Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կոմիտասի թանգարան ինստիտուտ/Կոմիտասի թանգարան ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեքստային նյութ[խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ[խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015 թվականին ստեղծված թանգարան Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Թանգարան-ինստիտուտի գործունեությունն ուղղված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Հիմնադրվել է 2014 թ. հուլիսի 24-ի ՀՀ Կառավարության որոշմամբ՝ որպես «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, 1869, Կուտինա-1935, Փարիզ), բանահավաք, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թ. ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թ. Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-96 թթ. Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թթ., ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[1]:

Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:

Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:

Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:

Թանգարան-ինստիտուտ[խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին: Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում: Կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա, որը 1949 թվականին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը: Նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Ցուցադրության հեղինակը և համադրողը Վարդան Կարապետյանն է, նկարիչ-ձևավորողը՝ Ալբերտո Տորսելլոն: Ծրագիրն իրականացրել է Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտեն։ Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները [2]:

Թանգարան-ինստիտուտի կառուցվածքը[խմբագրել կոդը]

Մշակութային-գիտական այս հաստատությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի բազմաֆունկցիոնալ կառուցվածք՝ մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներ, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչատուն: Թանգարան-ինստիտուտի գործունեությունը

  • Չհամարակալած ցանկի տարր

Մշտական և ժամանակավոր ցուցադրություններ

  • Գիտական ուսումնասիրություններ
  • Գիտական հոդվածների ժողովածուների և պատկերագրքերի հրատարակություններ
  • Դասախոսություններ և սեմինարներ
  • Ավանդական (ժողովրդական և հոգևոր), դասական և ժամանակակից ակադեմիական երաժշտության համերգեր
  • Կրթական ծրագրեր:

Թանգարանի ցուցասրահները[խմբագրել կոդը]

Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է թեմատիկ ութ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Ցուցասրահներում հնչում են Կոմիտասի ձայնը, նրա բազմաձայնած հոգևոր և աշխարհիկ խմբերգերը, դաշնամուրային պարերը և այլն:

Ցուցադրության իրականացման համար թանգարանային առարկաներ են տրամադրվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։

  • Առաջին սրահ՝ «Ժամանակագրություն». ներկայացված է Կոմիտասի կենսագրությունը և Կոմիտասի կյանքի համառոտ ժամանակագրությունը, որին զուգահեռ տրված է նաև եվրոպական երաժշտական մշակույթի տարեգրությունը։
  • Երկրորդ՝ «Կոմիտասը և իր ժամանակակիցները» սրահում քարտեզագրված են բոլոր այն ճանապարհները, որոնցով անցել է Կոմիտասը, և ցուցադրված այն անձանց լուսանկարները, որոնք ժամանակի գիտական միտքն ու հոգևոր արժեքները կրող անհատականություններ էին և իրենց կարևոր դերն են ունեցել արվեստագետի կյանքի տարբեր ժամանակափուլերում:
  • «Կոմիտասի միտքը» սրահում ներկայացված են նմուշներ Կոմիտասի երաժշտատեսաական ուսումնասիրություններից, ինչպես նաև անձնական օգտագործման իրեր, վկայականներ։
  • «Կոմիտասի բանահավաքչական գործունեությունը» սրահում գեղանկարչական գործերի և այլ նմուշների միջոցով պատկերված է այն միջավայրը, որտեղ ձևավորվում է երաժշտական ֆոլկլորը և դրա գրառման ընթացքը:
  • «Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահը ներկայացնում է Կոմիտասի ստեղծագործական կերպարը։ Ցուցադրված են նրա ստեղծագործության ձեռագիր և հրատարակված նմուշներ, «Անուշ» օպերայի նախագիծը և այլն:
  • Վեցերորդ սրահը կրում է «Կոմիտասը և հոգևոր երաժշտությունը» անվանումը: Այստեղ ներկայացված են Կոմիտասի հոգևոր ժանրի ստեղծագործությունները և էջեր հայ եկեղեցական երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններից:
  • «Կոմիտասի ելույթները» սրահում ցուցադրված են նրա մասնակցությամբ և ղեկավարությամբ տեղի ունեցած մի շարք համերգների ազդագրեր, ծրագրեր, տոմսեր և այլն:
  • Թանգարանի մշտական ցուցադրությունն ավարտվում է «Կոմիտասից հետո» սրահում, որտեղ Կոմիտասի կերպարը ցուցադրված է քանդակագործության և գրաֆիկայի միջոցով:
  • Ժամանակավոր ցուցադրությունների սրահում պարբերաբար կազմակերպվում են արվեստի տարբեր ճյուղերին առնչվող ցուցադրություններ (երաժշտություն, լուսանկարչություն, գեղանկարչություն, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ և այլն)[3][4][5][6][7][8]

Գիտահետազոտական կենտրոն[խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործող գիտահետազոտական կենտրոնը նպատակ ունի հանգամանորեն և համակարգված հետազոտել Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, Կոմիտասին վերաբերող արխիվային նյութերը: Կարևորվում է հայ հոգևոր երաժշտության տարբեր ճյուղերի ու դպրոցների պատմական և տեսական խնդիրների ուսումնասիրությունը` ըստ Կոմիտասի գիտական սկզբունքների:

Գիտական աշխատանքներ են կատարվում հետևյալ ոլորտներում.

  • Կոմիտասի արխիվ
  • Կոմիտասի բանահավաքչական, երաժշտագիտական և ստեղծագործական ժառանգություն
  • Հայ հոգևոր երգարվեստի Ութձայն համակարգ
  • «Սասունցի Դավիթ» էպոսի երգվող հատվածներ և այլն [9]

Հրատարակչություն[խմբագրել կոդը]

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հրատարակում է գիտական աշխատություններ, ժամանակավոր ցուցադրությունների սրահում կազմակերպված ցուցադրությունների պատկերագրքեր և գիտական հոդվածների ժողովածուներ[10][11][9]:

Հրատարակություններ[խմբագրել կոդը]

  1. Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Ա, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարկչություն, 2016:
  2. Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Բ, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017:
  3. Հնչյուն և լռություն. երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում, գիտական հոդվածներ և պատկերագիրք, պատասխանաու խմբագիր՝ Հ. Պիկիչյան, ցուցադրության համադրող՝ Ն. Խաչատուրեան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017:
  4. Կուտինայի հայկական հախճապակու արվեստը, խմբագիր՝ Ն. Խաչատուրեան. Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2016:
  5. Ծառերի հիշողություն. Քեթրին Քուք, ցուցադրության պատկերագիրք, համադրող՝ Ն. Խաչատուրեան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2016:
  6. Գոյնէն անդին. Ռուբէն Նաճարեան, խմբագիր Ն. Խաչատուրեան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2017:
  7. Հասկաքաղ. Միհրան Թումաճան (1890-1973), ցուցադրության պատկերագիրք և գիտական հոդվածներ, ցուցադրության համադրող՝ Ն. Խաչատուրեան, խմբագիր՝ Գ. Ամիրաղյան, Երևան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչություն, 2018:

Երաժշտական գրադարան[խմբագրել կոդը]

2017 թվականից Կոմիտասի թանգարան-ինստիտուտում է գործում երաժշտական գրադարանը (նախկինում որպես առանձին կառույց՝ Երաժշտագիտական գրադարան): Այստեղ առկա է նոտային և երաժշտական-մասնագիտական բազմաժանր գրականություն, ինչպես նաև հայկական և համաշխարհային երաժշտության բազմաթիվ ձայնապնակներ:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. [Կոմիտաս Վարդապետ, «Հայը ունի ինքնուրոյն երաժշտութիւն», տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յօդուածներ, երկու գրքով, գիրք Բ, աշխատասիրութեամբ Գուրգէն Գասպարեանի եւ Մարինէ Մուշեղեանի, «Սարգիս Խաչենց-փրինթինֆո» էջ 83-88:]
  2. Տաթևիկ Շախկուլյան, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրումը քառորդդարյա պետությունում», Հայոց նորագույն պետականության քառորդ դարը, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, էջ 149-155
  3. [www.panorama.am/am/news/2017/04/08/«Հնչյուն-և-լռություն-Երաժիշտը-և-նվագարանը-դարերի-հոլովույթում»/1758477 «Հնչյուն և լռություն. Երաժիշտը և նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում]
  4. «Գոյնէն անդին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել
  5. «Ծառերի հիշողություն»
  6. «Հնչյուն և լռություն»
  7. «Կուտինայի հայկական հախճապակու արվեստը»
  8. «Գոյնէն անդին»
  9. 9,0 9,1 Գիտահետազոտական կենտրոն
  10. «Կոմիտասը և ավանդական երաժշտական մշակույթը» տարեգրքի շնորհանես Կոմիտասի թանգարանում, Շողակաթ հ/ը
  11. [komitasmuseum.am/wp-content/uploads/2015/03/Տարեգիրք-Ա.pdf Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, Երևան, 2016]

Լուսանկարներ[խմբագրել կոդը]

  1. Category:Komitas Museum, Yerevan