Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի պարբերական մամուլը 19-20-րդ դարի սկզբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մինչև տեղական մամուլի առաջացումը քաղաքի իրադարձություններին ակտիվորեն արձագանքում էր Թիֆլիսում հրատարակվող «Մշակ» թերթն իր «Նամակներ Երևանից» բաժնում[1]:

1880թ. մարտի 15-ին լույս է տեսնում «Պսակ» թերթի առաջին համարը: «Պսակը» Երևանի առաջին պարբերականն էր, լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ՝ ազգային ազատագրական պայքարի գործիչ Վասակ Պապաջանյանի խմբագրությամբ: Ուներ քննադատական ուղղվածություն, որի հետևանքով 1884թ. ապրիլի 7-ին փակվեց: Թերթի տպարանը գտնվում էր Դոկտորսկայա (այժմ՝ Թումանյան) փողոցում, Պողոս-Պետրոս եկեղեցու դիմաց:

1881թ. հուլիսին լույս է տեսնում «Առողջապահական թերթ» բժշկական ամսագրի առաջին համարը՝ քաղաքի բժիշկ Լևոն Տիգրանյանի խմբագրությամբ: «Առողջապահական թերթը» Երևանում լույս տեսնող առաջին ամսագիրն էր: Անդրադառնալով քաղաքի առողջապահական խնդիրներին՝ ամսագիրը քննադատում էր կառավարության վարած քաղաքականությունն այս բնագավառում, որի հետևանքով 1884թ. փակվեց, իսկ խմբագիրն աքսորվեց քաղաքից[1]:

1883-1886թթ. շաբաթը երկու-երեք անգամ լույս է տեսնում «Երևանի հայտարարություններ» կոչվող թերթը՝ Էմին Տեր - Գրիգորյանի խմբագրությամբ: 1886թ. հայերեն տպագրության պատճառով թերթիկը փակվում է: 1900թ. դեկտեմբերին վերաբացվելով՝ տպագրում է ռուսերեն հայտարարություններ: 1909-1917թթ. տպագրվում է նաև հայերեն:

1908 – 1909թթ. «Լույս» տպարանում, Պողոս Կանդուրալյանի խմբագրությամբ, շաբաթը երկու անգամ լույս է տեսնում «Հրազդան» թերթը: Նույն տպարանում 1911-1912թթ. լույս է տեսնում «Նոր ձայն» շաբաթաթերթը՝ Վահան Տեր-Աբրահամյանի խմբագրությամբ (առաջին համարը՝ 1911թ. սեպտեմբերի 17-ին): 1911թ. «Լույս» տպարանում հրատարակվում է նաև «Կռան» հասարակական, տնտեսական, գրական թերթը Մուշեղ Բագրատունու խմբագրությամբ (գրական կեղծանունը՝ Փալանդուզ Մկո): «Կռանը» Երևանի առաջին երգիծական թերթն էր, նրա էջերում տպագրվում էին նաև խմբագրի ֆելիետոնները: 1913-1914թթ. թերթը հրատարակվում է «Նոր մամուլ» անունով[1]:

1911թ. օգտակար գիտելիքների տարածման Երևանի ընկերությունը բնակ- չության կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով սկսում է հրատարակել «Эриванский весник» օրաթերթը:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին լույս են տեսնում երկու պաշտոնական պարբերականներ. «Обзор Эриванской губернии» և «Памятная книжка Эриванской губернии» (սրանք կարևոր սկզբնաղբյուրներ են Երևան քաղաքի ու նահանգի պատմության ուսումնասիրության համար):

Նույն ժամանակաշրջանում Երևանում գործել են մի քանի տպարաններ[1].

1874թ. բացվեց քաղաքի առաջին տպարանը: Պատկանում էր Զաքարիա Գևորգյանին: 1880թ. վաճառվեց Էմին Տեր-Գրիգորյանին: Տպարանն իր գոյությունը պահպանեց մինչև խորհրդային կարգերի հաստատումը:

1879թ. բացվեց Աբգար Գուլամիրյանին պատկանող քաղաքի երկրորդ տպարանը:

1880թ. բացված երրորդ տպարանում լույս էր տեսնում «Պսակ» թերթը, որի անունը փոխանցվեց տպարանին:

1897թ. բացված նահանգային վարչության տպարանում տպագրվել են պաշտոնական գրություններ, թերթիկներ և կարգադրություններ:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թ.Խ. Հակոբյան, «Երևանի պատմությունը», մաս 3-րդ, Երևան, 1959թ.