Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Կարեն Դեմիրճյանի թանգարան/Երևանի քաղաքապետարանի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի քաղաքապետարանի շենք

ԽՍՀՄ կառավարության որոշմամբ 1984 թվականին սկսվեց Երևանի քաղխորհրդի գործկոմի վարչական նոր շենքի շինարարությունը. ճարտարապետն էր Ջիմ Թորոսյանը: Շենքի կառուցումը հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում էր: Հաճախ շինհրապարակ էին այցելում Կարեն Դեմիրճյանը, Ֆադեյ Սարգսյանը, Մուրադ Մուրադյանը: Շինարարական աշխատանքները շարունակվեցին մինչև 1991թ. և դադարեցին: Քաղաքապետարանի նոր շենքը 2003թ. վերանախագծվեց` պահպանելով Ջիմ Թորոսյանի նախագծի անաղարտությունը, միաժամանակ, հարմարեցնելով ժամանակի պահանջներին: Շինարարությունը շարունակվեց և 2004թ. նոյեմբերի 26-ին հանձնվեց գործարկման:

«Ծանոթացա Քաղսովետի (նոր) շենքի նախագծին: Հանձնարարեցի Թորոսյան Ջիմին նախագծել շենքը՝ ելնելով հայկական ճարտարապետության սկզբունքներից: Ճարտարապետության կերպարը պետք է լինի դասական, հայկական-երևանյան: Այդ կերպարը պետք է համահունչ լինի Ռ. Իսրայելյանի “Արարատ” տրեստին (գինու գործարան)»: Կարեն Դեմիրճյան

«Քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նոր շենքն, անկասկած, ընդհանրապես կարող էր չլինել, ինչպես ճարտարապետական արժեք ներկայացնող և այդ տարիներին իրականացված շատ այլ կառույցներ, եթե դրանց նախագծման և կառուցման հարցերը նախապես չքննարկվեին ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի առաջին քարտուղար Մեծարգո Կարեն Սերոբի Դեմիրճյանի մոտ: Եթե չլիներ նրա համաձայնությունը, ապա ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը, անկախ նրա զբաղեցրած պաշտոնից, այս ազգանվեր և շատ ծանր ու դժվարին գործը ոչ միայն սկսել, այլև տեղից շարժել անգամ չէինք կարող: Բազմաթիվ անգամ նրա մոտ քննարկվել է նախագծման ընթացքը, արվել շատ արժեքավոր առաջարկություններ, որոնք իրենց արտահայտությունն են գտել նախագծում: Երբ Ջիմ Թորոսյանի հետ Կարեն Սերոբիչին ներկայացրեցինք նախագծի վերջնական տարբերակը, նա երկար և ուշադիր նայելուց հետո ասաց՝ «Լավ է ստացվել, կարող եք սկսել»: Մուրադ Մուրադյան

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել կոդը]

Մուրադ Մուրադյան, «Երևանի քաղաքապետեր», Երևան, 2012