ընդհանուր նշանակության ծրագրավորման լեզու, որը համարվում է «միջին-մակարդակի» լեզու, քանի որ թույլատրում է ինչպես ցածր մակարդակի, այնպես էլ բարձր մակարդակի ծրագրավորում։ Այն ստատիկորեն տիպավորվող, բազմապիսի մոտեցումներ թույլատրող (multi-paradigm), սովորաբար կազմակվող (կոմպիլյացվող) լեզու է։

Բյորն Ստրաուստրուպը, ստեղծեց C++ լեզուն Bell Labs-ում 1979-ին, որպես C ծրագրավորման լեզվի բարելավում և անվանեց այն "C with Classes"։ 1983-ին այն վերանվանվեց C++ -ի։

C++ -ը ամենատարածված ծրագրավորման լեզուներից է։ Կիրառման ոլորտներից են համակարգային ծրագրավորումը, կիրառական ծրագրերի ստեղծումը, ֆիզիկական սարքավորումների՝ օպերացիոն համակարգի հետ կապի ապահովման ծրագրերի ստեղծումը, բարձր արդյունավետությամբ աշխատող սերվեր և օգտագործող ծրագրերի ստեղծումը, ինչպես նաև, ներդրված ծրագրերի և համակարգչային խաղերի ստեղծումը շարունակել...

Հունվարի 4
Էրիթրոցիտներ
Էրիթրոցիտներ

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆուկցիան թթվածնի փոխադրումն է։ Էրիթրոցիտները իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։

Էրիթրոցիտներ, (erythrocytus) մարդու և կաթնասունների մոտ կորիզազուրկ են, որոնք օնտո- և ֆիլոգենեզի ընթացքում կորցրել են նաև օրգանոիդների մեծամասնությունը։ Էրիթրոցիտների հիմնական ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է հեմոգլոբինի միջոցով։ Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդում մոտ 4,5-5 մլն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3,8-4,5 մլն՝ 1 մմ³-ում։

Թաղանթը պարունակում է սիալաթթու, որն ապահովում է թաղանթի բացասական լիցքավորումը և արյան կախույթային վիճակը։ Էրիթրոցիտները մասնակցում են նաև արյան մակարդմանը, պայմանավորում են արյան խմբային պատկանելիությունը։ Չափահաս տղամարդու արյան 1 մմ3 ծավալը պարունակում է 4,5-5 մլն էրիթրոցիտ, իսկ կնոջը՝ 3,8-4,5 մլն շարունակել...

Հունվարի 5
Էդգար Ռայս Բերոուզ
Էդգար Ռայս Բերոուզ

Էդգար Ռայս Բերոուզ (Edgar Rice Burroughs, 1875 թ․, հունվարի 9, Չիկագո, ԱՄՆ1950 թ., մարտի 19, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ), ամերիկյան Pulp-ամսագրերի դարաշրջանի գրող, որը մեծ ճանաչում է ստացել Տարզանի մասին վիպաշարեր գրելով։ Մեծ ազդեցություն է թողել գիտաֆանտաստիկ և ֆենտեզի ժանրերի զարգացմանը XX դարում։

Էդգար Ռայս Բերոուզը ծնվել է 1875 թ․, հունվարի 9-ին, Չիկագոյում` Ջորջ Տենդեր Բերոուզի (1833–1913) և Մերի Էվալայն Զայգերի (1840–1920) ընտանիքում։ Միջին անվանումը Բերոուզը ստացել է իր հորական տատիկի` Մերի Ռայս Բերոուզի անվանումից։

Էդգարի հայրը քաղաքացիական պատերազմի վետերան է, հյուսիսային դաշինքի բանակի մայոր։ Բանակից հետո հայրը զբաղվեց գինեգործությամբ և գալվանական էլեմենտների արտադրությամբ։ Էդգարն ընտանիքի չորրորդ զավակն էր։ Նրա երկու ավագ եղբայրները ավարտել են Յեյլի համալսարանը շարունակել ...

Հունվարի 6
Ամետիստ Ամելիա Կելլի (անգլերեն՝ Amethyst Amelia Kelly, ծնվ.՝ 1990թ. հունիսի 7, Սիդնեյ), ավելի հայտնի է որպես Իգի Ազալիա (անգլերեն՝ Iggy Azalea), ավստրալացի երգչուհի և մոդել։ Նա Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 16 տարեկանում, սկզբնական շրջանում մնալով Մայամիում և Ֆլորիդայում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ Նա առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել իր Յութուբում տեղադրված «Pu$$y» և «Two Times» երգերի շնորհիվ։

2011 թվականի սեպտեմբերի 27-ին Իգին թողարկում է իր «Ignorant Art» կոչվող առաջին միքսթեյպ ալբոմը։ 2012 թվականին նա կնքեց պայմանագիր «Mercury Records»-ի հետ, իսկ հաջորդ տարի «Island Def Jam»-ի հետ։ 2012-ի գարնանը Իգին դարձավ «Levi Strauss & Co.» ընկերության ջինսերի հավաքածույի նոր դեմքը։

2012-ին Իգին դարձավ առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը ով հայտնվեց «XXL» ամսագրի կազմած «Թոփ 10 նորեկներ» ցանկում։ 2012հուլիսի 30-ին նա թողարկեց իր դեբյուտային «Glory» կոչվող մինի ալբոմը՝ համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ շարունակել ...

Հունվարի 7
Ալեշանդրե Բորժիս Գիմարաեսը (պորտ.՝ Alexandre Borges Guimarães) (ծնվել է 1959թ. նոյեմբերի 7-ին Բրազիլիայի Ալագոաս նահանգի վարչական կենտրոն Մասեյոյում) կոստառիկական ֆուտբոլային մարզիչ է և նախկին ֆուտբոլային կիսապաշտպան։

Մարզում է կոստառիկական «Սապրիսա» ակումբը։ Նրա անունի հետ են կապված Կոստա Ռիկայի հավաքականի հաջողությունները 2000-ական թվականներին։ Էթնիկ բրազիլացին գլխավորեց հավաքականը 2002թ. աշխարհի առաջնության որակավորման որոշիչ հանդիպումից առաջ և կատարեց խնդիրը՝ պատմության մեջ երկրորդ անգամ դուրս բերելով «Լոս Տիկոսին» եզրափակիչ մրցաշար։ Չորս տարի անց նա կրկնեց իր հաջողությունը՝ հավաքականի հետ արդեն նվաճելով 2006թ. աշխարհի առաջնության ուղեգիր և դառնալով իսկական ազգային հերոս Կոստա Ռիկայում:

1984թ. Գիմարաեսն ընդունելով կոստառիկական քաղաքացիություն՝ հնարավորություն ստացավ հանդես գալ ազգային հավաքականի կազմում։ «Լոս Տիկոսի» մարզաշապիկով նա անցկացրեց ընդամենը 16 հանդիպում, որից երեքը՝ 1990թ. աշխարհի առաջնությունում շարունակել ...

Հունվարի 8
Կատարված Փակեղահատում Կոմպարտմենտ Սինդրոմի ժամանակ
Կատարված Փակեղահատում Կոմպարտմենտ Սինդրոմի ժամանակ

Միջփակեղային համախտանիշ (այլ անվանումներ՝ առաջային ոլոքային համախտանիշ, Ֆոլկմանի կոնտրակտուրա, (անգլ. Compartment Syndrome)՝ բժշկական տերմին, որը բնորոշում է մի վիճակ, երբ մարդու վերին կամ ստորին վերջույթների միջմկանային տարածություններում տարբեր պատճառներով առաջանում է գերբարձր ճնշում, որը բերում է հյուսվածքային սնուցման խանգարման և մեռուկացման։

Ախտահարման աստիճանը կախված է համախտանիշի երկարատևությունից։ Վաղ ախտորոշման և ճիշտ բուժման դեպքում հնարավոր է խուսափել անհետադարձ փոփոխություններից։ Այս համախտանիշը կարող է լինել սուր և խրոնիկ։ Սուր ՄՀ-ը առաջանում է որպես կանոն վնասվածքի հետևանքով և կարիք ունի անհապաղ բուժիչ միջամտության, խրոնիկ ՄՀ-ը հիմնականում առաջանում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ և որպես կանոն անցնում է հանգիստ վիճակում։

Մկանային իշեմիայի հետևանքով առաջացած կպումների (կոնտրակտուրա) և ֆունկցիոնալ խանգարումների վերաբերյալ առաջին հրապարակումը գրականության մեջ եղել է 1881թ.-ին Ֆոլկմանի կողմից շարունակել ...

Հունվարի 9
Հաղպատավանքի Սուրբ Նշան եկեղեցին
Հաղպատավանքի Սուրբ Նշան եկեղեցին

Հաղպատավանք, հայկական ճարտարապետական անսամբլ, խոշոր վանքային համալիր Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղում։

Հիմնադրվել է 10-րդ դարի երկրորդ կեսին։ 10-13 դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Տնտեսական, մշակութային և շինարարական վերելք է ապրել հատկապես XII դարի 2-րդ կեսից - XIV դարում, երբ Տաշիր-Ձորագետի կառավարիչներն էին Արծրունիները, ապա՝ Զաքարյանները։ XI-XIII դարերում լայնորեն հայտնի էին Հաղպատի դպրոցը, գրադարանը։ Ուսուցանել են փիլիսոփայություն, հռետորություն, աստվածաբանություն, երաժշտություն ևն, ընդօրինակել և նկարազարդել ձեռագրեր։

Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել երկրաշարժերից, որոնց մասին հիշատակում են պատմիչները (Սամվել Անեցի, Մխիթար Այրիվանեցի) և վիմագրողները։ Թշնամական հաճախակի հարձակումներից պաշտպանվելու նպատակով վանքը շրջափակվել է ամրակուռ պարսպով, մատույցներում ստեղծվեցին պաշտպանական հենակետեր, շրջակա տարածքը եզերող ձորերում և ժայռածերպերում հիմնվել թաքստոցներ ու ամրացված կացարաններ։ Հաղպատավանքում կրոնավորել է Սայաթ-Նովան շարունակել ...

Հունվարի 10
Էլեանոր Ռուզվելտը և Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը
Էլեանոր Ռուզվելտը և Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին առաջարկված փաստաթուղթ, որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի երրորդ նստաշրջանի ժամանակ 217 A (III) («Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագիր») որոշմամբ 1948թ. դեկտեմբերի 10-ին Փարիզի Շայո պալատում։

Հռչակագիրը թարգմանվել է 375 լեզուներով ու բարբառներով և համարվում է իրավունքների առաջին գլոբալ սահմանումը, որով օժտված են բոլոր մարդիկ։ Բաղկացած է 30 հոդվածներից և տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերից:

Սկզբում մարդիկ իրավունքներ ունեին միայն այն պատճառով, որ ինչ-որ մի խմբի, օրինակ՝ ընտանիքի, մի մասն էին։ Հետո՝ մ.թ.ա. 539թ., Կյուրոս Մեծը, գրավելով Բաբելոնը, արեց մի աներևակայելի բան՝ նա ազատեց բոլոր ստրուկներին։ Ավելին, նա հայտարարեց, որ մարդիկ իրենք պետք է ընտրեն իրենց կրոնը։ Կյուրոսի գլանը համարվում է մարդու իրավունքների առաջին հռչակագիրը պատմության մեջ շարունակել ...

Հունվարի 11
Վաղարշ Վաղարշյան (Վաղարշակ Բոգդանի Տեր-Պետրոսյան, 1894, փետրվար 2 (14) - 1959, մայիսի 6), հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1941 և 1952)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1939-ից։ Արձակագիր Արազու խորհրդով իր Վաղարշակ անունը բարեհնչունության համար դարձրել է Վաղարշ, այս Վաղարշ-ից էլ նոր ազգանուն սարքել և ընդունել Վաղարշ Վաղարշյան գրական անունը։

Ծնվել է Շուշի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի թեմական դպրոցում։ 1907թ.-ին երկու դասընկերների հետ գնում է Թիֆլիս։ Ապագա դերասանին չի հաջողվում Ներսիսյան դպրոց ընդունվել, և դա փոխարնվում է առևտրական ուսումնարանով։

Ամո Խարազյանի խումբը 1912թ.-ին ներկայացնում է պատանի թատերագրի հեղինակած առաջին՝ «Փող և տաղանդ» պիեսը շարունակել ...

Հունվարի 12
Կորոլ ի Շուտ խմբի անդամները
Կորոլ ի Շուտ խմբի անդամները

«Կորոլ ի Շուտ» (ռուս.՝ Король и Шут, հապավումը ԿԻՇ, թարգմանաբար՝ Արքան և ծաղրածուն), ռուսական փանկ-ռոք խումբ է։ Հայտնի է պանկ-ռոքի համար անսովոր կատարմամբ, որ երգերը հիմնականում իրենցից ներկայացնում են միստիկական կամ պատմական հիմքերով կարճ սարսափ-պատմվածքներ։

Տեքստերում հիմնականում խոսվում է միստիկական թեմատիկայի շուրջ, մասամբ նաև սլավոնական դիցաբանության մասին։ Երգերի հերոսներն են հանդիսանում չար ծաղրածուներ, ծովահեններ, արնախումներ, տրոլլներ, զոմբիներ և այլ հեքիաթային և դիցաբանական էակներ։ Երգերի հեղինակներն են Անդրեյ Կնյազևը և Միխաիլ Գորշենյովը։ Բեմական ոճում օգտագործվում է երգերի թեմատիկային բնորոշ վախեցնող դիմահարդարում և հագուստ։

«Կորոլ ի Շուտ» խումբը 1988 թ.-ին Սանկտ Պետերբուրգում, դպրոցական ընկերներ Միխայիլ Գորշենյովի, Ալեքսանդր Բալունովի ու Ալեքսանդր Շիգոլյովի կողմից։ Սկզբնական ժամանակ խումբը կրում էր "Կոնտորա" անվանումը շարունակել ...

Հունվարի 13
Կարմրուկի էտապային ցանը երեխայի մոտ` հիվանդության 4-րդ օրը
Կարմրուկի էտապային ցանը երեխայի մոտ` հիվանդության 4-րդ օրը

Կարմրուկը (լատ.` morbilli), սուր վիրուսային խիստ վարակիչ անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատարային և ցանային համախտանիշով, ինչպես նաև յուրահատուկ էնանթեմայով (Բելսկի-Կոպլիկ-Ֆիլատովի բծերով):

Հիվանդությունը հայտնի է արդեն երկու հազարամյակ: 18-րդ դարում միայն այն անջատվեց «ցանային» հիվանդությունների խմբից որպես առանձին նոզոլոգիական միավոր։ 1911թ. Ջ. Ֆ. Անդերսոնը և Ջ. Գոլդբերգերը ապացուցեցին նրա վարակիչ բնույթը, իսկ 1954 թվին Ջ. Էնդերսը և Թ. Չ. Փիբլսը ստացան կարմրուկի վիրուսը։

Հիվանդության հարուցիչը միքսովիրուսների ընտանիքին և «Morbillivirus» ցեղին պատկանող 120-250 նմ չափերով ֆիլտրվող վիրուսն է։ Ունի բարդ անտիգենային կառուցվածք և ինֆեկցիոն, կոմպլեմենտ կապող, հեմագլյուտինացնող և հեմոլիտիկ հատկություններ։ Այս անտիգենները օրգանիզմում առաջացնում են համապատասխան հակամարմիններ։ Կարմրուկի վիրուսը պարունակում է ՌՆԹ շարունակել ...

Հունվարի 14
Յուպիտերի տրոյացի աստերոիդների (կանաչ) և Հիլդայի ընտանիքի (շագանակագույն) տեղաբաշխումը։
Յուպիտերի տրոյացի աստերոիդների (կանաչ) և Հիլդայի ընտանիքի (շագանակագույն) տեղաբաշխումը։

Հիլդայի ընտանիք, դա մուգ ածխածնային աստերոիդների խումբ է, որը տեղաբաշխված է աստերոիդների հիմնական գոտում Մարս և Յուպիտեր մոլորակների ուղեծրերի միջև։

Հիլդայի ընտանիքը իրենից չի ներկայացնում իրական աստերոիդների ընտանիք, քանի որ նրա անդամները չեն հանդիսանում մեկ ընդհանուր ծնող մարմնի բեկորներ, որը հատկանշական է մնացած աստերոիդների ընտանիքների մեծամասնության համար, այլ իրենից երկայացնում է պարզապես նման շարժում ունեցող աստերոիդների խումբ, որը շարժվում է 2:3 ուղեծրային ռեզոնանսով Յուպիտերի հետ։

Ինքը ընտանիքը իր ուղեծրով բաշխված է բավականին անհավասար և ներկայացնում է եռանկյունի աստերոիդների երեք առանձին խտացումներով եռանկյունու գագաթներում, որոնք համապատասխանում են երեք հիմնական դիրքերին, որոնք համապատասխանում են Լագրանժի կետերին. նրանցից երկուսը տեղաբաշխված են L4 և L5 կետերի շրջակայքում, և մեկը` L3 կետում, Յուպիտերի ուղեծրի հակառակ կողմում շարունակել ...

Հունվարի 15
Վիքիպեդիա պատկերանիշը
Վիքիպեդիա պատկերանիշը

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։

Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերի։ Վիքիպեդիայի 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 307 798 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվեղ ցանկացած անձի կողմից։

Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է շարունակել...

Հունվարի 16
Բերտոլդ Բրեխտի հուշարձանը Բեռլիներ Անսամբլ թատրոնի մոտ
Բերտոլդ Բրեխտի հուշարձանը Բեռլիներ Անսամբլ թատրոնի մոտ

Բեռլիներ Անսամբլ (գերմ.՝ Berliner Ensemble), դրամատիկական թատրոն Բեռլինում, Գերմանիայի ամենահայտնի թատրոններից մեկը, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ բեմադրելով իր հիմնադրի՝ Բերտոլդ Բրեխտի պիեսները։ 1954թ Բեռլիներ Անսամբլ թատրոնը տեղափոխվում է մայրաքաղաքի կենտրոն՝ Շիֆբաուերդամի վրա գտնվող թատրոնի շենք։

Բեռլիներ Անսամբլ թատրոնը ստեղծվել է Բերտոլդ Բրեխտի կողմից 1948 թվականի աշնանը։ ԱՄՆ-ում հակաամերիկյան գործունեությունն ուսումնասիրող կոմիտեն 1948թ հոկտեմբերին Բերտոլդ Բրեխտին և նրա կնոջը՝ դերասանուհի Հելենա Վայգելին հարցաքննելուց հետո ջերմորեն ընդունեց Արևելյան Բեռլինում։ Թատերախմբի կազմի մեջ մտան դերասաններ Բեռլինի գերմանական թատրոնից և Ցյուրիխի դրամատիկական թատրոնից։ Թատրոնի խորհրդանիշը դարձավ վարագույրի վրա պատկերված Պիկասոյի խաղաղության աղավնին։

1949թ հունվարին կայացավ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» պիեսի պրեմիերան՝ Էրիխ Էնգելի և հեղինակի համատեղ բեմադրությամբ։ Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, նրա ստեղծողները և գլխավոր դերակատարներն արժանացան Ազգային մրցանակի։ 1954թ «Կուրաժ մայրիկը» ներկայացվեց Փարիզում տեղի ունեցող Համաշխարհային թատերական փառատոնին և ստացավ առաջին մրցանակ շարունակել ...

Հունվարի 17
Բորիս Միլլերի «Թալիշերեն» գրքի տիտղոսաթերթը
Բորիս Միլլերի «Թալիշերեն» գրքի տիտղոսաթերթը

Թալիշերեն (թալ.՝ толышə зывон, tolışə zıvon), հյուսիս-արևմտյան իրանական լեզու, որով խոսում են Ադրբեջանի Հանրապետության հարավային և Իրանի Իսլամական Հանրապետության հյուսիսային շրջաններում։ Թալիշախոս բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները տատանվում են՝ ըստ տարբեր աղբյուրների, այնուամենայնիվ, «չնայած և՛ Իրանում, և՛ Ադրբեջանում անցկացվող մարդահամարների կայուն սկզբունքների բացակայությանը՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, թալիշախոս բնակչության թիվը կարելի է մոտավորապես երկու միլիոն գնահատել՝ յուրաքանչյուր կողմում 1 միլիոն»։

Թալիշերենի ուսումնասիրման պատմությունը սկսվում է 19-րդ դարի առաջին կեսերից։ Այս լեզվին առնչվող ուսումնասիրությունների առաջին արդյունքները հրատարակվեցին ռուս իրանագետ Ալեքսանդր Խոձկոյի՝ 1842 թ․ Լոնդոնում լույս տեսած “Specimens of the popular poetry of Persia” աշխատության մեջ:

Թալիշերենի ուսումնասիրմամբ էր զբաղվում նաև Կազանի համալսարանի պրոֆեսոր Ի․ Բերեզինը։ Սակայն թալիշերենի ուսումնասիրման զարգացման մեջ ամենից կարևոր ու մեծ դերը խաղացել է ռուս ականավոր արևելագետ Բորիս Միլլերը շարունակել ...

Հունվարի 18
Հայերը աշխարհի երկրներում (տոկոսով)
Հայերը աշխարհի երկրներում (տոկոսով)

Հայկական սփյուռքը հայերի համայնքներն են, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններից դուրս։ Հայերի ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում նվազագույնը կազմում է 10-12 միլիոն մարդ։, ընդ որում հենց ՀՀ և ԼՂՀ բնակչությունը կազմում է 3,3 մլն և 137,4 հազար (2005) մարդ։ Հայկական սփյուռքի քանակը կազմում է մոտ 8-9 միլիոն մարդ։

Հայաստանը, աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունենալով, իր ողջ պատմության ընթացքում եղել է ժամանակի հզոր կայսրությունների շահերի բախման դաշտ։ Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև երկարատև ռազմաքաղաքական հակամարտությունը 387 թ-ին հանգեցրեց հայ պետականության կործանմանը, Հայաստանի առաջին բաժանմանը այդ երկրների միջև։ Այդ թվականը պայմանականորեն կարելի է համարել նաև հայ գաղթի պատմության սկիզբը։ Այդուհետ արտագաղթերը հայրենիքից դարձան հայ ժողովրդի պատմության մնայուն բնութագրերից մեկը։

Դեռևս 3–4-րդ դարերում Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր զանգվածային բռնագաղթերը Իրան շարունակել ...

Հունվարի 19
Կազիմիր ուժերը զուգահեռ թիթեղների վրա
Կազիմիր ուժերը զուգահեռ թիթեղների վրա

Կազիմիրի էֆեկտը վակուումում քվանտային ֆլուկտուացիաների ազդեցության տակ չլիցքավորված հաղորդիչ մարմինների փոխադարձ ձգողության երևույթն է։ Հաճախ խոսքը գնում է մոտիկ տեղավորված երկու զուգահեռ չլիցքավորված հայելային մակերևույթների մասին, սակայն Կազիմիրի էֆեկտը նկատվում է նաև ավելի բարդ երկրաչափությունների դեպքում։

Կազիմիրի էֆեկտի պատճառը ֆիզկական վակուումի էներգիական տատանումներն են, որոնք տեղի են ունենում վակուումում վիրտուալ մասնիկների մշտապես առաջացման և ոչնչացման հետևանքով։ Երևույթը 1948 թ. կանխատեսել է հոլանդացի ֆիզիկոս Հենդրիկ Կազիմիրը: Ավելի ուշ այն հաստատվեց փորձնականորեն։ Դաշտի քվանտային տեսության համաձայն` ֆիզիկական վակուումը բացարձակ դատարկություն չէ։

Նրանում մշտապես առաջանում և ոչնչանում են վիրտուալ մասնիկների և հակամասնիկների զույգեր` տեղի են ունենում այդ մասնիկների հետ կապված դաշտերի մշտական տատանումներ (ֆլուկտուացիաներ)։ Մասնավորապես, տեղի են ունենում ֆոտոնի հետ կապված էլեկտրամագնիսական դաշտի տատանումներ շարունակել ...

Հունվարի 20
Էստոնիայի ազգային օպերա (էստ․՝ Rahvusooper Estonia), օպերայի և բալետի թատրոն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ 1865 թվականին Տալլինում ստեղծվեց «Էստոնիա» երաժշտաերգեցողական միություն, որի առաջին պիեսը բեմադրվեց 1871 թվականին։ Իսկ 1895 թվականին սկսեցին բեմադրվել նաև վոդևիլներ, ժողովրդական ներկայացումներ և կատակերգություններ։

Թատրոնն իր պատմության ընթացքում բազմաթիվ անվանումներ է ունեցել՝ «Էստոնիա» օպերայի և բալետի թատրոն, Էստոնական ԽՍՀ օպերայի և բալետի պետական թատրոն և այլն։ 1998 թվականից թատրոնը պաշտոնապես կոչվում է «Էստոնիա» ազգային օպերա և գործում է որպես բաց իրավաբանական հաստատություն՝ համաձայն Ազգային օպերայի վերաբերյալ ընդունած օրենքի։

20-րդ դարի սկզբին երևան են գալիս լուրջ դրամատիկական ներկայացումներ։ 1906 թվականին բեմադիչներ և դերասաններ Պաուլ Պիննայի և Թեոդոր Ալտերմանի նախաձեռնությամբ «Էստոնիա» միությանը կից ստեղծվեց «Էստոնիա» պրոֆեսիոնալ թատրոնը, իսկ ավելի ուշ՝ 1908 թվականին հիմնադրվեց «Էստոնիա» թատրոնը շարունակել ...

Հունվարի 21
Հելիոս-Արեգակը 12 համաստեղություններով և նրանց իշխող մոլորակներով շրջապատված: 13-րդ դարի բյուզանդական ձեռագրից:
Հելիոս-Արեգակը 12 համաստեղություններով և նրանց իշխող մոլորակներով շրջապատված: 13-րդ դարի բյուզանդական ձեռագրից:

Կենդանակերպը կամ Կենդանաշրջանը (հունարեն Ζωδιακός, լատիներեն zōdiacus` կենդանիների շրջան) Արեգակի տեսանելի ամենամյա ուղղու երկայնքով դասավորված 12 համաստեղություններն են, որոնք խավարածիրը բաժանում են երկայնությամբ 12 հավասար հատվածների: Կենդանակերպը հայտնի էր մարդկությանը պատմության հնագույն շրջանից, հավանաբար այն ժամանակներից, երբ սկսվել են երկնքի սիստեմատիկ դիտումները: 12 նշանանոց կենդանակերպը զարգացրել է Շումերա-Բաբելական աստղաբաշխությունը, որը ժառանգելով՝ դասական աստղագուշակությունը հասցրել է այն մինչև մեր օրերը:

Կենդանաշրջանի հարթության մեջ իրենց ուղեծրերով շարժվում են Արեգակնային համակարգի մոլորակները, Արեգակն ու Լուսինը, այդ իսկ պատճառով այս համաստեղությունների շարքը հնուց ի վեր առանձնացվել և պաշտամունքի ու երկյուղածության առարկա է եղել, քանի որ համարվել է, թե նրանք են հսկում Արեգակի տարեկան շրջապտույտը և ազդում Երկրագնդի կյանքի վրա:

Աստղագուշակական տարբեր ուղղություններ օգտագործում են կենդանակերպի տարբեր տեսակներ շարունակել ...

Հունվարի 22
Զինեդին Զիդան, 2008 թ. լուսանկար
Զինեդին Զիդան, 2008 թ. լուսանկար

Զինեդին Յազիդ Զիդան (ֆր.՝ Zinédine Yazid Zidane, ծնվել է 1972 թվականի հունիսի 23-ին Մարսելում, Ֆրանսիա), անվանում են Զիզու (ֆր.՝ Zizou), ֆրանսիացի ֆուտբոլիստ է, ծնունդով Կաբիլից, եղել է հարձակվողական ոճի կիսապաշտպան «Կանն», «Բորդո», «Յուվենտուս», «Ռեալ Մադրիդ» ակումբներում և Ֆրանսիայի ազգային հավաքականում:

1998 թվականի աշխարհի և 2000 թվականի Եվրոպայի չեմպիոն: Ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին: 2009 թվականի հունիսի 1-ից մինչև 2011 թվականը եղել է «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի օգնական: 2011 թվականի մայիսից մինչև 2012 թվականը եղել է Մադրիդի Ռեալի սպորտային տնօրենը, այն բանից հետո, երբ թիմը լքեց Խորխո Վալդանոն: 2012 թվականի ամռանը նա թողեց տնօրենի աշխատանքը և դարձավ արքայական ակումբի գլխավոր մարզչի՝ Կառլո Անչելոտտիի օգնական:

Զիդանի ծնողները Փարիզ են եկել Ալժիրի Կաբելիա մարզից 1953 թվականին, ալժիրյան պատմերազմից առաջ: Հետագայում նրանք տեղափոխվեցին Մարսելի հյուսիս՝ Լա Կաստելանա (ֆր.՝ Lac Castellane), որտեղ 1972 թվականի հունիսի 23-ին ծնվեց Զիդանը: Նա դարձավ տան ամենափոքր անդամը: Նրանից բացի ընտանիքում ևս 4 երեխա կային. քույրերը` Լիլան, Ջամել եղբայրները, Ֆարիդն ու Նորդին շարունակել ...

Հունվարի 23
Ռադիոաստղադիտակ
Ռադիոաստղադիտակ

Աստղադիտակ, երկնային մարմինները դիտելու գործիք։ Մասնավորապես, աստղադիտակ ասելով հասկանում են օպտիկական աստղադիտակները, որոնք օգտագործվում են ոչ միշտ աստղագիտական նպատակներով։

Աստղադիտակը կազմված է երկու հիմնական մասից՝ դիտակ (երկնային մարմնի լույսը կամ այլ տիրույթի ճառագայթումը հավաքում է կիզակետում, որտեղ լուսանկարչական թիթեղի, լուսանկարչական ժապավենի կամ այլ կրիչի վրա կարող է նկարվել երկնքի դիտվող տիրույթը) և մեխանիկական (թույլ է տալիս աստղադիտակը ուղղել երկնքի այս կամ այն տիրույթը և երկնոլորտի օրական պտույտին համրնթաց պտտելու միջոցով դիտարկման օբյեկտը դիտման ընթացքում պահել տեսադաշտի նույն դիրքում)։

Գոյություն ունեն աստղադիտակներ էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր տիրույթների համար.

  • Օպտիկական աստղադիտակներ,
  • Ռադիոաստղադիտակներ,
  • Ռենտգենյան աստղադիտակներ,
  • Գամմա աստղադիտակներ շարունակել ...
Հունվարի 24
Պետրոնաս աշտարակների համայնապատկեր
Պետրոնաս աշտարակների համայնապատկեր

Պետրոնաս աշտարակներ, 88-հարկանի երկնաքերեր։ Գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։ Շենքերի նախագծմանը մասնակցել է նաև Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը, որն առաջարկել է կառուցել դրանք իսլամական ոճով։ Աշտարակների հատակագծերն իրենցից ներկայացնում են ութածայր աստղեր, որոնց ավելացել են կիսաշրջաններ՝ ամրության համար: 1998-2004 թթ. համարվում էին աշխարհի ամենաբարձր շինությունները։

Շինարարությունը տևել է 6 տարի (1992-1998)։ Աշտարակները կառուցել են երկու տարբեր ընկերություններ, մրցակցություն և արդյունավետություն ապահովելու համար։ Աշտարակների կառուցման ընթացքում պետք է օգտագործվեին միայն Մալայզիայում արտադրվող շինանյութեր , այնպես որ հնարավոր չէր ապահովել պողպատի բավարար քանակ։ Շինարարության համար պատրաստվել է հատուկ, շատ ամուր և միաժամանակ էլաստիկ բետոնի մի տեսակ, որը հնարավոր եղավ արտադրել Մալայզիայում։ Այս պատճառով շինությունը ստացվեց 2 անգամ ծանր, քան նմանատիպ շենքերը, որոնցում օգտագործվել էր պողպատ։

16000 պատուհանների լվացումը տևում է մեկ ամիս։ Աշխատակիցների քանակը 10000 է։ Կառույցի հիմքը բետոնի հատուկ տեսակ է, որը կվարցի ավելացման շնորհիվ դիմանում է 137 Մպա ճնշմանը շարունակել ...

Հունվարի 25
Բագրատունյաց Հայաստանի դրոշ
Բագրատունյաց Հայաստանի դրոշ

Բագրատունյաց Հայաստան, Միջնադարյան հայկական թագավորություն Հայկական լեռնաշխարհում։ Հայոց պետության գլուխ կանգնած էր թագավորը։ Նա կոչվում էր նաև արքա կամ Հայոց շահնշահ։ Երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը վարում էր նա։ Անիի Բագրատունի թագավորին էին ենթարկվում հպատակ թագավորները և Հայաստանում առաջացած մի քանի արաբական ամիրայություններ։

Թագավորը պետությունը կառավարում էր արքունիքի միջոցով, որը գործակալությունների մի համակարգ էր։ Գործակալությունները ղեկավարում էին բարձրաստիճան պաշտոնյաները կամ գործակալները։ Դրանք սովորաբար արքայական տան անդամներ էին կամ արքային մերձավոր խոշոր ավատատերեր։ Իշխանաց իշխանը թագավորին պատասխանատու էր իշխանների գործունեության համար։ Նրա ենթակայության տակ էին արքայական տիրույթները, պետական գանձարանը, երկրի մեծ ու փոքր պաշտոնյաներն ու հարկահանները։

Հայոց սպարապետը պետության զինված ուժերի՝ բանակի հրամանատարն էր։ Պատերազմի ժամանակ ենթակա թագավորությունների զորքերի հրամանատարները (սպարապետները) ենթարկվում էին Անիի թագավորության սպարապետին։ Բագրատունի թագավորները հատուկ նշանակություն էին տալիս բանակին շարունակել ...

Հունվարի 26
Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ կամ անկիլոզացնող սպոնդիլիտ (անգլ.՝ Ankylosing Spondylitis, հուն․՝ ἄγκυλος - ոսկրացում, քարացում և հուն․՝ σπóνδυλος - ող, ողնաշար) կամ Շտրումպել-Մարի-Բեխտերևի հիվանդություն կամ ուղղակի Բեխտերևի հիվանդություն, հիմնականում առանցքային կմախքի հոդերի (միջողնային, կողա-ողնաշարային, սրբոսկրա-զստային) ախտահարմամբ ընթացող խրոնիկական բորբոքային անկիլոզացնող (անշարժացնող) հիվանդություն` հաճախ ծայրամասային հոդերի և օրգանիզմի ոչհոդային բաղադրիչների ախտահարման հետ զուգակցված։

Այս հիվանդության ժամանակ հոդերի բորբոքման հիմնական առանձնահատկությունն այն է, որ ժամանակի ընթացքում, աստիճանաբար առաջանում է հոդերի շարժունության սահմանափակում, անկիլոզացում (ոսկրային հյուսվածքների սերտաճում մեկը մյուսի հետ), ինչն ուղեկցվում է նաև հարհոդային (հարողնաշարային) կապանների ոսկրացումով, և ի վերջո, ողնաշարը կորցնում է իրեն բնորոշ ճկունությունը և վերածվում մեկ ամբողջական «ոսկրային ձողի» («բամբուկե ողնաշար»)։

Հիվանդությունը հանդիպում է բնակչության 2:1000 հաճախությամբ, ընդ որում տղամարդիկ 3-4 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան կանայք։ Էթիոլոգիան անհայտ է։ Դասվում է շճաբացասական (սերոնեգատիվ) սպոնդիլոարթրիտների դասին։ Հիվանդության զարգացման համար մեծ կարևորություն ունեն օրգանիզմի իմունային համակարգի ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված խանգարումները շարունակել ...

Հունվարի 27
Սևան ազգային պարկ
Սևան ազգային պարկ

Սևան ազգային պարկ, պահպանվող տարածք Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա։ Պարկի ընդհանուր տարածքը՝ Սևանա լճի հայելու հետ մասին կազմում է 147.343 հա, իսկ առանց լճի հայելու՝ 22,585 հա։ Պահպանական գոտու տարածքը կազմում է 342.920 հա։

Պարկը գտնվում է ՀՀ Բնապահպանության նախարարության իրավասության ներքո։ Ստեղծվել է 1978 թ. մարտի 14-ին, ՀԿԿ Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 125 որոշմամբ։

Մինչև 1997 թ. Սևան ազգային պարկի տարածքում գտնվող անտառային ֆոնդի հողերը տնօրինում էին Սևանի, Նորատուսի, Մարտունու,Վարդենիսի և Ճամբարակի անտառտնտեսությունները։ Վերջիններս 1997 թ. լուծարվում են (բացի Ճամբարակի անտառտնտեսությունից) և դրանց գույքը, ինչպես նաև համապատասխան տարածքները հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցվում է Սևան ազգային պարկին։ Պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը շարունակել ...

Հունվարի 28
Արմեն Լևոնի Հովհաննիսյան (ծնվ.՝ 1994 հունիսի 30, մահ.՝ 2014 հունվարի 20, ԼՂՀ), Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ, ԼՂՀ «Արիության համար» հետմահու մեդալակիր։ Ծնվել է 1994 թվականի հունիսի 30-ին։ Ընտանիքում միակ որդին էր, ուներ երեք քույր։ Ընտանիքը ապրում է Երևանի Ավան վարչական շրջանում։ Մինչև զորակոչվելը սովորում էր Մշակույթի պետական քոլեջի վերջին կուրսում։ Զբաղվում էր քանդակագործությամբ և աշխատում էր կահույքի արտադրամասում։ Պատրաստվում էր դառնալ օպերատոր։ Ծառայությունը ավարտելուց հետո պատրաստվում էր շարունակել ուսումը։ Արմեն Հովհաննիսյանի հորեղբայրը մահացել է 18 տարեկանում, ու հայրը որդուն եղբոր անունն էր տվել:

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23։50-ից մինչև 00։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ շարունակել ...

Հունվարի 29
Բալթյան տուն թատրոնի շենք
Բալթյան տուն թատրոնի շենք

Բալթյան տուն (ռուս.՝ Балтийский дом), պետական թատրոն Սանկտ Պետերբուրգում, ՌԴ, որը ստացել է թատրոն-փառատոնի կարգավիճակ և որտեղ ամեն տարի անց են կացվում միջազգային ֆորումներ, վարպետության դասեր, բեմական փառատոներ։ Բալթյան տունը միակ նախագիծն է, որը համակարգված աշխատում է Ռուսաստանի և Բալթյան շրջանի, ինչպես նաև եվրոպական երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։

1920-ական թվականներին Պետրոգրադ քաղաքում ստեղծվեցին Կրասնի թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը։ Կարմիր թատրոնը, որը հիմնադրվել էր 1924 թվականին, 1926թ միացվեց Կարմիր մուրճ թատրոնին, իսկ 1930 թվականին՝ Ժողովրդական տան թատրոնին՝ դառնալով Ժողովրդական տան Կարմիր թատրոն։ 1936 թվականին Կարմիր թատրոնը և Աշխատավոր երիտասարդության թատրոնը միավորվեցին Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության պետական թատրոնի մեջ։

1991 թվականին թատրոնը կոչվել է Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» պետական թատրոն։ Թատրոնում հաջողությամբ անց են կացվում միջազգային թատերական ֆորումներ օտարերկրյա դերասանների և ռեժիսորների մասնակցությամբ։ 2000 թվականին թատրոնն ստացավ թատրոն-փառատոնի կարգավիճակ։ Դրան նպաստում է թատրոնի գործունեության փորձարարական բնույթը, քանի որ բեմական գործունեությունն այստեղ միշտ դիտվում էր որպես ստեղծագործական փորձադաշտ նոր և հմուտ վարպետների համար շարունակել ...

Հունվարի 30
Ալբեր Կամյու
Ալբեր Կամյու

Ալբեր Կամյու կամ Ալբեր Քամյու (ֆրանսերեն` Albert Camus, 1913, նոյեմբերի 7 - 1960, հունվարի 4), ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր, թատերգակ, էսսեիստ, փիլիսոփա, էկզիստենցիալիզմի ներկայացուցիչ, 1957-ի գրականության Նոբելյան մրցանակակիր։

Ալբեր Կամյուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 7-ին ֆրանսալժիրյան ընտանիքում, Ալժիրում, Մոնդովիի «Սան-Պոլ» ագարակում։ Նրա հայրը՝ Լյուսյեն Կամյուն, ծագումով Էլզասցի, գինեգործական ձեռնարկությունում գինու մառանի շինարար էր, Առաջին աշխարհամարտի ժամանակ ծառայում էր թեթև հեծելազորում, 1914 թվականին մահացու վիրավորվում է Մառնի ճակատամարտում և մահանում Սեն-Բրիյոքի հիվանդանոցում։ Մայրը՝ Կատրին Սընթեսը, ազգությամբ իսպանուհի, կիսախուլ և անգրագետ մի կին, Ալբերի և նրա ավագ եղբայր Լյուսյենի հետ վերադառնում է Ալժիր քաղաք և հաստատվում Բելկուր (ֆր.՝ Belouizdad) թաղամասում։ Ապրում էին աղքատության մեջ՝ կամային տատի հսկողության ներքո։

1918-1923 թվականներին հաճախում է համայնքային դպրոց։ 1923-1930 թվականներին ուսանում է Ալժիրի լիցեյում։ 1930 թվականին ընդունվում է Գրականության բարձրագույն դպրոց։ Մեծ բարեկամությամբ կապվում է դասախոս, փիլիսոփա և էսսեիստ Ժան Գրենիեի հետ, որին հետագայում նա կձոնի «Երես և աստառ» և «Ըմբոստ մարդը» էսսեները շարունակել ...

Հունվարի 31
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի
Ջոն Ֆիցջերալդ Քենեդի

Ջոն Ֆիցջերալդ Քենեդի (անգլերեն՝ John Fitzgerald Kennedy, նաև՝ JFK, 1917 թ. մայիսի 291963 թ. նոյեմբերի 22), Ամերիկայի Միացյալ Նահանգների 35-րդ նախագահը։ Այս պաշտոնն զբաղեցրել է 1961թ. հունվարի 20-ից մինչև 1963թ. նոյեմբերի 22-ը կատարված սպանությունը։ ԱՄՆ միակ կաթոլիկ նախագահը։

Հայրը Ֆրանկլին Ռուզվելտի առաջին օգնականներից էր, կառավարությունում՝ անվտանգության ծառայության պետը, վալյուտային և ծովային հանձնաժողովների ղեկավարը, Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանը։ Գերազանց ավարտելով Հարվարդի համալսարանը` Ջոնն աշխատանքի անցավ հոր մոտ իբրև գործավար և ստացավ գործնական գիտելիքներ։ Հաղթելով 1947 թ.-ի Կոնգրեսի ընտրություններում` նա դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ 1952 թ.-ին արդեն սենատոր էր։ 1957 թվականին Ջոն Ֆիցջերալդ Քենեդին իր թեկնածությունն առաջադրեց նախագահական ընտրություններում։ 1960 թ.-ին Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջադրվեց նախագահի թեկնածու և ձայների փոքր առավելությամբ հաղթեց ընտրություններում։

Քենեդիի նախագահության երեք տարիները նշանավորվեցին Կարիբյան ճգնաժամով, սևամորթների իրավունքների հավասարեցման լուրջ քայլերով, «Ապոլոն» տիեզերական ծրագրերին սկիզբ դնելով։ Ջոն Քենեդու նախագահությունն ընդհատվեց 1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում իրականացված առեղծվածային սպանությամբ շարունակել ...

2014 թ. Օրվա հոդվածներ(պահոց). Հունվար  • Փետրվար  • Մարտ  • Ապրիլ  • Մայիս  • Հունիս  • Հուլիս  • Օգոստոս  • Սեպտեմբեր  • Հոկտեմբեր  • Նոյեմբեր  • Դեկտեմբեր