Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Երևանի հնամենի թաղերից մեկում` Կոնդում է գտնվում մեր քաղաքի ամենանգողտրիկ եկեղեցիներից մեկը` Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որտեղ օրերս` հունվերի 15-ին, ականատեսը և մասնակիցը եղա գեղեցիկ մի պատարագի` նվիրված Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնին: Եկեղեցին լեփ-լեցուն էր տարբեր տարիքի և զբաղմունքի տեր հավատացիալներով: Ինձ համար անչափ հաճելի էր այն հանգամանքը, որ նրանց մեջ մեծ թիվ էին կազմում երիտասարդները, որոնք իրենց երգերով ու ջերմեռանդ աղոթքներով` ակտիվ մասնակիցները դարձան ողջ ծիսակատարության: Հավատացիալների բազմությունից սկզբում անակնկալի եկա, բայց րոպեներ անց վերագտնելով ինձ ` հասկա- ցա, որ հայտնվել եմ շատ հուզիչ, վեհ ու գեղեցիկ մի իրավիճակում: Բեմից հնչող հեքիաթային գրաբարը, որով պատարագիչ քահանան` հայր Տիրայրը և նրա հոգևոր եղբայրները, կատարում էին արարողությունը, պարուրել էր հոգիս, որը բազմության հետ երգում էր` չիմանալով բառերը…

Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում հաճախ եմ լինում, սիրում եմ երկար նստել, ժամերգություն կամ քարոզ լսել: Աշխատանքիս ու մասնագիտությանս բերումով (պատմաբան եմ, աշխատում եմ թանգարանում) ծանոթ եմ եկեղեցու, որպես Երևանի հայտնի հոգևոր և մշակութային հնագույն օջախներից մեկի պատմությանը, իսկ քրիստոնեության վերաբերյալ հանրագիտարանից և ազգային տոների պատմությունից` նաև Սբ. Հովհաննես Մկրտչի կերպարին:

Ըստ քրիստոնեական մատենագրության Սբ. Հովհաննես Մկրտիչը վերջին մարգարեն է , ով կանխատեսել է Հիսուս Քրիստոսի գալուստը: Նա մեր տիրոջ ճանապարհը հարթող և Հորդանան գետում նրան մկրտող մարգարեն է: Նա է, որ տեսնելով Հիսուսի վրա աղավնակերպ Սուրբ Հոգու էջքը` հասկացավ, որ եկել է երկար սպասված Մեսիան: Այս գերնպատակների իրագործման համար է կատարվել հրաշքը և նրա մայրը` ամուլ Եղիսաբեթը, ծերության հասակում հղիանալով, որդի է ունեցել: Զարմացել և պապանձվել է զառամյալ հայրը` համեստ, աստվածավախ քահանա Զաքարիան, երբ Գաբրիել հրեշտակապետը հայտնել է նրան հայրանալու ու որդի ունենալու լուրը` նախապես ծանուցելով նրա երկրային ողջ գործունեությունը:

Սբ. Հովհաննես Մկրտիչն ապրել է խստաբարո ճգնավորի կյանքով և արդեն 30 տարեկան հասակում հռչակվել որպես Աստծո մարգարե: Հրեաստանի բոլոր կողմերից մարդիկ գալիս էին ունկդրելու նրա կրակոտ քարոզները, որոնք ապաշխարության մկրտության` մեղքերի թողության համար էին, որը Քրիստոսի բերած փրկարար շնորհը ընդունելու նախապայմանն էր` «Ապաշխարհեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»:

Ճգնավորի կյանքը և քարոզչական գործունեությունը Հովհաննես Մկրտչին բերել են մեծ ժողովրդականություն` նրա շուրջը ստեղծելով սիրո և ակնածանքի մթնոլորտ: Քրիստոնեական տոնացույցում նրան միանգամից չորս տոն է նվիրված. ծննդյան տոնը` հունվարի 15-ին, Գլխատման հիշատակի օրը (զատկին հաջորդող շաբաթ օրը), Գրիգոր Լուսավորչի կողմից Հովհաննես Մկրտչի մասունքները Հայաստան բերելու առթիվ տոնը (շարժական է և նշվում է Ս. Էջմիածնի տոնի հինգշաբթի օրը ) և « Հովհաննես-Կարապետի ու Հոբի» - հիշատակի տոնը (վերափոխման տոնին հաջորդող 3-րդ շաբաթվա հինգշաբթի օրը): Սբ. Հովհաննես Մկրտչի կերպարին մեծ ուշադրություն է դարձվել քրիստոնյա մշակույթի բոլոր ոլորտներում և ժողովրդական բանահյուսության մեջ: Քրիստոնյա թարգմանական և ինքնուրույն գրականության մեջ համեմատվելով Եղյա մարգարեի հետ, որը համարվել է խավարը ճեղքող «լուսատու ճրագ», Սբ. Հովհաննես Մկրտիչը հանդես է գալիս որպես մարդկանց մեղքի քնից արթնացնող և Քրիստոսի գալուսն ազդարարող «աքաղաղի ձայն»:Քրիստոնյա պատկերագրության մեջ նույնպես Սբ. Հովհաննես Մկրտիչը սիրված դեմքերից է և պատկերվում է Մարիամ Աստվածածնին հավասար դիրքերից: Մանրանկարչության մեջ նա հիմնականում ծառաբնին խրված կացնի հետ միասին է պատկերվում, որը Հովհաննես Մկրտչի վարդապետության գլխավոր սկզբունքն առարկայական դարձնող հայտնի արտահայտության դրսևորումն է` «Կացինն ահա ծառերի արմատին է դրված…»:Մեկնողական գրականության մեջ խորանների պատկերագրու- թյունում հաճախ հանդիպող աղավնին նույնպես Հովհաննես Մկրտչի խորհրդապատկերն է[1]:

Սբ. Հովհաննես Մկրտիչն իր այս երկու անուններից բացի ունեցել է ևս հինգ անուն` Առաքյալ, Մարգարե, Մարտիրոս, Ավետիս և Կարապետ: Այսպիսով` նա «յոթնանուն» սուրբ է և դժվար չէ նկատել, որ բոլոր այդ անուններն արտահայտությունն են նրա երկրային ողջ գործունեության:

Հայ ժողովրդի մեջ ամենասիրված ու տարածվածն այդ անուններից Կարապետն է, որը նշանակում է արդարության առաջամարտիկ: Այս էության համար է նահատակվել սուրբը` զոհ գնալով Գալիլիաի կառավարիչ Հերովդեսի կնոջ` Հերովդիադայի նկրտումներին(իր անբարո վարքի համար նա արժանացել էր Հովհաննես Մկրտչի քննադատություններին, որից ազատվելու համար դստեր` Սալոմեի միջոցով կարողանում է հասնել նրա գլխատմանը): Սբ.Կարապետ անունով էլ Հովհաննես Մկրտիչը հանդես է գալիս մեր ժողովրդական բանահյուսության մեջ, որտեղ նրան ձոնված են բազմաթիվ ավանդազրույցներ ու երգեր:

Միջնադարյան Հայաստանում տարածված ավանդության համաձայն նահատակված Սբ.Հովհաննես-Կարապետի մասունքները(մարմինը, իսկ գլուխը հասել էր Արցախ և թաղվել այնտեղ) Գրիգոր Լուսավորիչը ջորու վրա բարձած Կեսարիայից բերելով` ամփոփում է Տարոն աշխարհի Մշո դաշտում ու թաղման վայրում սրբավայր կառուցում, որը հայտնի է Մշո Սբ.Կարապետի վանք անունով: Ժողովուրդն անմիջապես ուխտատեղի է դարձնում այն: Ամենամասսայական տոնակատարություններն այստեղ կազմակերպվում էին հատկապես Վարդավառին, որը հաճախ վեր էր ածվում գերազանցապես Սբ.Կարապետին նվիրված տոնի (հատուկ այդպիսի տոն հայոց մեջ չի եղել)[1]:

Մշո Սուրբ Կարապետի վանքի տարածքը նախկինում էլ սրբավայր է եղել: Այն նախ իսկական դրախտավայր էր իր գրկում հոսող ինը բնական աղբյուրների շնորհիվ և կոչվում էր Իննակնյա: Հեթանոսության շրջանում այստեղ կանգնեցված են եղել Դեմետրի և Գիսանեի կուռքերը, որոնք Մամիկոնյան նախարարական տան պահապաններն էին: Տեղանքի անունով Սբ.Կարապետի վանքը կոչվել է Ինակնյա, իսկ առաջին վանահոր` Զենոբ Գլակի (Հովհան եպիսկոպոս Մամիկոնյան) անունով` նաև Գլակա վանք:

Քրիստոնեության ընդունումից ի վեր Սբ.Հովհաննես-Կարապետը դառնում է մեր ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկը: Նա շնորհալիներին հովանավորող էություն ուներ և պատահական չէ, որ Մշո դաշտում Վարդավառի տոնակատարությունների ժամանակ շնորհալիները իսկական մրցություն էին կազմակերպում` իրենց երգով ու պարով, լարախաղացությամբ ու բանաստեղծելու տաղանդով, սրբին դուր գալու համար, միաժամանակ` ակնկալելով նրանից իրենց տաղանդի բազմապատկում:

Հայաստանի զանազան վայրերում ընդունված էր յոթ տարի, յոթ ամիս,յոթ շաբաթ կամ յոթ օր պաս պահել, որից հետո այցելելով Մշո Սբ.Կարապետի վանք` երկրպագում էին սրբի գերեզմանին ու խնդրում իրենց փափագը կատարել.

Սուրբ Կարապետ եմ գնացել,
Պառկուկ եմ, մեջն եմ մնացել,
Սերս եմ առեր, չեմ իմացեր,
Ումուտատուր Սբ.Կարապետ

[1]:

Սբ.Կարապետն ունեցել է նաև ռազմական, հերոսական էություն: Վաղ միջնադարում Մամիկոնյան նախարարական տան տղամարդիկ ուխտի էին գնում Մշո Սբ. Կարապետի վանք` ստանալու նրա աջակցությունն ընդդեմ հայոց աշխարհի թշնամիների: Հետագա դարերում այդպես էին վարվում նաև ֆիդայինները: Պատահական չէ, որ մարտի գնալուց առաջ նրանց մաղթում էին` «Մշո սուլթան Սբ.Կարապետ թող լինի ձեզ պահապան…»:

Սակայն որքան առատաձեռն էր Սբ. Կարապետը, նույնքան էլ խստապահանջ: Նա չէր ներում օրինազանցներին և պահանջում էր սահմանված կարգ ու կանոնի պահպանում: Նրա սահմանած կանոններից մեկը վերաբերում էր կանանց: Զոհ դառնալով կնոջ քենախնդրությանը, նա դարձել էր կնատյաց (Սրբի այս էությունը եկեղեցին ամրագրել է իր կանոններով) և թույլ չէր տալիս կանանց այցելել իր գերեզմանին ու երկրպագել: Օրինազանցները խստագույնս պատժվել են Սրբի կողմից: Այդ դեպքերն իրենց արտացոլումն են գտել Սրբի մասին պատմող ավանդազրույցներում: (Օրինակ` հայ նախարարներից մեկի կինը` Մարիամը, չնայելով Սրբի արգելքին երկրպագել է նրա գերեզմանին ու վանք մտել, որի համար էլ հատուցել է իր կյանքով): Սբ. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնի ժամանակ պատարագից հետո ուշադրությունս գրավեց մի հետաքրքիր դրվագ, որի բացատրությունը փորձեցի կապել Սրբի այս` կնատյաց էության հետ: Երբ եկավ հաղորդություն ստանալու պահը, կանայք համբերատար մի կողմ կանգնեցին` ճանապարհ տալով ու հաղորդություն ստանալու առաջնությունը զիջելով տղամարդկանց:

Սակայն խստությունները բնավ չեն թուլացրել ժողովրդի հավատը նրա նկատմամբ, ավելին իր բոլոր խստություններով հանդերձ Սուրբը միշտ արդարացվել է`« դատավորն ահավոր, դատաստանն արդար…»:

Պատմական Հայաստանի տարբեր վայրերում Սբ. Հովհաննես Մկրտչին նվիրված բազում եկեղեցիներ են կառուցվել, որոնցից պահպանվել ու մեր օրերն են հասել քչերը (քանդված և օտարի ձեռքում է գտնվում Մշո Սբ. Կարապետի վանքը): Այդ քչերից մեկն է Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որը կառուցվել է միջնադարում: Երևանի 1679թ.-ի ավերիչ երկրաշարժի հետևանքով մյուս եկեղեցիների հետ քանդվում է նաև այս եկեղեցին, բայց քաղաքի մեծահարուստ ընտանիքներից մեկի` Մելիք-Աղամալյանների միջոցներով 1710թ. վերակառուցվելով` դառնում է նրանց տոհմական աղոթատեղին, իսկ հետագայում նաև ողջ Կոնդին սպասարկող եկեղեցին և մասնակի նորոգումներով հասնում մինչև 20-րդ դար: 1973թ. ճարտարապետ Ռ. Իսրայելյանը, եկեղեցին վերակառուցելու առաջարկ է ներկայացնում, որն արժանանում է Վազգեն Ա. Վեհափառ Հայրապետի հավանությանը: Ճարտարապետն իր առաջարկը հիմնավորում էր նրանով, որ «Դվին» շքեղ հյուրանոցի կառուցման պարագայում, նրանից քիչ հեռու գտնվող Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հայտնվել էր . «խղճալի» վիճակում: Ճակատագրի բերումով (Ռ. Իսրայելյանի մահվան պատճառով) եկեղեցու նախագծի մշակումը կատարվեց 10 տարի անց միայն, որից հետո սկսվեց վերակառուցումն ու ավարտվեց ներկայիս տեսքով: Կոնդի հյուսիսային մասում, բարձրադիր բլրի վրա վեր խոյացող այդ գեղեցիկ եկեղեցին այսօր և դրսից և ներսից շատ կոկիկ ու խնամված տեսք ունի: Դրսից շրջապատված է կանաչապատ ու ծաղկախիտ բակով, իսկ ներսում ուղղակի հնարավոր չէ չնկատել այն աչք շոյող մաքրությունը, որն ապահովում են եկեղեցու սպասավոր կանայք` իրենց ժրաջան աշխատանքով: Եկեղեցու պատերին, դրսից և ներսից, պահպանվել են նաև արձանագրություններ, որոնք պատմում են հովանավորների կատարած շինարարական աշխատանքների ու բարեգործությունների մասին[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Շողակն արարատյան» պաշտոնաթերթ, 2011թ. փետրվար, Ա, թիվ 3