Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանի Գայանյան օրիորդաց հոգևոր դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանի Գայանյան օրիորդաց հոգևոր դպրոցի պատմությունից

2016 թվականին լրացավ 19-րդ դարի Երևանի դպրոցներից մեկի՝ սբ. Գայանեի անվան /Գայանյան/ օրիորդաց ծխական հոգևոր ուսումնարանի ստեղծման 150 ամյակը: Ազգային արխիվում կազմակերպված ցուցահանդեսում այցելուները դիտեցին դպրոցի մասին պատմող լուսանկարներ, փաստաթղթեր և այլ դիտակտիկ նյութեր: Նմանատիպ հարուստ նյութ է պահպանվում նաև Երևանի պատմության թանգարանում, որը աշխատակիցները պատրաստվում են հանրությանը ներկայացնել այս տարի՝ Երևանի առաջին պետական գավառական դպրոցի /հետագայում պրոգիմնազիա, ապա՝ գիմնազիա/, ստեղծման 185 ամյակի առիթով կազմակերպվելիք ցուցահանդեսի շրջանակներում: [1]

Վերադառնալով սբ. Գայանեի հոգևոր ուսումնարանի հոբելյանին, ուզում ենք, առիթն օգտագործելով, մեր ընթերցողին ներկայացնել դրվագներ այս կրթօջախի պատմությունից:

Ընդհանրապես, 19-րդ դարում հայ իրականության մեջ Գայանյան ուսումնարանները երկուսն էին, գործել են Թիֆլիսում և Երևանում՝ նպատակ ունենալով կրթություն տալ հայ աղջիկներին և պատրաստել մանկավարժներ հայկական դպրոցների համար: [1]

Երևանի Սբ. Գայանեի օրիորդաց ուսումնարանը բացվել է 1866 թվականի ապրիլի 10-ին Էջմիածնի Սինոդի հրամանագրով: Ուզում ենք նշել նաև մի հետաքրքիր հանգամանք. այս նախաձեռնության հեղինակները քաղաքի մի խումբ երիտասարդներ էին, որոնք ուզում էին հայ օրիորդներին հեռու պահել եվրոպական նորամուծություններից՝ պահպանելով նրանց ազգային, ավանդական նկարագիրը: Ինչպես երևում է ծխական դպրոցների կանոնադրությունից, ուսումնարանն ունեցել է դեռահաս օրիորդների շրջանում կրոնական բարոյականություն սերմանելու նպատակ: Ժամանակի թերթերը այս առիթով գրում էին. «Ուսումնարանի նպատակն է տալ Երևանայ քաղաքի և շրջակայ տեղեաց Հայոց օրիորդներին բարոյական կրթություն, ուսուցանելով նորանց մեր Լուսավորչական ուղղափառ եկեղեցվոյ դավանությունը՝ զարգացնելով նորանց սրտում առաքինության ազնիվ զգացմունքները…» /Մեղու Հայաստանի, 1866թ., հ19/: Գայանյան ուսումնարանի նախաձեռնողներից է եղել նաև Պերճ Պռոշյանը, ով մամուլում /վերևում նշել ենք աղբյուրը/, գրում էր, որ ուսումնարանի բացումը վեր է ածվել իսկական տոնակատարության: [2]

Սբ. Գայանեի ուսումնարանը սկզբում ունեցել է երկու դասարան, ենթարկվել է տեսուչին, որը նաև հոգևոր առաջնորդն էր: Այստեղ կարող էին ընդունվել 8-14 տարեկան աղջիկները: Դասավանդվող առարկաներից կարևոր տեղ են գրավել կրոնը, հայոց լեզուն, ռուսաց լեզուն, վայելչագրությունը, ձեռագործը, նկարչությունը: Երկարատև դեգերումներից հետո, ուսումնարանը հանգրվանում է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու /ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում/ բակում, Ղևոնդ Ղազարյանի միջոցներով կառուցված, հարմարավետ մի շենքում, որին կից կառուցվում և 1878թ. սկսած սկսում է գործել երեք սենյակներից բաղկացած մի շենք և բեմ թատերական ներկայացումների համար: Նույն թվականի հոկտեմբերի 8-ին դպրոցը նշում է իր գոյության 12 ամյակը: Դպրոցի ղեկավարության, տեսուչ Հովսեփ քահանա Մելյանի, 80 սանուհիների և ուսուցիչների մասնակցությամբ Սբ. Պողոս- Պետրոս եկեղեցում պատարագ է մատուցվում: Այնուհետև հանդիսությունը շարունակվել է դպրոցի նորակառույց դահլիճում, որտեղ ողջյունի խոսք է ասել Էջմիածնի ճեմարանի տեսուչ Վահան վարդապետ Բաստամյանը: Դպրոցի տեսուչ Հ. Մելյանը հանդես է եկել կրթօջախի գործունեության հաշվետվությամբ: Ժամանակի մամուլում այս դեպքերը լայնորեն լուսաբանված են՝ որպես կարևոր իրադարձությոններ քաղաքի կյանքում: Դրանցից էլ տեղեկանում ենք, որ սանուհիները եղել են սպիտակ զգեստներով, գլխաբաց, պարանոցին կրել են ժամացույցի շղթայի պես կախված կանաչ ժապավեններ: 1879թ. օգոստոսի 31-ին, Սինոդի որոշմամբ, Գայանյան ուսումնարանը դարձել է միջնակարգ դպրոց՝ երեք դասարանով: 1883թ. դպրոցը միավորվել է մեկ այլ ծխական ուսումնարանի՝ Կոնդի Սահականուշյան դպրոցի հետ և դարձել միջնակարգ դպրոց՝ վեց դասարանով: Միացյալ դպրոցի տեսչուհին եղել է Գայանե Հովհաննիսյանը /Մատակյան/: [3]

Քանի որ վերևում հիշատակեցինք դպրոցին կից կառուցված բեմի մասին, ապա նպատակահարմար ենք գտնում խոսել նաև դպրոցի ծավալած թատերական գործունեության մասին: 19-րդ դարի 60-ական թթ. Երևանն արդեն ուներ իր ինքնագործ թատերական խումբը, որը ձևավորվել էր Թիֆլիսի հայկական թատրոնի հյուրախաղերից հետո: 1865թ., մեկ տարի շարունակ, Թիֆլիսի թատրոնը, Երևանի դպրոցների /հիմնականում՝ Թեմական դպրոցի/ ուսուցիչների հետ միասին, մի շարք ներկայացումներ է տալիս՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ընդունելությանը և երևանցիներին դարձնելով թատրոնի ջերմ երկրպագուներ: Նրանց վերադարձից հետո քաղաքում գնալով մեծանում է թատրոն ունենալու պահանջը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, թեմական դպրոցի ուսուցիչները ստեղծում են իրենց թատերական խումբը: Նրանց ինքնագործ թատրոնի դահլիճը մշտապես լիքն էր հանդիսատեսով: Սակայն 1876թ. խումբը զրկվում է դահլիճից: Շուրջ մեկ ու կես տարի ընդմիջումից հետո նրան իր հարկի տակ է վերցնում Գայանյան գպրոցը, որի շենքին կից, ինչպես արդեն նշել ենք, կառուցվել էր բեմ՝ թատերական ներկայացումների համար: Վերջինիս հիմքերը գցել էին տեսուչ Տեր-Հովսեփ Մելյանը և Էմին Տեր-Գրիգորյանը: Այստեղ կազմակերպված ներկայացումները որոշակի նյութական միջոցներ էին բերում դպրոցին: Ժամանակի մամուլում կարդում ենք, որ 1878թ. հոկտեմբերի 26-ին Գայանյան դպրոցի թատերախումբն առաջին անգամ ներկայացնում է Գ. Սունդուկյանի «Պեպո»-ն: [1] [2]

Սբ. Գայանեի դպրոցի հեղինակությունը շատ բարձր էր, որի արդյունքում գնալով ավելանում էր սաների թիվը: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի տվյալներով Երևանում գործել են շուրջ 31 դպրոցներ՝ 3724 աշակերտներով, որոնց համեմատաբար մեծ մասը՝ 568 աշակերտներ սովորել են արական դասական գիմնազիայում, իսկ 761-ը՝ հայկական, եկեղեցական 5 ծխական դպրոցներում, որոնցից մեկն էլ Գայանյան դպրոցն էր: Ընդհանրապես պետք է նշել, որ 19-րդ դարի պետական դպրոցների համեմատ, ծխական դպրոցների սաների թիվը մեծ էր, քանի որ դրանք հայկական դպրոցներ էին և ձգտում էին պահպանել մեր ժողովրդի ազգային նկարագիրը՝ ի տարբերություն ժամանակի պետական դպրոցների, որոնք ռուսական էին և իրենց գործունեությամբ պետք է նպաստեին իշխանությունների վերջնական նպատակի իրագործմանը՝ երկրամասի լիակատար ռուսացմանը: Երևույթն, իհարկե, շատ էր անհանգստացնում ցարական կառավարությանը: Գայանյան դպրոցը, ինչպես նաև մյուս հայկական դպրոցները, կրոնի ու գրագիտության հետ միասին աշակերտներին տալիս էին բազմակողմանի գիտելիքներ: Այս հանգամանքն էլ պատրվագ դարձնելով ցարական կառավարությունը ծխական դպրոցները հոգևոր չի համարում և 1884թ. փետրվարի 16-ի կանոնադրությամբ և Կովկասի իշխանությունների համաձայնությամբ կարգադրում է ծխական դպրոցները հանել եկեղեցու իրավասությունից և հանձնել պետական համապատասխան մարմինների տնօրինությանը: Այս կանոնադրության համաձայն ծխական դպրոցները վեր էին ածվելու սովորական ռուսական դպրոցների, այդ էր պատճառը, որ առաջացնում է ժողովրդի դժգոհությունը և նրա պաշտպանությամբ եկեղեցին հրաժարվում է ժողովրդական կրթության մինիստրությանը հանձնել իր դպրոցները: Արդյունքի չհասնելով ցարական կառավարությունն անցնում է բացահայտ հարձակման: 1885թ. նրա կարգադրությամբ ծխական դպրոցները փակվում են՝ առանց ուսման իրավունքի թողնելով հազարավոր հայ երեխաների, որոնցից մի քանի հարյուրը՝ Երևան քաղաքում: Որոշ ժամանակ անց՝ հասկանալով, որ իր ծրագիրը ձախողված է, ցարական կառավարությունը հրաժարվում է ծխական դպրոցները փակելու որոշումից: Ավելի մեծ փորձ է կատարվում 20-րդ դարի սկզբին. 1903թ. հունիսի 12-ի օրենքը հայ եկեղեցու գույքի ու կալվածքների պետականացման մասին, որը ըստ էության բռնագրավման փորձ էր և եկեղեցուն զրկում էր ժողովրդի առաջնորդի իրավունքից, ուղղակիորեն վերաբերում էր նաև ծխական դպրոցներին: Զրկվելով նյութական միջոցներից՝ նրանք կանգնում էին փակման վտանգի առաջ: Այս օրենքը ցարական կառավարության ռուսացման քաղաքականության արտահայտությունն էր, որից նա այդպես էլ չէր ուզում հրաժարվել: Սակայն համաժողովրդական հուզումները ստիպեցին իշխանություններին 1905թ. ամռանը չեղյալ հայտարարել 1903թ. հունիսի 12-ի օրենքը, որից հետո ծխական դպրոցները նորից սկսեցին բարգավաճել: 1905թ. Գայանյան դպրոցը հանձնվում է հայկական եկեղեցիների վարչությանը: 1911-1912թթ. տվյալներով միայն Երևանի թեմում գործում էին 154 դպրոց, որից հինգը՝ Երևան քաղաքում: Դրանք սբ. Գայանեի, սբ. Մարիամյան /Զորավոր եկեղեցուն կից/, Խրիմյան, սբ. Հովհաննեսի /Սահականուշյան/ և Նորքի /սբ. Սիմեոն եկեղեցուն կից/ դպրոցներն էին: Վերջին չորսը տարրական էին, իսկ Գայանյանը մանկավարժական ուղղվածությամբ բարձր տիպի դպրոց էր՝ նախապատրաստական խմբով և ութ դասարաններով: 1921թ.՝ միավորվելով Մեսրոպյան դպրոցին, Գայանյան դպրոցը դառնում է երկրորդ աստիճանի միջնակարգ դպրոց: [2] [4][5]

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Մշակ» թերթ, 1878թ., մարտ 23, թիվ 46
  2. 2,0 2,1 2,2 «Մշակ» թերթ, 1878թ. հուլիսի 29, թիվ 128
  3. «Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 7, թիվ 172
  4. «Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 19, թիվ 179
  5. «Մշակ» թերթ, 1878թ. հոկտեմբերի 13, թիվ 176