Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանը 6000 տարեկան է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայկական լեռնաշխարհի վաղ բրոնզի դարի լավ ուսումնասիրված հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախ, այժմ Երևանյան լճի արևելյան բարձրադիր ափին գտնվող Շենգավիթ բնակատեղին, որի ուսումնասիրությամբ հնագետները զբաղվել են 1936 թվականից1: Նույն թվականին հնագետ Ե. Բայբուրդյանի ղեկավարությամբ սկսվել են բնակավայրի հնագիտական պեղումները: Հնավայրը զբաղեցրել է մոտ 6 հա տարարածք, որից այժմ պահպանվել է 1,5-2 հա: Աշխատանքները շարունակվում են մինչև 1938 թ., իսկ այնուհետև հուշարձանը մոտ 20 տարի մոռացության է մատնվում: 1958 թ. հնագետ Ս. Սարդարյանի ջանքերով վերսկսվում են պեղումները, որոնքընդհատումներով տևում են մինչև 1983 թ.: Նոր պեղումները վերսկսվում են 2000 թ., հնագետ Հ. Սիմոնյանի ղեկավարությամբ: Այս պեղումների շնորհիվ էլ ավելի ամբողջական են դառնում պատկերացումները հնագույն Շենգավիթի մասին: Մշակութային շերտերը կամ շինարարական հորիզոնները առաջացել են ավելի քան 2 հազար տարվա ընթացքում և ունեն մոտ 4 մետր հզորություն: Հուշարձանը թվագրվում է 4-2-րդ հազարամյակի սկիզբ ժամանակաշրջանով: Հուշարձանը թվագրվում է նաև մ.թ.ա. 5-3-րդ հազարամյակի կես ժամանակաշրջանով2:

Վաղ բրոնզի դարի մշակույթին /կուր-արաքսյան կամ շենգավիթյան/ բնորոշ էր նստակյաց տնտեսաձևը` զարգացած երկրագործությամբ, անասնապահությամբ ու արհեստագործությամբ, մասնավորապես` բարձր մակարդակի հասած խեցեգործությամբ ու մետաղամշակությամբ: Անդրադառնանաք Շենգավիթ բնակատեղիի մշակութային շերտերին:

Շենգավիթ-1 /ստորին, վաղ բրոնզ/ շերտից հայտնաբերված խեցեղենը` թասերի, գավաթների, գավերի և այլ ամանների բեկորները պատրաստված են կավից` հարդի խառնուրդով, մակերեսի սպիտակ-դեղնավուն անգոբով3, որը զարդանախշված է եղևնաձև նախշերով: Խեցեղենը հաճախ ելուստավոր շուրթով է: Շենգավիթի վաղ շերտում հայտնաբերվել են կնոջ պաշտամունքը խորհրդանշող կավից ու քարից պատրաստված կանացի արձանիկներ:

Շենգավիթ-2 շերտից հայտնաբերված խեցեղենը ավելի կատարելագործված ու գեղեցիկ է: Այն ներսից գորշ կամ կարմիր է, արտաքին մակերեսը` սև, դեղնա-շագանակագույն, փայլեցված /հաճախ մետաղափայլի աստիճան/, զարդանախշված փորագիր երկրաչափական նախշերով: Խեցեղենը հիմնականում կիսակլոր /կիսագնդաձև/ կանթերով է, զարդանախշված ուռուցիկ ու ներճկված նախշերով` պարույրներով, զիգզագներով, շրջաններով, ինչպես նաև թռչունների, այծերի, ձիերի, եղջերուների ու այլ պատկերներով: Ի դեպ մասնագետները 1930-ական թվականների վերջերին հետաքրքիր փորձ են կատարել շենգավիթյան խեցու գույները բացահայտելու նպատակով: Լաբորատոր պայմաններում սև, փայլեցված խեցին տաքացրել են մինչև 500˚С և նա դարձել է դեղնա-շագանակագույն: Իսկ երբ այն ներծծվել է ձեթով ու տաքացվել /թրծվել/ ավելի մեղմ կրակով, նորից իր նախկին՝ սև, փայլուն գույնն է ստացել4: Այս փորձը վկայում է, որ խեցանոթների գույնը կապված էր թրծելու ժամանակից ու ջերմաստիճանից: Թրծելուց հետո այն ձեռքով նկարազարդվել է, ընդ որում՝ հիմնականում մի կողմից:

Շենգավիթի մշակութային հաջորդ երկու շերտերում դարձյալ հանդիպում է նմանատիպ խեցի: Հայտնաբերվել են նաև կենդանակերպ /ցուլ/ գլուխներով օջախի պայտաձև պատվանդաններ, քարե գործիքներ և այլն: Կարևոր էր հատկապես մետաղե /պղինձ, բրոնզ/ իրերի ու զարդերի հայտնաբերումը: Այս շերտի պեղումների ժամանակ բացահայտվել է, որ Շենգավիթի հնագույն բնակիչները ապրել են 6-8 մետր տրամագիծ ունեցող կլոր կացարաններում և դրանց կից ուղղանկյուն շենքերում5: Բացահայտվել է նաև, որ տները կառուցվել են նախորդ մշակութային շերտի տների մնացորդների հիմքերի վրա6: Տների պատերը ունեցել են քարե հիմք, որի վրա բարձրացել է հում աղյուսե շարվածքը: Կլոր տների կենտրոնական մասում դրվել են կլոր, զարդանախշված, երեք ելուստներով պաշտամունքային կավե օջախներ: Oջախին մոտ դրվել է մեծ, հարթ մակերեսով քարե պատվանդան /խարիսխ/, որը պահել է ծածկը պահող կենտրոնական սյունը: Ծածկը եղել է կոնաձև և պատրաստվել է ձողերից ու եղեգից, նման հայկական հազարաշեն կոչվող ծածկին: Քառանկյուն շինություններն ունեցել են հարթ ծածկ, որը սվաղել են կավե շաղախով: Կացարանների հատակը սալահատակվել է գետաքարերվ կամ մանր խիճով, որն այնուհետև սվաղել են կավե հարդախառն շաղախով: 2003 թ. պեղումների ժամանակ բացահայտվել է, որ առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով ողորկ կավե հատակ:

Շենգավիթն ունեցել է պարիսպ /աշտարակներով/, որի շարվածքը կիկլոպյան է, կառուցված բազալտե անմշակ ու հսկա քարերից, առանց շաղախի: Պարսպի տակ, հյուսիսային կողմում հայտնաբերվել է դեպի Հրազդան գետն իջնող սալապատ գետնուղի: Շենգավիթի 3-րդ և 4-րդ մշակութային շերտերի ժամանակ բնակիչներն առաջվա նման ապրում են քարե հիմքով հում աղյուսե շարվածքով կացարաններում և դրանց կից քառանկյուն տներում:

Գործիքների մեծ մասը դեռևս քարից է, որոնք կայծքարից և վանակատից /օբսիդիան/ պատրաստված երկարավուն բարակ շեղբերից դանակներ, քերիչներ, նետերի ծայրեր ու մանգաղի ներդիրներ են, հղկված քարե մուրճեր, կացիններ, հավանգներ, սանդեր, աղորիքներ ու բրիչներ: Ոսկրե իրերից հայտնաբերվել են իլիկի գլուխներ, նետասլաքներ, հերուններ, ասեղներ, կարթեր, հելուններ և այլն: Հայտնաբերվել են նաև ուլունքներ, գնդաձև քարե գուրզեր և այլն: Քարե ու ոսկրե գործիքների հետ հանդիպում են պղնձե իրեր, որոնց թիվը վերին շերտում մեծանում է: Իրենց գեղեցկությամբ դարձյալ աչքի են ընկնում խեցանոթները: Դրանց վրա փորագրված են նուրբ գծային երկրաչափական պատկերներ: Հատկապես հարուստ է Շենգավիթի վերին` 4-րդ շերտի մշակույթը, որի ժամանակ բացառիկ վարպետության է հասնում խեցեգործությունը: Այդ են վկայում հայտնաբերված մանր ու խոշոր ամանները, սափորները, կարասները, կճուճները, գավաթները, քրեղանները, թասերը, սկահակները, ծորակով ամանները և այլն: Շենգավթից, նաև Հայկական լեռնաշխարհի հողագործական այլ բնակավայրերից /Սև-բլուր, Շրեշ-բլուր, Մոխրաբլուր, Էլար, Արագած/ հայտնաբերված այս մշակույթը ստացել է երկրաչափական նախշերով, սև փայլեցված խեղեղենի մշակույթ անվանումը, որը Շենգավիթ բնակավայրի անունով կոչվում է շենգավիթյան մշակույթ /անվանումը տրվել է Ե. Բայբուրդյանի կողմից /:

Շենգավիթում, պարսպից դուրս հայտնաբերվել է դամբարանադաշտ: Պեղված յուրաքանչյուր դամբարանում թաղված են տասնյակ մարդիկ: Ենթադրվում է, որ դրանք ընտանիքների տոհմական դամբարաններ են: Դամբարաններում հանգուցյալների հետ դրվել են սև փայլեցված կավե ամաններ, կճուճներ, գավաթներ, սարդիոնից ու հասպիսից /յաշմա/ ուլունքներ, կայծքարից և օբսիդիանից նետասլաքներ, քարե գուրզեր, պղնձե ապարանջաններ, գնդասեղներ, քունքազարդ, ականջօղ և այլն: Պարսպից դուրս առաջացած դամբարանադաշտի գոյությունը բացատրվում է հետևյալ կերպ: Առաջ է քաշվում այն տեսակետը, որ Շենգավիթ քաղաքատեղին ավելի մեծ տարածք է զբաղեցրել, քան ենթադրվում է: Ավելի ուշ, ինչ-ինչ պատճառներով, քաղաքատեղին պարփակվել է պարսպապատ տարածքում, իսկ լքված թաղամասը վեր է ածվել դամբարանադաշտի: Ենթադրվում է նաև, որ լքված արվարձանը բնակեցված է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 1-ին քառորդում: Լքվելուց հետո՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի 2-րդ քառորդում այդ տարածքում ձևավորվել է դամբարանադաշտը7:

Պարիսպներից դուրս հայտնաբերված դամբարանների աճյունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դամբարանների «տերերը պատկանում են կլոր, կարճագանգ, /բրախիցեֆալ/ մարդաբանական տիպին»8: Հայտնաբերված գանգերից մեկը վերականգնել է պրոֆ. Ա. Ճաղարյանը: Այն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհում տարածված արմենոիդ մարդաբանական տիպին: Շենգավիթի ու շենգավիթյան մշակույթը կրող բնակիչների մասին Ե. Բայբուրդյանը գրում է. «… նրանց համար պետք չէ նախահայրենիք փնտրել: Տեսնում ենք, որ շենգավիթյան մշակույթը ամբողջովին կապված է Հայաստանի տարածքի հետ, որ հաջորդ մշակութային ժամանակաշրջաններում պարզապես շենգավիթյան մշակույթի զարգացում է տեղի ունեցել: Շենգավիթ բնակավայրի բնակիչները ամենայն հավանականությամբ տեղի բնիկներն են:»: Այնուհետև նա շարունակում է. «Ինձ թվում է, որ ոչ ոք չի կարող հերքել իմ հիմնական եզրակացությունը, որ Շենգավիթյան մշակույթը նախորդել է գծանախշ խեցու մշակույթին, որ այս մշակույթը նախնադարյան հասարակության մշակույթ է, որի բնակիչները Հայաստանի հնագույն բնակիչներն էին» 9:

Շենգավիթի բնակիչները զբաղվել են երկրագործությամբ /բրիչային/: Այդ են վկայում հայտնաբերված գարու, ցորենի, կորեկի հատիկները, հացահատիկի հորերը, ինչպես նաև քարե բրիչները, աղորիքները, սանդերը, վարսանդները, մանգաղի կայծքարե ներդիրներն ու պղնձե մանգաղները: 2000 թ. կատարված պեղումների ժամանակ Շենգավիթում հայտնաբերված հացահատիկի հորերը ունեցել են ավելի քան 4 մետր խորություն և կարող էին ամբարել մինչև 2-4 տոննա հացահատիկ, որը մեծ քանակ էր այդ ժամանակների համար:

Շենգավիթի բնակիչները զբաղվել են անասնապահությամբ: Ցուլի, ոչխարի, այծի, ընտանի խոզի, ձիու, էշի և շան հայտնաբերված ոսկորները վկայում են զարգացած անասնապահության մասին: Հայտնաբերվել են նաև ձիու երկու արձանիկի գլուխ, խեցանոթի վրա նկարված ձիու պատկեր և այլն:

Շենգավիթը արհեստագործության կենտրոն էր: Շենգավիթի բնակիչները զբաղվել են քարի մշակմամբ: Ծանոթ են եղել մանածագործությանը: Այդ են վկայում հայտնաբերված ոսկրե ասեղները և հյուսված ճոպանները: Իսկ որոշ ոսկրե գործիքներ վկայում են, որ դրանք կարող էին օգտագործվել կաշվե գոտիներ հյուսելու համար10: 2000 թ. պեղումների ժամանակ հնավայրի ստորին հորիզոնում պղնձագործական ամբողջ թաղամաս է հայտնաբերվել, ուր առկա են պղնձաձուլարան, հալոցներ և հանքաքարը մշակելու գործիքների հավաքածու: Պղնձի արտադրության մեծ ծավալների /նաև արտահանման/ մասին է վկայում Շենգավիթի ստորին շերտի միայն մեկ արհեստանոցից հայտնաբերված հալոց-կավանոթների պարունակած մետաղի քանակությունը, որն ավելի քան 300 կգ ձուլածո պղինձ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ պղինձը բերվել է Ալավերդու հանքերից11:

Շենգավիթի մշակութային ստորին շերտերում սոցիալական շերտավորման հետքեր չեն նկատվում: Դամբարաններում ուղեկցող նյութը բոլորի համար միատեսակ է: Նոր պեղումների ժամանակ նկատելի են դառնում հասարակության շերտավորման որոշ տարրեր, մասնավորապես վերին մշակութային շերտերում: 2003 թ. պեղումների ժամանակ բացահայտվել է, որ կացարանները կառուցվել են տարբեր շինանյութերով: Առանձին կառույցներ ունեն հարթ մակերեսով ողորկ կավե հատակներ: Ուշադրության արժանի է այն փաստը, որ հավանաբար սեյսմիկ նպատակով սենյակների պատերը հատուկ ձևով են կառուցվել: Դրանց ամրություն տալու նպատակով հեղուկ կավալուծույթի մեջ թաթախված խսիրը շերտ առ շերտ փռել են շարվող քարերի վրա12: Այսպիսի բարդ ու միջոցներ պահանջող շինարարություն ոչ բոլորը կարող էին թույլ տալ իրենց: Ունևոր խավի տներին կից հայտնաբերվել են նաև տնտեսական շինություններ և ցորենի հորեր: 2003 թ. պեղումների ժամանակ հորերից մեկում հայտնաբերվել է հղկված մակերեսով գծազարդ խորհրդանշաններով կանաչավուն գետաքարից պատրաստված կնիք13: Հայտնի է, որ կնիքով կնքել են հացահատիկի հորերը: Պետք է կարծել, որ անձնական կնիքով կնքվել է որևէ մեկի սեփական հացահատիկի հորը: Հորը կարող էր նաև հանրային լինել, իսկ կնքողը` իշխանություն ունեցող մեկը, սակայն փաստն այն է, որ որևէ մեկի իշխանությունը խորհրդանշող իր կար արդեն: Իշխանության և ունևորության մասին են վկայում նաև հայտնաբերված կիսաթանկարժեք քարերից պատրաստված տասնյակից ավելի գուրզերը, լավ հղկված օնիքսե գավազանը և այլն:

Վաղ բրոնզեդարյան մի շարք բնակավայրերում պեղումների ժամանակ բացահայտորեն որոշ շինություններ տարանջատվում են կացարանների ընդհանուր զանգվածից: Զգացվում է, որ դրանք սրբատեղիներ ու ծիսական կառույցներ են եղել, քանի որ հայտնաբերվել են նաև զոհասեղաններ, սրբազան մոխիրը պահելու հորեր, շարժական ծիսական օջախներ և այլն:

Ինչպես նկատում ենք, Շենգավիթյան մշակույթը կրում է վաղ քաղաքակրթություններին բնորոշ մի շարք հատկանիշներ. երկրագործություն, անասնապահություն, խեցեգործություն, մետաղամշակություն: Վաղ քաղաքակրթությանը բնորոշ էր նաև բնակավայրերի /վաղ քաղաքների/ յուրատեսակ դասավորվածությունը, երբ կենտրոնական բնակավայրի /քաղաքի/ շուրջը ձևավորվում էին այլ բնակավայրեր: Այսպես. Շենգավիթի շուրջը ձևավորվել են «Մուխաննաթ-թափա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր/, Թաիրովի, Խորումբուլաղի հուշարձան-արբանյակները»14:

Հնագույն առաջավորասիական այլ վաղ քաղաքների նման իբրև կենտրոնական ամրոց-քաղաք, Շենգավիթի շուրջը ևս առաջանում են այլ բնակավայրեր: Հետագայում, երբ Շենգավիթ բնակավայրն արդեն չկար, նրա շուրջը, հատկապես մոտակա բլուրների վրա /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր, Ծիծեռնակաբերդ, Արին- բերդ բլուր, Կարմիր բլուր/ հիմնվում են նոր բնակավայրեր:

Ընդհանրացնելով նյութը նկատում ենք. Շենգավիթն ունի վաղ քաղաքներին բնորոշ հատկանիշներ. պարսպապատ է, կատարվել են ծիսական արարողություններ, նկատվում են սոցիալական շերտավորման և մասնավոր սեփականության առաջացման տարրեր, բնակիչները զբաղվել են երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով, որը ենթադրում է նաև առևտուր: Շենգավիթ բնակավայրը գոյություն է ունեցել ավելի քան երկու հազար տարի: Այնուհետև անհայտ պատճառով բնակիչները լքել են բնակավայրը: Սակայն կյանքն այսօրվա Երևանի տարածքում շարունակվել է: Այդ են վկայում Երևանի զանազան թաղամասերում գտնվող հնագույն բնակավայրերից ու դամբարաններից հայտնաբերված հնագիտական իրերը: Շենգավիթյան մշակույթը ևս անհետ չի կորել: Այն երևան է գալիս այսօրվա Երևանի այլ մասերում` Ավան, Քանաքեռ, Զեյթուն թաղամասերում, Ծիծեռնակաբերդում /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկիզբ – մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կես/, Արեշ թաղամասում /Կայարանամերձ հրապարակի մոտակա բլուր/, Կարմիր բերդում, Կարմիր բլուրում /մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջ/ և այլն: Մասնավորապես շենգավիթյան տիպի խեցի երևան է գալիս Հրազդան գետի աջ ափին գտնվող Կարմիր բերդի /Ֆիզիկայի ինստիտուտի մոտ/ դամբարանադաշտից հայտնաբերված /մ.թ.ա. 2-րդ հազ. վերջ/ սև ու գունազարդ խեցանոթների նմուշներում: Իսկ Կարմիր բլուրի նախաուրարտական բնակատեղին, որ գտնվում է Թեյշեբաինի քաղաքի ուրարտական մշակութային շերտի տակ, թվագրվում է մ.թ.ա. 13-8-րդ դարերով: Ստորին այդ շերտի պեղումների ժամանակ հայտնաբերվել են Շենգավիթի կացարանների նման տներ, մեծ քանակությամբ ուշ բրոնզեդարյան սև փայլեցված խեցեղեն, քարե և մետաղե առարկաներ, կավե կուռքեր, օջախներ15 և այլն:

Այսպիսով Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթ բնակավայրը իր վաղ բրոնզեդարյան մշակույթով նույնանում է հին աշխարհի հայտնի քաղաքներ Էրեդուի, Ուրի, Ուրուկի /Էրեքի/, Նինվեի, Քիշի, Շոշի /Սուզա/, Տրոյայի, Կրետեի և Միքենեի ստորին շերտերի պեղված բնակավայրերի հետ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակով: Ընդունված է, որ թվարկված վերոհիշյալ յուրաքանչյուր բնակավայր մոտավորապես 4-6 հազար տարեկան է: Իսկ առաջավորասիական հնագույն գրավոր աղբյուրներում /շումերական, աքադական, խուրիական, խեթական, ասուրական/ վերոհիշյալ բնակավայրերի հիշատակումներըը վերաբերում են մոտավորապես մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներին:

Ինչպես նկատում ենք այդ քաղաքների տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել ոչ թե նրանց գրավոր հիշատակումը հնագույն գրավոր աղբյուրներում, այլ պեղումների ժամանակ հայտնաբերված հնագիտական նյութը: Մինչդեռ Երևանի տարիքը որոշելու ժամանակ հաշվի է առնվել Երևան /Էրեբունի/ անվան առաջին գրավոր հիշատակումը սեպագիր արձանագրության մեջ: Մ.թ.ա. 782 թ., հայոց Արարատ-Ուրարտու պետության թագավոր Արգիշտի 1-ը այսօրվա Երևանի տարածքում գտնվող Արին- բերդ բլուրի վրա հիմնել է Էրեբունի անունով բերդաքաղաք և վավերացրել սեպագիր արձանագրությամբ: Երևանի տարիքը հաշվարկվում է հենց այդ` մ.թ.ա. 782 թ.: Ստացվում է, որ Էրեդուն, Ուրը, Էրեք-Ուրուկը, Նինվեն, Շոշը և մյուս քաղաքները 4-6 հազար տարեկան են, իսկ Երևանը, որի տարածքում գտնվող Շենգավիթն ավելի քան 6 հազար տարվա պատմություն ունի, ընդհամենը 2793 տարեկան: Թե իչպես են կոչվել այսօրվա Երևանի տարածքում գտնվող մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակով թվագրվող բնակավայրերը` այսօրվա Շենգավիթը, Ավանը, Զեյթունը /Կիրզա/, Ծիծեռնակաբերդը և մյուսները, հայտնի չէ: Երևանի տարածքում գտնվող առաջին բնակավայրը, ինչպես վերևում նշվեց, Էրեբունին է, որի հիմնադրման ու անվանակոչության մասին Արգիշտի 1-ը թողել է արձանագրություն: Եվ եթե Շենգավիթի հասակակից վերոհիշյալ հնագույն քաղաքներն ունցել են անուններ, ուրեմն Շենգավիթը ևս պետք է անուն ունենար, հաշվի առնելով հայտնի բնակավայր /քաղաք/ լինելու հանգամանքը: Վերևում հիշատակված Շումերի հնագույն սրբազան Էրեդու /Էրե-դու/ քաղաքի անունը նման է Էրեբունի /Էրե-բունի/ անվանը: Մայր Երկրի տիրակալ Էնկի-Հայայի պաշտամունքի կենտրոն Էրեդուն /նաև Էրիդու, Էրիդուգ, Ուրուդուգ/ թվագրվում է մ.թ.ա. V հազարամյակով: Իսկ հնագույն հիշատակումը գրավոր աղբյուրներում վերաբերում է Լագաշի դինաստիայի տիրակալ Ուր-Նանշի ժամանակներին` մ.թ.ա. 3-րդ հազարամյակի կեսին: Էրեդուի մասին վերջին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. VIII-VII դդ. (հիշատակում են Ասորեստանի թագավոր Սարգոն 2-ը /մ.թ.ա. 772-705/ և նրա որդի Սինախերիբը): Այդ հազարամյակների ընթացքում Էրեդու անունը չնչին փոփոխությունների է ենթարկվել. Էրիդու, Էրիդուգ, Ուրուդուգ: Նկատում ենք նաև, որ Շումերի հնագույն բնակավայրերի թվում շատ են Էր-/Ար/, Ուր-արմատներով սկսվող անունները. Էրեդու, Էրեք-Ուրուկ, Ուր, Ուրուա: Հայտնի է, որ շումերների նախնական բնակության վայրերը Հայկական լեռնաշխարհի հարավային մասերն են /ուսումնասիրողները Շումերի կամ Էրիդուի մշակույթի ակունքները տեղադրում են Հայկական կամ Հյուսիսային Միջագետքում, История Древнего Востока, М., 1983. ч. 1, с. 72/: Իսկ Էրեդու և Էրեբունի անունների Էր /Ար/ բաղադրիչը թույլ է տալիս ասելու, որ երկու դեպքում էլ անունները կապ ունեն Արարիչ ԱՐ Աստծո անվան հետ: Նկատում ենք նաև, որ Ere-du և Ere-buni անունների -du և -bun բաղադրիչները նույնպես նման են /du=bu/: Այս ամենը թույլ են տալիս մտածել, որ այսօրվա <Շենգավիթ> բնակվայրը կարող էր կրել հնագույն Էրեբունի անունը, որը պահպանվելով, մի քանի հազարամյակ հետո Արգիշտի 1-ի կողմից օգտագործվել է այդ բնակավայրին մոտ նոր հիմնադրված ամրոցն անվանակոչելու համար:

Հայտնի է, որ Երևանի 2750 ամյակը տոնվել է 1967 թ., խորհրդային իշխանության տարիներին, երբ ազգային ինքնության յուրաքանչյուր դրսևորում կասեցվում էր խորհրդային իշխանության կողմից: Այս պայմաններում թույլատրվում է մեծ շուքով տոնել Երևանի ծննդյան օրը: Առաջին հայացքից դա ուրախացնող երևույթ էր, սակայն խորհրդային պետության մեջ հենց այնպես ոչինչ չէր արվում: Համահարթեցվում ու հավասարեցվում էին այնտեղ ապրող ժողովուրդների մշակույթները, պատմությունները և այլն: Վերահսկողությունը հատկապես մեծ էր հայոց պատմության ու հայոց լեզվի հանդեպ: Բավական է հիշել, որ խորհրդային պատմագրությունը վրացիներին, ադրբեջանցիներին ու հայերին /այս հերթականությամբ/ ուրարտական մշակույթի ժառանգորդներ էր համարում, հայոց պատմությունը սկսվում էր մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսից և այլն: Շենգավիթ բնակավայրի թվագրման հարցը ևս քննարկման թեմա է դարձել դեռևս 1930-ական թվականներին: Այսպես. ժամանակի անվանի գիտնականներ Ե. Բայբուրդյանը, Ե. Լալայանը և Խ. Սամվելյանը շենգավիթյան մշակույթը թվագրում են նոր քարի դարով /նեոլիթ/: Սակայն ավելի երիտասարդ սերնդի հնագետները փորձում են շենգավիթյան մշակույթը թվագրել մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսով: Երիտասարդ սերնդի այդ հնագետները նաև այն գիտնականներն էին, որոնք հայերին ու հայկական մշակույթը Հայաստանի տարածքում տեսնում էին մ.թ.ա. 1-ին հազարամյակի 2-րդ կեսից՝ Բեհիսթունյան արձանագրության մեջ Հայաստան անվան հիշատակումից հետո: Շենգավիթյան մշակույթը, հատկապես խեցեղենը ուշադրության են արժանանում նաև մոսկովյան հնագետների կողմից, որոնք սակայն ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել հայտնաբերված խեցին մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջ-2-րդ հազարամյակի սկիզբ թվագրման հետ և գտնում են, որ ավելի ընդունելի տարբերակը մ.թ.ա. 2-րդ հազարամյակն է16:

Համահարթեցման, տեղական մշակույթններն ու ազգայինը մերժելու պայմաններում, խորհրդային իշխանությունը չէր կարող թույլ տալ, որ հայոց մայրաքաղաքը հինգ կամ վեց հազար տարվա պատմություն ունենա: Իսկ 2750-ամյա Երևանի գոյությունը վավերացված էր Արգիշտի 1-նի սեպագիր արձանագրությամբ, որը հնարավոր չէր ժխտել և կազմակերպվում է քաղաքի հիմնադրման տոնակատարությունը: Ավելին չէր կարելի և ամեն ինչ արվում է, որ հայերը բավարարվեն դրանով: Հրապարակ է նետվում այն թեզը, որ Երևանի տարածքում գտնվող 6000-ամյա բնակավայրը Էրեբունի անունը կրող բնակավայրը չէ: Նաև ծայրահեղ հարցադրում է արվում, ինչու՞ չի ասվում, որ Երևանն ավելի քան 100.000 տարեկան է, չէ որ Հրազդան գետի ափին, Երևանյան լճի մոտ գտնվող Երևանյան քարայրից հայտնաբերված հնագիտական նյութը ավելի քան 100.000 տարեկան է: Ինչպես նկատում ենք, անգամ այս հարցադրումից պարզ է դառնում, որ Երևանը բնակեցված է եղել տասնյակ հազարավոր տարիներ առաջ և շարունակում է բնակեցված լինել: Իսկ ընդունված է, որ ժամանակակից մարդու կողմից ստեղծված քաղաքակրթությունը մոտ 12-14 հազար տարվա պատմություն ունի: Կարող ենք նաև ասել, որ այսօրվա Երևանը, /նրա տարածքը/ ոչ միայն բնակեցված է եղել հազարավոր տարիներ շարունակ, այլև վաղ բրոնզի դարում նրա թաղամասերից մեկը՝ Շենգավիթը Հայկական լեռնաշխարհի հայտնի բնակավայրերից մեկն էր: Եվ եթե այսօր հայտնի չէ Երևանի տարածքում` Շենգավիթ թաղամասում գտնվող այդ բնակավայրի հնագույն անունը, դա չի նշանակում, որ չպետք է հիշենք այդ մասին ու չկապենք այն Երևանի հետ: Չէ որ այսօրվա Երևանը իր կազմում ընդգրկված թաղամասերի ամբողջություն է /Շենգավիթ, Ավան, Զեյթուն, Աջափնյակ, Կայարանամերձ հրապարակ, Ծիծեռնակաբերդ…/, որոնցից յուրաքանչյուրի տարածքում հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի հետքեր ու մշակութային արժեքներ: Յուրաքանչյուր թաղամաս Երևանի բաղկացուցիչ մասն է, յուրաքանչյուր թաղամասի պատմություն` Երևան քաղաքի պատմության մի մասը: Իսկ բոլոր թաղամասերի պատմությունը` Երևանի ամբողջական պատմությունը:

Այսպիսով, հաշվի առնելով Երևան քաղաքի հնագույն թաղամասերից մեկի` Շենգավիթի պատմությունը, կարող ենք ասել, որ հայոց մայրաքաղաք Երևանը ավելի քան 6000 տարեկան է և աշխարհի այն քաղաքներից է, որը հազարամյակներ շարունակ բնակեցված է եղել ու շարունակում է բնակեցված լինել:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Նպատակ չի դրվել մանրամասն անդրադառնալ հնագույն Շենգավիթ բնակավայրի պատմությանը: Այդ մասին գրել են այն պեղող հնագետներ Ե. Բայբուրդյանը, Ս. Սարդարյանը և Հ. Սիմոնյանը: Անդրադառնալով այսօրվա Երևանի տարածքում գտնվող հնագույն Շենգավիթին, փորձ է արվում նշել այն պատճառները, որոնց հետևանքով անընդհատ շեշտվում է ոչ թե 6000 ամյա, այլ 3000 ամյա Երևանի մասին:
  2. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը, շինարարական և կառուցապատման սկզբունքները, 2002, էջ 23: Հայաստանի հնագույն մշակույթը, 2 /Է. Խանզադյանի հոբելյանին նվիրված գիտաժողովի նյութեր/:
  3. Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե., 1967, էջ 171:
  4. Е. Байбуртян, Последовательность древнейших культур Армении на основании археологического материала, Ереван, 2011, с. 51.
  5. Ս. Սարդարյան, էջ 171:
  6. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 23:
  7. Հ. Սիմոնյան, Շենգավիթի դամբարանադաշտը: Հին Հայաստանի մշակույթը, XIV, Երևան, 2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի, նվիրված Բ. Պիոտրովսկու և Հ. Ջանփոլադյանի հիշատակին /:
  8. Ս. Սարդարյան, էջ 250:
  9. Е. Байбуртян, с. 60.
  10. Е. Байбуртян, с. 58.
  11. Հ. Սիմոնյան, Ա. Գնունի, Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը վաղ բրոնզի դարում /ըստ հնագիտական աղբյուրների/, էջ 63: Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 24:
  12. Հ. Սիմոնյան, Շենգավիթի շերտագրությունը…, էջ 24:
  13. Հ. Սիմոնյան, Լ. Խաչատրյան, Շենգավիթ բնակավայրի 2003 թ. պեղումները: Հին Հայաստանի մշակույթը, XIII, Երևան, 2005 /նյութեր հանրապետական գիտական նստաշրջանի/, էջ 57:
  14. Է. Խանզադյան, Հայկական լեռնաշխարհի մշակույթը Ք.ա III հազարամյակում, Երևան, 1967:
  15. Ս. Եսայան, Կարմիր բլուր, Ե., 1982, էջ 57-66:
  16. Е. Байбуртян, с. 60.
                                                                                                           Հեղինակ Անժելա Տերյան

Yerevan is 6000 years old[խմբագրել կոդը]

Անգլերեն[խմբագրել կոդը]

Shengavit settlement is a well explored monument of the early Bronze Age of the Armenian Highlands. It is situated in the south-western part of Yerevan, on the left bank of the Hrazdan , on the eastern mountainous bank of nowadays Yerevanian Lake. The exploration of Shengavit by the archaeologists began from 1936 (E.Bayburdyan, S. Sardaryan, H. Simonyan). The cultural layers of Shengavit settlement arose during more than two thousand years and they have about 4 meters depth. The monument is dated at the beginning of the 4th -2nd millenniums BC. For the culture (Kur-Araks or Shengavit culture) of the early Bronze Age was typical settled economic structure with developed agriculture, cattle-breeding and craftsmanship, especially with high developed pottery and metallurgy. Pottery of Shengavit is gray or red inside, the surface is black, brown, glazed, with stone-engraved geometrical decorations. There were also found horseshoe pedestals of a hearth with the shape of a bull’s head, cult clay round hearths, as well as metallic, copper, bronze tools and ornaments. The inhabitants of Shengavit lived in round dwellings having 6-8 meters in diameter and rectangular buildings next to them. The settlement had Cyclopean walls with towers. Under the walls there was found a tiled tunnel coming down right to the Hrazdan. Outside the walls was found a cemetery. After existing for more than 2000 years Shengavit settlement stopped existing by unknown reasons. But the life in the territory of nowadays Yerevan continued. This come to prove archaeological materials, dating at the 2nd -1st millenniums BC, found from the ancient settlements and tombs in different districts of Yerevan (Avan, Kanaker,Zeytun, Tsitsernakaberd, the hill next to the square adjacent to the station, Karmir berd (Red fortress ),Arin-berd, Karmir blur (Red hill).

Thus ancient Shengavit settlement, situated in the territory of Yerevan , with its early Bronze Age culture is identified with the excavated settlements (dated at the 4th -2nd millenniums BC) of the lower layers of the ancient world’s famous cities : Eridy /Erebuni, du=bu/, Erech-Uruk, Ur, Nineveh, Kish, Shosh (Suza), Troy, Krete and Mikene. It is accepted that those settlements are about 4-6 thousand years old. But in the ancient written sources (Summerian,Akkadian,Hittitian,Assurian) the records of the afore-mentioned settlements concern nearly the 3rd -2nd millenniums BC. As we notice during the process of defining the age of those cities the archaeological material found during the excavations is taken into account. Whereas in case of Yerevan, the first written mentioning of the name Yerevan (Erebuni) in the cuneiform inscription was taken into account. In 782 BC the king of Armenian Ararat-Urartu country Argishti I founded a fortress town on the hill Arin-berd in the territory of nowadays Yerevan. He named it Erebuni and attested it in the cuneiform inscription. The age of Yerevan is counted with the date 782 BC. It turns out, that Eridu, Erech-Uruk, Ur, Nineveh, Shosh and other cities are 4-6 thousand years old, and Yerevan, in the territory of which is situated Shengavit having a history of more than 6 thousand years, is only 2793 years old.

The 2750th anniversary of Yerevan was celebrated in 1967 during the years of Soviet power, when every manifestation of national originality was stopped by Soviet power. The cultures and histories of the Soviet people living there were equalized . In those conditions Soviet power couldn’t allow the Armenian capital to be five or six thousand years old. The existence of 2750 years old Yerevan was attested by Argishti I’s cuneiform inscription, that was impossible to deny , and the celebration of the foundation of the city was organized. But as we notice in the early Bronze Age Shengavit: one of today’s districts of Yerevan, was one of the famous settlements of the Armenian Highlands. And if today the ancient name of the settlement isn’t known it doesn’t mean that we shouldn’t remember about it and shouldn’t connect it with Yerevan. You see, today’s Yerevan is a totality of districts involved in its structure. The history of each district is a part of the history of the city Yerevan. And the history of all the districts is the history of Yerevan.

Thus taking into account the history of one of the ancient districts of Yerevan, Shengavit, we can say, that Armenian capital Yerevan is more than 6000 years old and is one of those cities of the world, that have been inhabited for millenniums and continue to be inhabited.

Еревану 6000 лет[խմբագրել կոդը]

Ռուսերեն[խմբագրել կոդը]

В юго-западной части Еревана, на левом берегу реки Раздан /ныне возвышенный берег Ереванского озера/ находится хорошо исследованный памятник ранней бронзы- Шенгавитское поселение, изучением которого с 1936 г. занимались археологи Е. Байбуртян, С. Сардарян и А. Симонян. Культурные слои поселения толщиной более чем 4 м., сформировались в течение более чем 2000 лет. Поселение относится к 4-2 тысячелетиям дон.э. /куро-аракская или шенгавитская культура/ и характеризуется оседлым укладом хозяйства с развитым уровнем земледелия, животноводства и ремесел /выделяется керамика и металлообработка/. Шенгавитская керамика внутри красная или серая, снаружи черная, желтовато-каштановая, полированная / часто до блеска металла/, украшенная геометрическим орнаментом. Были найдены также подковобразные пьедесталы с головками быков, ритуальные очаги из глины, а также орудия и украшения из металла /медь, бронз/. Жители Шенгавита обитали в круглых, диаметром в 6-8 м. жилищах и в примыкающих к ним прямоугольных пристройках. Поселение окружали стены киклопической кладки с башнями. Под стеной был найден выложенный плитками подземный ход, ведущий к реке Раздан. Шенгавитское поселение, существовавшее на протяжении более 2000 лет, по неизвестным причинам прекратило существование. Однако жизнь на территории современного Еревана продолжилась. Об этом свидетельствует датируемый 2-1 тыс. до н.э. археологический материал, обнаруженный из находящихся в разных районах Еревана (Аван, Канакер-Зейтун, Цицернакаберд, Привакзальная площадь, Кармир-берд, Арин-берд, Кармир блур) древнейших поселений и могильников.

Таким образом, расположенное в пределах Еревана, Шенгавитское поселение с культурой ранней бронзы схоже с поселениями 4-2 тыс. до н.э., раскопанными в ранних слоях известных городов древнего мира – Эриду /ср. Эребуни, ду=бу/, Эрек-Уруку, Ура, Ниневии, Киши, Шоши /Сузи/, Трои, Крита и Микен. Принято считать, что приблизительный возраст этих городов 4-6 тысяч лет. А древнейшие письменные источники /шумерские, аккадские, хурритские, хеттские, ассирийские / об этих городах относятся к 3-2 тысячелетию до н.э. Заметим, что при установлении возраста этих городов учитывался археологическиий материал, обнаруженный во время раскопок. В то время, как в случае Еревана было принято во внимание первое письменное упоминание в клинописи названия Ереван (Эребуни). В 782 г. до н.э. царь армянского государства Арарат-Урарту Аргишти 1-ый на территории, находящейся в пределах современного Еревана, основал город-крепость Эребуни и составил об этом клинопись. Именно с этого 782 г. до н.э. исчисляется возраст Еревана. Получается казус, возраст Ниневии, Ура, Суз и других городов 4-6 тысяч лет, а Еревану, на территории которого находится Шенгавит с более чем 6-тысячелетней историей, всего лишь 2793 лет. 2750-летие Еревана праздновалось в 1968 г., в годы советской власти, когда любое проявление национальной самобытности пресекалось советской властыю. В советском государстве обычно уравнивались истории и культуры живущих в нем народов. В этих условиях, советская власть не могла позволить, чтобы Еревану было 5-6 тысяч лет. 2750-летие Еревана документально подтверждалось клинописью Аргишти 1-ого, что нельзя было отрицать. Однако, как можно заметить, в эпоху ранней бронзы, один из районов современного Еревана- Шенгавит, был известным поселением Армянского нагорья. И если, в настоящее время неизвестно прежние название этого поселения, то из этого не следует, что можно забыть об этом и не связывать с Ереваном. Ведь сегодняшний Ереван со своими кварталами является единым целым. История каждого квартала-частица истории Еревана. А история всех кварталов-единая история Еревана.

Таким образом, учитывая историю одного из древних кварталов Еревана-Шенгавита, можно сказать, что армянской столице Еревану около 6000 лет и он из тех городов мира, который на протяжении тысячелетий был заселен и продолжает быть заселенным и в настоящее время.