Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի լուսանկարչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայ լուսանկարիչների մի ամբողջ սերունդ ապրել և ստեղծագործել է Երևանում: Նրանցից մեկն էր բնիկ երևանցի Գեղամ Թարվերդյանցը, ով 1909թ. Ռոտերդամի և 1910թ. Հռոմի ցուցահանդեսներում նվաճեց ոսկե մեդալներ[1]:

Երևանյան լուսանկարչության պատմությունը սկիզբ է առել դեռևս նախախորհրդային ժամանակներից և կապվում է անվանի վարպետների՝ Թարվերդյանցի, Դադյանցի, Փեշտմալջյանի, Տեր-Արիստակեսյանի, Քյուրքչյանցի, Դոնկովի, Վրույր Կրտսերի, Հակոբյանի, Վարդանյանի և ուրիշների անվան հետ: Նրանց հետագայում փոխարինելու եկավ հայրենադարձ լուսանկարիչների սերունդը և, հաստատվելով հայրենիքում, շարունակեց լուսանկարչի գործը՝ երևանյան լուսանկարչության ավանդույթները հարստացնելով արտասահմանյան լուսանկարչության նորագույն նվաճումներով: Իրենց գործի անվանի վարպետներ դարձան Գաբրիել Խանոյանը, Սամվել Խանդիկյանը, Շանթ Տեր-Առաքելյանը, Թորգոմ Բոյաջյանը, Նեմրութ Բաղդասարյանը, Պարգև Չոլակյանը, Արշավիր Պողոսյանը, Անդրանիկ Քոչարը և շատ ուրիշներ: Նրանց լուսանկարչական գործունեության մեջ առանձնակի կարևորություն ունեցավ 1962թ. Ա. Քոչարի կողմից հիմնադրված և հենց նրա բնակարանում էլ բացված «Երևան» ֆոտոակումբը, որը հետագայում հանգրվանեց նախ ճարտարապետների, ապա Գիտության և տեխնիկայի տանը՝ դառնալով ժամանակի ֆոտոսիրողների հավաքատեղին: Այստեղ փոխանակվում էին լուսանկարչական «գաղտնքիներ», քննարկվում նորություններ: Ակումբի աշխատանքների հավաքածուները ցուցադրվեցին հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներում՝ արժանանալով պարգևների և մրցանակների[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Վ. Քոչար, «Հայ լուսանկարիչներ», հեղինակային հրատարակություն, Երևան, 2007թ.