Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Մատենադարան»/Երևանը գրչության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջնադարյան Երևանի պատմության հավաստի սկզբնաղբյուրները եղել և մնում են վիմական ու մատենագրական վկայագրերը: Հայտնի է, որ միջնադարյան վանքերն ու եկեղեցիները հոգևոր կենտրոններ լինելուց բացի նաև գրչօջախներ էին, որոնց կից գործում էին նաև վանական դպրոցներ: Վերջիններիս զուգընթաց, գրչության արվեստը զարգացում է ապրել նաև եկեղեցիներով ու վանքերով հարուստ քաղաքային բնակավայրերում, ինչպիսիք են Անին, Երզնկան, Սիսը, Վաղարշապատը, Աշտարակը, ներկայիս Գյումրին, նաև՝ Երևանը, որի բազմաթիվ եկեղեցիների հովանու ներքո տասնյակ ձեռագրեր են ընդօրինակվել: Մաշտոցյան Մատենադարանի ձեռագրացուցակների, հիշատակարանների ժողովածուների և անվանի ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի կազմած «Հայ գրչության կենտրոններ» քարտարանի միջոցով հաջողվել է ցուցակագրել Երևանում գրված ավելի քան 60 ձեռագիր մատյան՝ թվագրված ԺԳ. դարից մինչև ԺԹ. դարավերջ: Ժամանակագրորեն վաղագույն՝ ԺԳ. դարի երկու ձեռագրերը մեզ են հասել Նորքից, որի երբեմնի Ս. Ստեփանոս եկեղեցու հովանու ներքո Սարգիս քահանա գրիչը բարձրարվեստ բոլորգրով ձեռագրեր է ընդօրինակել: Դրանք ներկայումս Մաշտոց¬յան Մատենադարանի հավաքածուում են և կրում են 522 և 5929 համարները: ՄՄ Հմր 522 Տոնապատճառի գրչության 1297 թվակիր հիշատակարանում Սարգիս գրիչը Նորքը բնորոշում է իբրև գյուղաքաղաք, որտեղ էլ կյանքի է կոչել ձեռագրի գրչությունը՝ վերջում ընթերցողներին աղերսելով հիշել իր ծնողներին. «...զհայրն մեր՝ զԾ[ատու]ր, եւ զմարն մեր՝ զՏղատիկինն, եւ զմահ[տես]ի զԴմլոճն, որ բազում աղետիւ աշխատ[եցաւ] հետ մեզ...»: [1]

Ինչ վերաբերում է բուն Երևան քաղաքում ընդօրինակված ձեռագրերին, ապա սրան-ցից վաղագույնը Ս. Անանիա առաքյալի անապատում (այսինքն՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի)՝ 1409-1410 թթ. գրված Քարոզգիրքն է (ՄՄ ձեռ. Հմր 6405), որի գրիչներից մեկն էլ պատմագիր Թովմա Մեծոփեցին է.

«Զնուաստ եւ զմեղուցեալ պիտակ անուն վարդա-պետս Թովմա, աղաչեմ յիշել ի Տէր, որ սակաւ ինչ աշխատեցայ եւ զպակասութիւն քարոզիս լցի ի հոգելից վարդապետաց բանից, որ էր թերի մնացեալ ի սուրբ հօրէն մերմէ» [2]

Հատկանշական է, որ Երևանի հյուսիսային կողմի այգիներում ծվարած այդ նշանավոր անապատում նույն թվականին իր մի քանի աշակերտներին, այդ թվում՝ Թովմա Մեծոփեցուն վարդապետական գավազան է շնորհել մեծանուն րաբունապետ, Տաթևի դպրոցի երևելիներից Ս. Գրիգոր Տաթևացին: Այդ մասին Թովմա Մեծոփեցու կեն-սագրականում վկայում է Կիրակոս Բանասերը.

«Եւ մեծ վարդապետն Գրիգոր Որոտնեցին, որ իբրեւ զջահ վառեալ ի մէջ աշխարհի, ետ գաւազան Թումայ Ճգնաւորին ի գեղաքաղաքն Երեւան, եւ կոչէ զնա ի յաստիճան վարդապետութեան երկոտասան իշխանության» [3]: Միևնույն Ս. Անանիայի անապատում՝ 1450 թ. ընդօրինակված մեկ այլ ձեռագրի նկարագրություն է պահպանվել նաև Մուշ քաղաքի և շրջակայքի ձեռագրացուցակում (ձեռագիրը չի պահպանվել), որի տվյալների համաձայն՝ Հովհաննես գրիչը Գանձարան է ընդօրինակել Մարգար երեցի պատվերով, որի հիշատակարանում գրում է, որ այն ստեղծվել է Երևանում՝ Ս. Անանիայի «ամենազոր» նշխարների ներքո. «...աւարտեցաւ սա ի փոքրիկ անապատիս Երեւանայ, ընդ հովանեաւ ամենազօր ս. առաքելոց գերեզմանիս, ի խնդրոյ բարեմիտ եւ սրբասէր քահանային Մարգարայ երիցուն...» [4]։

Երևանն իբրև գրչության կենտրոն առավելապես աչքի է ընկել ԺԷ. դարում՝ ի դեմս մեր երկրորդ Լուսավորիչ, անվանի րաբունապետ, ապա կաթողիկոս Մովսես Տաթևացու (1629-1633): Վերջինիս անմնացորդ նվիրումի շնորհիվ է, որ Հայաստանի տարբեր բնա-կավայրերում, վանքերում ու եկեղեցիներում դպրության ու գրչության կենտրոններ են ստեղծվել, որոնցում լայն ծավալների է հասել ձեռագրերի ընդօրինակման գործը: Նույն Մովսես Տաթևացու ջանքերով է, որ Երևանի Ս. Անանիայի անապատը վերա¬զարթոնք է ապրել, տեղում հաստատվել է դպրոց ու միաբանություն, որտեղ էլ մեծանուն հայրա-պետի աշակերտների ձեռքով բազմաթիվ ձեռագրեր են ընդօրինակվել (Մատենագրության մեջ Մովսես Տաթևացու գործունեությունը բազմիցս է լուսաբանվել, սակայն առաջինն ու մանրամասն անդրադարձել են Գրիգոր Դարանաղցի (Կամախեցի, 1576-1643) ժամանակագիրն ու Առաքել Դավրիժեցի պատմագիրը (մոտ 1590-1670)) [5]: Այդ գրչագրերից շատերն այսօր Մաշտոցյան Մատենադարանի հավաքածուում են (ՄՄ ձեռ. Հմր 507, 1538, 3502, 4058, 5243, 6322, 9147 ), որոնց հիշատակարաններն աղբյուրագիտական մեծ արժեք ներկայացնող վավերագրեր են: Այդ ընդարձակ, երբեմն գեղարվեստական արտահայտչամիջոցներով հարուստ ստեղծագործությունների միջոցով ենք նաև գաղափար կազմում միջնադարյան Երևանի պատմության, նրա քաղաքական ու սոցիալ-տնտեսական անցքերի շուրջ: Ձեռագրերի գրչության և հետագայի հիշատակարանները պարզում են նաև քաղաքի եկեղեցիների անունները, նրանց պատմության հետ առնչվող տարաբնույթ մանրամասներ: Այսպես, Երևան քաղաքում գրչարվեստի զարգացման հիմնական օջախներն էին՝ կենտրոնում գտնվող Կաթողիկե Ս. Աստվածածին, մականվամբ Երկուերեսնի (երկու երեցի՝ Պողոս-Պետրոսի) կոչվող Ս. Պողոս-Պետրոս [6], Ս. Անանիա առաքյալ, երբեմնի Ձորագյուղի անապատի կազմում գտնվող Ս. Սարգիս, Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ, նաև արվարձանների՝ Նորքի, Ավանի, Քանաքեռի, Նորագավիթի եկեղեցիները: Հիշատակարանային տվյալներից դատելով՝ ձեռագրերը հաճախ ընդօրինակվել են մի քանի եկեղեցիների հովանու ներքո. օրինակ՝ ՄՄ Հմր 8785 Ավետարանի գրիչ Ավետիս երեց Երևանցին նշում է, որ գրչագիրն ավարտել է 1693 թ., Արարատյան երկրի Երևան քաղաքում.

«....ընդ հովանեաւ Սուրբ Կաթուղիկէին եւ Սուրբ Սարգիս Զօրավարին եւ Սուրբ Երկու երեսուն եւ Սուրբ Յակոբին եւ այլ սրբոցն...» [7]

Անշուշտ, հիշատակված են Երևանի եկեղեցիները՝ Կաթողիկեն ու Երկուերեսնի Ս. Պողոս-Պետրոսը, Ձորագյուղի անապատի Ս. Սարգիսն ու նույն անապատի ներկայումս չպահպանված Ս. Հակոբը:

Դառնալով գրիչներին` հարկ է նշել, որ նրանք հիմնականում հոգևորականներ են եղել, ովքեր զբաղվել են նաև մանրանկարչությամբ: Ճիշտ է, Երևանում ընդօրինակված ձեռագրերի նկարազարդումները չեն փայլում կատարողական վարպետությամբ, այդուհանդերձ կարևոր են ժամանակաշրջանին հատուկ արվեստի ինքնուրույն, պարզ ստեղծագործության առանձնահատկություններն ուսումնասիրելու առումով: Երևանցի գրիչները մեծ համբավ են վայելել միջնադարի տարբեր փուլերում, օրինակ՝ ԺԴ. դարի առաջին կեսի հայտնի գրիչ էր Տերտեր Երևանցին, որը չնայած գրչարվեստով է զբաղվել հիմնականում Ղրիմում (Կաֆա), բայց և այնպես մշտապես աչքի է ընկել իր Երևանցի մականվամբ և թողած չափածո ինքնատիպ հիշատակարաններով (ՄՄ ձեռ. Հմր 1654, 6029, 8030, 8281), որոնցում Երևանը բնորոշում է իբրև մեծ ու պատվական քաղաք՝ հարևան Խոր Վիրապին ու Էջմիածնին.

«...յԵրկրէն եկի այն Հայաստան, Ի քաղաքէն այն պատուական, Որ իր անունն է Երեւան, Ու Վիրապին ու Էջմիածնին է հարեւան, Ի լեռն ի մաւտ Սարարադեան, Անդր, որ տապանն է մեծ Նոյան...» [8]

Երևանցի գրիչներից առանձնանշելի է նաև վերհիշյալ Ավետիս երեցի վաստակը, որը գործելով ԺԷ. դարի երկրորդ կեսին, կարողացել է մեծ թվով ձեռագրեր ընդօրինակել. շատերը մեզ են հասել: Նա իրավամբ համարվում է նաև Առաքել Դավրիժեցի պատմագրի վստահությունը վայելած գրիչներից մեկը, որի ընդօրինակությամբ մեզ է հասել Պատմության երկու օրինակ: Վաղագույնը Երևանի Կաթողիկե եկեղեցում՝ 1665 թ. ընդօրինակված Պատմագիրքն է, որի գրչության հիշատակարանում Ավետիս գրիչը հաղորդում է հետևյալը.

«...գրեալ եղեւ գիրքս, որ կոչի Պատմագիրք, ի մեծ թվականին Հայոց, ՌՃԺԴ. (1665), ի մայրաքաղաքս Երեւան, ի դուռն սուրբ եկեղեցոյս, որ անուանի Կաթուղիկէ, հոգաբարձութեամբ ծախիւք եւ արդեամբք Առաքել վարդապետի, որ է նոյն ինքն այս պատմագրքիս շինօղն եւ արարօղն...» (Ձեռագիրը ներկայումս գտնվում է Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանում (Հմր 137 [83]) և նկարագրված է նույն մատենադարանի հավաքածուի համապատասխան ձեռագրացուցակում) [9]

Նկատենք նաև, որ գրչության կենտրոններ լինելուց զատ, Երևանի եկեղեցիները որոշ իմաստով նաև մատենադարանի դեր են կատարել՝ ունենալով սեփական գրապահոցներ: Պատահական չէ, որ Ս. Էջմիածնի գրատան համալրման ընթացքում՝ 1923 թ. Երևանի եկեղեցիներից հավաքվել ու հանձնվել է 78 ձեռագիր, որոնցից 25-ը՝ Կաթողիկե եկեղեցուց, 20-ը՝ Ս. Պողոս-Պետրոսից, 7-ը՝ Ս. Սարգսից, 21-ը՝ Ս. Հովհաննեսից, 2-ը՝ Զորավոր Ս. Աստվածածնից, 3-ը՝ Նորքի եկեղեցիներից [10] Հավաքված ձեռագրերից 38-ն ավետարաններ են, մնացածները՝ ժամագրքեր, շարակնոցներ, մաշտոցներ, հայսմավուրքներ, խորհրդատետրեր և այլն:

Երևանի եկեղեցիներից հավաքված ձեռագրերն ընդգրկված են եղել Ս. Էջմիածնի գրատան 1922-1925 թթ. ստացված ձեռագրերի հավաքածուում [11]: Հետաքրքիրն այն է, որ Մատենադարանի ձեռագրական հավաքածուների ստեղծման հետագա տարիների տվյալները վկայում են, որ բացի նշված 78-ից Երևանի եկեղեցիներից Մատենադարան են մուծվել նաև այլ ձեռագրեր, այսպես՝ Ս. Պողոս-Պետրոսից՝ 1 (ՄՄ ձեռ. Հմր 7781), Զորավոր Ս. Աստվածածնից՝ 2 (ՄՄ ձեռ. Հմր 4622, 4644), Ս. Հովհաննես Մկրտչից՝ 2 (ՄՄ ձեռ. Հմր 7618, 7953), Սարդարի բերդի պարսպից՝ 1 (ՄՄ ձեռ. Հմր 8731), ևս 1-ը Երևանի անհայտ եկեղեցուց (ՄՄ ձեռ. Հմր 7236):

Ի վերջո, 1939 թ. Ս. Էջմիածնի գրատուն-մատենադարանը տեղափոխվել է Երևան, սկզբնական շրջանում տեղակայվել Հանրային գրադարանում, իսկ 1959 թվականից հաստատվել ձեռագրերի պահպանության նպատակով կառուցված Մատենադարանի շենքում (2011-ից՝ նույն Մատենադարանի նորակառույցում): Այստեղ է, որ հավաքված հազարավոր ձեռագիր մատյանների կողքին իրենց վերջին հանգրվանն են գտել նաև Երևանում գրված և տեղի եկեղեցիներում պահված շուրջ 150 գրչագրերը:

Արտաքին հղումներ[խմբագրել կոդը]

«Շողակն արարատյան» երկշաբաթաթերթ, «Երևանը գրչության կենտրոն», պ․գ․թ․ Արսեն Հարությունյան, տպագրվելու է երկշաբաթաթերթի հունիսի համարում

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան Մատենադարանի, հ. Բ., կազմեցին՝ Օ. Եգանեան, Ա. Զէյթունեան, Փ. Անթաբեան, Ա. Քեօշկերեան, Երևան, 2004, սիւն 1126, տե՛ս նաև Հայերեն ձեռագրերի ԺԳ. դարի հիշատակարաններ, կազմեց՝ Ա. Մաթևոսյան, Երևան, 1984, էջ 795:
  2. (Հայերեն ձեռագրերի ԺԳ. դարի հիշատակարաններ, էջ 106, Հմր 104/բ)
  3. Թովմա Մեծոփեցի, Պատմագրություն, աշխատասիրությամբ՝ Լ. Խաչիկյանի, Երևան, 1999, էջ 287-288
  4. Ցուցակ ձեռագրաց Մշոյ Ս. Առաքելոց-Թանգմանչաց վանքի եւ շրջակայից, [կազմեցին]՝ Սահակ Մուրա-տեան, Նազարէթ Մարտիրոսեան, հ. Բ., Երուսաղէմ, 1967, էջ 113
  5. Ժամանակագրութիւն Գրիգոր վարդապետի Կամախեցւոյ կամ Դարանաղցւոյ, հրատարակեց՝ Մեսրոպ վարդապետ Նշանեան, Երուսաղէմ, 1915, էջ 291-292, Առաքել Դաւրիժեցի, Գիրք պատմութեանց, աշխատասիրությամբ՝ Լ. Ա. Խանլարյանի, Երևան, 1990, էջ 245-246
  6. Այս երկու եկեղեցիների նույնացման համոզիչ մեկնաբանությունը տե՛ս Ռ. Հարությունյան, Հին Երևանի ճարտարապետական առեղծվածների պարզաբանումը, Երևան, 2007, էջ 38
  7. ՄՄ ձեռ. Հմր 8785, 262ա, տես նաև՝ Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800 թթ., Երևան, 1971, էջ 395
  8. Հայերեն ձեռագրերի ԺԴ. դարի հիշատակարաններ, կազմեց՝ Լ. Խաչիկյան, Երևան, 1950, էջ 329
  9. Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա, կազմեց՝ Հ. Յակովբոս վ. Տաշեան, Վիեննա, 1895, էջ 433
  10. Երվանդ Շահազիզ, Հին Երևանը (1931 թ. հրատարակության լրամշակված վերահրատարակություն), Երևան, 2003, 226, տե՛ս նաև Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800 թթ., էջ 382, Ա. Մաթևոսյան, Երևանի գրչության կենտրոնները, «Երևանի հոբելյանը» քաղաքի 2750-ամյակի հոբելյանական տարեգրություն, հեղինակ-կազմող՝ Ա. Վ. Խաչիկյան, Երևան, 1972, էջ 116:
  11. Օ. Եգանյան, Մատենադարանի ձեռագրական հավաքածուները - տե՛ս Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ. Ա., կազմեցին՝ Օ. Եգանյան, Ա. Զեյթունյան, Փ. Անթաբյան, Երևան, 1965, սյուն 120: Նշված 78 ձեռագրերի ցանկն ըստ արդի համարների տե՛ս նույն տեղում, սյուն 122-123, ցանկ Է