Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Երևանը վարչական կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երևանը վարչական կենտրոն

Երևանը որպես վարչական կենտրոն առաջին անգամ հիշատակվում է 15-րդ դարում, Հայաստանը նվաճած թուրքմենական Կարա-կոյունլու ցեղի առաջնորդ Ջհանշահի օրոք: Նրա կատարած վարչական փոփոխություններից հետո Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկվեց մեկ կուսակալության մեջ, որի վարչական կենտրոն դարձավ Երևանը:

Հետագայում՝ թուրք-պարսկական պատերազմներից հետո հաստատված պարսկական տիրապետության շրջանում, մինչև 19-րդ դարի սկիզբը, Երևանը Արևելյան Հայաստանի մեծ մասն ընդգրկող Երևանի խանության վարչական կենտրոնն էր: Այստեղ էին կենտրոնացված խանական ապարատն ու զորքի մեծ մասը: Երևանի խանը նշանակվում էր շահի կողմից և խանության սահմանային կարևոր դիրքի շնորհիվ գտնվում էր արտոնյալ վիճակում: Նրա նստավայրը Երևանի բերդն էր:

Ռուսական զորքերի և հայկական կամավորական ջոկատների կողմից Երևանը ազատագրելուց հետո, 1827թ. հոկտեմբերի 6-ին, ստեղծվեց Ժամանակավոր վարչություն, որի անդամներն էին Երևանյան զորաբաժանման հրամանատար գեներալ Կրասովսկին, վիրահայոց թեմի առաջնորդ, հետագայում ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին և Երևանի բերդի պարետ, փոխգնդապետ Բորոդինը: Վարչությունը գոյություն ունեցավ մինչև 1828թ.: [1]

1828թ. մարտի 21-ին Նիկոլայ 1-ի հրամանագրով ստեղծվեց Հայկական մարզը, որի մեջ մտան Երևանի, Նախիջևանի նախկին խանությունները և Օրդուբադի գավառը: Մարզի վարչությունը կազմված էր պետից, ոստիկանության և ֆինանսական հարցերով երկու խորհրդականներից (ազգությամբ ռուս), հայ և մահմեդական հասարակությունների կողմից ընտրված երկու ասեսորներից: Մարզի վարչական կենտրոնը Երևանն էր: Վարչության պետը նստում էր Երևանի բերդում: 1830-1838թթ. մարզը ղեկավարել է Բարսեղ Բեհբությանը (Վասիլի Բեհբութով): [1]

1840թ. ապրիլի 10-ին Անդրկովկասում կատարվեց վարչական փոփոխություն: Հայկական մարզը՝ որպես առանձին վարչական միավոր, վերացավ, նրա տարածքները դարձան գավառներ: Երևանը դարձավ համանուն գավառի վարչական կենտրոնը:

1846թ. Անդրկովկասում կատարվեցին վարչական նոր փոփոխություններ: Երկրամասը բաժանվեց չորս նահանգի: 1849թ. հունիսի 9-ի հրամանագրով ստեղծվեց Երևանի նահանգը` իր մեջ տարածքային առումով ընդգրկելով նախկին Հայկական մարզը և Ալեքսանդրոպոլի գավառը: Նահանգն իր գոյությունը պահպանեց մինչև 1918թ.: Վարչական կենտրոնը Երևանն էր: Այստեղ էին գտնվում նահանգի ղեկավար կառույցները՝ նահանգապետի գրասենյակը, նահանգական վարչությունը, ռազմական վարչությունը, վիճակագրական կոմիտեն, դատարանը և դատախազությունը: Դրանցից յուրաքանչյուրն ուներ գործունեության իր հատուկ շրջանակը և ապարատը, որը հիմնականում ղեկավարվում էր ռուս պաշտոնյայի կողմից: [1]

Նահանգապետի գրասենյակը և վարչությունը գտնվել են Նահանգական կոչվող փողոցում (այժմ՝ Հանրապետության փողոց), ռուսական կլասիցիզմի ոճով կառուցված շենքերում, որոնք կանգուն են նաև այսօր:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ.Խ., Երևանի պատմությունը, մաս 3-րդ, Երևան, 1959թ.