Վիքիպեդիա:Վիքին սիրում է Երևանը/Երևանի պատմության թանգարան/Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

Հայաստանը 19-րդ դար թևակոխեց մասնատված կարգավիճակում. Արևմտյան Հայաստանը շարունակում էր մնալ Թուրքիայի, իսկ Արևելյանը՝ Պարսկաստանի տիրապետության տակ:

Դարասկզբին տեղի ունեցած ռուս-պարսկական 1804-1813թթ. և 1826-1828թթ. պատերազմները փոխեցին Անդրկովկասի՝ այդ թվում նաև Արևելյան Հայաստանի քաղաքական պատկերը: Գյուլիստանի պայմանագրով (1813թ. հոկտեմբերի 12) Պարսկաստանը կորցրեց Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը, իսկ Թուրքմենչայի պայմանագրով՝ (1828թ. փետրվարի 10) Երևանի, Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը: Թուրքմենչայի պայմանագրի մի քանի հոդվածներ վերաբերում էին Հայաստանին և հայ ժողովրդին: Դրանք հաստատում էին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին և հայերին իրավունք էին տալիս վերադառնալ հայրենիք (երկրամասն իրենց տիրապետության տակ պահելու համար պարսկական իշխանությունները պարբերաբար կազմակերպել էին բռնի արտագաղթ, որի նպատակը Արևելյան Հայաստանը հայաթափելն էր): Այս կետը, որից օգտվելով հայրենիք վերադարձան շուրջ 40-42 000 հայեր, պայմանագրի մեջ մտավ Ն. Աշտարակեցու, Սանկտ Պետերբուրգի Լազարյանների և ազգային մյուս գործիչների ջանքերով: Ներգաղթի իրականացման գործում մեծ դեր կատարեց Ա. Գրիբոյեդովը (ռուս գրող, դիվանագետ): [1]

Անդրկովկասը Ռուսաստանին անցնելուց հետո կատարվեցին վարչական փոփոխություններ: Դեռևս 1827թ. հայ ազգային գործիչները ցարական իշխանություններին ներկայացրին Արևելյան Հայաստանի ինքնորոշման ծրագրի նախագիծը, որի համաձայն Ռուսաստանի հովանու տակ երկրամասին տրվելու էր ինքնավարություն: Հայաստանն ունենալու էր իր օրենքները, գերբը և դրոշը: Երկրամասի պաշտպանության համար ստեղծվելու էր հայկական գվարդիա: Ցարական իշխանությունները մերժեցին այս ծրագիրը: Նիկոլայ 1-ի հրամանագրով Երևանի, Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի տարածքների վրա ստեղծվեց Հայկական մարզը: 1830-1838թթ. մարզի կառավարիչն էր ռուսական բանակի կադրային զինվորական Բ. Բեհբութովը: Հայկական մարզը բաժանված էր գավառների, որտեղ մեծ լիազորություններ էին տրված ոստիկանական վարչություններին և գավառային դատարաններին: 1840-1849թթ. կատարված վարչական նոր փոփոխությունների արդյունքում Հայկական մարզը վերացվեց: 1849թ. հունիսի 9-ի հրամանագրով կազմվեց Երևանի նահանգը՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Նախիջևանի և Օրդուբադի գավառներով: 1867թ. գավառները դարձան յոթը՝ Երևանի, Ալեքսանդրապոլի, Էջմիածնի, Նախիջևանի, Սուրմալուի, Շարուր Դարալագյազի և Նոր Բայազետի: 1882թ. Կովկասի փոխարքայությունը վերացվեց (ստեղծվել էր 1844թ., Կովկասում ցարական Ռուսաստանի դիրքը ամրապնդելու նպատակով), լայն իրավասություններ տրվեցին նահանգների կառավարիչներին՝ նահանգապետերին: Երևանի նահանգապետի նստավայրը գտնվում էր Երևանում, Նահանգական կոչվող փողոցում այժմ՝ (Հանրապետության փողոց):[1]

Վարչական այս փոփոխությունները գոյություն ունեցան մինչև 20-րդ դարի սկիզբը: Դրանց արդյունքում երկրամասում ամրապնդվեցին ռուսական օրենքները:[1]

Չնայած այս ամենին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին ունեցավ պատմական կարևոր նշանակություն: Հայ ժողովուրդն ազատվեց ֆիզիկական բնաջնջումից և կրոնական հալածանքներից, հնարավորություններ ստեղծվեցին տնտեսության, կրթության և մշակույթի զարգացման համար:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հակոբյան Թ.Խ., Երևանի պատմությունը, մաս 3-րդ, Երևան, 1959թ.