Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Սբ. Զորավոր եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սբ Զորավոր Աստվածածին եկեղեցի, գտնվում է Երևանի կենտրոնում` Պուշկին և Թումանյան փողոցների միջև` շրջապատված բազմահարկ բնակելի շենքերով: 17-րդ դարում, սակայն, եկեղեցին գտնվում էր հին Երևանի սահմաններից դուրս` հս կողմի այգիների տարածքում: Սբ Զորավոր եկեղեցին 17-րդ դարի վերջին կառուցված տիպիկ հուշարձան է, որպիսիք էին 1690-ական թվականներին ՝մեծ երկրաշարժից (1679թ. ) հետո վերակառուցված Կաթողիկե-Սբ Աստվածածին, Սբ Պողոս-Պետրոս և մյուս եկեղեցիները:

Հետաքրքիր է կառույցի նախապատմությունը: 9-10-րդ դարերում այս տարածքում, Սուրբ Անանիա առաքյալի նշխարների վրա կառուցվել է մի մատուռ, որը ժամանակին ուխտատեղի է եղել. տարբեր վայրերից մարդիկ եկել են այստեղ հույսով, որ սրբի հրաշագործ մասունքները օժտված են բուժելու կարողությամբ. «Կայր ի վաղեմի ժամանականաց վայելուչ մատուռ մի շինեալ ի վերայ դամբարանի սրբոյ առաքելոյն Անանիայի, որ եր ի հիւսիսային կողմանէ քաղաքին Երևանայ ի մեջ այգեստանացն, և եր աւիրակ և անմարդաբնակ, որոյ վասն ասաց խանն առ վարդապետն Մովսէս Սիւնիցի …»: [1]

16-18-րդ դարերում Երևանում գործող եկեղեցիները համարվում էին մշակութային օջախներ, որոնցում գործում էին դպրոցներ: Առանձնահատուկ ուշադրության է արժանի Մովսես Սյունեցու/ Տաթևացու/ հիմնադրած Սբ Անանիա անապատի դպրոցը: Մովսես Սյունեցին 1608թ. Սյունիքում` Կիրակոս Պոնտացու և Սարգիս եպիսկոպոսի հետ միասին հիմնում են նշանավոր Սյունյաց մեծ կամ Հարանց անապատը, որը միջնադարյան ամենախոշոր կրթական օջախն էր: 1620թ. Մովսես Սյունեցին թողնում է Հարանց անապատը և մեկնում Էջմիածին: Այնուհետև, խուսափելով Մելիքսեթ կաթողիկոսի հալածանքներից, Էջմիածնից տեղափոխվում է Երևան, ծանոթանում է այն ժամանակ «Երևանի իշխան» Ամիրգունա խանի հետ, և վերջինիս բարյացակամությունը շահելով, առաջարկ է ստանում մնալ Երևանում, վանք հիմնել Սբ Անանիա մատուռի շրջապատում և քարոզել բնակչությանը: Մովսես Սյունեցի վարդապետը համաձայնվում է. Նոր Ջուղայի առևտրականների նյութական օժանդակությամբ և քաղաքի բնակիչների օգնությամբ կառուցվում են վանքը, ժամատունը, միաբանների խցերը, առաջնորդարանը: Այս մասին վկայում է Սիմեոն Երևանցի կաթողիկոսը «Ջամբռ» պատմագրության մեջ. «…Սա /Մովսես կաթողիկոս/ շինեաց և զեկեղեցին Անանիա առաքելոյն, որ յԵրևան և արար վանք միաբանակեցաց»[2] [3] Մովսես վարդապետը պարսպապատում է վանական համալիրը, հավաքում է միայնակյաց վանականների միաբանություն ու հիմնում վանական դպրոց /1620թ./` Սբ Անանիա մեծ անապատը, ուր ճգնելու և ուսում ստանալու էին գալիս երկրի տարբեր կողմերից: Այստեղ են սովորել Փիլիպպոս, Սիմեոն Երևանցի կաթողիկոսները, Թովմաս Մեծոփեցին, Ոսկան Երևանցին և այլոք: 16-18-րդ դարերում այստեղ գրվել, ընդօրինակվել են մշակութային ու գիտական արժեք ներկայացնող բազմաթիվ գրքեր, մատյաններ: 17-18-րդ դարերում Անապատում են ստեղծագործել միջնադարյան նկարչության մեծ վարպետ Նաղաշ Հովնաթանը և նրա որդիները: Նաղաշ Հովնաթանի ձեռքով է արված Սբ Զորավոր եկեղեցու մուտքի բարավորի որմնանկարը: [4][5]

Մովսես Սյունեցու կառուցած շենքերը, բացի Սբ Անանիա մատուռից, փայտաշեն էին, ուստի երկար կյանք չունեցան. 1635-36թթ. թուրք - պարսկական կռիվների ժամանակ ավերվել են եկեղեցու կառույցները: «…իսկ Երևանայ անապատն` զորմէ ասացաք դամբարան գոլ Անանիայի առաքելոց, որ ինչ և շինուածք գոյր անդ բովանդակ փայտակերտ էր, զատ ի մատուռէն, և սոքա ամենեքեան քանդեալ ավիրեցան ի գալ վիրոյասացեալ թագաւորացն /Սուլթան Մուրադ և Շահսեփի/, որ և զայն և զբովանդակն ամենայն վիրստին շինեաց, ոչ թե փայտիւ` այլ քարիւ և …գմբեթեայ` զժամատունն, զսիղանատունն, զխցերն և զայլ ևս շինուածս ամենայն…»/ [6]

Փիլիպպոս կաթողիկոսը /1632-1655թթ./ վերակառուցում է վանքը, որը կրկին ավերվում է 1679թ. մեծ երկրաշարժից: Նահապետ Ուռհայեցի կաթողիկոսի օրոք /1691-1705թթ./, Խոջա Փանոսի միջոցներով 1691-93թթ. կառուցվում է քարաշեն Սբ Աստվածածին եկեղեցին` այժմյան տեսքով, որը կանգուն է մինչև օրս: Այս եկեղեցու հիմքերը կապված չեն Սբ Անանիա մատուռր հետ. 1889թ. վերանորոգման ժամանակ դամբարանի մուտքը եկեղեցու միջից փակվել է, իսկ նրա վրա կառուցվել է փոքր, գմբեթարդ շինություն: Կառուցվել են նաև սյունազարդ ժամատուն, երկու ավանդատներ և զանգակատուն: Միևնույն ժամանակ եկեղեցու պատերին դուռ և պատուհաններ են բացվել, որոնք անհարիր են կառույցի ոճին: [7]

1939թ. Երևանի նախկին Զորավար եկեղեցու շենքը Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից հաշվի է առնվում որպես ճարտարապետական-հնագիտական հուշարձան: Եկեղեցին` կրոնական համայնք չունենալու պատճառով 1938թ. մայիսից դադարում է գործել` քահանա Խորեն Շուշանյանը հրաժարվում է իր պաշտոնից, եկեղեցու գույքը և շենքը անխնամ չմնալու համար ՊՀՊ կոմիտեն դիմում է ՀԽՍՀ գերագույն խորհրդի նախագահությանը` Զորավոր եկեղեցին հանձնել իր իրավասությանը: [8]

1759թ. եկեղեցում վերանորոգման աշխատանքներ են կատարվում Հակոբ Շամախեցի կաթողիկոսի հովանավորությամբ. « Ապա նստի ի սուրբ Էջմիածին կաթողիկոս Տեր Հակոբ Շամախեցին ի ՌՄԸ /1759/ Թուոջն… Շինեաց և ի յԵրևանի Ձորագեղջ անապատոջն զտուն Հայրապետանիստս, և պատեաց բարձրաբերձ պարսպօք և բրգօք` որպես այժմ նստին հայրապետք ի գնալն իւրեանց յԵրևան»,- վկայում է Սիմեոն Երևանցին [9] 1793թ. եկեղեցին կրկին վերանորոգվել է երևանցի Գաբրիել հարյուրապետի կողմից, որը թողել է 20 տողանոց հիշատակություն:

Զորավոր անունը կապված է եկեղեցում պահված մի ձեռագրի հետ: Ըստ ավանդության, իբրև թե այդ մատյանը Սևանա կղզու վանքից գողացված արժեքները տեղափոխելիս ընկել է լիճը, Հրազդան գետով հասել է Երևանի մոտ ու հայտնվել մի աստվածապաշտ կնոջ մոտ: Վերջինս էլ սուրբ գիրքը հանձնել է Անանիա վանքին: Այտեղ ավետարանը պահվել է մինչև 19-րդ դարի վերջը, նրան վերագրվել է բուժելու զորություն:

Սբ Անանիա վանքում վանական կյանքը տևել է մինչև 1835թ., երբ եկեղեցին դադարել է մենաստան լինելուց: Ռուսների կողմից քաղաքը գրավելուց հետո Էջմիածնի կաթողիկոսը և միաբանները Երևանում քիչ էին լինում, ուստի համալիրը վերածվում է ծխական եկեղեցու` Մարաղայից վերագաղթած և Սբ Զորավորի շուրջը բնակություն հաստատած հայ գաղթականների համար: 1873թ. երևանցի մեծահարուստ Աֆրիկյան եղբայրների միջոցներով Սբ Անանիայի գերեզմանի վրա կառուցվել է քառակուսի հատակագծով, երկհարկ, ութասյուն գմբեթով մատուռ, որի ներքին հարկում սրբի դամբարանն է: Մատուռի համար արևմուտքից նոր մուտք է բացվել: 1889թ. երեսփոխան Մ. Սարգսյանի միջոցներով նորոգվել է եկեղեցին /ըստ հր մուտքի ճակատի արձանագրության/:

1974-1978թթ. ընթացքում համալիրը վերանորոգման է ենթարկվել ֆրանսահայ բարերար Սարգիս Պետոյանի նվիրատվության շնորհիվ:

Լուսանկարներ[խմբագրել կոդը]

  1. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Zoravor_Church1_(cropped).jpg
  2. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Zoravor_Church2_(cropped).jpg
  3. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Zoravor_Church3.jpg
  4. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Zoravor_Church4.jpg
  5. https://commons.wikimedia.org/wiki/File:St._Zoravor_Church5.tif

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց. 1/
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ 1063, ց. 1
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց. 1, գ. 1294
  4. Երվանդ Շահազիզ, Հին Երևանը, Երևան 2003
  5. Հայաստանի ազգային արխիվ ֆ. 1063, ֆ. 48, ց. 1
  6. Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ, Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց. 1, գ. 1288, թ. 318/
  7. Քրիստոնյա Հայաստան,Հանրագիտարան, Երևան 2002
  8. Թ. Հակոբյան, Երևանի պատմությունը 1500-1800, Երևան 1971
  9. /Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1063, ց. 1, գ. 1294, թ. 10 /